Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

30.09.2022   21:54

Միջշրջանային թատրոն... Բոլորն արդյոք գիտեն, թե որքան շատ բան է
պարփակված այս համեստ անվան մեջ։ Մեկ ու կես տասնյակի չափ անձնվեր, արվեստասեր մարդկանց մի կո
լեկտիվ է շրջանային թատերական խումբը, որը հաճախ աշխատելով ստեղծագործական ու նյութական սուղ պայմաններում, օրեցօր և այսպես տարիներ շարունակ իր արվեստը մատուցում է աշխատավորական ամենալայն զանգվածներին։

Ռեսպուբլիկայի ամենատարեց խմբերից է Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկ թատրոնը։ Ամսվա մեջ հազիվ մի քանի օր է տանը՝ Արտաշատ գյուղաքաղաքում, մշտական թատերական շենքում ներկայացումներ տալիս խումբը։ Մնացած ժամանակը՝ Արարատյան դաշտավայրի այրող տապին, թե ցրտաշունչ ձմռանը, բուն Արտաշատի և հարևան շրջանների գյուղերում և ավաններում կարելի է տեսնել թատրոնի կիսով չափ բրեզենտածածկ բեռնատար ավտոմեքենան։ Դեկորացիաների հետ միասին այստեղ են նաև տվյալ ներկայացման մասնակիցները։ Ցերեկը նրանք փորձ են ունեցել իրենց հիմնական շենքում, հիմա հազիվ հանգստացած՝ ճանապարհ են ընկել իրենց նոր ու հին բեմադրությունները հասցնելու ամենահեռավոր կոլտնտեսության հանդիսականին։

Իսկ հանդիսականը սիրում է իր թատրոնը։ Նա միշտ հաճույքով է գալիս դահլիճ, անմիջականորեն, երբեմն չափից ավելի, արձագանքելով ստեղծագործական կոլեկտիվի աշխատանքին։ Քիչ չեն դեպքերը, մանավանդ ամռանը, երբ ուշ մայր մտնող արևի հետ տուն եկող հողագործին գեթ ընթրելու հնարավորության տալու համար՝ խումբը հետաձգում է ներկայացման սկիզը մինչև ուշ գիշեր։ Դերասանները, բնականաբար, Արտաշատ վերադառնում են լուսադեմին, իսկ առավոտյան ժամը 10-ին բոլորն արդեն փորձասենյակում են. պետք է հաջորդ բեմադրությունը ժամանակին հանձնել։ Հետո, նույն երեկոյան փոքրիկ խումբը դարձյալ մեկնում է, այս անգամ հարևան գյուղը։

Տրանսպորտի հարցը թատրոնի մեծ ու փոքր հոգսերից ու կարիքներից միայն մեկն ու ամենահրամայականն է։ Մենք դեմ չենք, որ մայրաքաղաքի դրամատիկ թատրոններն ունենային իրենց մարդատար ավտոմեքենան, սակայն մի՞թե կասկածից դուրս է, որ դրա անհրաժեշտությունը նրանցից ավելի զգում են մեր շրջանային թատրոնները, որոնք, յուրաքանչյուրն իր մերձակա շրջանների համար, փաստորեն շրջիկ թատոոնի դեր են կատարում։

Այսպիսի պայմաններում է, որ թատրոնը պատրաստում և ներկայացնում է հայ, ռուս, եվրոպական ժամանակակից ու կլասիկ դրամատուրգիայի լավագույն նմուշները։ Արտաշատի կոլեկտիվի թարմ աշխատանքներից են Ա. Ֆայկոյի «Պորտֆելավոր մարդը»՝ ռեժիսյոր Հ. Մանվելյանի բեմադրությամբ, Ալ. Շիրվանզադեի «Նամուսը» և Կ. Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»՝ բեմականացված թատրոնի գլխավոր ռեժիսյոր Ա. Թորոսյանի կողմից։ Սրանցից վերջին երկուսը միայն մեզ հաջողվեց տեսնել այն սակավ օրերին, երբ թատրոնը աշխատում էր ստացիոնար շենքում՝ Արտաշատում։

«Նամուսն» ու «Երկու տիրոջ ծառան» գաղափարա – գեղարվեստական արժեքով ու ոճով միանգամայն տարբեր ներկայացումներ են, և այսուհանդերձ կրում են երիտասարդ ռեժիսյոր Ա. Թորոսյանի ստեղծագործական անհատականության կնիքը։ Ա. Թորոսյանը ուրույն ոճ ունեցող ռեժիսյոր է, նրա առանձնահատկություններն են՝ դրամատիկ երկը կենդանի մանրամասներով, կենցաղային շտրիխներով հարստացնելը, չվախենալ հոգեբանական պաուզաներից, համր տեսարաններից՝ այսինքն անել այն ամենը, ինչ ներկայացման մեջ կարող է ստեղծեիլ կենդանի կյանքի մթնոլորտը, ոգին։

Ահա թե ինչու Ա. Թորոսյանի երկու ներկայացումներն էլ գրական երկը սոսկական կերպով բեմականի վերածելու մեխանիկական պրոցեսի արդյունք չեն, այլ ռեժիսյորի՝ կյանքի տվյալ հատվածի ի՛ր, սեփական տեսողության արտահայտությանը։ Իսկ այդ տեսողությունը վառ է, թարմ, հյութեղ։ Թորոսյանի ստեղծագործական առանձնահատկության հիմնական հատկանիշը աշխույժ, հարուստ երևակայությունն է։

Եվ այնուամենայնիվ այս բոլոր անվիճելիորեն ընդունելի արժանիքներն ինքնըստինքյան դեռ չեն կարող ապահովել իսկական ստեղծագործական հաջողություններ, եթե նրանք հագեցած չեն չափի զգացումով, և գրական երկի միասնական, ճշմարիտ գաղափարական ըմբռնումով։ Երբ Թորոսյանը ճշտգրիտ ու հստակ կերպով չի որոշել, թե հանուն ինչի՞ է նա բեմական մարմնավորման ենթարկում տվյալ երկը, ի՞նչ հիմնական գաղափար է հասցնելու իր հանդիսականին՝ ապա նա պարտություն է կրում, ինչպես «Նամուս» ներկայացումն է։

Երբ գտնված է բեմադրության համար որոշիչ, թեկուզ և ոչ խոշոր, թեկուզ և ոչ շատ խոր, բայց դրամատիկական երկից բխող իդեան և ըստ այդ ներկայացման յուրաքանչյուր դերակատարում, յուրաքանչյուր էպիզոդ հպատակեցված է այդ գերխնդրին, ապա ռեժիսյորին սպասում են արժանավայել հաղթանակներ, ինչպես օրինակ «Երկու տիրոջ ծառան» բեմադրելիս։

«Նամուսը» բեմադրելիս Ա. Թորոսյանը կատարել է որոշ հատվածների փոփոխություն (առաջին պատկերի ներմուծումը երկրորդի մեջ), որոնք նպատակ ունեն ավելի դինամիկ դարձնել Շիրվանզադեի պիեսը և կամ իլյուստրացիայի ենթարկելու բեմադրողի որոշ թեզերը (Սուսանի երազը)։ Նման կոմպոզիցիոն տեղաշարժերը թերևս առարկության տեղիք չէին տա, եթե բեմադրության հիմնական թեման դարձած լիներ այն, ինչ ամփոփված է դրամայում երկու երիտասարդների սիրո բախումը նահապետականության հասկացողություններին և նրանց կործանումը։

Ներկայացման մեջ գրեթե բացակայում է այն անհուն սերը, որը պետք է հակադրվի նամուսի հասկացողություններին։ Դրա պատճառը մի կողմից Սուսանի անարտահայտիչ կատարումն է Ավետիսյան-Մանվելյանի կողմից։ Մյուս կողմից Սեյրանի կերպարի մեջ ռեժիսյորն ու դերակատար Խ. Նազարեթյանը ընդգծել են նրա ըմբոստ ոգին, նրա «գլխից ձեռք քաշած լինելը», բայց ոչ ամենևին նրա անսահման, խոր սերը դեպի Սուսանը։ Սիրային, լիրիկական կտորները թե՛ ռեժիսյորական մատուցման և թե՛ դերասանական կատարման տեսակետից ներկայացման ամենադժգույն, չհիշվող հատվածներն են։

Թույլ է մարմնավորված նաև «Նամուսի» թեման։ Այսպես, օրինակ, Բարխուդարը ներկայացման մեջ մեկնաբանված է ոչ իբրև այդ դաժան հասկացողությունների կրողը, այլ միայն նրա զոհը։ Բարխուդար-Սարգսյանը առավել չափով պետք է ցույց տա նահապետական հասկացողությունների պաշտպանության նրա ակտիվությունը։

Այս բոլորի փոխարեն ներկայացման մեջ խոշոր տեղ են գրավել կենցաղային, նկարագրական տեսարանները։

Հարսանիքի պատկերում բեմադրողն ստեղծել է հյուրերի մի շարք կոլորիտ տիպեր, որոնց, սակայն, այնքան բեմական ժամանակ է ընծայել, որ այդ գործողությունը Սուսանի և Սեյրանի դրամայի օղակներից մեկը լինելուց
վեր է ածվել զավեշտական դետալներով հարուստ, երբեմն պարզապես
կատակերգական գործողությունների շարանի։ Անհարկի ձգձգված է նաև Սուսանի սպանության տեսարանը։

Ներկայացման մեջ կան և հաջողված, զուսպ կտորներ (Դաղստանի պատկերը), ինչպես և առանձին հաջող դերակատարումներ (Մարիամ–Թադևոսյան), սակայն «Նամուսի» բեմադրությունը չի կարելի թատրոնի ակտիվում գրանցել։

«Երկու տիրոջ ծառան» կոմեդիայի համար այնքան կենսական աշխույժ ռիթմը ճիշտ է գտնված Ա. Թորոսյանի կողմից։ Բեմահարթակի դինամիկ պլանիրովկան, ավանսցենի հմուտ օգտագործումը հնարավորություն են ստեղծել ապահովելու գործողությունների սահուն ընթացքը, բազմազան, իրար չկրկնող միզանսցենիրովկան։ Ռեժիսյորի համագործակցությունը նկարիչ Ս. Հովհաննիսյանի հետ առանձնապես լավ արդյունք է տվել վենետիկյան փողոցի տեսարանում (հյուրանոցի դռան առջև), որի հետնավարագույրը, ինչպես և բեմի հայելին շրջանակող պաստառը, ստեղծում են Կ. Գոլդոնիի կոմեդիայի ոգուն հարազատ, կենսուրախ տրամադրություն։

Ոճի միասնությունը հիմնականում պահպանված է դերակատարումների մեջ։ Կոմիկական վառ կերպարներ են դոկտոր-Փանոսյանը, Սիլվիո-Նազարեթյանը, Տրուֆալդինո-Թորոսյանը։

Լավ են աշխատել ռեժիսյորն ու դերակատարները նաև տեքստի վրա. Գոլդոնիի հումորը գրեթե անկորուստ հասնում է ունկնդրին և արժանանում է նրա անմիջական ու միահամուռ գնահատականին։

Ահա սրանք են այս երկու ներկայացումների առավելություններն ու թերությունները, և պարզ է, որ թատրոնի առաջընթացը և Թորոսյանի աճն իբրև ռեժիսյորի կապված է «Երկու տիրոջ ծառան» բեմադրության ձեռք բերած նվաճումների ամրապնդման և «Նամուսի» քննադատական վերանայման հետ։

Իհարկե, անհնար է երկու բեմադրությունների հիման վրա սպառիչ խոսք ասել մի ամբողջ թատրոնի, կենդանի օրգանիզմի մասին, սակայն Արտաշատի խմբի մասին վստահ կարելի է ասել. թատրոնի կոլեկտիվը (դիրեկտոր Գ. Ջանոյան) սիրում է իր գործը. խմբի ներսում տիրում է մեծ, համերաշխ ընտանիքի միասնական ոգին։ Ընդհանուրի շահերից ելնելով է, որ դերասանուհին անհրաժեշտության դեպքում չի զլանում մեքենագրուհու պաշտոն կատարել, որ հերթական ռիժիսյորը հանձն է առնում իր բեմադրութան մեջ վերջին դերերից մեկը խաղալ, իսկ գլխավոր ռեժիսյորը փոխարինում է հիվանդացած դերակատարին, հանդիսականի կողմից սիրված ներկայացումը թեկուզ ժամանակավորապես շարքից չհանելու համար։

Այս և նման փաստերը խոսում են խմբի, իր արվեստի, իր անվան նկատմամբ ունեցած իսկական պատրիոտիզմի մասին։ Ահա թե ինչու թատրոնում շատ հաճախ հնչող պահանջը՝ իրենց աշխատանքին մոտենալ բարձր արվեստի խիստ չափանիշներով, առանց զիջողության, առանց միջշրջանային մասշտաբների, չէր հնչում որպես ֆրազ։ Իր սխալները տեսնելու և ընդունելու քաջությունը, ստեղծագործական մշտական պատրաստակամությունը խոսում են Արտաշատի թատրոնի ստեղծագործական կոլեկտիվի կենսունակության, նրա ապագայի մասին։

ԼՈւԻԶԱ Սամվելյան

Նյութի աղբյուրը՝ «Գրական թերթ» 16.03. 1956 թ.

426 հոգի