Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

10.10.2022   1:52

Անցյալ աշնանն անցկացված շրջանային թատրոնների երրորդ ստուգատեսին Կիրովականի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնը հանդես եկավ որպես ստեղծագործական կարողությունների տեր կոլեկտիվ։ Եվ իրոք, թատրոնում կան շնորհալի ուժեր՝ գլխավոր ռեժիսյոր Հ. Կարապետյան, ռեժիսյոր Սոկրատ Աքմաքչյան, ձևավորող նկարիչ Թագվոր Բերբերյան, թատերախմբի մի շարք դերասաններ և դերասանուհիներ։ Սակայն 1954-55 թ.թ. թատերաշրջանում թատրոնի տված մի քանի ներկայացումները ցույց են տալիս, որ թատրոնի ստեղծագործական հնարավորություններն ավելի են, քան այն արդյունքները, որոնց նա կարողանում է հասնել։

Որո՞նք են այդ ներկայացումները. Լ. Միքայելյանի «Գոշ» պատմական դրաման, Վ. Մինկոյի «Առանց անունները տալու» կոմեդիան և Ս. Պայազատի «Հարսանիքը»։

Կոլտնտեսային գյուղի առօրյային նվիրված «Հարսանիք» կոմեդիան գրվել է վաղուց, դեռ նախքան պատերազմը։ Այն տարիներին պիեսը բեմադրվել և արժանացել է հանդիսականի համակրանքին։ Շատ խրախուսելի է, որ թատրոնը, ժամանակակից թեմայով ներկայացումներ ստեղծելու համար, որոնումներ է կատարում մեր դրամատուրգիայի անցյալ տարիների պրոդուկցիայի մեջ, բայց, դժբախտաբար, լավ ձգտումը հաջողությամբ չի պսակվել։

Հասկանալի է, որ անցյալում իր դրական գործը կատարած, բայց այն ժամանակ արդեն որոշ թերություններ ունեցող պիեսի բեմադրությունը պահանջում է լուրջ աշխատանք։ Բայց դա բնավ էլ չի ենթադրում կոմեդիան «թարմացնելու» ահրաժեշտություն։ Բեմադրող ռեժիսյոր Հ. Կարապետյանը պիեսը ենթարկել է բավականին զգալի փոփոխությունների, որոնք, սակայն, գործին չեն օգնել, այլ վնասել են։ Ներկայացումը չընդունվեց հանդիսատեսի կողմից։ Թատերական կոլեկտիվի վատնած ուժերն ու ժամանակը չտվեցին ակնկալված արդյունքները, և այդպես, ինքնուրույն պիեսի հիման վրա մեր օրերին նվիրված ներկայացում ստեղծելու կարևոր գործն այս խաղաշրջանում ձախողվեց։

Թատրոնը ստեղծագործական հաջողության է հասել Վ. Մինկոյի «Առանց անունները տալու» կոմեդիայի բեմադրության մեջ։ Բեմադրության հեղինակն է երիտասարդ ռեժիսյոր Ս. Աքմաքչյանը. նրա աշխատանքի արժանիքն այն է, որ կիրառված բոլոր արտահայտչական միջոցները ծառայում են մի գլխավոր նպատակի՝ կոմեդիայի հիմքում ընկած գաղափարի բացահայտմանը, հնի մերկացմանն ու նորի հաստատմանը։ Դերասանական կատարման, նկարչական և երաժշտական ձևավորման բոլոր տարրերը համադրված են ճիշտ, լրացնում են միմյանց։ Բեմադրության մեջ ստեղծված է դերասանական հաճելի անսամբլ։ Կարելի է ասել, չկա թույլ ու անարտահայտիչ դերակատարում, ամեն մի դերասան այստեղ գտել է իր տեղը, կարողացել է իր ուժերի համեմատ մի բան ավելացնել ներկայացմանը։

Ճիշտ է, ռեժիսյորը սատիրական թանձր գույների չի դիմել Կարպո Կարպիչի ընտանիքը, նրա դուստր Պոեմային մարմնավորելիս, բայց և այնպես մերկացրել ու խստորեն դատապարտել է նրանց։

Ներկայացման հաջողությանը նպաստել են և դերակատարները՝ Վաչյան-Կոչուբեյ, Մութաֆյան-Իվգա, Փաշինյան-Գալյա,         Գրիգորյան-Վալյա և մյուսները։ Դրական հերոսների միջավայրի ցայտուն պատկերմանն օգնել են նաև բանվորների աշխատանքային առօրյան՝ պատկերող տեսարանների հաջող բեմադրությունը։

Մեկ դիտողություն միայն. Աքմաքչյանի աշխատանքը վկայում է, որ դիպուկ վերջակետով գործողությունն ամբողջացնելու գաղտնիքը լավ հայտնի է։ Հիշվում են առաջին, երկրորդ գործողությունների ֆինալները։ Ուստի և զարմանալի է, որ ներկայացումը ցայտուն ֆինալ չունի։ Թվում է, թե դրա պատճառը Պոեմայի կերպարի մեկնաբանության մեջ տեղ գտած թերությունն է։ Հայտնի է, որ այս կերպարը շարունակաբար փոխվում է, զարգանում։ Ահա կերպարի այս զարգացումն է, որ որոշակի չի դարձված ներկայացման մեջ։ Երբ Պոեմա-Հարությունյանը վերջին անգամ հեռանում է բեմից, ապա նրա բնավորության, վարքագծի մասին ռեժիսյորն ու դերասանուհին ընդհանրացնող, ամփոփող որևէ խոսք չեն ասում։ Դրանից էլ անբավարարվածության այն անորոշ զգացումը, որը համակում է հանդիսատեսին վերջին արարի վարագույրն իջնելուց հետո։

Խաղաշրջանի մյուս աշխատանքը Լ. Միքայելյանի «Գոշ» պատմական դրամայի բեմադրությունն է։ Պիեսը հետաքրքիր է նրանով, որ ի տարբերություն անցյալի պատմական երկերի ճնշող մեծամասնության՝ հեղինակը փորձել է մեր ժողովրդի պատմությունը դիտել որպես հակոտնյա դասակարգերի՝ գեղջուկների և ֆեոդալների անհաշտ պայքարի պատմություն։

Աշխատավոր գյուղացու ընդվզման պաթոսը, նրա պայքարի ողբերգական բնույթը պետք է դառնային ներկայացման առաջատար թեման։

Ուրիշ ներկայացումներում մասսայական տեսարանները հմտորեն բեմադրող Հ.Կարապետյանն այստեղ չի հասել գյուղացիական տեսարանների իմաստավորմանը։ Երկրորդ և հինգերորդ գործողությունները, որոնք ժողովրդական ընդվզման ազդեցիկ պատկերներ ստեղծելու լայն հնարավորություններ են ընձեռում՝ լավ չեն օգտագործված ռեժիսյորի կողմից, որովհետև ժողովրդի հերոսական ոգին արտահայտող կերպարն անհատականացնելու միջոցներ չեն կիրառված ո՛չ դերասանների, ո՛չ էլ ռեժիսյորի կողմից։ Այնուհետև, հակառակ արտաքին շարժման առկայությանը, դերակատարների խաղի մեջ չի զգացվում այն ներքին լարվածությունը, դինամիկան, գյուղացիների մեջ լեռնացած դժգոհությունը, որ Գոշի ազդեցության տակ պոռթկում է, գերաճում համաժողովրդական շարժման։ Հատկապես տխուր տպավորություն է թողնում ներկայացման ֆինալը՝ համատարած թունավորման մի տեսարան, ուր մերձիմահ գյուղացիները սողում են բեմում։

Բացի այս տարվա աշխատանքներից, թատրոնի խաղացանկում, բնականաբար, առկա են նաև անցյալ տարիներից պահպանված բեմադրություններ։ Ամենից հաճախ կրկնվող ներկայացումներից են՝ Ն. Զարյանի «Փորձադաշտը», բուլղարական դրամատուրգ Օ. Վասիլևի «Երկրային դրախտ» դրաման, ինչպես նաև Կառնաուխովայի և Բրուսևիչի «Ալվան ծաղիկ» հեքիաթ-պիեսը։ Սրանք երկուսից-երեք տարի առաջ ստեղծված բեմադրություններ են։ Ուրեմն, թատրոնը ձգտում է իր հին ներկայացումները պահպանել և ունենալ կայուն խաղացանկ։ Սա ինքնին դրական երևույթ է։ Բայց, գնահատելով այդ, միաժամանակ պետք է ցանկանալ, որ թատրոնն ուշադիր լինի իր ընթացիկ ռեպերտուարի հանդեպ, ոչ միայն պահպանի, այլ և ժամանակի ընթացքում կատարելագործի իր հին ներկայացումները։

Ն. Զարյանի «Փորձադաշտը» սիրով է ընդունում նաև Կիրովականի հանդիսատեսը։ Հ. Կարապետյանի այս բեմադրության մեջ երևում է, որ ռեժիսյորը ձգտել է մեր ռեսպուբլիկայի բոլոր բեմերում ներկայացված կոմեդիան յուրովի ընթերցել և մեկնաբանության նոր ուղիներ որոնել։ Ներկայացման որոշ դերակատարներ խաղում են հետաքրքիր ու ինքնատիպ, սակայն, դժբախտաբար, դա վերաբերում է ոչ բոլոր դերակատարներին։ Շատ տպավորիչ է Ա. Հովհաննիսյանի խաղը Գառնակերյանի կնոջ՝ Մարգոյի դերում, հետաքրքրական է Ա. Վաչյանի խաղը Կարսեցյանի, Ա. Հարությունյանի խաղը՝ Մաքրուհի մայրիկի դերերում։ Սակայն, թատրոնին պակասում են պիեսի բեմադրության համար որոշիչ նշանակություն ունեցող դերերը ուժեղ կատարողներ։ Ս. Հովհաննիսյանը՝ Գառնակերյանի կենդանի, բազմակողմանի բնավորության փոխարեն ներկայացնում է մելոդրամատիկ չարագործի։ Կերպարը զուրկ է նրան բնրոշ խորամանկությունից, չունի արտաքին բարեհոգության և լայնասրտության այն դիմակը, որ այնքան հատուկ է Գառնակերյանին։ Նույնքան արտահայտիչ է Ա. Շագաֆյանը Բալաբեկի դերում։ Դերասանի կատարմամբ Բալաբեկը մանր քծնողի տիպ է և ոչ թե Գառնակերյանի բոլոր մեքենայությունների գործակիցը և երբեմն նույնիսկ նախաձեռնողը։ Բացի դրանից, Շագաֆյանի կատարմամբ բոլորովին չքացել են կերպարի սատիրական ուժեղ գույները։ Նա ավելի ողորմելի է, քան ծիծաղելի։ Հասկանալի է, որ դա արդեն բավական է պիեսի մերկացնող ուժը, գռփողների, ժողովրդի ունեցվածքը յուրացնող մարդկանց սպանիչ քննադատությունը բթացնելու համար։

Ներկայացման այս և մյուս թերությունների մասին ժամանակին խոսել է տեղի քննադատությունը, բայց թատրոնն անտեսել է իրավացի դիտողությունները։ Դրանից շուրջ երկու տարի հետո էլ բեմադրության ռեժիսուրան հարկ չի համարել վերանայել իր աշխատանքը, նոր դերակատարների հանձնել որոշ դերեր։ Անհասկանալի է մանավանդ, թե ինչո՞ւ Բալաբեկի դերը չի տրվում, օրինակ, Հ. Ավագյանին, որի անունը ձևականորեն նշված է ծրագրում և որը, ի դեպ «Գոշում» ունեցած իր մի փոքրիկ ելույթով (գյուղացի Մխլեի դերում) ցույց է տալիս, որ կարող է խաղալ այդ դերը։

Նույնպիսի լուրջ թերություններ կան և Օ. Վասիլևի «Երկրային դրախտ» պիեսի բեմադրության մեջ։ Արդիական հուզող հարցերի է նվիրված բուլղար դրամատուրգի դրաման։ Չի կարելի հասարակության մեջ ապրել և կտրված լինել այդ հասարակության կյանքից, արվեստն ու քաղաքականությունն անհնար է կտրել իրարից, - այս է դրամայի առաջատար գաղափարը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքների մեջ իր բարեկարգ առանձնատան, իր «երկրային դրախտի» անդորրը պաշտպանող Վիտանի և իր դաշնամուրից բացի աշխարհում ոչինչ չտեսնող Լիլիի կիրպարների վարքագծի քննադատման, այդ կերպարների վերափոխման միջոցով հեղինակը հաստատում է իրեն հուզող մտքերը։ Եթե Լիլիի դերը երիտասարդ դերասանուհի Լ. Փաշինյանի ստեղծագործական հնարավորություններից անհամեմատ բարձր է և այս առումով պիտի կշտամբել ռեժիսյոր Հ. Կարապետյանին աննպատակահարմար դերաբաշխման համար, ապա անհաջողությունը ռեժիսյորի հետ բաժանում է դերասան Ա. Հովհաննիսյանը։ Վիտանը մեկնաբանվել է որպես կոմիկական կերպար։ Դա մի կամակոր, անհեռատես, եթե չասենք խենթավուն, ծերունի է, որի գրեթե յուրաքանչյուր ռեպլիկը, յուրաքանչյուր շարժումը ծիծաղ է հարուցում։ Եթե Վիտանի հայացքները դրամայում վերափոխվում են դրամատիկական խոր ապրումների միջոցով (հարազատ որդու դիակի վրայով է անցնում ծերուկը՝ ճշմարտությանը մերձենալու համար), ապա ներկայացման մեջ հանդիսատեսը զվարճանում է Վիտանի բնավորության տարօրինակություններով։ Մեզ թվում է, որ ներկայացումն այս վիճակում հանդիսատեսին ցուցադրել չի կարելի։

Ւնչպես տեսնում ենք, կիրովականի թատրոնի աշխատանքների մեջ թերություններ շատ կան, դրանց մի մասը հետևանք է ռեժիսյորական, մյուս մասը դերասանական անբավարար աշխատանքի։ Թատրոնի բեմադրությունները դիտելիս ակամա հանգում ես այն եզրակացության, որ նրա կարողությունները լիովին չեն օգտագործվում։ Թատրոնում քիչ չեն շնորհալի դերասանները, մանավանդ դերասանուհիները։ Հետաքրքիր դերասանուհի է Ա. Հովհաննիսյանը, որ ունի բեմական կուլտուրա, զգացմունքների ներքին հարստություն, հատկություններ, որոնք այնքան լավ դրսևորվում են ՄարգոյիՓորձադաշտ») և Դիանա ՄիխայլովնայիԱռանց անունները տալու») դերերում։ Դերասանուհին, անշուշտ, կարող է ավելի բարդ ու դժվարին դերեր կատարել։ Չի կարելի չնշել և Ա. Հարությունյանին, որ հավասար հաջողությամբ հանդես է գալիս ամենատարբեր դերերում. ՀերմիոնՁմեռային հեքիաթ»), ՊոեմաԱռանց անունները տալու»), Մաքրուհի մայրիկ («Փորձադաշտ»)։ Բազմակողմանի կերպարներ ստեղծելու անվիճելի կարողություններ է ցուցաբերում նաև Հ. Նաղաշյանը՝ ԱնուշՊաղտասար աղբար»), ՊոլինաՁմեռային հեքիաթ»), ԿապաԱլվան ծաղիկ»)։ Թատրոնի ավագ սերնդի ներկայացուցիչներն են Ա. Խուդանյանը և Ա. Մսրյանը, խոստումնալի երիտասարդ ուժեր են Օ. Մութաֆյանը, Լ. Փաշինյանը, Ռ. Գրիգորյանը, Ռ. Գոբիլայանը։

Թատրոնի դերասաններն իրենց տվյալներով զիջում են դերասանուհիներին։ Դա ռեժիսուրային պարտավորեցնում է առանձին ուշադրություն դարձնել թեկուզ փոքրիկ դերակատարումներով աչքի ընկած դերասաններին։

Ընդհանրապես, թատրոնի ղեկավարությունը պետք է մտահոգվի իր դերասանական խումբը նոր ուժերով հարստացնելու, ունեցած դերասաններին ըստ հնարավորին ճիշտ ու նպատակահարմար օգտագործելու համար։ Ցանկալի արդյունքի հասնելու համար ամբողջ թատերախումբը պետք է համառ ու տևական աշխատանք կատարի իր ընդհանուր պրոֆեսիոնալ մակարդակը, թատերական կուլտուրան բարձրացնելու, դերասանական շտամպից ու միօրինակությունից ազատագրվելու համար։ Առանց այդ աշխատանքի, որ թատրոնից շատ ժամանակ ու ջանքեր կպահանջի, նա չի կարող արդարացնել իր հանդիսատեսի հույսերը։

ԼՈւԻԶԱ Սամվելյան

Նյութի աղբյուրը՝ «Սովետական արվեստ», N 4, 1955 թ.

402 հոգի