Սեղմիր
ԷՍՍԵ

23.10.2022  23:26

Առաջին անգամ թուրք հասարակութիւնը ծանօթացաւ Կոմիտաս անուան հետ 2010-ին: Ստամբուլը հռչակուել էր Մշակոյթի մայրաքաղաք, եւ «Այս հողի ձայնը» նախագծի շրջանակներում մի շարք միջոցառումներ անցկացուեցին՝ համերգներ, որտեղ հնչեցին Կոմիտասի երգերը եւ առաջին անգամ թուրքերէնով գրուեց գիրք Կոմիտասի մասին, որն այդպէս էլ կոչուեց՝ «Կոմիտաս»: «Այս հողի ձայնը», նուիրուած ծննդեան 140-ամեակին եւ մահուան 75-ամեակին: Յեղինակը կոմիտասագէտ Տիրան Լոքմակէօզեանն էր: Ի դեպ, հարկ եմ համարում նշել Կոմիտասի ծննդավայր՝ Կյութահյայի  մասին հետաքրքրական մի փաստ, կապուած Ֆայիք Ալի Օզանսոյ նահանգապետի հետ: Նրա անունը լաւ կը լինի, որ ամէն հայ յիշի որպէս ցեղասպանութեան ժամանակ ոչ թէ Թալեաթի հրահանգները կատարած, այլ ընդհակառակը, մերժած անձնաւորութիուն: Նախապէս տեղեակ լինելով, թէ ինչ է սպասում հայերին, նա հրաժարուեց թաթախել իր խիղճը արեան մէջ եւ  թոյլ չտուեց Քյութահյայի հայերին ենթարկել այսպէս կոչուած տեղահանութեանը, որն իրականում ցեղասպանութիւն էր:

Այս տարի Թուրքիայում թատերական քննադատների կողմից տարուայ լաւագոյն թատերախաղ ճանաճչուեց «Կոմիտաս» ներկայացումը, որն իրականցրել էր «YolcuTiyatro»Ճամփորդ» թատերախումբ) պոլսահայ «Լուսաւորիչ» երգչախմբի  մասնակցութեամբ, որի գեղարուեստական ղեկաւար եւ խմբաւարը Յակոբ Մամիկոնեանն է:

Անակնկալ էր «Կոմիտաս» ներկայացումը Երեւանի ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արուեստի կեդրոն), անակնկալ էին բեմադրիչը, դերակատարը, նրանց տաղանդը, իսկ տաղանդը ինձ համար բնաւ ազգութիւն չունի…

Տարիներ առաջ Երեւանում Կոմիտասի փառատօնին մի թուրք երգչուհի էր եկել Գերմանիայից եւ շատ լաւ կատարեց Կոմիտասի երգերը: Յիշում եմ, Սարգիս Հացպանեանն ինձ զանգահարեց եւ յայտնեց, որ երգչուհին ուզում է թերթի համար հարցազրոյց տալ: Ճիշդն ասած ես հրաժարուեցի, ասելով, որ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում թրքուհու կողմից Կոմիտաս երգելը: Եթէ երգում է Բախ կամ Մոցարտ, Շուբերտ կամ Վագներ, ինչո՞ւ պէտք է արտառոց լինի Կոմիտաս երգելը, որը նոյն հորիզոնականի վրայ է, ինչ աշխարհի միւս բոլոր դասականները: Հաճախ տեսնում ենք, թէ ինչպէս են զարմանում, երբ Կոմիտաս է երգում ճապոնացին կամ ուրիշ մի ազգութեամբ երգիչ: Այդ զարմանքը ոչ այլ է, քան թերարժեքութեան բարդոյթի դրսեւորում: Մի՞թէ Կոմիտասը այդ նպատակով չը մեկնեց Բերլին եւ ուսանեց 3 տարի, որպէսզի հայ երաժշտութիւնը բարձրացներ այն մակարդակին, որի վրա հնարաւոր կը լինէր ներկայացնել աշխարհին. «Ինչո՞ւ, ինչ նպատակով էի գնացել Գերմանիա, մեր ազգային երաժշտութեան շենքի համեստ գործավորը դառնալու իմ կարողութեան չափով», - գրում էր Կոմիտասը, բայց անհաւատալի էր, ինչպէս այդ երեք տարիները բաւական եղան, որպէսզի նա ուսանի օտար լեզուով Բեռլինի արքունի Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանում փիլիսոփայութիւն, պատմութիւն եւ երաժշտութիւն եւ հետեւի երաժշտութեան տեսուչ Ռիխարդ Շմիդտի դասընթացքին, նաեւ ստեղծագործի, թողնելով գերմանական ժառանգութիւն, որտեղ արտացոլւում է գերմանական մտածողութիւնը…Բայց ահա եղաւ մէկը, ով գրեց, թէ «երեք ու կէս տարի կոշկակարութիւն սովորել չի կարելի, չէ թէ երաժշտութիւն»: Յիրավի չկայ մարգարէ սեփական երկրում, իսկ այնտեղ…երբ Բեռլինում հիմնուեց «Միջազգային երաժշտական ընկերութեան» Բեռլինի մասնաճիւղը, համալսարանի պրոֆեսոր Օսկար Ֆլայշերը իր աշակերտներից միայն Կոմիտասին հրավիրեց անդամակցելու եւ քիչ հետո խոստովանեց նրան. «Ձեր հմտալից եւ խորիմաստ դասախօսութիւնների միջոցով խորունկ հայացք ձգել տուեցիք դէպի այն երաժշտութիւնը, որը մինչ օրս մեզ համար գրեթէ փակ էր եւ որ մեզ՝ արեւմտեաններիս, շատ բան կարող է ուսուցանել»: Այսպիսով Կոմիտասը հասել էր իր նպատակին.

«…օտար հեղինակաւոր երաժշտագէտները լսելով իմ բացատրութիւներս հասկցան եւ յամոզուեցին, որ աշխարհի մէջ կայ հայ երաժշտութիւն մը բոլորովին ինքնատիպ եւ ինքնուրոյն, այդպէս ինչպէս հայ լեզուն եւ հայ կեանքը, մինչդէռ ժողովուրդը դէռ կը տարակուսի, թէ ինքը լեզու ունի, երաժշտութիւն ունի, եւ կեանք ունի»:

Կա բարձունքի մի մակարդակ, ուր ազգութիւնները միանում են: Դա տաղանդի բարձունքն է: Բախ նուագողը գերմանացի չի դառնում, այլ Բախն է դառնում կատարողի ազգութեան: Նոյնը եւ Կոմիտասի պարագայում է:

Այժմ անդրադառնանք «Յոլջու» թատերախմբի ներկայացմանը. Եթէ դիտենք այն որպէս Կոմիտասին մարմնաւորող մենախաղ, ապա պիտի ընդունենք, որ դա Կոմիտասն էր մտորում, խելագառւում, մեկուսի մի աշխարհ ապրեցնում, բայց ամէն ինչ պարզ կը դառնայ, եթէ դիտենք ներկայացումը որպէս պերֆորմանս: Ինչո՞վ է տարբերւում ներկայացումը պերֆորմանսից: Ներկայացման մէջ դերակատարը, մարմնաւորում է գլխաւոր պերսոնաժին, դեր է կատարում, իսկ պերֆորմանսի մէջ նա չի խաղում Կոմիտասի դերը, այլ հանդիսատէսի մէջ է արթնացնում Կոմիտասի կերպարը, այստեղ դերասանը կարծես նուագարան է, որի վրայ իրական Կոմիտասը հնչեցնում է իր մեղեդին: Իր երգը: Վիշտը: Մենութիւնը: Խելագառութիւնը, որը ոչ այլ է, քան արտաքին աշխարհի խելագառութիւնը, ողբերգութիւնը, որը Կոմիտասի նման նուրբ հոգեկան կազմուածք ունեցող անձը հայելու պէս արտացոլում է:

Ի՞նչ մտքեր առաջացրեց «Կոմիտաս» պերֆորմանսը: Կոմիտասի համար ամէն ինչ երգ էր. անձրեւը չի գալիս, այլ՝ երգում է: Ողջ աշխարհը ոչ այլ է, քան երգ: Երգ: Նրա ականջի մէջ մայրն է երգում, Թագուհի Յակոբեանը, որին նա երբեք չտեսաւ, չունեցաւ, բայց նրա երգը լսեց իր մէջ: Իր երակներում: Եւ այդ ամէնը մենք զգում էինք շնորհիւ բեմադրող ռեժիսոր Ահմեդ Սամի Օզբուդաքի, ով նաեւ սցենարի յեղինակն էր եւ դերակատար Ֆեհմի Քարաարսլանի: Չափազանց արհեստավարժ դերասան, ով յիշեցնում է բոլոր դերասաններին, որ դերասանը դա առաջին հերթին իր մարմինն Է, իր ձայնը, խօսքը, առոգանութիւնը: Իդէպ խօսում էր նա ֆրանսերէն, եւ երգում էր Կոմիտասի երգը՝ անշուշտ հայերէն լեզուով եւ ոգով, այսինքն լիովին տիրապետում էր բոլոր արտիստական հնարքների: Երկու օր հանդէս եկան, եւ ես անկեղծ ասած երկու անգամ էլ դիտեցի…հետո արդէն իմ մտորումներում էր գծագրւում Կոմիտասի կեանքի շրջագիծը: Ի՞նչ եղաւ նրա հետ: Դարի ցաւը խոցեց նրան եւ խռովքը փոքրացրեց իր մեծութիւնը: Այսինքն նա դարձաւ բոլորի նման: Եւ ասեցին, որ նա խենթ է, որովհետեւ նմանուեց բոլորին եւ աշխարհին: Խենթ աշխարհին, որը ծիծաղում է ինքզինքի վրայ:

Փարիզն է: Վիլժուիֆ խելագառների տունը: Բոլորիս տունը:

Եւ դերասանը շարունակ հողն է շաղ տալիս մարմնին: Ի՞նչ հող է դա: Այն հողը, որ ծնում է մեզ եւ ետ է կանչում:

ԾՈՎԻՆԱՐ Լոքմագյոզեա

645 հոգի