10.10.2022 2:51
Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնի այս տարվա նոր բեմադրություններիցի իսպանացի դրամատուրգ Ալեխանդրո Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» պիեսի բեմադրությունը գեղարվեստական մեծ ուրախություն պատճառեց մեր հանդիսատեսին։ Թատորոնի ընտրած պիեսը ինքնատիպ ու խորունկ երկ է. խորունկ է այն մարդասիրական մտորումներով, որոնց հեղինակը հաղորդակից է անում իր ունկնդիրներին, կյանքի բանաստեղծական խոր ընկալմամբ և այն թրթռան ջերմությամբ, որով Ա. Կասոնան խոսում է մարդկանց մասին։
Առաջին գործողության մեջ հանդիսականին ներկայացվում է մասամբ հնավաճառի խանութ, մասամբ էլ գրասենյակ հիշեցնող մի ընդարձակ սրահ։ Հետզհետե պարզվում է, որ դա ընդունարանն է մի հիմնարկի, որի գործունեության նշանաբանն է բարեգործություն կատարել, սակայն ոչ սովորական բարեգործություն։
- Մենք զբաղված ենք հոգու բարեգործությամբ, - հայտարարում է հիմնարկի տնօրենը, որին Կասոնան պարզապես Դիրեկտոր անունով է մեզ ներկայացնում։ - Մարմնի տկարությունների մասին շատերն են հոգ տանում, բայց ո՞վ է մտածում նրանց մասին, որոնք մեռնում են առանց որևէ պայծառ հուշի, նրանց մասին, որոնք երբեք իրենց երազն իրականացած չեն տեսել… դուք չե՞ք կարծում, որ հույզեր ու պատրանք սերմանելը նույնքան արժանավոր զբաղմունք է, որքան հաց ցանելը։
«Գեղեցիկ ստի, արվեստի միջոցով մարդկանց երջանկություն պարգևել»,— այս է տնօրեն-Դիրեկտորի անխախտ համոզումը։
Այդպես նա, օրինակ, վարդի մի փնջիկի և հուսադրող երկտողի միջոցով փրկում է կարիքից հուսահատության մղված և ինքնասպան լինելու որոշում ընդունած դեռատի Մարթային։ Ջահել մի կյանք փրկելը դա քիչ բան չէ։ Ահա տնօրենի օգնությանն է դիմում նաև պատկառելի սինյոր Բալբոան։
Տարիներ առաջ նա գողության համար տնիից արտաքսել է իր թոռանը՝ Մաուրիսիոյին, որն այնուհետև բռնել է ապականության ուղին։ Տիկին Բալբոան միակ թոռնիկին կորցնելուց հետո սկսում է խամրել ժամ առ ժամ։ Սինյորը խնդրում է Դիրեկտորին ձևանալ իր թոռը և երջանկացնել Տատիկին։ Նա հազիվ թե նկատի խաբեությունը, որովհետև անցել է քսան տարի այն օրից, երբ նա վերջին անգամ տեեսել է Մաուրիսիոյին։
Եվ ահա Բալբոաների տունն են ներկայանում Դիրեկտորն ու Մարթան՝ որպես Մաուրիսիոն ու նրա երջանիկ կինը։ Ամեն ինչ կարծես բարեհաջող է ընթանում, երբ կյանքի դաժան ճշմարտությունը մեկ հարվածով քարուքանդ է անում խաբեության վրա հիմնված Տատիկի երանությունը: Հայտնվում է իսկական թոռը։ Նրան տուն են բերել ո՛չ զզջումը, ո՛չ կարոտը: Նրան հարկավոր է 200 հազարանոց մի գումար: Իզուր են նրան խնդրում խնայել Տատիկի կյանքը, չփշրել երջանիկ ու ազնիվ թոռան վերաբերյալ ունեցած նրա պատրանքը: Սակայն նրբազգաց տիկին Բալբոան կռահում է ամեն ինչ։ Ինչքան էլ ծանր ու անակնկալ է հարվածը՝ նա արտաքսում է տնից իսկական թոռանը, որպեսզի իբրև հարազատներ ընդունի Դիրեկտորին ու Մարթային։
Պիեսը բեմադրել է երիտասարդ ռեժիսյոր Ալբերտ Մկրտչյանը։ Սա նրա գրեթե առաջին ինքնուրույն ելույթն է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում։ Արվեստի ճանապարհին հազիվ դեռ առաջին քայլերն արած երիտասարդը մեր հասարակությանը կարողացել է տալ մի այնպիսի արժեքավոր ներկայացում, որը դարձել է այս թատրոնի նշանակալից երևույթներից մեկը։ Այս բեմադրության պաթոսը մարդու նկատմամբ տածած անհուն սերն է, հպարտությունը նրա ուժերի մեծության առջև։
Իհարկե, այդ դեռ չի նշանակում, որ «Ծառերը կանգնած են մահանում» բեմադրությունը անթերի է։ Մեր կարծիքով բեմադրության մեջ երկրորդական պլանն են մղվել և բավականաչափ հնչեղություն չեն ստացել այնպիսի մոտիվներ, որոնք Ալեխանդրո Կասոնան ունի իր պիեսում։ Այդ մոտիվներից մեկն է արվեստի ու իրականության փոխհարաբերության՝ մարդկությանը վաղուց ի վեր զբաղեցնող վեճը, ինչպես նաև սրան առնչվող՝ պատրանքի գեղեցիկ աշխա՞րհը, թե՞ իրականությունն իր դժվարություններով գերադասելու հասարակական փիլիսոփայական հարցադրումը և այլն։
Չնայած դրան՝ «Ծառերը կանգնած են մահանում» բեմադրությունը թե՛ ռեժիսյորական մեկնաբանությամբ, թե՛ արտիստների հիանալի խաղով հանդիսատեսի կողմից լայն ընդունելիության է արժանացել։
Բեմադրության գլխավոր հերոսուհին Տատիկն է, որի դերում իր բարձրարվեստ խաղով հանդես է գալիս ժողովրդական արտիստուհի Օլգա Գուլազյանը։ Նրա խաղում բարձր է հնչում ներկայացման հիմնական այն միտքը, որ իսկական մարդիկ՝ ազնիվ ու անկուշտ, խստապահանջ ու շիտակ, երբեք ծնկի չեն չոքում ստորության ու տմարդության առաջ, նրանք մեռնում են ծառերի նման՝ կանգնած։ Եվ Օլգա Գուլազյանն իր փայլուն դերակատարմամբ հիմն է երգում մարդկային վեհ զգացումներին ու արժանապատվությանը։ Բավական է հիշել դերասանուհու հպարտ կեցվածքը, իմաստուն աչքերի խիստ հայացքը, նրա առարկություն չվերցնող տոնը, երբ պետք է պաշտպանել մարդկային մաքուր փոխհարաբերությունները, որպեսզի հարգանքով ու սիրով լցվեք դեպի Տատիկը։ Որքան ջերմ ու խանդաղատալից է նա սկզբում, այնքան անողոք է նա թոռան հետ։ Տատիկ-Գուլազյանն այն շիտակ բնավորություններից է, որոնց սկզբունքները խմբագրման չեն, երբ գործը վերաբերում է արենակիցներին։ Դրա համար էլ դերասանուհու դերակատարման մասին խոսելիս, ուզում ես շեշտել ոչ միայն նրա խաղի գեղարվեստական արժանիքների մասին, այլև բարոյական ուժի և ազնվացնող այն տպավորության մասին, որը յուրաքանչյուր գեղագետի իդեալը պետք է հանդիսանա։
Մոտ երեք քառորդ դար ապրած և ավելի քան 300 դեր կատարած դերասանուհու համար Տատիկը նոր խոսք է, նոր ստեղծագործական հաջողություն։
Ներկայացման դեմքը Մարթան է Մ. Մուրադյանի կատարմամբ։ Մուրադյանի Մարթան ևս մարդկային ազնիվ բնավորություններից է։ Առայժմ Մուրադյանի հերոսուհու աչքերն արտահայտում են անսահման բարություն, անխուռն սեր, դեպի մարդիկ, դեպի Տատիկը, հետո դեպի Դիրեկտորը։ Կանցնեն տարիներ և սերը կդառնա ավելի խստապահանջ, այն կհարստանա իմաստությամբ և Տատիկի բոլոր լավագույն հատկությունները մենք կգտնենք նաև Մարթայի մոտ։ Այս հեռանկարով է հարուստ երիտասարդ դերասանուհու ստեղծած կերպարը։
Նույն ջերմ մարդասիրությամբ է տոգորված ներկայացման նաև մի այլ կարևոր կերպար՝ սինյոր Բալբոան Վ. Մարգունու կատարմամբ։ Դերասանին մենք սովորել էինք տեսնել այլ կարգի դերերում և այժմ ուրախությամբ պետք է նշենք նրա ստեղծագործական դիապազոնի լայնացումը։
Սինյոր Բալբոայի դերակատարմամբ հանդես է գալիս նաև Արման Կոթիկյանը։ Եվ պետք է ընդգծենք, որ նրա ստեղծած կերպարին ևս հատուկ է ջերմ մարդասիրությունն ու բնավորության փափկությունը։ Այն նրբին հումորը, որով շաղախված է Ա. Կոթիկյանի խաղը, յուրահատկություն է տալիս նրա դերակատարմանը։
Պիեսի դժվարին դերերից է Դիրեկտորը։ Գ. Խաժակյանը ներկայացման առաջին մասում իրավամբ ընդգծում է երիտասարդի գործնականությունը, ինքնավստահությունը, հապճեպորեն եզրակացությունների հանգելու հատկությունը։ Այլ է Խաժակյան-Դիրեկտորը ներկայացման վերջում՝ նա դառնում է պակաս խանդավառ, ավելի խոհուն։ Այդ Մարթայի սերն է, որ կյանքի ու մարդկանց նկատմամբ
ունեցած հայացքին խորություն ու լրջություն է պարգևում։
«Ծառերը կանգնած են մահանում» ներկայացումը հաստատուն տեղ է գրավել թատրոնի խաղացանկում։
ԼՈւԻԶԱ Սամվելյան
Նյութի աղբյուրը՝ «Սովետական Հայաստան», N 6, 1957 թ.