Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

05.09.2022   02:43

«ՊԻԳՄԱԼԻՈՆ»

(ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆՈՐ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ)

Ըստ հին հունական դիցաբանության, Կիպրոս կղզում ապրել է մի նշանավոր քանդակագործ Պիգմալիոն անունով։ Նա սաստիկ ատել է կանանց և որոշել է երբեք չամուսնանալ։ Բայց երբ Պիգմալիոնը քանդակում է սքանչելի գեղեցկության տեր աղջկա մի արձան, բռնկվում է անհաղթահարելի սիրով դեպի իր իսկ ստեղծած արձան-աղջիկը։ Կարեկցելով Պիգմալիոնին, սիրո աստվածուհի Աֆրոդիտեն կենդանացնում է արձանը, և Պիգմալիոնն ամուսնանում է գեղեցկուհի Գալատեայի հետ։

Այս ավանդության նմանությամբ Բեռնարդ Շոուն ստեղծել է իր «Պիգմալիոն» պիեսը, որի հիմքում ընկած է հետևյալ պատմությունը։ Հնչյունաբան պրոֆեսոր Հիգգինսը իր ընկերոջ հետ գրազ է գալիս փողոցային ժարգոնով խոսող ծաղկավաճառուհի Էլիզային մի քանի ամսվա ընթացքում սովորեցնել ամենաընտիր անգլերեն և այնպես հղկել նրա շարժուձևերը, որ հասարակության մեջ նրան ընդունեն որպես դքսուհու։ Լոնդոնի փողոցներում մեծացած Էլիզան փայլուն ընդունակություններ է ցուցաբերում։ Կարճ ժամանակում նա հաղթահարում է ոչ միայն անգլերենի հնչյունաբանության ու քերականության դժվարությունները, այլև դրսևորում է մարդկային լավագույն հատկություններ՝ նուրբ խելք, ամուր կամք, զգացմունքների ջերմություն։ Երկար ժամանակ Էլիզային իբրև փորձարկման առարկա դիտող պրոֆեսորը հիանում է աղջկա կերպարանափոխությամբ։ Ի վերջո Հիգգինս–Պիգմալիոնը տարվում է իր ստեղծած Էլիզա – Գալատեայով։

Ժողովրդի ծոցում թաքնված են իսկական գանձեր, որոնք իրենց հոգեկան հարստությամբ ու մտավոր ընդունակություններով կարող են մրցել բարձր հասարակությանը պատկանող «բարեկիրթ» մարդկանց հետ, եթե միայն նյութապես ապահովված լինեն։ Այս է պիեսի գաղափարական հիմքը, դրա վրա են կառուցված այնտեղ զարգացող գործողությունները։ Պիեսի սոցիալական շեշտվածությունն ավելի որոշակի է դառնում այն հատվածներում, ուր ծաղրվում են բարձր հասարակության ներկայացուցիչները։

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը գովելի նախաձեռնություն է հանդես բերել, որոշելով Երևանի հանդիսականին ծանոթացնել 19-20-րդ դարերի անգլիական ականավոր դրամատուրգի ստեղծագործության հետ։

Ներկայացման բեմադրող ռեժիսյոր Բ. Ֆիլիպովն իր աշխատանքում հետևել է սովետական թատրոնում «Պիգմալիոն»-ի բեմադրության ստեղծված տրադիցիային։ Ռեժիսյորը գլխավոր ուշադրությունը բևեռել է Էլիզայի կերպարի վրա։ Ներկայացման առաջատար թեման հավատն է դեպի աշխատավոր ժողովրդի անսահման ստեղծագործական կարողությունները, ժողովրդի ներկայացուցիչների մարդկային արժանիքների մեծարումը։

Երկու՝ իրարից տարբեր, բայց յուրովի հետաքրքիր ու համոզիչ Էլիզաների ստեղծումը վկայում է թատրոնի ստեղծագործական հնարավորությունների մասին։

Դերասանուհի Ա. Վաննովսկայայի ծաղկավաճառուհին բնավորությամբ ակտիվ է, էներգիայով լի։ Անդիմադրելի ձգտումը դեպի լավը, գեղեցիկը, իր վիճակից վեր բարձրանալու ուժեղ ցանկությունը Էլիզա-Վաննովսկայային ստիպում են խեղդել վախի ու շփոթվածության զգացումը և այցելել հայտնի պրոֆեսորին։ Սակայն նա եկել է ո՛չ մուրալու և ո՛չ էլ խնդրելու։ Արժանապատվության ինչպիսի՜ զգացումով է ցնցոտիներ հագած այդ աղջիկը իր օրական եկամտի ահագին մասը կազմող գրոշները առաջարկում պրոֆեսոր Հիգգինսին նրա աշխատանքի դիմաց։ Եվ երբ 5-րդ գործողության մեջ Էլիզա–Վաննովսկայան հանդինսականի առջև կանգնում է իբրև ներդաշնակորեն զարգացած, իր ուժի գիտակցությամբ հպարտ անձնավորություն, ապա հրաշալի փոխակերպությունը զարմանալի չի թվում։

Արտիստուհի Ե. Վասիլևսկայան իր հետաքրքիր խաղում շեշտել է Էլիզայի բնածին խելքը։ Նոր միջավայր ընկած աղջիկը ջանում է հասկանալ իրեն շրջապատող մարդկանց, պարզել նրանց հոգեբանությունը, վերաբերմունքն իր նկատմամբ։ Մտքի գերազանցությամբ է, որ հաղթում է Էլիզա-Վասիլևսկայան, ինչպես որ իր տեմպերամենտով է հաղթում Վաննովսկայայի Էլիզան։ Վերջին գործողության մեջ Վասիլևսկայայի խաղը համեմված է նուրբ հումորով, որը բազմերանգ է դարձնում կերպարը։

Բ. Ֆիլիպովը ռեժիսյորական սրամիտ           հնարանքներով շեշտել է այն միտքը, որ մարդուն վերափոխողի դերը միայն Հիգգինսին չի պատկանում։ Ի տարբերություն առասպելի՝ Հիգգինսի հրաշակերտը իր հերթին փոխազդում է իրեն ստեղծագործողի վրա։ Հիգգինս - Պիգմալիոնի և Էլիզա – Գալատեայի դերերը փոխվում են։ Հասարակ աղջկա գերազանցությունը կրթված գիտնականի նկատմամբ ամենից ավելի ակնհայտ է դառնում հինգերորդ գործողությունում։

Չորրորդ գործողության մեջ Շոուն նոր նոտաներ է մուծում իր հերոսուհու վարքագծի մեջ։ Վիրավորված՝ իր նկատմամբ Հիգգինսի ցուցաբերած անտարբերությունից, Էլիզան դառն րոպեներ է ապրում։ Սակայն նրան շուտով հաջողվում է ստիպել պրոֆեսորին դրսևորելու դեպի ինքը տածած, բայց դեռևս լավ չգիտակցված սերը։ Այս առումով շատ կարևոր են դրամատուրգի ռեմարկները՝ Էլիզայի կերպարն ըմբռնելու համար։ Պիեսում գործողությունը վերջանում է հետևյալ ռեմարկով. «Առաջին անգամ լինելով Էլիզան ժպտում է արտահայտելով իր հիացմունքը տարած հաղթանակի առթիվ»։ Նշանակում է՝ գործողության ֆինալը աղջկա հաղթանակի գրավականն է։ Էլիզայի համար պարզ է, որ ինքը հաստատուն տեղ է գրավել Հիգգինսի սրտում։ Այնինչ, ներկայացման մեջ տրված է հոգեբանական այս վիճակին հակառակ լուծում։ Հուսահատ, անորոշ հայացքով, Էլիզան սպասում է վաղվա օրվան։ Վիճակի անելանելիությունն առանձնապես շեշտված է Վաննովսկայայի դերակատարման մեջ։ Վասիլևսկայայի մոտ մոմենտի դրամատիզմը երանգավորված է հումորով։

Հիգգինսի դերում արտիստ Լեոնիդովի երևան է հանել իր ստեղծադործական անհատականության նոր գիծը՝ կերպարը կոմեդիական գույներով օժտելու ունակություն։ Լեոնիդովի պրոֆեսորը գիտությամբ տարված, անհանգիստ, անմիջական, բարեհոգի անձնավորություն է։ Սակայն դերասանը անտեսել է Հիգգինսի բնավորության ստվերոտ կողմերը, որոնց նկատմամբ, անաասկած, քննադատական վերաբերմունք ունի դրամատուրգը։ Հիգգինսի էգոիզմը, մարդկանց հանդեպ ունեցած անտարբերությունը Լեոնիդովը մատուցում է այնպիսի անկեղծ անհոգությամբ, այնպիսի անբռնազբոս անգիտակցությամբ, որ հանդիսականը պատրաստ է ներելու նրա վրիպումները։ Նման մեկնաբանության հետևանքով թուլացել է այն ծաղրը, որ գործադրել է Շոուն հասարակ մարդկանց արհամարհող ազնվականների նկատմամբ։

Լոնդոնյան բարձր հասարակությունը պիեսում ներկայացված է երկու խմբի միջոցով։ Սատիրական գույներով են գծված տիկին Էյնսֆորդ Հիլլի, նրա կամակոր դստեր՝ Կլարայի և թեթևսոլիկ որդու Ֆրեդիի կերպարները։ Բայց ռեժիսյորը լիովին չի օգտագործել բարձրաստիճան դատարկապորտների տիպեր ստեղծելու պիեսի ընձեռած հնարավորությունը։

Այս եռյակին իբրև հակադրություն Շոուն հանդես է բերել արիստոկրատիայի ազնիվ ներկայացուցիչներին՝ Պիկերինգին և տիկին Հիգգինսին՝ պրոֆեսորի մորը։ Սակայն, հակառակ պիեսում այս հերոսներին հատկացված զգալի տեղին, վերջիններս ստացվել են սխեմատիկ։ Հիգգինսի մոր կերպարի մեջ դրամատուրգը մտցրել է կենցաղային որոշ շտրիխներ։ Դրա շնորհիվ արտիստ Ի. Գրիկուրովի ստեղծած Պիկերինգի համեմատությամբ դերասանուհի Զ. Գուլևիչի բեմական դիմանկարն ունի որոշ անհատականություն, թեև նրան պակասում է անգլիական լեդիին հատուկ նրբանկատությունը՝ թե՛ խոսքի, թե՛ վարքի մեջ։

Այս ֆոնի վրա իր ինքնատիպ անհատականությամբ առանձնանում է Էլիզայի հայրը՝ աղբահավաք Դուլիտլը։ Արտիստ Յու. Վաննովսկին նրան պատկերում է զավեշտական հակասություններով լի։ Հռետորական մաներաները, պոռոտախոսությունը, ազնիվ ու բարեկիրթ երևալու ջանքերը՝ զուգորդված բացարձակ դրամաշորթության և խարդախության հետ, արտահայտում են նրա հակասական ներքինը։ Բուրժուական հասարակության էությամբ պայմանավորված արատները և այդ նույն հասարակության այլանդակությունների ու կեղծիքի դեմ ուղղված սուր ծաղրը Դուլիտլի կերպարի մեջ հանդես են գալիս միաժամանակ։ Միայն դերասանին պետք է դիտողություն անել, որ նրա Դուլիտլը երբեմն ավելի հիշեցնում է Մ. Գորկու «Հատակում»-ի պերսոնաժներին, քան թե լոնդոնյան հետնախորշերից սերած մարդկանց։ Ի դեպ պետք է ասել, որ անգլիական կոլորիտի պակասը հավասարապես զգացվում է և՛ դերակատարումների, և՛ ամբողջ ներկայացման մեջ։ Մասնավորապես առարկության տեղիք է տալիս նկարչական ձևավորումը։ Նկարիչ Ա. Շաքարյանի աշխատանքը զուրկ է ոճական ամբողջությունից։ Հայտնի չէ, թե ո՞ր դարն է ի նկատի ունեցել նա, այնքան իրար անհարիր են սենյակների կահավորումը և դերակատարների    զգեստավորումը, Լոնդոնի պանորաման և ժամանակակից ավտոմեքենան։

«Պիգմալիոն»-ը հարուցում է զուտ բեմադրական կարգի բազմաթիվ դժվարություններ և ի պատիվ թատրոնի պետք է ասել, որ նա հիմնականում հաղթահարել է դրանք։ Լավ է հնչում Շոուի դիպուկ ու սրամիտ դիալոգը, հերոսների հոգեբանական ապրումները նրբորեն հասցվում են հանդիսականին։ Ուրախություն է պատճառում այն անկեղծ ոգևորությունը, որով խաղում է դերասանների մեծ մասը։ Ամբողջ ներկայացումը տոգորված է պայծառ կենսուրախությամբ, հումորով։ Ահա թե ինչու «Պիգմալիոն»-ի բեմադրությունը թատրոնի կոլեկտիվի համար անվիճելի հաջողություն է։

ԼՈւԻԶԱ Սամվելյան

Նյութի աղբյուրը՝ «Սովետական Հայաստան», N134, 08․06․1955 թ․

413 հոգի