11.10.2022 23:29
Հանճարներն իրենց բովանդակ կյանքով անասելի գրավիչ կենսական նյութ են նոր ստեղծագործական պատումներ արարելու համար: Նրանց կերպարները ինքնահատուկ հուզերանգներով ներաշխարհներ են առաջադրում, որոնց մեկնությունը գայթակղիչ լինելուց ոչ պակաս խրթին խնդիր է: Այդպիսի ֆենոմենալ, այսինքն արվեստային ունիվերսալությանը(վեպ, ֆիլմեր, պիես և այլն) հարմար եկող սյուժե է ճեպագծում համաշխարհային նշանակության քանդակագործ Օգյուստ Ռոդենի և նրա աշակերտուհի-սիրուհի-հավերժական մուսա ու մեղքի զգացման չգիտակցված կիզակետ Կամիլ Կլոդելի ստեղծագործական-սիրային պատմությունը:
Աշխարհահռչակ գրող Պոլ Կլոդելի քույրը բուռն սիրո և այդ զգացմունքների փոխադարձության պատասխանատուի մասնագիտական ազդեցության տակ ունենում է նաև ստեղծագործական հաջողություններ: Սակայն երիտասարդ քանդակագործ կինը, ինչպես և շատ ու շատ զգացմունքային ստեղծագործողներ, առավելապաշտական խառնվածքի կրող է լինում և իրենից քսաներկու տարով մեծ ուսուցչին երկըտնրանքի վերջնագիր է ներկայացնում: Ռոդենին անմնացորդ սիրող աշակերտուհին վճռականորեն պնդում է՝ կամ ինքը, կամ՝ նրա կինը՝ Ռոզ Բերեյը:
Ծնողի կարգավիճակում գտնվող Ռոդենն ընտրում է ընտանիքը, ինչն այս սիրային պատմության պերիպետիկ զարգացման հանգույցն է դառնում: Կամիլը, բնականաբար, չափազանց ծանր է տանում սիրեցյալ կուռքից բաժանումը: Նույնիսկ փորձում է էմոցիոնալ հիշողությունը ապասևեռման ենթարկել, տասնըհինգ տարվա թնդեցման զգացմունքներից շեղվել՝ կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսիի հետ կարճատև սիրային հարաբերություններ ունենալով: Անօգուտ: Տևական սթրեսային և դեպրեսիվ իրավիճակները հոգեկան խանգարման համար նպաստավոր նախադրյալներ են ծագեցնում: Սրանք էլ իրենց հերթին հետագայում հանգեցնում են պարանոիդալ որակի(իր ստեղծագործական անհաջողությունների շարքի մեղավոր երևակայել-տեսնել Ռոդենի դավադրությունները), մերժվածությունից բխող ագրեսիվ թերարժեքության բարդույթի(խոցելի կանանց միանգամայն օրինաչափ վարքաձև), դրանից սերող անձի անկման և սեփական ուժերի հանդեպ թերհավատության առաջացման(իր հեղինակած քանդակների ոչնչացում): Հետևանքը հոգեբուժարանում երեսուն տարի բոլորից լքված ապրելն է: Ինքնին խորին դրամատիզմ հարուցող և արխիտեկտոնիկական լրիվություն խոստացող բոււռն սիրո կուռ պատմություն, որը փաստում է սույնի տարարվեստ վերարտադրությունների մեծաքանակությունը:
Ու վերում մեր նշած մեկնաբանական բարդությունը կարծես էլ ավելի է մեծանում, երբ տվյալ պատմությունը պետք է մարմնի ինտելեկտուալ(նշանային, վերացական) լեզվով հրամցվի: Նման ձեռնարկումի տակից պատվով դուրս գալու համար առնվազն տաղանդավոր ստեղծագործող պետք է լինես, որպեսզի զորես հանճարին պատշաճող հետաքրքական կենսագրությունը ուշագրավ մեկնաբանությամբ ներկայացնել: Չապրված շարժաձևերով և կեցվածքային պաստառայնությամբ անհետաքրքիր, լավագույն դեպքում էսթետիկ անհամություն չդարձնել: Թող չափազանցում չթվա, բայց հանճարեղության հետ բարի դրացիական հարաբերություններ ունեցող Բորիս Էյֆմանը, հիշյալ սիրավեպին անդրադառնալիս, իր ‹‹Ռոդեն… անմեռ կուռք›› պարապատումի որոշ տեսարաններ ստեղծագործական ընդունակության բարձրագույն աստիճանի սահմանագծին էր մոտեցնում: Սկսյալ Զինովի Մարգոլինի ձեռամբ բեմական տարածության գրեթե մինիմալիստական, բայց հստակ ձևային բովանդակությամբ կազմակերպումից (ետնաբեմում սևորակ անկյունագծային վերուվար ֆորմաների խաղարկում, որոնք ֆրանսիացի այդ արվեստագետների կյանքի ճակատագրական վայրիվերումներն են խորհրդանշում), մինչև միզանսցենային պարզորոշությամբ տպավորիչ իրարահաջորդությունը:
Ռեժիսորի տեսլականում ոչ միայն ‹‹Բրոնզե Վալսի›› (Կամիլ Կլոդելի հեղինակած քանդակներից մեկը) կազմաբանությունը, այլև պարի ձևային հիմք քանդակայնությունն է ուրվապատկերվում: Արտահայտչական այսպիսի մոտեցման նրան հարազատ լինելը հուշում է նաև վերջինիս մեկ այլ՝ ‹‹Պիգմալիոնի էֆեկտ›› աշխատանքը: Դե իսկ գաղափարադրույթային տեսանկյունից նրա մտածումները ստեղծագործական ինչ-որ շրջաններում կարծես թե մեղքի զգացում հասկացողության ներքին ձևի բարոյահոգեբանական չափումներին են միտված: Չմոռանանք, որ ‹‹Մեղքից անդին›› վերնագրումն ունի Ֆ.Դոստոևսկու ‹‹Կարամազով եղբայրներ›› (ոչ ‹‹Ոճիր և պատիժը››, որտեղ առավել առաջատար դիրքում է մեղքի գաղափարը) ստեղծագործության հիման վրա արված Էյֆմանի բեմավորումներից մեկը:
Ահավասիկ, ռեժիսորի ‹‹Ռոդեն… անմեռ կուռք›› բեմադրության գաղափարական վերջնահանգրվանն էլ մեղքի անորոշ զգացումն է դարձել: Դա կյանքի է կոչվում կոնֆլիկտի բավականին ինքնահատուկ ձևակերպմամբ: Սիրային վարընթաց եռանկյունու առաջին պլանում դնում է հարաբերական միջանցիկ և հակամիջանցիկ գործողությունների կրողներ Կամիլի (Լյուբով Անդրեևա) և Ռոզի (Մարիա Աբաշովա) անուղղակի մրցակցությունը՝ Ռոդենին (Օլեգ Գաբիշև) հուզակամային քիչ թե շատ նեյտրալ կարգավիճակում թողնելով: Քանդակագործի ոչ վճռական, հանգամանքներին հլու հնազանդ ներկայությունն էլ ասես կավի ճկունակություն ակնարկեր: Եվ միայն գագաթնակետային ներուժով լակոնիկ և հատու ֆինալում է նրան լիարժեք գլխավոր գործող անձ, տեսարանի տեր ու տիրական կարգում: Բեմի խորքում միջին բարձրության վրա սպիտակ-կատարսիսային քարը (հոգում ծանրացած) գործիքներով մոլեգին փորփրելիս՝ իր մտատանջումների մարմնացում ‹‹Մտածողի›› արձանն է ձևաստեղծում:
Կարծես ինչ-որ բան է զայրացած որոնում: Չենք վախենա վստահեցնել, որ փնտրածը մեղքի զգացումի ներքին հասցեն է: Զգում է, որ Կամիլի ողբերգական ճակատագրի հարցում մեղավոր է, բայց չգիտե, թե ինչու՞մ: Հիրավի, խոսուն վերջակետ, որն ամենաքմահաճ թատերասերին էլ կստիպի հոտնկայս ծափահարել արված աշխատանքին: Միայն թե, կին-տղամարդ հարաբերությունները ներկայացնող զուգապարային տեսարաններն էին, որ խստաճաշակ հանդիսականի համար ժամանակի զգացողության խնդիր էին առաջացնում: Տեսարանի ավարտին սպասելու զգացողությունն էր գլուխ բարձրացնում:
Պատճառն էլ կռահելի է: Շատ դժվար է հետևողի ուշադրությունը 1-1.5 րոպեից ավել պահել մարմնարվեստի լեզվով, երբ խոսքը սիրային հարաբերություններին է վերաբերում: Այնու, որ մեր ենթագիտակցականում առկա է կնոջ և տղամարդու հարաբերման ուրվապատկեր-մոդելը գործողության տեսանկյունից: Իսկ դրանից անդին նոր ֆիզիկական հայտնագործություն անելը՝ գրեթե անհնար: Ուրեմն, կուշտերի և անվտանգության պակասորդ ունեցողների պահանջները երկուստեք արվեստի օգտին բավարարելու համար անհրաժեշտություն է դառնում տվյալ տեսարանների խրոնոլոգիական սեղմումով խմբագրումը: Չէ՞ որ չափի զգացման ցուցանիշ համառոտությունը տաղանդավորության քույրն է: