Սեղմիր
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

11.10.2022   23:22

(Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն-100)

Այս տարի լրացավ Գ.Սունդուկյանի անվան թատրոնի հիմնադրման 100-ամյակը: 1922 թվականի հունվարի 25-ին, դաշնակցական պառլամենտի նախկին շենքում, «Պեպոյի» բեմադրությամբ սկիզբ է դրվում արդեն պետական առաջին թատրոնի գոյությանը: Այդ օրվա մասին միայն հուշեր են, նկարահանումներ չկան, լուսանկարներ՝ նույնպես: Բայց ներկաների հուշերն այնքան պատկերավոր ու հուզական են, որ ժամանակի հեռավորությունից էլ վառ են երևում ու թույլ են տալիս վերականգնել պատկերը: Օգտվենք Լևոն Քալանթարի հուշագրությունից, մարդ, ով թատրոնի բացման օրը ներկա է եղել թե՛ հանդիսասրահում, թե՛ թատրոնի կուլիսներում.

Լեփլեցուն դահլիճի առջև կանգնած է ինքը՝ Քալանթարը, խորը շունչ է քաշում և ազդարարում. «Հայաստանի Խորհրդային Սոցալիստական Հանրապետության առաջին պետական թատրոնը հայտարարում եմ բացված: Խնդրում եմ ոտքի ելնել»: Հանդիսատեսը ոտքի է կանգնում, հնչում է  «Ինտերնացիոնալը»: Բոլորը հուզված են, հուզված է նաև Լևոն Քալանթարը: Նախապես պատրաստած ճառից կարողանում է արտասանել միայն  մի քանի հուզումնալից նախադասություններ: Ապա իր խոսքը հանդիսատեսին ուղղում է Իսահակ Ալիխանյանը, ում հանձնարարված էր նշելու, որ թատրոնը որակային տարբերություն պիտի ունենա հին թատրոնից, բայց չի հրաժարվելու անցյալի ժառանգությունից, և այդ ընդգծելու համար է, որ Հայաստանի պետական թատրոնի առաջին թատերաշրջանը բացվում է Սունդուկյանի «Պեպո»-ով, այդ ներկայացման համար Թիֆլիսից հրավիրված, սունդուկյանական «հին գվարդիային» պատկանող արտիստների մասնակցությամբ (այդ ներկայացումով թատերաշրջանը բացելու գաղափարը եղել է Ալեքսանդր Մյասնիկյանինը): Բացվում է վարագույրը, սրահը նորից թնդում է ծափահարություններից, հասարակությունը ողջունում է Վարդուհուն՝ Շուշանի դերակատարուհուն:

Քալանթարը գրում է, որ Գ. Տեր-Դավթյանին ու Վարդուհուն բազմիցս տեսել է այդ դերերում, սակայն ամենայն վստահությամբ պնդում է, որ այդ օրը իրենք իրենց գերազանցել են:

Ըստ հուշագրության վերականգնենք թե ինչ էր կատարվում կուլիսներում:

Առաջին միջնարարի ժամանակ, սաստիկ հուզված Տեր-Դավթյանը բեմի հետևում մոտենում է Քալանթարին բռնում ուսերից և հուզմունքից բեկվող ձայնով ասում. «Օրհնյալ լինես, որդիս: Թող Գաբրիել Նիկիտիչի (այսինքն՝ Սունդուկյանի) ոգին զորավիգ լինի ձեզ: Շատ ապրեք ու հայոց թատրոնի ճրագը վառ պահեք»: Նույն վայրկյանին նրանցից քիչ հեռու Օրի Բունիաթյանը ի մեծ զարմանս Վարդուհու, բռնել է նրա ձեռքերը, հուզումնալից ինչ-որ խոսքեր է ասում և հերթով համբուրում նրա մեկ մի ձեռքը, մեկ մյուս: Իսկ Վարդուհին կրկնում է «Ապրես, որդիս, ապրես»: Ճիշտ է քիչ հետո Վարդուհին մոտենում է Քալանթարին և հայացքով ցույց տալով Օրիին կամացուկ հարցնում է. «Էս տղեն հոմ գի՞ժ չէ»:

Ներկայացումը կրկնվել է վեց օր:

Քալանթարը պատմում է, որ Երևանի հանդիսատեսի համար անակնկալ է եղել բեմադրության ձևավորումը, նրանք առաջին անգամ են տեսել տվյալ ներկայացման համար պատրաստված, ներկայացվող պիեսի գործողության, տեղին, ժամանակին ու ոճին համապատասխանող հատուկ դեկորներ[1]: Ձևավորումը արվել է նկարիչ Գիգո Շարբաբչյանի էսքիզների համաձայն(կատարող՝ Գ. Երիցյան): Իհարկե մյուս ներկայացումները այդ արտոնյալ հնարավորությունները չեն ունեցել: Չեն կարողացել նոր զգեստներ կարել կամ դեկորներ պատրաստել, որովհետև երկրի պահեստներում կտորեղեն և նյութեր չեն եղել: Մեծ բարեբախտություն են համարել, որ տարբեր դարաշրջանների զգեստներ են հայթայթել Թիֆլիսից ու խաղացել են այդ հագուստներով: Կարճ ժամանակում պատրաստում են մի քանի ներկայացումներ՝ Շիլլերի «Ավազակները», Հ. Իբսենի «Ուրվականները», Ե.Ֆուլդայի «Հիմարը», Գ.Հաուպտմանի «Ջրասույզ զանգը», Մ.Գուրկու «Հատակումը», Հ.Հեյերմանսի «Հույսի լործանումը», Հ.Իբսենի «Նորան», Մ.Գևորգյանի «Վարդազարը», Ա.Շնիցելի «Կանաչ թութակը», Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին»:

Սրանով հայ թատրոնի պատմության մեջ սկսել է «նոր դարաշրջան»: Այստեղ են ստեղծագործել արվեստագետների մի քանի սերունդ՝ Իսահակ Ալիխանյան, Միքայել Մանվելյան, Հասմիկ, Արուս Ոսկանյան, Վահրամ Փափազյան, Հրաչյան Ներսիսյան, Վաղարշ Վաղարշյան, Համբարձում Խաչանյան, Մկրտիչ Ջանան, Օլգա Գուլազյան, Ավետ Ավետիսյան, Գուրգեն Ջանիբեկյան և ուրիշներ: Բեմադրություններ են արել Լևոն Քալանթարը, Արշակ Բուրջալյանը, Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը, Թադևոս Սարյանը, Վավիկ Վարդանյանը, Հրաչյա Ղափլանյանը, Ռուբեն Սիմոնովը, Բորիս Զախավան և այլք: Ներկայացումները ձևավորել են Մարտիրոս Սարյանը, Արա Սարգսյանը, Գեորգի Յակուլովը, Միքայել Արուտչյանը, Երվանդ Քոչարը… Ներկայացումների համար երաժշտություն են գրել Ալեքսանդր Սպենդիարյանը, Արամ Խաչատրյանը, Աշոտ Սաթյանը, Սարգիս Բարխուդարյանը

Լևոն Քալանթարը գրում է, որ. «Նա, ով մտահոգվում է թատրոնական կուլտուրայով և ոչ սոսկ թատրոնով, պետք է պարզ գիտակցի, որ այդ ուղղությամբ աշխատանքի հիմքը պետք է կազմի տասնյակ մարդկանց ներդաշնակ կամքը, ոգևորությունը, ստեղծագործական մղումը, սրտերի համազարկ բաբախումը և առաջադրվող նպատակների համակարգ ըմբռնումը»[2]:  Ըստ էության, Քալանթարի նման վերաբերմունքը Սունդուկյանի թատրոնի հաջողությունների հիմքն է դարձել: 

Գ.Սունդուկյանի անվան թատրոնի պատմությունն այս արվեստագետների ստեղծագործական կյանքի պատմությունն է: Երանելի ժամանակներ, տեսնել ներկայացում, որտեղ համատեղ ուժերով աշխատել են վերը նշված արվեստագետները միասին: Դրանք մնացել են միայն մարդկանց հիշողություններում, վերածվել են լեգենդի ու անհասանելի մի բարձունքի: Նույնիսկ այն դեպքերում, երբ ներկայացումները պահպանվում են, ժամանակ առ ժամանակ փոխարինելով դերասանական կազմը, միևնույնն է, դա այլևս նույնը չէ, և չի կարող նույն տպավորությունը ունենալ: Մնում է միայն հետքը՝ լուսանկարներ, էսքիզներ, հուշեր, թատերախոսականներ…  Միակ վկաները, որոնք կարող են Քալանթարի պես պատմել թատրոնի հետագա տարիների մասին:

Սունդուկյանի թատրոնի երախտավորների ֆոնդերը պահպանվում են անցյալ տարի իր հիմնադրման 100-ամյակը նշող Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանում, և թանգարանը չէր կարող մասնակից չլինել հոբելյանական միջոցառումներին: Մայր թատրոնի ճեմասրահում կազմակերպվել է ցուցադրություն, որի նպատակն է հայ թատերական մշակույթի աննախընթաց վերելքն ու ծաղկումը, նրա հպարտությունը կազմող Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ստեղծագործական հարյուր տարին ներկայացնելն ու լուսաբանելը: Թեպետ ստեղծվել են բազմաթիվ նոր ու ժանրային տարբեր թատրոններ, միևնույն է առաջատար թատրոնի դերը, միշտ մնացել է Մայր թատրոնին: Ցուցադրությունը տեսանելի է դարձնում թատրոնի անցած 100-ամյա ուղին: Առաջին օրվա ոգևորությունն ու տոնական տրամադրությունը մշտապես պահպանվել է թատրոնի պատերի ներսում՝ ուզում է լիներ հանդիսավոր պրեմիերայի օր, ուզում է՝ երեսուներորդ ներկայացում: Ցուցադրությունն էլ կառուցված է այնպես, որ պատմի և´ ներկայացումների և´ թատրոնում տիրող մթնոլորտի մասին: Հանդիսատեսը կարող է տեսնել թատերական գործիչների, դերասան-դերասանուհիների, ռեժիսորների, բեմանկարիչների անձնական ֆոնդերի նյութերից՝ բեմադրությունների մանրակերտեր, ներկայացումների տեսարանների և հագուստների էսքիզներ, բեմական հագուստներ, թատերական գործիչների բեմական և անձնական իրեր, ազդագրեր և ծրագրեր, ձեռագիր պիեսներ և ռեժիսորական օրինակներ, նամակներ և այլն:

Յուրաքանչյուր ցուցավահանակ իր մեջ ներառում է Սունդուկյանի թատրոնի ստեղծագործական տասը տարին: Ընդգծված է արվեստագետների ստեղծագործական կապերը: Կազմակերպչական և ստեղծագործական հարցերի շուրջ նամակագրություն կա Կ.Ստանիսլավսկու և Ա.Գուլակյանի, Ժասմենի և Վ.Աճեմյանի և այլ արվեստագետների միջև: Լուսանկարներում արտիստները երևում են Հովհաննես Բաղրամյանի, Վիկտոր Համբարձումյանի, Հայկանուշ Դանիելյանի և այլոց հետ, ցուցադրված է Չարենցի բանաստեղծությունների ինքնագիր գրքույկը նվիրված Արուս Ոսկանյանին, Ռուբեն Զարյանն ու Վարդան Աճեմյանը բանաստեղծություններ ունեն նվիրված Թամար Դեմուրյանին, Արման Կոթիկյանը՝ Դանիել Վարուժանին: Կարող են տեսնել նաև Հակոբ Կոջոյանի ձևավորած Եղիշե Չարենցի գրքի շապիկը հեղինակի ընծայագրով՝ Վահրամ Փափազյանին. «Իմ ամենաթանկագին հանճարեղ բարեկամիս՝ Վահրամին, նաիրյան հանճարեղ բանաստեղծի այս հատորը, նաիրյան նվաստագույն նկարչից»:

Հանդիսատեսի համար հետաքրքիր կլինի տեսնել Հայկական ՍՍՌ կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահության որոշումը՝ Երևանի կարմրադրոշ պետական թատրոնը Գաբրիել Սունդուկյանի անվամբ կոչելու մասին:

Ցուցադրության մեջ անտեսված չէ նաև հանդիսատեսը: Ուշադիր այցելուն կտեսնի թե ովքեր են նստած եղել հանդիսականի շարքերում: Մի դեպքում դա Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանն է, ինչի մասին իմանում ենք Վահրամ Փափազյանի նամակից, որտեղ արտիստը կաթողիկոսին շնորհակալություն է հայտնում իր ներկայացմանը ներկա գտնվելու համար, մեկ ուրիշ տեղում, որպես հանդիսատես ներկա լինելու մասին պատմում է Վիլյամ Սարոյանի մակագրությամբ «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման ծրագիրը:

Հետաքրքիր է տեսնել ռեժիսորների բեմադրած պիեսների աշխատանքային օրինակները՝ կրճատումներով, նշումներով, բեմադրությունների լուսանկարները, դրանց ձևավորման էսքիզները, որոշ ներկայացումների մանրակերտերը, հետո այդ ներկայացումներում իրենց փայլուն դրսևորած արտիստների լուսանկարները: Ապա դրան զուգահեռ լուսանկարով տեսնել, օրինակ, Վարդան Աճեմյանին փորձի ժամանակ կամ կարդալ փորձը նկարագրող մի հուշ:  Այցելուն կարող է մեզ շատ ծանոթ արտիստներին տեսնել Աճեմյանի աչքերով, հիացմունք է առաջացնում, թե ռեժիսորական աչքը ինչպես է որսացել տվյալ անձի համար տիպականը՝ խոսքը ռեժիսորի ճեպանկարների, ծաղրանկարների մասին է:

Թատերարվեստին առնչվող ցուցադրությունները միշտ արվեստի թողած հետքի մասին են: Մյուս արվեստների նման չես կարող պահպանել անմիջական հմայքը: Բայց սա ևս մեկ հնարավորություն է երիտասարդ սերնդին ճանաչելի դարձնել անվանի արվեստագետներին, ծանոթացնելու նրանց ստեղծագործական կյանքին: Ճանաչելով և իմաստավորելով Սունդուկյանի անվան թատրոնի անցյալը, նրա թողած հետքը, հասարակության մեջ նոր կշիռ և վերաբերմունք է ձևավորվում ժամանակակից արտիստի հանդեպ, արտիստի, որը դեռ բեմում է… 

Օգտագործված գրականություն

[1] Հմմտ. Քալանթար Լ., Արվեստի մայրուղիներում, Եր.,Հյապետհրատ, 1963, էջ 120-123:

[2] Նույն տեղում, էջ 57:

ՆԱԻՐԱ Շահվալադյան

932 հոգի