Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ԲԱԼԱԳԱՆ

Պարս. - balahana – պատշգամբ, վերնասենյակ

Ռուս.  - балкон

Անգլ. show-booth.

Գերմ. - die Schaubude.

ֆրանս. - barbacane, tréteaux.

Թատերամշակութային սինկրետիկ երևույթ, որը կլանել է արևմտաեվրոպական հրապարակային թատրոնի, Կոմեդի Դել Արտեի և ռուսական սկոմորոխային թատրոնի   ավանդույթները։ Աչքի է ընկնում ընդհանուր կառնավալային և ֆարսային գծերով, մասայականությամբ, ողբերգականի և կատակերգականի սերտ միասնությամբ, գրական հնարքներով (կատակներ, բուֆոններ, բուրլեսկ, բուրլետա, լացի), արվեստի և կյանքի միջև հստակ սահմանների բացակայությամբ ու ինքնահեգնանքով: Միևնույն ժամանակ Բալագանն  ի սկզբանե տոնավաճառներում եղել է առևտրի տաղավար: Հետո սկսել են հարմարեցնել, որպես տարածք, թափառաշրջիկ արտիստների ելույթների համար: Այստեղից էլ «Բալագան» անվանումը: Այսպիսով.

1. Տախտակներով  կառուցված, բրեզենտե տանիքով ժամանակավոր շինություն, որը տոնավաճառներում և  ժողովրդական տոնախմբությունների  ժամանակ(թատերական ներկայացումներ, Ռայոկներ, «ծիծաղի սենյակներ», «տձևների» ցուցահանդեսներ ( выставок «уродов»), շարժական վանդակներ, առևտրային վրաններ) ծառայել է որպես թատերական, կրկեսային կամ էստրադային ներկայացումների անցկացման վայր:

2. Ժողովրդավարական տոնավաճառային ներկայացում - կոպիտ, հաճախ կատակերգական տեսարան՝ երգիծական մոտիվներով՝ հիմնված հանգավոր կատակների  վրա և հագեցած տարբեր ձայնային աղմկալի էֆեկտներով։

3. Ժամանակակից թատերական ժանր, հիմնված ժողովրդական բալագանային ավանդույթների վրա:

4.  Փոխաբերական իմաստով՝ անտաշ, անլուրջ, բարձր գեղարվեստական ​​ճաշակին չհամապատասխանող երևույթ։ Այս արհամարհական վերաբերմունքը բալագանի   նկատմամբ հաստատվել է 18-րդ դարում, երբ տոնավաճառներն ու տոնախմբությունները, շատ ակնառու տեղ են զբաղեցրել քաղաքային բնակչության կյանքում:

Բալագանը ավանդական քաղաքային ժողովրդական թատրոնի տեսակ է, որը տարածված է եղել մի շարք եվրոպական  երկրներում  16-18-րդ դարերում: Այն առաջացել է միջնադարում՝ զարգանալով ծաղրածուական միջավայրներից: Մասնավորապես Ֆրանսիայում ծաղրածուներն ունեին իրենց մասնագիտական ​​միավորումները, որոնք ավելի շատ նման էին անգլիական ջենթլմենների ակումբներին: Օրինակ՝ Դիժոնի քաղաքաբնակների ասոցիացիան, որը հայտնի է «Դիժոնի հետևակ» անունով։ Նիդեռլանդներում այդ միջավայրը ձևավորվում էր հռետորների պալատներում, Գերմանիայում՝ Մայստերզինգերների խմբակներում (միջնադարյան բանաստեղծներ, երաժիշտներ և երգիչներ՝ արհեստագործական և արհեստանոցային միջավայրից)։ Ֆարսը, մնջախաղը, մորալիտեն, ֆաստախտշպիլը(գերմանական ֆարս) աստիճանաբար ներթափանցում են  իմպրովիզացիոն սկզբունքով կառուցվող այս ժանր և հաճախ ստեղծվում են սատիրական ներկայացումներ՝  լցված կոպիտ, բռի հումորով՝ գրոտեսկի և բուֆոնադի տարրերով:

Բալագանային թատրոնները  որպես կանոն, լինում  էին տոնավաճառների  օրերին և նրանց անհրաժեշտ մասն էին կազմում, քանի որ ի սկզբանե ստեղծված են եղել ժողովրդին տոնավաճառ ներգրավելու նպատակով։ Հետագայում հատուկ բալագանի համար կառուցվել են փայտյա շինություններ: Ներսում թատրոնի շենքն ուներ բեմ և հանդիսատեսի համար նախատեսված շարքերով նստատեղեր, կային նաև տեղեր, որտեղից հանդիսատեսը կանգնած էր դիտում ներկայացումը։ Բալագանի շենքը պարտադիր զարդարում էին ցուցանակներով, դրոշներով, իսկ ավելի ուշ նաև գազային և էլեկտրական լամպերով։ Ցուցանակների գրությունները  բազմազան  էին, յուրաքանչյուր սեփականատեր շտապում էր իր բալագանին կանչող տեսք և անվանում տալ օրինակ՝ «Մեխանիկական և ատռոբոտական թատրոն» ("механический и отроботический театр"), «Մետամորֆոզների մեխանիկական թատրոն» ("механический  театр метаморфоз"),«Կոմիկական վիրտուոզներ, մշուշային նկարներ» ("комические виртуозы, туманные картины")  և այլն։ Ներկայացումները սկսվում էին կամայական ժամի, երբ որ դահլիճը լեփ լեցուն էր դառնում։ Յուրաքանչյուր համար տևում էր երեսունից - քառասուն րոպե, իսկ ամբողջ ներկայացումը ընթանում՝ կեսօրց  մինչև երեկոյան ժամը  իննը։ Բալագանի  դիմաց՝ դրսում, կառուցում էին փոքրիկ պատշգամբ, որտեղ, հանրությանը կատակներով գրավելու  նպատակով կանգնում էր կանչողը(օրինակ՝ ռուսաստանում зазывала-կենդանի գովազդի տեսակ, ոչ այնքան բալագանային, բայց ֆոլկլորային հայկական տարատեսակը՝ թիֆլիսում ‹‹էստի համեցեք›› ասողի կերպարը)։

Բալագանային ներկայացումներում հանդես էին գալիս նաև լարախաղացներ, ձեռնածուներ, վարժեցրած կենդանիներ, որոնք հանդիսանում են կրկեսային դերասանների նախատիպերը: Տոնավաճառային բալագանները՝ ակրոբատներով, վարժեցրած կենդանիներով, աճպարարներով և լարախաղացներով,  շառլատաններով և կոմիկ դերասաններով արդեն 16-րդ դարում հայտնի էին  եվրոպայում: Այնտեղ ներկայացվում էին ֆարսեր, լացցիներ, մնջախաղ- նմանակումներ, պիես-մոնոլոգներ (մենախոսություններ), առլեկինադներ, ֆեերիաներ, կոմիկական օպերաներ, կոմեդիա-վոդևիլներ և այլն: Այս թատրոնների  դերասանական արվեստը հասել էր բացառիկ վարպետության և այդ առումով նույնիսկ մրցակցում էր պրոֆեսիոնալ Կոմեդի ֆրանսեզի  հետ:  Տոնավաճառային կատակերգակներ՝ Տաբարենը, Գոտյե-Գարգիլը, Տյուրլուպենը և Գրո-Գիլյոմը մեծ համբավ էին վայելում Ֆրանսիայում, նրանք դարձան  ինքնատիպ ուսուցիչներ Ժ.Բ.Մոլիերի համար: Քաղաքային ժողովրդական  բալագանային  թատրոնի  զարգացման գագաթնակետը դարձավ իտալական Կոմեդի դել արտեն, այն  կողմնորոշեց բալագանային թատրոնի զարգացման հետագա ընթացքը եվրոպական երկրներում: Բալագանը առավել լայն տարածում գտավ Ֆրանսիայում: XVII դարում ֆրանսիական բալագանների շրջիկ թատերախմբերը, որոնք հյուրախաղերով լինում  էին ողջ եվրոպայում, յուրացրեցին Կոմեդի դել արտեի խաղացանկը: Տոնավաճառային կատակերգակ դերասանները հանդես էին գալիս Պանտալոնեի, Առլեկինի և այլ պերսոնաժների անվան տակ, նրանց հագուստներով ու դիմակներով: Այսպես Ֆրանսիայում առաջացավ «Կոմեդի Իտալյեն» թատրոնը, որտեղ խաղում էին Կոմեդի դել արտեի ներկայացումները ֆրանսիական յուրաձևությամբ. Օրինակ՝ փոխվել էր Առլեկին դիմակի խարակտերը: Սկզբում առլեկինը երկրորդայինից  դարձավ  առաջնային պլանի կերպար, իսկ հետագայում՝ գլխավոր հերոս  առլեկինադ ժանրում (փոքր հիմնականում մեկ արարից բաղկացած տեսարաններից կազմված բեմական ժանր, որ տարածվելով եվրոպական այլ երկրներում ստացել է բուռլեսկ կամ կլոունադա անվանումները): Լուսավորության դարաշրջանում առլեկինադի սյուժեները ակտիվորեն իր պիեսների մեջ էր ներառում Ա.Ռ. Լեսաժը, ում անվան հետ է կապվում  տոնավաճառային թատրոնի ծաղկումը: Կապիտալիստական հասարակարգերի առաջացման հետ Բալագանային թատրոնները անկում ապրեցին: XVIII դարում եվրոպայի  տոնավաճառային թատրոնները թեմատիկ առումով  դեռ շարունակում  էին կապ պահպանել կրկեսային և էստրադային արվեստների հետ, սակայն XIX դարում վերափոխվեցին և դարձան բուլվարային թատրոններ, կաբարեներ, մյուզիկ-հոլեր և վարիետեներ: Այս թատրոններում խաղում էին կենցաղային պիեսներ՝ ժամանակակից թեմաների արծարծմամբ, ամենից հաճաախ ներկայացումները լինում էին  զվարճալի բնույթի, սիրային ինտրիգով և նախատեսված հասարակության լայն շերտերի համար:

Ռուսաստանում բալագանները  ձևավոորվել են 18-րդ դարում, երբ ցարի և եկեղեցու ճնշման տակ սկոմորոխները սկսեցին աստիճանաբար անհետանալ՝ իրենց արվեստի որոշ ավանդույթներ որպես ժառանգություն թողնելով բալագաններին և Ռայոկներին: Վերջինս ռուսական  ժողովրդական թատրոնի տեսակ  է, այն իրենից ներկայացնում է  փոքրիկ տուփ, որի առջևի մասում երկու խոշորացույց կա: Ներսում նկարները հերթականությամբ փոխելով՝ տարբեր քաղաքների, հայտնի մարդկանց և իրադարձությունների պատկերներ էին ցուցադրում: Ռայոշնիկը նկարները փոխելով, յուրաքանչյուր նոր պատկերի մասին տեղեկություն էր տալիս, կատակում էր դրա շուրջ, և ասացվածքներ էր ասում։ Այս նկարները սկզբում ունեին կրոնական բովանդակություն, որտեղից էլ ծագեց «ռայոկ» անվանումը (ռուս. Рай-դրախտ), այնուհետև սկսեցին արտացոլել թեմաների ավելի լայն սպեկտոր, այդ թվում՝ քաղաքական։ Ռայոշնիկի կատակների օրինակ է. «Տեսե՛ք, լսե՛ք, ահա՛ մեծ քաղաք Փարիզը, այնտեղ գնում ես, անմիջապես վառվում ես։ Մեր ազնվականությունը գնում է այնտեղ փողը քամուն տալու, նրանք  գնում են  ոսկով լի տոպրակով,  այնտեղից վերադառնում  առանց կոշիկ և ոտքով»:

Ռուս տաղանդավոր ռայոշնիկները քաջ գիտակցում էին, որ իրենց կատակները պետք է ոչ միայն նկարների մեկնաբանություններ լինեն, այլև որպես գովազդ ծառայեն։ Նրանց բոլոր կատակներն ուղղված էին ոչ այնքան նրանց, ովքեր նայում էին նկարները, որքան նրանց, ովքեր կանգնած էին համայնապատկերի շուրջ և սպասում էին բաղձալի պատուհանից ներս նայելու իրենց հերթին։ Դա իրապես մեկ դերասանի թատրոն էր։

Ռուսաստանում առաջին բալագանների տերերը օտարերկրացիներն էին: Նրանց թատրոնների պատշգամբներում նույնպես կային կանչողներ։ Սրանք կատակերգական դերասաններ էին, ովքեր կատարում էին տարբեր զվարճալի տեսարաններ։ Հայտնի ֆրանսիացի Բալագանի սեփականատեր Քրիստիան  Լեմանը բավականին երկար ժամանակ, որպես կանչող, պատշգամբում կանգնեցնում էր  Պիերոյի հագուստով համր բուֆոնի (լայն սպիտակ շապիկով՝ մեծ գունավոր կոճակներով): Բայց շուտով այս դերի համար սկսեց հրավիրել ռուս բալագուրների կամ կանչողների՝ համարելով, որ ռուսերեն լեզվով բանավոր գովազդը շատ ավելի մեծ ազդեցություն կունենա, քան անխոս մնջախաղը:

Կանչողներին անվանում էին նաև Պայանցեր (ծաղրածուներ)։ Նրանք հրավիրումը սկսում էին հետևյալ խոսքերով.  «Ազնիվ պարոնայք, խնդրում եմ, եկեք այստեղ: Այստեղ դուք կտեսնեք աննախադեպ բաներ, կլսեք չլսված ելույթներ, հիանալի հրաշք, սքանչելի հրաշք: Արտասահմանյան կատակերգություններ»: Նրանք խոստանում էին  ցույց տալ առանց ոսկորների մարդու, ջրահարս աղջկա (ոտքերի փոխարեն աղջկան կապում էին բելուգա ձկան հսկայական պոչը), կամ թե «ինչպես է հավը ձիուն լափելու», «Շտապե՛ք, շտապե՛ք, գրեթե բոլոր տեղերը զբաղված են»։

Այս տեխնիկան՝ դատարկ դահլիճում վաճառված տոմսերի մասին բղավելը, օգտագործվում էր բալագանների գոյության ողջ ընթացքում:

Լավ զազիվալաներն այնքան բարձր  էին գնահատվում, որ բալագանների տերերը միմյանց մեջ մրցակցում էին նրանց համար: Զազիվալան  պետք է լիներ սրամիտ և  զվարճալի իմպրովիզատոր:

Բալագան կանչողի դերում լինում էր նաև թոշակի անցած զինվորը, նա հագնված էր  ծերունու պես, մոխրագույն կապայով, երկար մազերով և փայտյա մորուքով. նրա վզից կախված  էր ժամացույց, իսկ ձեռքեում պահում էր գրքի հին կազմ:

Հաջորդ զազիվալան բալագանային պապի(балаганный дед) կերպարն է, նա իր  արտաքինով, ժեստերով, կատակներով պետք է զվարճացներ տոնակատարության եկած մարդկանց։ Նա պետք է փոխանցեր կյանքի լիությունը, ապրելու բերկրանքի զգացումը և տոնական օրերի  ազատությունն ու թեթևությունը :

Անկախ նրանից, թե որ կերպարում հանդես կգար «զազիվալան», նա նշանավոր դեմք էր. իրականում նրանից էր կախված թե որքան մարդ կհավաքվի ներկայացմանը։

 «Կանանց» թեման հատկապես սիրված էր հանրության կողմից։ Յուրաքանչյուր բալագանային պապ ուներ իր «կնոջ», մեծ ու ծաղրանկարված, դիմանկարը։ Նա նկարը ցույց էր տալիս հանրությանը և բնորոշում հետևյալ  ծաղրական հատկանիշներով.

А вот, ребята, смотрите:

Это моей жены патрет,

Только в рамку не вдет.

У меня жена - красавица,

Увидят собаки - лаются,

А лошади в сторону кидаются.

Зовут ее Ирина,

Пухла, что твоя перина...

Ընդհանրապես, բալագանները սիրում էին հանդիսատեսին ներկայացնել անհավատալի, նույնիսկ անոմալ բաներ՝ երկու գլխանի  հորթ էին ցույց տալիս, կա՛մ կենդանի աղավնիներ ուտող «վայրենի» Աֆրիկացի (իհարկե սա հնարք էր)։ Իսկ մի գավառական բալագանում հանրությանը առաջարկվում էր երաժշտական​​զվարճություն կետի որովայնում: Եվ իսկապես, բեմի վրա տեղավորում էին իսկական   կետի խրտվիլակ, որի մեջ նստած էր մի ամբողջ նվագախումբ:

Բալագանի սեփականատերերը իրենց ֆինանսական գործերը բարելավելու համար անհավանական բաներ էին  հորինում։ Այսպիսով, նրանցից մեկը, հանրությանը գրավելու և տոմսերի արժեքը բարձրացնելու նպատակով, քաղաքում պաստառներ էր փակցրել, որոնցում խոստանում  էր  ցույց տալ աֆրիկյան մարդակեր ցեղի «գլխավոր առաջնորդին» Թումբո Յումբո կղզուց, որը բերվել է  Աֆրիկայի «վայրի բնության սիրտը հանդիսացող` Սահարա անապատից»: «Առաջնորդը» պետք է սկսեր իր համարը կենդանի աղավնիներ և ավարտին հասցներ կենդանի մարդ ուտելով։ Մարդիկ  շտապում էին ներկայացմանը՝ մարդակերին տեսնելու, բայց աֆրիկացին չէր կարողանում իր մարդակերի հմտությունները դրսևորել Ռուսաստանում, քանի որ ռուս հանրությունից ոչ ոք չէր ցանկանում, որ իրեն ուտեն։ Հասարակությունը սարսափելի վրդովվում էր, բայց շատերը նորից ու նորից գնում  էին թատրոն այն հույսով, որ մի օր«ցանկացող» կգտնվի։ Ժամանակաշրջանի քաղաքակրթական նշաձողի, հետևաբար և հասարակական հետաքրքրությունների համապատկերում հնարամտորեն կիրառվում էր դրամայի կենսունակության գլխավոր գործիքներից մեկը. սպասումը: Եվ այդ հնարքի շնորհիվ մարդկանց աննախադեպ բազմություն էր հավաքվում բալագանում, ինչը սեփականատիրոջ ֆինանսական վիճակը կարճ ժամանակահատվածում բարելավում է:

Հայտնի են բալագանների մի քանի տերերի անուններ, որոնք օրենքներ և յուրատեսակ ոճ թելադրողեներ են եղել այս ոլորտում։ Նրանցից մեկը XIX դարի սկզբի խոշորագույն դերասան-ձեռներեց Քրիստիան Լեմանն էր, ում բալագանները տասը տարի՝ 1826-1836 թվականներին, զվարճացնում էին Սանկտ Պետերբուրգի հանրությանը։ Մինչև 1818 թվականին Ռուսաստան ժամանելը, նա ելույթ էր  ունենում  Փարիզի արվարձաններում, որտեղ ձևավորվեց ներկայացումների որոշակի տեսակ՝ մնջախաղ-արլեկինադների ֆրանսիական տարբերակը, իտալական Կոմեդի դել Արտեի դասական կատակերգությունների ոճով: Հենց  այս ներկայացումներն էլ Լեմանին մեծ հաջողություն բերեցին Ռուսաստանում։ Ա.Վ. Նիկիտենկոյի վկայմամբ՝ Լեմանին  հասնելը հեշտ չէր։ Նրա «հաճույքների տաճարի» դռների մոտ նույնքան մարդաշատ էր, որքան եկեղեցու դռների մոտ տոն օրերի քարոզի ժամանակ։ Դժվարությամբ տոմս ստացա, ավելի մեծ դժվարությամբ  հասա դեպի դուռը:

Ֆարսային ներկայացումներում Լեմանի իրավահաջորդներն էին նրա սաները՝ Լեգատ եղբայրները, որոնք Ռուսաստան էին եկել Լեմանի թատերախմբի կազմում, բայց շուտով բաժանվեցին նրանից։ Նրանք ցուցադրում էին հիմնականում պարերով ֆեերիաներ՝ լայնորեն օգտագործելով բեմական պատրանքներ և իրենց ժամանակի բեմական տեխնիկական նվաճումները:               

Լեմանի մեկ այլ աշակերտ՝ Վասիլի (Վիլհելմ) Կարլովիչ Բերգը (1819 - 1886), ծնունդով Համբուրգից, ստեղծել է իր բալագանները 1840-ական թվականներին։ Նա աշխատել է միանգամից երկու քաղաքում՝ բալագաններ ուներ Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում։ Նա մած համբավ ձեռք բերեց ոչ միայն մնջախաղի շնորհիվ, այլև որպես քաղաքային այգիներում և պուրակներում օդապարիկներով սենսացիոն թռիչքների կազմակերպիչ։

Բալագանային ներկայացումների նոր ձևաչափ ձևավորել է Վասիլի Նիկիտիչ Եգարևը (1826-1897)։ Չխախտելով ավանդական արլեկինադի կանոնները, նա ձգտում էր թարմացնել այն, շրջապատելով ամենաժամանակակից և տպավորիչ, կրկեսային և էստրադային, համարներով:                                                         

19-րդ դարի վերջին մշակութային եզակի երեւույթ էր Սանկտ Պետերբուրգի «Ժամանց և օգուտ» ամենամեծ բալագանային  թատրոնը,  որի հայտնվելը կապված էր Ալեքսեյ Յակովլևիչ Ալեքսեև-Յակովլևի գործունեության հետ։ Լինելով Բերգի բալագանի սցենարիստը և բեմադրող ռեժիսորը՝ նա որոշեց ստեղծել հանրային թատրոնի նոր տեսակ, «որը ոչ միայն կծառայեր զվարճանքին, այլև կարող էր օգնել մարդկանց կրթելու հարցում»: Նրա գաղափարը աջակցություն գտավ ի դեմս Ա.Պ. Լեյֆերտի՝ փոքրիկ տպարանի սեփականատիրոջ։ Թատրոնի բացումը տեղի է ունեցել 1880թ.: Թատրոնի խաղացանկը բաղկացած էր ռուս դասականների՝ Պուշկինի, Լերմոնտովի, Գոգոլի, Գրիբոյեդովի, Նեկրասովի, Լ.Ն.Տոլստոյի, Օստրովսկու և այլոց ադապտացված ստեղծագործություններից։

18-րդ դարի վրջերին  բալագաններում բեմադրվում  էին պիեսներ ժողովրդական թատրոնի խաղացանկից և ասպետական վեպերի դրամատիզացումներ, իսկ արդեն  19-րդ դարի սկզբին հանդիսատեսին հրամցվում էին բեմական զանազան էֆեկտներ՝ թռիչքներ, անկումներ, հրաշք կերպարանափոխություններ՝ տեխնիկապես  հագեցած տաղավարներում, առլեկինադներ և աճպարարական հնարքներ։ Հատկանշական է որ բալագաններում օգտագործվել են, տվյալ դարաշրջանի համար, զարմանալի տեխնիկական և պիրոտեխնիկական էֆեկտներ, նաև շատ բարդ մեքենայացված տեխնիկա զանազան հնարքների, աճպարարության և կերպարանափոխությունների համար:

Բալագանում են սկսել իրենց գործունեությունը նշանավոր կրկեսի վարպետներ Ա.Դուրովը, Վ.Դուրովը, Ս.Ալպերովը, Ի. Ռադունսկին, Ի. Ֆիլատովը և ուրիշները:

Բալագանի երկարակեցության գործոններից մեկը համարվեստային վերաճումներն են, որոնց երաժշտաթատերական օրինակներից են Ռ.Լեոնկավալոյի «Պայացները» և Ֆ.Բուսոնիի «Արլեկինո» օպերաները, պլաստիկ թատրոնի նմուշներներն են՝ Ի.Ֆ. Ստրավինսկու «Պետրուշկա» և Ռ.Է. Դրիգոի «Արլեկինադ», Դ.Թ. Լենսկու «Գիշերային թիթեռնիկ», Վ. Շկլովսկովի «Սկոմորոխի հարսանիքը» բալետները և դրամատուրգիական միավորները՝ Ա.Ա. Բլոկի «Բալագանչիկ», Կ.Շիլոյի «Առլեկինը մեր քաղաքում», Է. Ռոստանի «Լացող Պիերո, ժպտացող Պիերո» ֆարսերը և այլն: 19-րդ դարի վերջերից սկսած Բալագանը խտանյութ է հանդիսանում արվեստի տարբեր ճուղերի համար, որից առանձնանում են ժանրային առումով տարբեր  ստեղծագործություններ:                                                                                                                                                 

Օգտագործված աղբյուրներ

1. https://studfile.net/preview/5453923/

2. https://www.dissercat.com/content/traditsii-balagana-v-russkoi-sovremennoi-dramaturgii

3. СЛОВАРЬ ТЕАТРАЛЬНЫХ ТЕРМИНОВ:Издание 2-е, дополненное: Барнаул2015г.

4. Театральные термины и понятия: Сост. С. К. Бушуева, А. П. Варламова, Н. А. Таршис, ред. А. П. Варламова, А. В. Сергеев. СПб., 2005. Вып. 1.

5. Кутьмин, С.П.:Краткий словарь театральных терминов для студентов режиссерской специализации / Кутьмин С.П.;ТГИИК; Каф.реж. и акт. мастерства.- Тюмень, 2003

6. Театральная Энциклопедия, Том1, Москва-1963

7. Словарь основных терминов по искусствоведению, эстетике, педагогике и психологии искусства, науч.ред. А.А.Мелик-Пашаев, Москва-2001

8. Թատերագիտական բառարան, Լ. Հախվերդյան Երևան 1986թ.

23.10.2022  2:04

Համահավաքեց՝ ԳԱՅԱՆԵ Թովմասյանը

Խմբագրելի

1000 հոգի