Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

25.09.2020    4:16

Մարդը միայնակ է գալիս լույս աշխարհ եւ միայնակ էլ հեռանում, միայն միջակայքում երբեմն հնարավորություն է ստանում զգալու այլոց հոգու ջերմությունը, ջերմություն նվիրել, սիրել: Փոքր թատրոնի ներկայացումն այլ կերպ կարելի էր կոչել մտորումներ սիրո մասին: Ընդ որում՝ թեման չի սահմանափակվում տղամարդու եւ կնոջ հարաբերություններով, այստեղ եւ ծնողի սեր կա, եւ զավակի վերաբերմունք, եւ ակնթարթային հարաբերություն, եւ սիրահարություն, եւ ամենից կարեւորը` համամարդկային սեր, մարդկանց սերն անհատի նկատմամբ եւ այն ամենն, ինչ կարող է տալ անհատը: Այստեղ վերացական գաղափարներն արտահայտվում են առանց բառերի, սա պարային բեմադրություն է, որտեղ ֆիզիկական շարժման եւ զգացմունքի սահմանն անհետանում է:

Ներկայացման (այն գրեթե ամբողջությամբ կառուցված է Ժակ Բրելի Ne me quitte pas երգի վրա) մասնակիցներից ոչ բոլորն են մասնագիտացած պարի մեջ, սակայն բոլորը հավասար պարում են: Այս կետից է սկսվում անսահման (ներառական-unlimited, ինչպես ինձ հուշեց մասնակիցներից մեկը) պարը: Բեմադրողների՝ Վահան Բադալյանի եւ Թենի Մաթյանի շնորհիվ պարը հասանելի է բոլորին, ներսում ձեւավորված պատկերն արտահայտելու համար պարտադիր չէ տիրապետել բալետային բարդագույն ցատկերին: Գուցե նաեւ սա է պատճառը, որ հանդիսատեսն զգաց իրեն ներկայացման մասնակից: Կարճ մունջ նախաբանից հետո հնչում է սրտի բաբախում հիշեցնող երաժշտություն (մեղեդին նույնն է, տարբեր են կատարումները): Ամբողջ խումբը բեմում է. շարժումներն աշխույժ են, երբեմն կտրուկ, բոլորը երաժշտության հետ, ներքին կուտակված լիցքով: Մի ընդհանուր միտում կա այս տեսարանում` պարողները հաճախ ընկնելով պառկում են հատակին եւ բարձրանում, երբեմն օգնելով միմյանց, երբեմն ինքնուրույն: Շարժումներն ընդհանուր են, երբեմն անհավասար, բայց անհավասարությունը դիտավորություն է` խումբը բաղկացած է անհատներից եւ ամենքն իր զգացածն է կատարում: Պարը բեմադրված է եւ միաժամանակ՝ իմպրովիզացիոն: Բեմում գրեթե շոշափելի է պարողների ազատությունը, նրանց չեն սահմանափակում ո՛չ հանդիսատեսը, ո՛չ ֆիզիկական պատրաստվածության տարբերությունը, ո՛չ բեմադրիչները: Իրական մարդկանց հետ խաղի տարածություն են գալիս մանեքեններ: Ըստ իս, բեմադրողները որոշ դրվագներում դրանց գործածման մեջ չափն անցել են, արդյունքն ստացվել է փոքր-ինչ ճակատային: Բայց մանեքենների խաղարկմամբ մի պատկեր գրավում է հատկապես հարցականներով: Երկու կին եւ մի տղամարդ (Վիկտորիա Մատվեեւա, Թամարա Այդինյան, Նարեկ Մինասյան), բայց սա ամենեւին ավանդական սիրային եռանկյունի չէ: Աղջիկների շարժումների մեջ կա մի տեսակ հոսունություն, ինչ-որ ներքին դիմադրության հաղթահարում, կարծես դա ոչ թե սեր է, այլ սիրած մարդու իդեալի որոնում, իդեալի մեջ սեփական անձի որոնում: Ի վերջո, երկուսն էլ թողնում են տղային, մարդու փուչ պատճենները դարձնում պարընկեր, գուցե սեփական պատկերացումների, զգացմունքների խտացում: Իսկ տղան, որ մնում է լքված, քարանում է` տեսարանի վերջում նրան են դուրս տանում իբրեւ մի մանեքենի: Տեսարանները հաջորդում են միմյանց առանց սյուժետային կապող օղակների, դերասանները հանդես են գալիս տարբեր կերպարներով, երբեմն ընդգծված բնութագրական, ինչը նույնպես ոչ մի վայրկյան չի սահմանափակում ազատությունը, նրանք ամեն տեղ իրենք են: Երեք զույգ (Մարիամ Արտենյան, Քրիստինա Դանիելյան, Մարիաննա Պողոսյան, Մանուկ Սաղաթելյան, Հայկ Հոբոսյան, Մհեր Զալինյան) շարժվում են այնչափ ներդաշնակ, կարծես կին եւ տղամարդ մի մարմին են ստացել, մեկ ընդհանուր կամքով ու զգացմունքով են ղեկավարվում: Անգամ երբ տղաները հեռանում են բեմից, կապը չի ընդհատվում, կարծես նրանց մեջ իրական սիրային հարաբերություններ են: Թերեւս ներկայացման ամենառոմանտիկ պատկերը սա է:

Մեկ այլ տեսարանում սերն է տիեզերքի նկատմամբ. դերասանուհու (Անուշ Սմբատյան) ձեռքի փոքրիկ շարժումից սկիզբ առած պարը ծավալվում է` խումբը բերում է գունավոր երազների նման գնդեր, որ լցնում են տարածությունը, հավաքվում ու հեռանում դերասանուհու ձեռքի, անգամ մատների տատանումից, պարում են նրա հետ, նրա մտքի ուժով:

Ներկայացման մեջ իր տեղն ունի նաեւ ժպիտը, հումորը, սերը բազմակերպ է, ինչպես ինքը կյանքը: Այդպիսին է տեսարանը, երբ երկու երիտասարդ (Աշոտ Մարաբյան եւ Նարեկ Մինասյան) սիրահետում են նույն օրիորդի` նրանց մրցակցությունը սուր խաղային է, դրսեւորումները բնութագրական: Նույն երանգով է կառուցված մեկ այլ դրվագ, ուր ակնհայտ սրտակերի կերպարով Մհեր Զալինյանը Ne me quitte pas-ի լատինաամերիկյան մշակմամբ հայտնվում է չորս կանանց մեջ, մերժվում է եւ հասնում հաջողությունների, պտտացնում բոլորին իր շուրջ եւ այդ շրջապտույտով հաստատում սիրո կենսակերտ ուժը: Ներկայացման վերջում հնչում է երաժշտական շեղում Բրելի երգից` Նատ Քինգ Քոլի L.o.v.e-ը, այն, ինչ արտիստները ողջ ներկայացման ընթացքում սփռում էին հանդիսասրահ: Մենապարող զույգից բացի, մնացածը մի «երգչախումբ» են կազմում, շարժվում են տեղում, ամենքն իր ուզածի պես, բայց բոլորն էլ մի տրամադրության մեջ: Տրամադրություն` սա է փոխում այս ներկայացում-զրույցը, որի ընթացքում զրուցակիցները բարեկամանում են: Արտիստները բեմից հեռանալով՝ չեն թողնում մեզ եւ մենք էլ դուրս գալով թատրոնից՝ չենք լքում նրանց, մի կարեւոր մասնիկ ենք տանում մեզ հետ, մի քիչ սեր ենք թողնում իրենց:

Նյութի աղբյուրը` «Առավոտ» օրաթերթ

20.11.2014

ՎԱՍԻԼԻ Գևորգյան

739 հոգի