Սեղմիր
ԾԱՎԱԼՈւՆ ՎԵՐԼՈւԾՈՒԹՅՈւՆ

02.07.2022  00:26

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, մայիսի 26-ին Մայր թատրոնում տեղի ունեցավ Բերթոլթ Բրեխթի «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» ներկայացման առաջնախաղը՝ բեմադրող ռեժիսոր Արմեն էլբակյան:

Տասնյակ տարիներ առաջ գրված երկն այսօր էլ արդիական է, և պատահական չէ, որ բեմադրիչն այս ստեղծագործությանն անդրադառնում է, արդեն, երրորդ անգամ։

Գաղտնիք չէ, որ պամֆլետը Բերթոլթ Բրեխթը ստեղծել է 1941 թ. և անվանել այն պատմագանգստերական դրամա։ Հիմքում ընկած են պատմական դեմքեր։ Թատերագիրը չի էլ թաքցնում, որ այս պատմության հերոսների նախատիպերն են Ադոլֆ Հիտլերը և նրա գաղափարակից, կուսակից ընկերները: Արթուրո Ուին Հիտլերի արտացոլանքն է ծուռ հայելու մեջ։ Հիմքում պատմական այն ժամանակաշրջանն է, երբ Հիտլերը և նրա գլխավորած նացիստական կուսակցությունը դիկտատուրայի միջոցով վերահսկում են Գերմանիան: Նացիստական Գերմանիան սպառնալով, առաջ է քաշում տարածքային պահանջներ: Բռնակցվում են Ավստրիան և Չեխոսլովակիան, ապա ներխուժում են Լեհաստան՝ սկիզբ դնելով Երկրորդ Համաշխարհային պատերազմին:

Անկախ պատմական հիմքից պիեսն ունի այլ սյուժե, և հեղինակը հետաքրքիր խաղ է սկսում հանդիսականների հետ, որոնք հետևելու են պատմվող իրադարձություններին՝ համադրելով իրական ու մտացածին դեպքերը:

Թատրոնի, դրամայի պատմության մեջ Բրեխթն առանձնանում է, հատկապես, «էպիկական թատրոնի» իր տեսությամբ, որտեղ սկզբունքորեն թատերական ընդգծված պայմանականությունն առաջին պլանում է և դիտողը բեմական իրականությունը չպետք է շփոթի կյանքի իրողության հետ: Հանդիսատեսը ներկայացումը նայում է առանց կարեկցանքի, չի տրվում հերոսների ապրումներին, սիրտը չի ճնշվում, հուզմունքը չի սեղմում կոկորդը, բայց հետաքրքրությամբ հետևում է իրադարձություններին: Ըստ Բրեխթի՝ բեմում պիտի ներկայացվի պատմություն, որը հանդիսատեսին մտածելու առիթ կտա: Հենց այս սկզբունքով է կառուցված Արմեն Էլբակյանի բեմադրությունը։

Հետնավարագույրին Չիկագոյի համայնապատկերն է: Հայտնվում են հաղորդավարները (Լիլի Էլբակյան և Մեսրոպ Աբտոյան), միմոսը (Հայկ Իսրաելյան)՝ թեթև, աշխույժ, տոնական և «խաղի հրապարակ» են հրավիրում բոլորին, որտեղ պիտի ինչ-որ բան պատմվի: Ներկայացնում են, թե ինչ ենք տեսնելու բեմում, ապա ծանոթացնում գործող անձանց: Բրեխթն առաջարկում է պիեսը խաղալ տոնավաճառային հրապարակներում, իսկ ինքը ծավալվող իրադարձությունների համար ընտրում է Չիկագոն՝ ԱՄՆ-ի երկրորդ խոշոր ֆինանսական կենտրոնը: Բեմադրության մեջ, գործողությունների վայրը դառնում է կայարանը, մի վայր, որտեղ կյանքը եռում է, օրվա ընթացքում ժամանում ու մեկնում են հազարավոր մարդիկ: Սկզբում բեմը սպասասրահ է հիշեցնում: Մոտ վեց-յոթ ժամացույց տարբեր քաղաքների ժամանակն են ցույց տալիս: Պատկերը լրացնում են գնացքի մուտքը կայարան ազդարարող գոնգերը, գնացքի ձայնը, բեմ ներխուժող գոլորշին ու ծուխը:

Հետնամասից դեպի կենտրոն ձգվում է բարձր, նեղ ուղղանկյուն հարթակ՝ պոդիումի նմանվող: Ենթադրվող կայարանից հերոսները սպասասրահ են մտնում անցնելով այդ հարթակի վրայով: Տպավորություն է ստեղծվում, որ նրանք ցուցադրում են իրենց ստեղծած կերպարը: Բեմը կահավորված է այնպես, որ կարիք չկա տեսարաններ փոխելու, շարժվող ճաղավանդակները մեկ բանտախուց են ստեղծում, մեկ հրապարակի փակվող դարբասներ: Նույն կերպ է օգտագործվում փողոցային լապտերը: Դրա տակ հայտնվում է աթոռ, հերոսը նստում է վրան, ու պատկերն արդեն բոլորովին այլ է: Այն դիտվում է որպես մեղադրյալի աթոռ՝ բանտախցում: «Սոցիալական ցածր պատասխանատվության կանանց» մուտքի հետ վառվում են երկաթյա կոնստրուկցիաների վրայի մանր լույսերը, երաժշտություն, և մենք արդեն կաբարեում ենք:

Ձևավորումն (Գարեգին Եվանգուլյան) որևէ երկրի, որևէ ժամանակաշրջանի, որևէ ոճի շեշտադրումով չի արված: Դրանով իսկ մտածելու առիթ է տալիս դիտողին, որ իրադարձությունները կարող էին կատարվել բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում: Հաղորդավարները հեռանում են, թողնելով, որ պատմությունը հենց հերոսները պատմեն: Ծաղկակաղամբ վաճառող տրեստի խորհրդի անդամները քննարկում են իրենց բիզնեսի տխուր վիճակը, հաճախորդները սնանկացած են, կաղամբ գնող չկա: Զրույցից պարզ է դառնում, որ ինչ-որ Արթուրո Ուի անունով գանգստեր ցանկություն է հայտնել իրենց բանջարեղենը վաճառել ուժով: Խորհրդի անդամները չեն ցանկանում ավազակի հետ գործարքի մեջ մտնել: Նրանք հույս են փայփայում նավամատույց կառուցելու համար վարկ ստանալ, որի շահագործումը կնպաստի բանջարեղենի գնի իջեցմանը: Բայց պատկառելի ծերունի Դոգզբորոն չի ուզում օգնել խորհրդին: Տրեստի ներկայացուցիչները որպես կաշառք Դոգզբորոյին տալիս են ընկերության վերահսկիչ փաթեթը, որը նա ընդունում է: Որոշ ժամանակ անց քաղաքային կառավարությունը, Դոգզբորոյի առաջարկով վարկ է տրամադրում տրեստին, սակայն նավամատույցներ չեն կառուցվում, գումարը ծախսվում է այլ բաների վրա: Քաղաքապետարանը որոշում է ստուգումներ անցկացնել  ընկերությունում: Այնուհետև սկիզբ է առնում քաղաքական-գանգստերական սպանությունների շղթան:

Ռեժիսորը դրությունները կառուցել է այնպես, որ հանդիսատեսը դառնա կերպարների միջև շփման միջանկյալ օղակ: Այդ սկզբունքն ավելի ակնառու է ծովային ընկերության տնօրեն Շիթի (Արայիկ Կարագյան) և տրեստի տնօրեններից Քլարքի (Անդրանիկ Զաքարյան) զրույցում: Խոսում են այնպես, ասես հանդիսատեսին են դիմում, հանդիսասրահին, որտեղից հայտնվելու է Ուին, որպես խեղված հասարակության ծնունդ:

Տիգրան Ներսիսյանի Արթուրոն մի մարդ է, ում հոգու արատները, տագնապներն ու բարդույթներն իրենց արտաքին նշաններն ունեն: Նրա կեցվածքն ուղիղ չէ, շեղված է, կորացած մեջքով, ձեռքերը միշտ թաքցնում է գրպանում, ինքնակենտրոն է, սևեռված հայացքով, խոսում է շրթունքները գրեթե չշարժելով, բաղաձայնները արտասանում է թույլ, ձայնը խզված է: Արթուրոյի ձեռքերը գործուն չեն, «մտահղացումներն» իրագործողները այլ մարդիկ են:

Բեմադրությունն ամբողջական է և այս առումով ակնառու է դերասանի, բեմանկարչի, հագուստների նկարչի, հնչունային ձևավորողի սերտ համագործակցությունը։ Կայարան մուտք գործող գնացքների ձայնը, դրանց մուտքն ազդարարող գոնգերը, բեմ ներխուժող գոլորշին ու ծուխը, թարմացնում են ներկայացման ռիթմը: Իսկ երբ դառնում են անտեսանելի, շարունակում են ապրել Արթուրո Ուիի վարքագծում: Ժամանակի մեծ մասը կայարանամեձ տարածքներում անցկացնող հերոսը, ում գլխում անվերջ ժամանող ու հեռացող գնացքների աղմուկն է, ընկերներին լռեցնելիս, ցուցամատը շուրթերին է մոտեցնում ու՝ սսս-չչ-չչ-չչ-չչ-սսսս-չչ-չչ-չչ-չչ, դրանով իսկ ակնարկում, որ իրենց գործը ընթացքի մեջ է:

Ներկայացման առաջին մասում, Հիտլերին հիշեցնող արտաքին ոչ մի ակնարկ չկա: Ակնառու նմանությունը հանդիսատեսը տեսնելու է միայն այն ժամանակ, երբ կերպարն իր ներքին մղումներով ամբողջապես բացահայտված է: Ակնհայտ է Տիգրան Ներսիսյանի վերաբերմունքն իր կերպարին: Սա այն է, ինչը պահանջում էր Բրեխթը: Տարբեր տեսարաններում, երբ հերթական անգամ Ուին անմարդկային որոշում է ընդունում, դերասանը շրջվում է հանդիսատեսին մեջքով: Թռչկոտում է, նացիստների պես պատվի առնում, ծաղրում է իր հերոսին ու նրա ընտրած ուղին: Խաղի այս տրամաբանության կոնտեքստում տպավորիչ է Էլբակյանի ռեժիսորական մտահղացումը:  Հանդիսատեսին հիշեցնելու համար, թե նման խեղված արարածների պատճառով, ինչպիսի արհավիրքներ են լինում, բեմի ու հետնապաստառի ամբողջ մեծությամբ, կինեմատոգրաֆիկ էֆեկտով, քայլում են շքերթի դուրս եկած ֆաշիստական զորքերը: Նրանք այնքան մեծ են, ահարկու, որ բեմում մարդկային ճակատագրերն դառնում են փոքր ու աներևույթ:

Հետաքրքիր էին խաղարկվում առաջին հայացքից ընդամենը գործող անձանց հագուկապի մաս կազմող գլխարկները: Ձեռնարկատերերը կրում են գլխարկներ, որոնք ծառայում են որպես սոցիալական բարձր դասի խորհրդանիշ: Ահա այդպիսի մի գլխարկով է ներկայանում Շիթը, և գուցե ռեժիսորի ցուցումով, տալիս ստեղծագործության բանալին՝ իր անձին ուղղված ատրճանակի փողից կախելով գլխարկը: Աննշան թվացող արարք, բայց հասկանալի է դառնում, որ նրա սոցիալական դիրքն ու պատիվը  խոնարհվելու են ուժի առաջ:  Դրան զուգահեռ հանդիսատեսին Արթուրո Ուին ներկայանում է կեպիով, նա բարձր դասից չէ: Կերպարի զարգացմանը զուգահեռ, հերոսը կրում է այլ գլխարկներ, կատարյալ իշխանության հասնելիս գլխին դնում Նապոլեոն Բոնապարտի գլխարկը՝ իրեն զգալով աշխարհակալ: Գլխարկը շարունակվում է խաղարկվել Էմանուելե Ջիրիի (նախատիպը՝ Հերման Գյորինգ, դերակատար՝ Նարեկ Հայկազյան) կերպարում: Իրադարձությունների զարգացման ընթացքում, այս սև ջոկերը, որը ոճավորված է որպես ծաղրածու( նրա բարձր գլխարկի տակ ծաղրածուի գլխարկ է թաքնված) և հայտնվել է գանգստերի դերում, մեկը մյուսի հետևից տիրանում է սպանվող հերոսների գլխարկներին. գլխակեր  է, մահեր է կուտակում իր գլխին:

Ուշագրավ լուծում ունի ծերունի Դոգզբորոյի (Ալբերտ Սաֆարյան) հագուստը: Նա ներկայանում է գեներալի վերարկուով կամ սպիտակ կոստյումով: Այս կերպարի նախատիպը Պաուլ ֆոն Հինդենբուրգն է՝ գեներալ-ֆեդմարշալ, Վայմարյան հանրապետության նախագահը: Սա այն մարդն է, ով 1933 թ. Հիտլերին նշանակել է Գերմանիայի կանցլեր: Պիեսի ծանոթագրություններում, հեղինակը բացատրում է, թե ինչպես է անվանափոխել կերպարի անունը: Անվան «հինդե» արմատը (հինդե-եղջերու), դարձրել է «հունդ» (շուն), ապա թարգմանել անգլերեն, ստացվել է Դոգզբորո, որն բառացի կնշանակի Շնապաստան: Ահա այս Շնապաստանն է Հիտլերին՝ Ուիին ապաստան տալիս վերնախավում: Հետաքրքիր է ռեժիսորը այս թեման շարունակում Դոգզբորոյի որդու կերպարում (Հայկ Սարգսյան), որը թուլամիտ, թուլակամ մի ճիվաղ է, ամեն խոսքից հետո կանչում կամ ծիծաղում է բորենու կաղկանձով: Շնապաստանից բորենի է ծնվել:

Որդին մեծահարուստի թուլությունն է և դա ռեժիսորն ընդգծել է: Դոգզբորոն, երբ չի համաձայնում Ուիի պայմաններին, Ուի-Տիգրան Ներսիսյանն իր ձեռքերի մեջ է առնում Դոգզբորոյի որդուն, տղային տանջելով՝ փորձում է հորից համաձայնություն ստանալ, հետո լաց լինող երեխայի պես, բայց և քմահաճ, նստում է մեծահարուստի գիրկը, ասես, շնչին է նստել, ոտքերը թափահարելով, թնկթնկալով պնդում է, որ քաղաքին տեր է պետք: Ուիի լացն ընդամենը ծաղր է ու խաղ: Ժամանակ առ ժամանակ թելադրողի դիրքից է խոսում, և երբ ավարտում է խոսքը, ստորագրում է օդի մեջ ու հեռանում: Սա այն ակնարկն է, որ Հիտլերի խոսքն արդեն ուժի մեջ է:

Ուշադրություն գրավող է Դոգզբորոյի դատի տեսարանը: Ի՞նչ է կատարվել սրանից առաջ: Արթուրոն իմանալով սպասվող ստուգումների մասին, Դոգզբորոյին վստահեցրել է, որ կարող է օգնել և կբանակցի Շիթի հետ, որպեսզի նա դատարանում հայտնի, թե բեռնափոխադրող ընկերությունը դեռ իրեն է պատկանում: Դոգզբորոն հայտնվել է Արթուրոյի ձեռքերում, իր գործողությունների պատասխանատուն չէ: Երբեմնի հզոր անհատը դատարան է ներկայանում հաշմանդամի անվասայլակով:  Մեղադրյալի աթոռն անդամալույծի է, որովհետև ոտքերն ու ձեռքերն հանցավոր համաձայնությամբ կապված են: Բոլորը լարված սպասում են Շիթի գալուն, ում խոսքը պիտի փոխի գործողությունների ընթացքը, բայց նրա փոխարեն ներս է սուրում մահվան բոթը: Որպեսզի հանդիսատեսը հասկանա, որ Շիթն իր մահով չի մահացել, հետին պլանում մանեկենը կախաղան է բարձրացվում:

Դատական գործի վկան՝ Շիթի գանձապահն (Մխիթար Մելքոնյան) է: Վկան սպիտակ վերնաշապիկի վրայից կրում է մինչև արմունկները հասնող կրկնակի թևքեր: Հագուստի այդ դետալը հատուկ է գործավարներին, գանձապահներին: Գործող անձի հագուկապի մեջ կա մի ակնարկ ևս. Բոուլը կրում է հրեական գլխարկ՝ կիպա: Արմեն Էլբակյանը փոքրիկ ակնարկով հիշեցնում է նաև հրեաների ցեղասպանության թեման: Երբ Արթուրոն նրան վերացնելու որոշում է կայացնում, հերոսի գլխավերևում հայտնվում է կարմիր ձեռնոցով  մի ձեռք: Սա այն ձեռքն է, որին հանդիպում է հանդիսատեսը ներկայացման ազդագրում: Կախաղան բարձրացող մանեկենը վստահեցնում է, որ Բոուլի մահն իրագործված է:  Այս ձեռքը մեկ անգամ էլ կհայտնվի Բեթի Դոլֆիթի գլխավերևում: Բայց մինչ այդ անդրադառնանք Դոլֆիթների ընտանիքին:

Հպատակեցնելով Չիկագոն՝ Արթուրոն ցանկանում է իր իշխանությունը տարածել հարևան Ցիցերոյի(Ավստրիա) վրա, որը կանխում է լրագրող Դոլֆիթը: Իգնացիուս Դոլֆիթի նախատիպն է Ավստրիայի կանցլեր և արտաքին գործերի նախարար Էնգելբերթ Դոլֆուսնը, որը սպանվել է 1934 թ. Վիեննայի ֆաշիստական խռովության ժամանակ: Իգնացիուսի դերակատար Սամվել Փիլոյանը հայտնվում է ինտելիգենտի կերպարով: Դերասանը կերպարը կերտել է, ըստ նախատիպի՝ դիվանագիտական մասնագիտության ակնարկներով: Արթուրո Ուիի հետ զրույցը վարում է որպես դիվանագետ, բառերի հետ խաղ անելով, զգուշացող և զսպված մաներաներով, հետևելով զրուցակցի պատասխան ազդակներին: Հետաքրքիր է տիկին Դոլֆիթի (Աննա Էլբակյան) շփումը Արթուրոյի հետ: Ամուսնուց յուրացրած դիվանագիտական բարեկրթությամբ, տիկին Դոլֆիթը զգուշավորությամբ Արթուրոյին բացատրում է, որ իրենք դեմ են ոչ թե Ուիին, այլ Էռնեստո Ռոմային, և եթե նա չլիներ, իրենք ոչինչ չէին ունենա տրեստին միաձուլվելու դեմ: Արթուրոն զոհաբերում է Ռոմային: Ռոմայի սպանությունից վախեցած Դոլֆիթը Ուիին փորձում է բացատրել, որ Ցիցերոյի բնակիչները իրավունք ունեն որոշելու հարկավոր է իրենց պաշտպանություն թե՝ ոչ: Նա ընկնում է ոճրագործի ծուղակը։

Այս բոլոր անցումները պայմանական են, թեթև, բրեխթյան հեգնանքով: Բայց երբ սպանվում է ամուսինը՝ Իգնացիուսը, փոխվում է դերասանուհու խաղի գեղագիտությունը: Աննա Էլբակյանը հոգեբանական խաղ է ցուցադրում, ողբերգական երանգ մտցնում ամուսնու մահվան տեսարանում։ Այրին մեղադրում է Ուիին ամուսնու սպանության մեջ, հրաժարվում է համագործակցել: Այստեղ հերոսուհին վճռական է, պայքարող: Սակայն հաջորդ տեսարանում ստիպված է լինելու ապստամբ բանջարեղենավաճառներին համոզել ընդունելու Ուիի պաշտպանությունը, քանի որ չի կարողացել ընդդիմանալ: Թմրանյութերի բթացնող ազդեցության տակ նա խոսում է անտարբեր, անկենդան: Վերջին տեսարանում, երբ հեռանում է բեմից, եթե նույնիսկ չհայտնվի մահն ազդարարող կարմիր ձեռքը, ամեն ինչ պարզ է, մոտալուտ մահը դաջված է հերոսուհու դեմքին։ Հրաշալի է մտածված, բայց հակասության մեջ է մտնում բեմադրության ընդհանուր ոճի հետ:

Տպավորիչ են մասսայական տեսարանները: Ամոբխն անդեմ չէ, յուրաքանչյուր գործող անձ իր խնդիրն ունի: Ճիչերն աղմուկի չեն վերածվում, առաջին պլանում կենդանի, աշխույժ, ռիթմիկ գործողությունները, հետզհետե հետին պլանում դառնում են դանդաղ, անկենդան ու անուժ։ Հեռվում դերասանները նմանվում են մանեկենների, որոնք կառավարվում են անտեսանելի թելերով։

Ի վերջո Արթուրոն հաղթանակ է տանում, բանջարեղենավաճառները համաձայնում են իրենց հասույթի երեսուն տոկոսը վճարել պաշտպանության դիմաց: Բրեխթն իր երկում կոչ է անում սթափվել, զգուշանալ, արթնացնել միտքը, իսկ հետո հոգին, քանի որ սա վերջը չէ, չարը կարող է նորից ծնվել: Այս խոսքերը հնչում են ներկայացման ավարտակետում: Եվ հանկարծ հանդիսատեսը նկատում է, որ Դոգզբորո-որդին, այդ խղճուկ տղան, որ ամբողջ ժամանակ կրկնում էր հոր խոսքերը, փորձում օրինակ վերցնել, այժմ հետևում է Արթուրոյին, շարժվում է հանցագործի հետագծով, կրկնում է նրա շարժումները: Ուին հետնորդ ունի:

Բեմադրությունն աչքի է ընկնում մասնագիտորեն գրագետ կառուցված միզանսցեններով, տեմպառիթմն անթերի է, դերասանների խաղում «օտարման էֆեկտն»՝ ակնհայտ: Ներկայացումը, որ տևում է մոտ երեք ու կես ժամ, չի ձանձրացնում: Ստեղծագործական խումբը ծավալուն աշխատանք է կատարել, սկսած դերասանական խաղից մինչև բեմադրության երաժշտական ու նկարչական ձևավորումը:

ՆԱԻՐԱ Շահվալադյան

4098 հոգի