15.10.2022 23:25
Գ. Սունդուկյանի անվան թատրոնի նոր ներկայացումը
Վրթանես Փափազյանի «Ժայռ» դրաման հայ կլասիկ դրամատուրգիայի այն սակավաթիվ երկերից է, որտեղ գեղարվեստական մեծ ուժով ու կրքոտությամբ բարձրացված են 19-րդ դարի վերջերին հայ աշխատավոր գյուղացուն հուզող հարցերը։ «Ժայռ» դրաման հողի աշխատավորի դառն վիճակի, անլուր ու տմարդի կեղեքումից ազատվելու նրա ճիգերի պատմությանն է։ Դեմոկրատ գրողի ջերմ շնչով գրված այս պիեսը այսօր ատելություն ու արգահատանք է առաջացնում դեպի շահագործող դասակարգը, սիրով համակում դեպի աշխատավոր մարդը։ Դա է, որ օրինաչափ է դարձնում պիեսի երկրորդ բեմադրությունը Սանդուկյանի անվան թատրոնում։
Վարդան Աճեմյանն իր բեմադրության հիմնական նպատակը դարձրել է հայ նախառևոլյուցիոն գյուղի՝ «խավարի թագավորության» խոր և տպավորիչ պատկերումը, գյուղական ցեցերի մերկացումը։
Նրանցից խրրշորագույնը Գրիգոր աղան է։ Գ. Ջանիբեկյանը վարպետին հատուկ խորությամբ ու արվեստով է կատարում այս դերը։ Գ. Ջանիբեկյանի Գրիգոր աղան բազմակողմանի, իր տեսակի մեջ մոնումենտալ կերպար է։ Արտիստը ուշադրություն է դարձրել ոչ միայն աշխատավոր գյուղացու հաշվին ուռճացած մակաբույծին, խորամանկ, անհոգի վաշխառուին ներկայացնելու վրա, այլև բացահայտել է Գրիգոր աղա մարդուն իր հոգեբանական բազմաթիվ դրսևորումների մեջ։ Ջանիբեկյանի Գրիգոր աղան յուրովի սիրող հայր է, բռնակալ ամուսին, կարող է, երբ այդ պահանջվում է, մոլորեցնելու աստիճան «անկեղծորեն» բարի և սիրալիր ձևանալ։ Գրիգոր աղայի բնավորության այս կողմերի բացահայտումը ոչ թե թուլացնում է արտիստի ստեղծած կերպարի ուժը, այլ ավելի ամբողջականացնում, կենսական է դարձնում այն։
Առանձնապես տպավորիչ է Ջանիբեկյան–Գրիգոր աղան գյուղացիների հետ խոսակցության, դստեր հետ ընդհարվելու տեսարաններում (3-րդ գործողություն)։ Գրիգոր աղայի դերակատարումը մի ամբողջ շարք նրբերանգների գամմա է, Գ. Ջանիբեկյանի լավագույն բեմական կերտվածքներց մեկը, արտիստի ստեղծագործական հաղթանակը։
Աղայի աջ ձեոքն է Քաչալ Մարտիրոսը, Գ. Գաբրիելյանը պատկերում է քսու ագահի նկարագիրը։ Մեկ երկու մանրամասնով (մուրհակի և դրամի փոխանակումը Գրիգոր աղայի հետ) Գաբրիելյանը ցույց է տալիս, որ Մարտիրոսը հոգեպես ապականված, խոշոր տզրուկ դառնալու բոլոր հատկություններն ունեցող մարդ է։
Ա. Ավետիսյանը՝ հաշտարար դատավոր Մատվեյ Եգորիչի մեջ ամենից առաջ ընդգծել է նրա կեղծավորությունը, քան թե գռփողի էությունը։ Արտաքուստ կենսուրախ ու կատակաբան Ավետիսյանի Մատվեյը ավելի շուտ անսկզբունք մարդու տպավորություն է թողնում, քան Գրիգոր աղայի հավատարիմ արբանյակի։
«Խավարի թագավորության» մյուս կողմը, որը խիստ ընդգծված է ներկայացման մեջ, դա գյուղացիների անծայր կեղեքվածության, ճնշվածության թեման է։ Բեմադրող- ռեժիսյոր Վ. Աճեմյանն աշխատել է բեմական միջոցներով ընդգծել գյուղացիների խաբվածությունը, խեղճությունը, ստորացվածությունը։ Ռեժիսյորի միտումն իրեն արդարացրել է. դրանով նա ավելի է ուժեղացրել գյուղացիների արնախում թշնամիների մերկացումը, խորացրել հանդիսականի ատելությունը նրանց նկատմամբ։
Ռեժիսյորի և արտիստների ջանքերով ստեղծված են գյուղացիների՝ հիշողության մեջ մնացող տիպական խարակտերներ։ Նրանց մեջ ամենից բնորոշը Բաղդասար ամին է՝ Վ. Մարգունու փայլուն կատարմամբ։ Մարգունի-Բաղդասար ամու թե՛ վարքագծի, թե՛ խոսքի ու շարժումների մեջ իր լիակատար արտահայտությանն է գտել գեղջուկի տատանողականությունն ու անհեռատեսությունը։ Այս նույն գծերն իրենց տարբերակներով երևան են գալիս Գ. Ասլանյանի Զաքարի մոտ. վերջինիս մեջ առկա են նաև հաշվեգիտության, խորամանկության տարրեր։ Վ. Բագրատունու Մարգարն ավելի է հակված ստեղծված վիճակին համակերպվելու հետ։ Ա. Ջրաղացպանյանի Մարկոսը գյուղացիներից ամենահետամնացն ու ոչ ինքնուրույնն է։
Իրավացիորեն, որպես հարստահարվող գյուղացիության ներկայացուցիչներ են մեկնաբանված նաև ծառաները։
Գրեթե աղքատ գյուղացու աստիճանին է հասել մի ժամանակ ունևոր Սահակը՝ Ալեքսանդրի հայրը։ Օ. Բունիաթյանի ստեղծած կերպարի մեջ Սահակի համար հատկանշականը հոգսի բեռան տակ կքած լինելն է։ Զգացվում է, որ այդ ծերունին հոգեպես թույլ է, անկայուն, պատրաստ ներելու իրեն հասցրված բոլոր վիրավորանքները, հաշտվելու իրեն կողոպտողի և սնանկացնողի հետ։
Սահակի կնոջ՝ Հոռոմսիմի էպիզոդիկ դերը, թատրոնի վետերան Օ. Գուլազյանի շնորհիվ կենդանացել է։ Օ. Գուլազյանի Հոռոմսիմը, հակառակ իր տարիքին ու կյանքից ստացած հարվածներին, աշխույժ, կենսուրախությունը չկորցրած կին է։
Կեղեքվածությունն ու ճնշվածությունը գյուղացու մեջ բնականաբար ծնում էին անծայր դժգոհություն, բողոք, անտանելի դրությունից ելք փնտրելու ձգտում։ Աշխատավոր գյուղացիության նման տրամադրությունները դրամատիկական այս երկում թույլ են արտահայտված։ Բեմադրող Վ. Աճեմյանը առանց փոփոխելու պիեսի տեքստը, առանձին շտրիխներով ընդգծել է աշխատավոր գյուղացիության ինքնագիտակցության և պայքարի պատրաստակամության տենդենցները։
Այս առումով առանձնապես տպավորիչ է ներկայացման ֆինալը։ Ալեքսանդրին կալանավորելու հրամանը ներկա գտնվող գյուղացիների վրա մեծ ազդեցություն է թողնում։ Մի կողմ քաշված նրանք դիտում են, թե ինչպես խուզարկողները տակն ու վրա են անում տունը։ Նրանցից յուրաքանչյուրն իր բնավորության համեմատ գնահատում է կատարվածը։ Մարգարը անզոր տխրություն է ապրում Բաղդասար ամու կերպարանքն առաջին անգամ վճռական արտահայտություն է ստանում։ Մինչ այդ գլխիկոր նրա կեցվածքը կամաց-կամաց ուղղվում է։ Բատրակ Կիրակոսի դեմքը, որը նույնպես վշտով ու հուսահատությամբ լի հայացքով ուղեկցում է եսաուլների կողմից տարվող Ալեքսանդրին, հանկարծ լուսավորվում է ինչ-որ մտքից. նա կախարանից հափշտակում է երիտասարդի գլխարկն ու վերարկուն և վազում նրա հետևից։ Այս գեղեցիկ ժեստի մեջ երևում է ոչ միայն գյուղացու մարդկայնությունը, հոգատարությունը դեպի բանտարկյալը, այլև արտահայտված է նրա մոտ ծնունդ առնող միասնության, համերաշխության զգացումը Սաշայի նկատմամբ։ Պարզ է, որ Ալեքսանդրի գործունեությունը անհետևանք չանցավ իր համագյուղացիների համար։
«Ժայռ»-ում պատկերված գյուղացիների մեջ ամենագիտակիցը Սերովբն է։ Վ. Փափազյանն այս կերպարի մեջ պատկերել է հարստահարված գյուղացու ինքնագիտակցության զարթոնքի պրոցեսը։ Ռեժիսյորն ու դերակատարները այդ գիծը ավելի ցայտուն են դարձրել ներկայացման մեջ։
Գ. Աշուղյանի Սերովբը աչքի է ընկնում իր հախուռն խառնվածքով, գործելու անսպառ եռանդով, որին միայն հարկավոր է ուղղություն տալ։ Սերովբի մյուս դերակատարը Խ. Աբրահամյանի մոտ երևում է գեղջուկի անընդհատ գործող միտքը, իրադարձությունները ճիշտ ըմբռնելու նրա ջանքերը։ Իսկ ատելությամբ ու վրեժով լի հայացքը, որով նա ճանապարհ է դնում եսաուլներին, համոզում են հանդիսականին, որ երիտասարդը պատրաստ է կանգնելու գիտակցական պայքարի ուղու վրա։
Գյուղացիության հուզումները արտահայտելու տեսակետից բեմադրողին նյութ էր տալիս նաև Հայրապետի կերպարը։ Ա.Կոթիկյանի կատարմամբ Հայրապետը անհամարձակ է ու խեղճ, մինչդեռ նրա ռեպլիկները՝ «համ էնքան տոկոս տամ, համ էլ մուֆտա բանեմ քեզ համա՞ր», ինչպես և դրամատուրգի ռեմարկները («խոսում է գրգռված, բարկությունից դողալով») հնարավորություն են տալիս Հայրապետի մեջ շեշտելու աղային հակադրվելու նրա համարձակությունը։
«Խավարի թագավորության» դեմ պայքարի է դուրս եկել Ալեքսանդրը։ Նա կռվում է Գրիգոր աղայի դեմ, բայց սիրում է նրա դստերը: Սեփական ընտանիքը գտնվում է վաշխառուի մագիլներում։ Եվ այն մարդիկ, հանուն որոնց նա զոհում է իր երջանկությունը, հարազատների բարեկեցությունը, չհասկանալով իրենց շահերը, հեռանում են նրանից։ Ինչպիսի կամք, հոգեկան ուժերի լարում է պահանջում նրանից այդ պայքարը։ Գ. Խաժակյանն իր դերը լուծել է լիրիկական պլանով, երբեմն միայն օգտագործելով դրամատիկական նոտաներ։ Ըստ երևույթին, ելնելով դերակատարի խառնվածքից, Աճեմյանը զուտ բեմադրական միջոցներով ավելի է ընդգծել դերի լիրիկական հնչեղությունը։ Այսպես, օրինակ, գործողության սկզբի դրամատիկական մենախոսությունը մեղմ գույներով է լուծված ոչ միայն դերակատարի կողմից։ Մենախոսությունն ընթանամ է բնության լիրիկական պատկերի ֆոնի վրա՝ բացվում է խաղաղ, պայծառ առավոտը։
Դրամատիկական հակասություններով լի է Թերեզայի բնավորությունը։ Նրա մեջ պայքարում են երկու հավասարազոր ուժեր։ Որքան մեծ է սերը դեպի Սաշան, արդարությունը, նույնքան ուժեղ է խոնարհությունը ընտանեկան «պատվի» առաջ։ Սա խորացնում է Թերեզայի վիճակի դրամատիզմը։ Ա. Պարոնիկյանը, որ լիրիկական պլանի դերասանուհի է, անկեղծորեն վերապրում է հերոսուհու վիճակը, նրա հակասությունները, բայց մեղմացնում, փոքրացնում է այդ իրարամերժ զգացումների ուժը և նրանց բախումը։
Մ. Սիմոնյանի Թերեզան զուրկ է դերին այնքան անհրաժեշտ հուզականությունից։ Այդ հատկապես աչքի է ընկնում 2-րդ և 4-րդ գործողությունների դրամատիկական հատվածներում։
Ալեքսանդրի գաղափարակից տանուտեր Արշակի կերպարը, որ դրամատուրգի մոտ շատ սխեմատիկ և անհամոզիչ է, Ա. Ադամյանը ջանացել է կենդանացնել, ակտիվացնել։
Չի կարելի դերակատարների մասին խոսել առանց հիշելու Ս. Ալավերդյանի Մարգարիտը։ Պիեսում հազիվ հիշվող այս կերպարը դերասանուհու շնորհիվ դարձել է ներկայացման համակրելի հերոսներից մեկը։ Մարգարիտ-Ալավերդյանը պարզ, կենսուրախ, շատ բարի և զգայուն ազջիկ է, որն անսահմանորեն սիրում է իր եղբորը և հպարտանում է նրանով։
…Ալեքսանդրն անհավասար պայքարում պարտվում է։ Սակայն ներկայացման ֆինալում ռեժիսյորն ու արտիստը մի շտրիխով բացահայտում են այն իրողությունը, որ այդ պարտաթյունը ժամանակավոր է։
Ստանալով իբրև ռևոլուցիոներ ամբաստանվելու լուրը, Սաշան մի պահ անակնկալի է գալիս։ Վայրկենական մտորումից հետո նա կարծես իմաստավորում է իր գործունեությունը և դեմքին հպարտության ժպիտ է երևում։ Այնուհետև հաստատակամությամբ, արժանապատվությամբ լի, հանգիստ, նա հայտարարում է՝ «պատրաստ եմ» և գլուխը բարձր, համարձակ քայլվածքով հետևում է ոստիկաններին։ Հանդիսատեսի համար պարզ է, որ Ալեքսանդրն իր տեղը կգտնի իսկական ռևոլյուցիոներների շարքում։
Ներկայացման արժանիքները վերը նշվածով չեն վերջանում։
Առանձին դերակատարումների վերլուծումը ցույց տվեց, որ բեմադրության մեջ լավագույն լուծումն է ստացել անսամբլի խնդիրը։ Դրամայի բոլոր գործող անձինք բեմում ծավալվող դեպքերի ակտիվ մասնակիցներն են։ Մեծ ուշադրություն է նվիրված մանավանդ աշխատավոր ժողովրդի ներկայացուցիչների դերերի մշակմանը։ Գյուղացիների տեսարանները հատկապես 3-րդ գործողության մեջ, ոեժիսյորի վարպետության շնորհիվ, բազմաթիվ դիպուկ դետալներով վերածվել են կյանքից պոկված վառ պատկերների։
Ներկայացման արժանիքներից է նաև բեմադրողի կողմից թատերական կոմպոնենտների հրաշալի օգտագործումը, դրանց հմուտ պատկերացումը մտահղացման բացահայտմանը և գեղարվեստական լիակատար մարմնավորմանը։ Ներկայացմանն առանձնապես միաձույլ է նրա նկարչական ձևավորումը՝ տաղանդավոր նկարիչ, հանգուցյալ Մ. Սվախչյանի լավագույն աշխատանքներից մեկը, որը նույնությամբ վերականգնված է 1944 թվականի բեմադրությունից։
Ներկայացման անքակտելի մասն են կազմում Աճեմյանի կողմից ժլատորեն, բայց շատ դիպուկ կերպով օգտագործված ժողովրդական երգերը։
Կլասիկ դրամատուրգիան արդիականության դիրքերից վերընթերցելու ճանապարհին «Ժայռ»-ը սունդուկյանցիների նվաճումն է։ Թատրոնի կոլեկտիվը այս բարձրարժեք ներկայացումը խնամքով և երկար պետք է պահպանի իր ռեպերտուարում։
Նյութի աղբյուրը՝ «Սովետական Հայաստան», 01.03.1955 թ.