Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

30.09.2022  02:16

Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի բեմադրությունը

Երբ ցենզուրայի պահանջով Իվան Ֆրանկոն ստիպված էր նոր վերնագիր որոնել իր «Ժանդարմը» դրամայի համար, անշուշտ, պատահական չէր, որ նա կանգ առավ «Գողացված երջանկություն» խորագրի վրա։ Վերնագիրը ոչ միայն ավելի բանաստեղծական է հնչում, այլև, որը շատ ավելի էական է, մեծ ընդհանրացման է հասցնում պիեսի հիմնական գաղափարը, խտացնում է հեղինակի դառն մտորումներն իր ժամանակի մասին։

Գողացված է մարդու երջանկությունը... Ո՞ւմ երջանկությունը, Աննայի՞նը, Միկոլայի՞նը, գո՞ւցե Միխայլոյինը։

Կարելի էր, իհարկե, տարվելով դեպքերի արտաքին ընթացքով, «Գողացված երջանկությունը» դարձնել մի սովորական պատմություն ընտանեկան անհավատարմության մասին, խանդի հողի վրա կնոջն սպանող ամուսնու մասին։ Հեշտ ուղիներով չեն, սակայն, գնացել Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի կոլեկտիվը և ռեժիսյոր Ա. Թորոսյանը։

Դրամայի վերնագիրը հավասարապես վերաբերում է 3 հիմնական հերոսներին էլ. գողացված է թե՛ Միկոլայի, թե՛ Միխայլոյի և թե՛ Աննայի երջանկությունը։ Այսպես են հասկացել արտաշատցիներն այս պիեսը և այդ էլ դարձրել են իրենց բեմադրության լեյտ-մոտիվը։ Այսպիսի ճշմարիտ մոտեցումն է, որ հնարավորություն է տվել թատրոնին պիեսի կերպարներին մոտենալ բազմակողմանիորեն, բացահայտել նրանց «հոգու դիալեկտիկան»։

Այս պիեսի մեկնաբանության իմաստով ամենից ավելի դժվարություններ է ներկայացնում Միխայլոյի կերպարը։ Եթե Ք. Գյուրջյանն ու ռեժիսյոր Ա. Թորոսյանը ելնեին երիտասարդի միայն կատարած գործողություններից՝ առանց խորամուխ լինելու նրա հոգեական ելևէջների ոլորտներում, ապա դժվար չէր լինի ուղղակի մեղադրական դիրք բռնել նրա նկատմամբ, մեկնաբանել նրան որպես Միկոլայի ու Աննայի ընտանեկան խաղաղության խաթարողը։

Դերասանն ու բեմադրողը հենվել են Միխայլոյի ռեպլիկներում արտահայտված երկվության վրա, իր վիճակից զգացած ներքին դժգոհության վրա՝ բացահայտելով, այսպիսով, բնավորության ամբողջ բարդությունը, նրա հոգեբանական երկրորդ պլանը։ Այս առումով Ք. Գյուրջյանի դերակատարման ամենահաջողված կտորները ընկնում են ներկայացման երկրորդ կեսի մեջ, մասնավորապես Միկոլայի բանտից ազատվելուց հետո։ Ստեղծված վիճակից ելք չտեսնելուց առաջացած հուսահատությունը, որն արտաքուստ արտահայտվում է շրջապատի նկատմամբ ունեցած գրգռիչ, արհամարհական, երբեմն հանդուգն վերաբերմունքով-համոզիչ են դարձնում Միխայլո-Գյուրջյանի խոստովանությունը մահվանից առաջ, թե ինքը երբեմն մտորել է ինքնասպանության մասին, սակայն չի համարձակվել իրականացնել այդ մտադրությունը։

Մնում է, որ Ք. Գյուրջյանն իր հերոսի մեջ առկա ներքին տվայտանքները, հոգեբանական ելևէջները պատկերի ավելի վաղ, գուցե ներկայացման հենց սկզբից ևեթ, մասնավորապես Միկոլային բանտարկելու տեսարանում և ապա գյուղական տոնահանդեսի ժամանակ։

Ինչքա՞ն հետաքրքիր նյութ է տալիս հոգեբանական խաղի համար առաջին կտորը։ Միխայլոն տեսնում է, որ Միկոլայի արյունոտ կացինն ու զգեստը, ինչպես և նրա ուշ ժամին անտառից միայնակ վերադառնալը կարող են իբր անվիճելի փաստեր
ծառայել իր ձեռքին՝ սիրած կնոջ ամուսնուն ասպարեզից վերացնելու համար։ Կարծես բախտն ինքն է նրան
օգնում։ Բայց Ֆրանկոն Միխայլոյին ներկայացրել է որպես ազնիվ մարդ։ Հակասական զգացումների որպիսի հարուստ գամմա կարող է այստեղ պատկերել դերասանը՝ և՛ ախոյանին մեջտեղից վերացնելու հեռանկարից առաջացած ուրախությունը, և՛ անմեղ մարդուն պարսավելու խղճի խայթը (որովհետև հոգու խորքում Միխայլոն չի կարող հավատալ, որ Միկոլան մարդասպան դառնալու ընդունակ է), և՛ Աննայի հետ մենակ մնալու ներկայացած հազվագյուտ առիթը կորցնելու ափսոսանքը, և՛ իր ոստիկանական պարտականությունները ճշտորեն կատարելու գիաակցությունը։ Բազմերանգ զգացողությունների մի ամրողջ գամմայի հնարավորություններ է թաքցնում իր մեջ նաև գյուղական հանդեսի տեսարանը։ Սրանք այն կտորներն են, որոնց վրա դեռևս պեսւք է աշխատեն ռեժիսյորն ու դերասանները։

Մենք ասացինք դերասաններ, որովհետև այս կտորները ամենահետաքրքիրն ու հարուստն են նաև Աննայի դերակատարուհի Կ. Ավետիսյան – Մանվելյանի համար։ Դերասանուհին ու բեմադրողն առայժմ Աննայի կերպարի գլխավոր հատկանիշը դարձրել են իրեն դժբախտ զգալը։ Անկասկած Աննան երջանիկ չէր Միկոլայի հետ, սակայն մինչև իր սիրածի կենդանի լինելու մասին իմանալը, դա իր վիճակի հետ համակերպված կին է։ Սկզբից ևեթ դժբախտության կնիքը ճակատին շրջող Աննա-Ավետիսյան– Մանվելյանի կերպարը դատապարտվածի տեսք ունի, և դերասանուհին դրանով իրեն զրկում է կերպարի աճը ցույց տալուց, բազմերանգ լինելուց իր արտահայտչական միջոցների մեջ։ Անհրաժեշտ է անպայման ցույց տալ նաև, որ Միխայլոյին գտնելուց հետո Աննան վերապրում է երջանկության պահեր, այլապես ի՞նչը պետք է մեզ համոզի, որ Աննային հենց պակասում է Միխայլոն՝ նրա սերը երջանիկ լինելու համար։ Ռեժիսյորն ու դերասանուհին պետք է անպայման վառ կերպով պատկերեն այն հնարավոր երջանկությունը, որից ահա այժմ զրկված են  պիեսի եքկու գլխավոր հերոսները։

Բեմադրության ամենախոշոր նվաճումը Միկոլայի հիանալի բեմական կերպարն է կատարված Վ. Փանոոսյանի կողմից։ Դերասանը խորապես վերապրում է իր հերոսի տվայտանքները՝ սկզբում նրան տանջում է այն, որ Աննան անտարբեր է իրեն, բայց այդ նրա մեջ ոչ թե չարություն, այլ խորը մարդկային կարեկցանք է հարուցում դեպի կինը։ Այնուհետև, երբ Միկոլա-Փանոյանը համոզվում է, որ կինն այլևս չի էլ ջանում ծածկել իր զգացումները դեպի Միխայլոն՝ սուր, անտանելի տանջանք ենք կարդում նքա աչքերի մեջ։

Վերջապես, արտիստը վարպետությամբ պատկերում է կերպարի աճը՝ սկզբում խեղճ ու կրակ մարդուց ներկայացման վերջին Միկոլա-Փանոյանը վեր է հանում իր ինքնասիրության ոտնահարումը գիտակցող և դրա դեմ ըմբոստացող անձնավորության։

Միկոլայի դերակատարումը և՛ թատրոնի, և՛ իրեն՝ դերասանի անուրանալի հաղթանակն է։

Թատրոնի սուղ միջոցներով բեմադրողը կարողացել է պատկերել այն միջավայրը, ուր տեղի է ունենում այս հոգեբանական դրաման։ Նկարիչ Ս. Հովհաննիսյանի հետ մեկտեղ կատարած աշխատանքում նկատվում է խնամոտ վերաբերմունքը Արևմտյան Ուկրաինայի կենցաղի ճշմարիտ վերարտադրման ուղղությամբ։

Նկարիչին, մասնավորապես, հաջողվել են ինտերյերները։

Այն երկրորդական կերպարները, որոնք մարմնավորում են ուկրաինական գյուղը՝ թատրոնի կողմից չեն անտեսվել։ Ընդհակառակը, բեմադրողը ջանացել է մասսայական տեսարաններին տալ կենդանություն, իրական կյանքի ռիթմ։ Եվ այդ նրան մեծ մասամբ հաջողվել է։ Հիշվում են ներկայացման մեջ դերասանուհիներ Մ. Կարապետյանի և, մանավանդ, Ա. Սիմոնյանի ստեղծած բամբասասեր գեղջկուհիների կոլորիտ – կերպարները։

Ուրիշ շատ արժանիքներ ունի արտաշատցիների այս բեմադրությունը։ Ուրախալի է, որ ուկրաինական կլասիկի այս դժվարին երկը իր հաճելի մարմնավորումն է գտել հայկական ոչ խոշոր թատրոններից մեկի բեմում։ Գովելի է հատկապես այն, որ ներկայացման մեջ որոշակիորեն երևում է ռեժիսյորական միտքը, այն հետևողականորեն հանդիսականին հասցնելու համար շատ բան է արված կոլեկտիվի կողմից։ Մարդը, բնության հրաշքը, բոլոր արարածների փառքն ու պսակը, ստեղծված է երջանկության համար, սակայն սեփականատիրական աշխարհում մարդը կողոպտված է ոչ միայն նյութապես, նրանից խլված է նաև երջանիկ լինելու բնական իրավունքը. այս միտքն է կամեցել ասել մարդկանց Իվան Ֆրանկոն և այս միտքն էլ կրում է Արտաշատի թատրոնի բեմադրությունը։ Սա էլ հենց թատրոնի կատարած աշխատանքի ամենամեծ գնահատականն է։

ԼՈւԻԶԱ Սամվելյան

Նյութի աղբյուրը՝ «Կոլտնտեսային կյանք» Արտաշատ, 21.08.1957 թ.

387 հոգի