Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ԳՐՈՏԵՍԿ

25.09.2020  21:38

ֆրանս. grotesque-զվարճալի

Իտալ. grotesco, grotta, ‑ զարմանահնար

Գեղարվեստական ժանր, արտահայտման եղանակ, կերպարի տիպականացման ձև։ Սկզբնաղբյուր է համարվում իտալերեն grottesca-ն, այն է՝ քարանձավային որմնանկարները, կերպարվեստը  (առաջացած grotto - քարանձավ, քարայր բառից)։ Այդ իսկ պատճառով սկզբնական շրջանում գրոտեսկ էին կոչում հին հռոմեական ծեփածո զարդանախշերը, որոնք հայտնաբերվել էին 15-րդ դարում՝ Հռոմում «Ներոնի ոսկե տուն» (մ․թ 1-ին դար ) և այլ ստորգետնյա շինությունների («քարանձավերի») պեղումների արդյունքում։ Այստեղ զարմանալիորեն համադրվում էին կենդանական և բուսական աշխարհի տարրերը՝ ձևավորելով անցումներ տերևային կամ ծաղկային զարդանախշից՝ մարդու իրան, ֆանտաստիկ հրեշի կամ կենդանու գլուխ և այլն։ Սակայն գրոտեսկի տարրերը հարազատ են բոլոր ժողովուրդների դիցաբանությանն ու հին արվեստին։

Տերմինը տարածում է գտել 1827 թվականից, երբ Վիկտոր Հյուգոն «Կրոմվել» դրամայի առաջաբանում գրել էր դրա մասին և սահմանել այն իբրև «մի կողմից այլանդակն ու սոսկալին, մյուս կողմից կատակերգականը և ծաղրականը» համադրող մի ձև։

Ժանրային առանձնահատկություններն են կյանքի սովորական ձևերի և համաչափությունների խախտման միջոցով երևույթի երկակիությունը բացահայտելը, դրա այլանդակությունը և սարսափելի սահմանների հասնող անհեթեթությունը մերկացնելը, ի ցույց դնելը։ Ի տարբերություն հիպերբոլայի, որը նույնպես չափազանցնող արտահայտչաձև է, գրոտեսկը դրությունը հասցնում է ծայրահեղության (որքան շատ է ներկայացվելիքի արտաքին մեծության և ներքին ուժի անհամապատասխանությունը, այնքան այն ավելի ծիծաղելի կլինի, թերություններն էլ՝ ակնհայտ): Ծայրահեղ չափազանցության միջոցով գրոտեսկը բացահայտում է կյանքի ողբերգական երևույթներում թաքնված անհեթեթը, ծաղրականը, ստորը։ Գեղարվեստական բնույթը ծիծաղելիի և ողբերգականի մոտեցումն ու իրականի և երևակայականի կոնտրաստային համադրությունն է։ Բնորոշ է լրջության, ողբերգականի  հանկարծակի անցումը կոմիկականի։ Խախտելով այս կամ այն երևույթի սովորական ընկալումը, իրականության հարաբերակցությունը՝ արվեստագետը գրոտեսկի միջոցով խորացնում է դրա ճշմարիտ իմաստը:  Ընկալման շտամպերը կոտրելու շնորհիվ` իրականությունն իր դրսևորումների ողջ բազմազանությամբ ներկայացնում, բացահայտում երևույթների և իրերի գաղտնի կապը և տեսանելի դարձնում ամեն ինչ: Այդպիսով կարողանում է ծիծաղելի և սովորական երևույթների մեջ վտանգավոր, չարագուշակ հատկանիշներ բացահայտել։ Ցույց տալով երևույթի կոմիկական և ստոր բնույթը՝ ստեղծագործության հեղինակը միաժամանակ ընդգծում է դրա սարսափելի և վտանգավոր էությունը՝ երբեմն հասցնելով ողբերգական հնչողության։  Գեղարվեստական ընդհանրացման ուժեղ և սուր միջոց լինելով՝ գրոտեսկը պահպանում է իր արժեքը միայն այն դեպքում, երբ օգտագործվում է ոչ թե ձևի հետաքրքրաշարժության համար, այլ բացահայտում է սարսափելին և ծիծաղելին համադրող կյանքի իրական սահմանները։ 20-րդ դարում դարձել է արվեստի, այդ թվում՝ մի շարք մոդեռնիստական ուղղությունների՝ էքսպրեսիոնիզմի, սյուրռեալիզմի բնորոշ ձներից։ Մոդեռնիստական գրոտեսկը ներթափանցված է «կյանքի սարսափով» և կեցության աբսուրդության գիտակցությամբ:

   Արձակ և չափածո գրականության մեջ գրոտեսկը կիրառվել է տարբեր ժամանակների ստեղծագործություններում, և արտահայտչամիջոցներից օգտվել են Ապուլեյը «Ոսկե ավանակը», Պլավտուսը «Կճուճը», Պուբլիոս Օվիդիոսը «Մետամորֆոզներ», մարմնի գրոտեսկային կերպի կատակերգականությամբ՝ Ռաբլեն «Գարգանտյուան և Պանտագրյուելը», ողբերգականությամբ՝ Վիկտոր Հյուգոն «Փարիզի Աստվածամոր տաճարը»։ Լուսավորության շրջանում Ջոնաթան Սվիֆթը «Գուլիվերի ճանապարհորդությունը» Վոլտերը «Միկրոմեգաս»: Ռոմանտիզմի շրջանում Վիկտոր Հյուգոն «Մարդ, որը ծիծաղում է»: Հեքիաթային գրոտեսկով Է. Տ. Հոֆմանը «Փոքրիկ Ցախեսը», «Լվերի տիրակալը»,, Միխայիլ Բուլգակովը «Վարպետը և Մարգարիտան», կենցաղային-ֆանտաստիկ գրոտեսկով Նիկոլայ Գոգոլը արտաքին կերպում՝ «Քիթը», երկվությամբ՝ ներքին ձևում՝ «Խելագարի հիշատակարանը», Ֆրանց Կաֆկան «Կերպարանափոխում», Անատոլ Ֆրանսը «Պինգվինների կղզին», Ե.Շվարցը «Մերկ արքան », Ի.Գ.Էրենբուրգը, «Խուլիո Խուրենիտո», Ռեալիզմի շրջանում՝ սատիրական-հեքիաթային գրոտեսկով Մ․ Ե․ Սալտիկով-Շչեդրինը «Կարաս իդեալիստ», «Մեկ քաղաքի պատմություն», մետաֆորային գրոտեսկով՝ Տարաս Շևչենկոն «Երազ»: Իրականի և անիրականի միաձուլմամբ(հրաշալի ռեալիզմ)  ժամանակը գրոտեսկայնացնող Գաբրիել Գարսիա Մարկեսը: Կեցության արտաքին չափազանցմամբ (բռնատերի հարյուր տարվա կառավարում) «Նահապետի աշունը», ներքին կերպում`«Մենության հարյուր տարին» վեպերը: Իրականում դար չտևած ժամանակահատվածը գրոտեսկային չափազանցումով այդպիսին դարձնելու   տրամաբանությամբ ժամանակային խտացում հարուցող Չինգիզ Այդմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպը:

  Թատերական գրականության տիրույթում գրոտեսկային արտահայտչաձևերով ու արտահայտչամիջոցներով աչքի ընկնող հեղինակներն են. Արիստոֆանեսը «Գորտերը», Վիլյամ Շեքսպիրը «Փոթորիկ», Բերթոլդ Բրեխտը «Կլորագլուխներն ու սրագլուխները», Միխայիլ Բուլգակովը «Վազք», Լուիջի Պիրանդելոն «Վեց պերսոնաժ հեղինակին որոնելիս», Վլադիմիր Մայակովսկին «Փայտոջիլ», «Բաղնիք», Ֆրիդրիխ Դյուրենմաթը «Վթար», Էդուարդո դե ֆիլիպոն «Գողը դրախտում», նիհիլիստական իրոնիայից սերող իրադրության ծայրահեղ անհեթեթացմամբ՝ Սեմյուել Բեքեթը «Երջանիկ օրեր», «Կոմեդիա», Էժեն Իոնեսկոն «Ռնգեղջյուրը»: Հայ դրամատուրգիայում՝ Հակոբ Պարոնյանը «Մեծապատիվ Մուրացկաններ», Դերենիկ Դեմիրճյանը «Քաջ Նազար »: 1910-1920թթ Իտալիայում  ստեղծվում է առօրեական կյանքի մռայլ ու հեգնական թեմաներ արծարծող հականատուարալիստական դպրոցը, որ Լուիջի Քյարելիի «Դեմք և դիմակ» երեք գործողությամբ գրոտեսկի պատվին «Գրոտեսկի թատրոն» է կոչվում: Առկա է նաև արգենտինյան և ուրուգվայական դրամատիկական ժանրի գրոտեսկային ենթաժանրը:

Բեմարվեստում գրոտեսկային արտահայտչակնությամբ  հայտնի են Անտիկ շրջանի միմերը, Կոմեդիա դել՛արտե թատրոնը, բեմադրիչներ Եվգենի Վախթանգովը «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը», Վսեվոլոդ Մեյերhոլդը «Ռևիզոր», Կոնստանտին Ստանիսլավսկին «Կաթոգին սիրտ»: Իհարկե որպես գեղարվեստական կերպավորում՝ գրոտեսկն առանձնանում է իր հակադրական և երկակի բնույթով։ Հեղինակը ընդհանուր կանոնից շեղումով անսպասելի որոշարկման է հանգում, որպեսզի հանդիսատեսին անընդհատ նորահաս վիճակից լրիվ այլ վիճակի մեջ ներքաշի: Այդ նպատակն իրագործում է աղավաղման ու խեղաթյուրման սկզբունքով և դրան ծառայող՝ պայմանականության, չափազանցության, խտացման և միտումնավոր ծաղրի միջոցով։ Եվ եվրոպական գեղարվեստական պրակտիկայում ու գեղագիտության մեջ հաճախ են այն կապել կատակերգական կատեգորիայի հետ: Սակայն գրոտեսկի պարագայում առավելապես ցավագին «արցունքների մեջից» հնչող ծիծաղն է. մեզ շրջապատող աշխարհը կործանիչ կերպով երկատող դժոխային հռհռոցն ու «սպանիչ» քրքիջը (Օրինակ՝ Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմի հիման վրա Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում Նարինե Գրիգորյանի բեմականացրած համանուն ներկայացման չարք կանանց տարերային հռհռոցի տեսարանը): Գրոտեսկում այդ երևույթը նկատել է նաև իրականն ու պայմանականը համադրող(ֆանտաստիկ ռեալիզմ) Եվգենի Վախթանգովը՝ ընդլայնելով գրոտեսկի հասկացութենական սահմանները: Արձանագրելով, որ գրոտեսկը հատկանիշների խտացման առումով կիրառելի է նաև ողբերգականի անձնավորման մեջ՝ տարնջատել է «Գրոտեսկ կատակերգական և գրոտեսկ ողբերգական» հասակցությունները։

   Հայ բեմադրարվեստում գրոտեսկային արտահայտչականության օրինակներ են Վարդան Աճեմյանի «Դեպի ապագան » (1960) բեմադրության երկրորդ արարը՝ «Կապկազ թամաշա»-ն, «Մեծապատիվ մուրացկաններ» (1934) բեմադրության սրճարանի ներսում մոռացված Աբիսողոմ աղայի անձրևանոցը փոխանցիկությամբ տիրոջը տալու  տեսարանը, «Պատվի համար» (1939) բեմադրության հանցանքը գործելու գնացող Սաղաթելի և Անդրեաս Էլիզբարովի տեսարանը,Դանիլ Խարմսի պատմվածքների հիման վրա Նարինե Գրիգորյանի բեմավորած «Լյու-Բոֆ» զվարճապատումը, Յուրի Կոստանյանի հեղինակած «Դևը» ֆանտասմագորիան, Նիկոլայ Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» և «Քիթը» ստեղծագործությունների հիման վրա Վահան Բադալյանի և Սամսոն Մովսեսյանի բեմավորած համանուն ներկայացումներն ու Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա Զարուհի Անտոնյանի բեմավորած «The best of Shakespare» կոնտամինացիայի որոշ տեսարաններ:

Դերասանի արվեստում գրոտեսկը բնորոշվում է սրությամբ և պլաստիկական լուծման անսպասելիությամբ, դիմածռիկությամբ, ձայնի հնչեցման ընգծուն արտառոցությամբ։ Գրոտեսկով կերտված դերերն արտահայտում են սատիրական ծաղրանք կամ փոխանցում են անհանգստության և անելանելիության զգացում։ Գրոտեսկը շատ ավելին է քան պարզ բնութագրականությունը: Դրա մեթոդը խիստ սինթետիկ է։  Խորացնում է կենցաղը մինչև այն սահմանը, երբ այն դադարում է լինել բնական։ Առանց կոմպրոմիսի, արհամարհելով բոլոր մանրուքները՝ գրոտեսկի միջոցով ստեղծում է կյանքի ամբողջականությունը՝ պայմանական  ճշմարտանմանության մեջ։ Գրոտեսկային խաղաձևերով աչքի ընկած դերասաններից են Ֆրեդերիկ Լեմետրը, Պավել Մոչալովը, Միխայիլ Չեխովը, Իգոր Իլյինսկին, Սերաֆիմա Բիրմանը, Ռաֆայել Քոթանջյանը, Սերգեյ Դանիելյանը(Յոժ) և այլք։

Կինոարվեստում՝ գրոտեսկային արտահայտչատարրերով աչքի են ընկնում «Վերջ ստալինիզմի Չեխիայում» և Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխությանը» զուգամիտվող  «Միջատները» ֆիլմերով Յան Շվանքմայերը, Դեյվիդ Լինչը «Ոչ մի տեղ չտանող խճուղին», Ալեխանդրո Խոդորովսկին «Իրականության պարը», «Սուրբ լեռը», Պաոլո Պազոլինի «Այծի պանիր», «Խոզանոց», «Սալո կամ Սոդոմի 120 օրերը», Մարկո Ֆերրերի «Գրանդ բուֆե կամ անչափելի խժռում»:

   Երաժշտության բնագավառում՝ Ն.Ա. Ռիմսկի-Կորսակովի «Ոսկի աքաղաղ» օպերայում պարզունակի ու նրբինության զուգակցմամբ գրոտեսկային տպավորության առաջացումը: Ջուզեպե Վերդիի «Օթելլո» օպերայում Յագոյի մեղեդային բնութագիրը: Ֆանտաստիկ կերպարներով Ի.Ֆ.Ստրավինսկին «Զինվորի պատմությունը»: Սարկաստիկ դիսոնանսներով Դմիտրի Շոստակովիչը (Յոթերորդ սիմֆոնիայում գրոտեսկա-սատիրային կերպով պատկերել ֆաշիստական ներխուժումը) և «Քիթ» օպերայում գրոտեսկային ձայնակարգության գծերով (թեման ոճավորվում է մեղեդու բախյան ռեչիտատիվ-պաթետիկ տիպի նմանությամբ և համադրվում պրիմիտիվացված քառարշավով):  

  Նկարչության մեջ գրոտեսկային արտահայտչականության հայտնի օրինակներն են զայրացայտ գրոտեսկով Գոյան իր գրաֆիկական աշխատանքներով, (օֆորտներից՝ «Դու, որ չես կարող »), Դոմիեն «Օրենսդիր որովայն», Մարկ Շագալի «Մեռած հոգիները» (Ն․Վ․ Գոգոլ) վեպի օֆորտային նկարազորդումներով, Սալվադոր Դալին «Սուրբ Անտոնիոսը գայթակղությունը», և այլք։ Հայկական նկարչության մեջ Գեորգի Յակուլովի «Փողոց», Սերգեյ Արուտչյանի «Պղնձե հեծյալը» և այլ ծաղրանկարները, Ալեքսանդր Սարուխանը «Գործարանատերը և բանվորը» և այլք։

 

Օգտագործված գրականության ցանկ

 

1․ СЛОВАРЬ ТЕАТРАЛЬНЫХ ТЕРМИНОВ, Издательство Алтайского государственного  института культуры, Издание 2-е, дополненное,  Барнаул- 2015

2․ Театральная Энциклопедия, Том2, Москва-1963

3․ Հայ սովետական հանրագիտարան, Երևան-1977

4 Краткий словарь театральных терминов, С.П.Кутьмин, Тюмень-2003,

5 Թատերագիտական բառարան, Լևոն Հախվերդյան, Երևան-1986

6․ Гротеск в этимологическом онлайн-словаре Семёнова А. В.

7. Эстетика. Словарь Под общ. Ред. А. А. Беляаева и др. Москва-1989

8. Краткая литературная энциклопедия,  feb-web.ru

9. Литературная Энциклопедия терминов и понятий, Российская академия наук институт научной информации по общественным наукам, глав.ред. и сост. А. Н. Николюкин Москва-2001

10. Գեղագիտություն, Ռոմանոս Սահակյան, Երևան-2008

11. Գեղագիտություն, Յու.Բորև, Երևան-1982

12. Особенности музыкального гротеска, А.Цукер, Советская музыка,1969, №10

13. Словарь основных терминов по искусствоведению, эстетике, педагогике и психологии искусства, науч.ред. А.А.Мелик-Пашаев, Москва-2001

14. Словарь театра, Патрис Пави, Москва-1991

15. Очерки по истории Эстетики. От Сократа до Гегеля, В.П.Шестаков, Москва-1979

16. Վարդան Աճեմյանի գործը (ժամանակի հետ/հովածներ/), Լևոն Հախվերդյան, Երևան-1976

Համահավաքեց՝ Անի Տեր- Հովհաննիսյանը

Խմբագրելի

1687 հոգի