Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

30.09.2022  01:41

Ուսումնական տարին սկսվելուն դեռ շատ ժամանակ կա, սակայն մանկավարժական բուհը նոր ավարտած և նշանակում ստացած Անյա Բերյոզկոն չի ուզում հանգիստ տանը նստել, նա շտապում է ժամ առաջ լինել իր ապագա աշխատավայրում, ծանոթանալ մարդկանց, գործերի հետ։ Անյան չի էլ նկատում, թե իր անժամանակ մեկնումն ինչպես է ընկալում իր մանկության ընկեր Կոստյան։ Տղան վաղուց և ջերմորեն սիրում է Անյային, իսկ աղջիկը չի տեսնում ոչ նրա սերը, ոչ էլ հազվագյուտ մարդկային արժանիքները։ Նա երազում է այն արտասովոր մարդու մասին, որին հանդիպելով և հասկանալով կընտրի նրան կյանքի ընկեր։

Եվ Անյան իր նշանակման վայրում է՝ հեռավոր սիբիրյան մի գյուղում։ Դեռ երեք օր չի անցել, որ նա իր վկայաթղթերը ներկայացրել է դպրոցի դիրեկտոր Սերգեյ Տերյաևին, հազիվ թե ծանոթ է նրա ընտանիքին, բայց ընդունում է նրա սիրո առաջարկը, որպեսզի մեկ ամիս հետո դառնա նրա կինը։

Այդ ի՞նչ արտառոց արժանրքների տեր էր Սերգեյը, որ այդպես կայծակի արագությամբ գրավեց Անյայի սիրտը, ի՞նչը նրան համոզեց, թե հենց նա է իր իղձերի հերոսը։ Այդ մասին մեզ ոչինչ չի ասում ո՛չ Անյան, ո՛չ էլ հեղինակը։ Միայն հանդիսականը վկա է լինում, թե ինչպես աղջիկը հաստատամտորեն պաշտպանում է իր ընտրյալին, երբ հարազատները իրավացիորեն բացասական վերաբերմունք են հանդես բերում դեպի այդ հապճեպ ամուսնությունն առհասարակ և իրենց փեսան մասնավորապես։

Թերություննե՞ր ունի, այո՞... իսկ ո՞վ չունի խնդրում եմ մի կանգնեք իմ և Սերգեյի միջև։ Անօգուտ է... Ես առանց նրան ապրել չեմ կարող։

Այսպես է մեզ ներկայացնում իր հերոսուհուն «Անյա Բերյոզկոյի սերը» պիեսի առաջին 4 պատկերներում դրամատուրգ Վ. Պիստոլենկոն։ Հանդիսականը հետաքրքրությամբ սպասում է, թե ինչպես է դասավորվելու ռոմանտիկական հովերով տարված, հապճեպ որոշումներ ընդունող ու չմտածված գործեր ձեռնարկող աղջկա կյանքը։

Եվ ահա, հաջորդ 5-րդ պատկերում Անյան հանդես է գալիս իբրև լուրջ, սկզբունքային մեծ ուժի տեր կին, որը չի վախենում ընդհարվել շրջանի ղեկավար աշխատողի հետ, անհաշտ վերաբերմունք ունի ամուսնու, թերությունների նկատմամբ, իր գործը, ճշմարտությունը բարձր է դասում իր զգացմունքներից, իր ընտանեկան երջանկությունից։ Նրան չի կանգնեցնում իր մանկանն առանց հայր թողնելու  հեռանկարը, և նա թողնում է անարժան ամուսնուն։

Որտե՞ղ է Անյայի կերպարի նման փոփոխության գաղտնիքը, ինչպե՞ս է, որ Անյա Բերյոզկոյի անունով Վ. Պիստոլենկոն մեզ ներկայացնում է երկու միանգամայն տարբեր բնավորություններ։

Գուցե հեղինակն ուզեցել է ցույց տալ, -  ենթադրում է հանդիսականը, - թե ինչպես սկզբում կյանքին ու մարդկանց թեթևությամբ նայող, հայրիկի ու մայրիկի թևի տակ մեծացած Անյան մուտք գործելով ինքնուրույն կյանք, հանդիպելով իսկական դժվարությունների՝ հաղթահարում է իր բնավորության թուլությունները, ուժ է գտնում գնալու ուղիղ, թեև դժվար ճանապարհով և աստիճանաբար կոփվում է, դառնում իսկական մարդ։ Գուցե ա՞յս է եղել հեղինակի մտահղացումը, սակայն դրամատուրգիական վարպետության պակասը թույլ չի տվել Վ. Պիստոլենկոյին իրացնելու իր ճշմարիտ լավ միտքը և պիեսի գործողությունների ընթացքում պատկերել Անյայի բնավորության այս որակական փոփոխությունները։

Պիեսի սկզբում ցուցաբերած Անյայի վարքագիծը հետագայում չի իմաստավորվում ու չի գնահատվում իբրև սխալ ոչ իրեն, աղջկա կողմից, ոչ էլ պիեսի ամենադրական գործող անձանց կողմից։ Բոլորն անխտիր, միահամուռ կերպով ծածուկ ու գաղտնի կարեկցում են Անյային և ամեն ինչում մեղադրում են պոռոտախոս ու կարիերիստ ամուսնուն։ Կասկածից վեր է, որ Սերգեյը իրոք փառամոլ, ստորաքարշ, մանրախնդիր մարդ է (այլ հարց է, թե այդ բոլորը գեղարվեստական համոզիչ մարմնավորում չի ստացել պիեսում)։ Սակայն մի՞թե անվիճելի ճշմարտություն չէ և այն, որ Անյայի՝ առաջին գործողությունների արարքները խոսում են ոչ նրա բնավորության օգտին, որ լուրջ սխալ էր նրա ամուսնությունը գրեթե անծանոթ երիտասարդի հետ, ծնողների բարեկամական խորհուրդն արհամարելը, իսկական մարդու նվիրական զգացմունքներն անտեսելը։

Սխալվել կարող են բոլորը և ամենից ավելի կենսափորձ չկուտակած երիտասարդ աղջիկները. խնդիրը այդ սխալի նկատմամբ ունեցած վերաբերմունքն է, այդ սխալը գիտակցելը և նրանից իր հետագա կյանքի համար դաս առնելն է։ Իսկ Պիստոլենկոն ջանում է իր հանդիսականին համոզել, որ Անյայի սիրո կրախը, նրա ամուսնության բոլոր տխուր հետևանքները միայն ու միայն Սերգեյի մեղքն է։ Չպատկերելով և չընդգծելով Անյայի առաջին սիրո լուրջ պատմության պայմանավորվածությունը աղջկա բնավորության թերություններով՝ դրամատուրգը ոչ միայն մեղանչել է կյանքի իրականության օրենքների դեմ, այլև զրկել է Անյա Բերյոզկոյի սիրո պատմությունը բարոյա-դաստիարակչական նշանակությունից։ Անյա Բերյոզկոյի սխալի և այդ սխալի հաղթահարման մասին պետք է պատմեր Պիստոլենկոն, եթե ուզում էր օգտակար լինել այլ հազարավոր Անյաների և նրանց ընկեր-ընկերուհիներին։ Մինչդեռ հիմա, Անյայի կյանքի հեղինակային մեկնաբանությամբ այս անհաջող սիրո պատմությունը հանգում է զուտ պատահականության։

«Անյա Բերյոզկոյի սերը» բեմադրությունն ընդունած Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի կոլեկտիվի համար անշուշտ գաղտնիք չէին Պիստոլենկոյի պիեսի արատները՝ կենտրոնական բնավորության կառուցվածքի խախուտությունը, մյուսների սխեմատիզմը։ Այդ մասին բավականաչափ գրված է նաև սովետական մամուլում։

Եվ եթե հակառակ դրան կոլեկտիվը Բ. Ֆիլիպովի գլխավորությամբ համառել է պիեսը հանդիսականին ներկայացնելու իր որոշման մեջ, ապա, պետք է ենթադրել, նրան առաջնորդել է մեր հանդիսականին այսօր առանձնապես հետաքրքրող ընտանիքի, սիրո հարցերին արձագանքելու նպատակը։

Բարի նպատակը պարտավորեցնում էր ռեժիսյորին ու դերասաններին, որ ելնելով իրենց կենսափորձից, կյանքում կատարած դիտողությունների պաշարից լրացնեին Պիստոլենկոյին, որտեղ նա մնացել էր երևույթների մակերեսին, արյուն ու ավիշ ներարկեին այն կերպարներին, որոնց նա երկրաչափական հաշվառումներով էր կերտել։

Ամենից ավելի ակտիվ ստեղծագործական աշխատանք պահանջում էր Անյայի կերպարը։

Առանց ակտիվ վերաբերմունք ունենալու դեպի դրական երկը, ռեժիսյոր Բ. Ֆիլիպովը և Անյայի դերակատարուհի Ն. Եգորովան անքննադատորեն հետևել են հեղինակի անհետևողականություններին։ Պիեսի 4 գործողությունների ժամանակ երկու տարվա կյանք է ապրում Անյան, և այն էլ կյանքի շրջադարձային մի հատված, իսկ դերասանուհի Եգորովան և ռեժիսյորը հարկ չեն համարել Անյայի՝ նույնիսկ արտաքինը, գոնե սանրվածքը փոխել։

Երբ Անյայի մանկության ընկեր Կոստյան, հանդիպելով նրան ամուսնանալուց և մայր դառնալուց հետո, ցավով նկատում է, որ նա շատ է փոխվել, հանդիսականին մնում է տղային մեղադրել չարամտության մեջ, այնքան պայծառ ու վճիտ է դերասանուհու արտաքինը։

Սերգեյը մեկը մյուսի հետևից անարժան արարքներ է կատարում։ Եգորովա– Անյան դրանց արձագանքում է այնպես, ինչպես իր պրոֆեսիան չսիրող ուսուցչուհին անպիտան աշակերտի անկարգություններին՝ ավելի շատ վերապրելով անախորժության զգացում։ Եվ այդ տրամադրությամբ, անտարբերության հասնող ներքին հոգնածությամբ էլ մեկ անգամ ևս ներում է ամուսնուն, երբ սա ձևանում է գիտակցել իր հերթական սխալը։ Անյան չէր կարող չապրել նաև իրավացի ինքնադատափետում, տեսնելով, որ իր ընտրության նկատմամբ եղած կասկածանքները այդպես չարաբաստիկ կերպով իրականանում են։ Սեփական սխալի դառն գիտակցությունը (որը պարտադիր է Անյայի համար, եթե հավատանք Պիստոլենկոյի հանձնարարականներին) և դրանից բխող հոգեկան տվայտանքների խորացումը դերասանուհու բեմական վարքագծի հիմնական թեման պետք է լինեին։

Այս ամենը չկա Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմի վրա և դրա համար էլ ներկայացման 5-րդ ու 6-րդ պատկերները, որոնք կարող էին դրամատիկ ուժեղ կտորներ դառնալ, անցնում են հազիվ դիպչելով հանդիսականի զգացմունքներին։ Իսկ Անյայի ամուսնուց հեռանալու որոշումը Եգորովայի կատարմամբ բոլորովին էլ չի ընդունվում որպես կնոջ ներքին դրամատիկ կացության բարձրակետն ու անխուսափելի լուծումը։

Երբ հանդիսականը հետևում է դերասանուհի Օ. Լաբունսկայայի սատիրական թանձր գույներով նկարագրած Նադեժդա Մարկովնային՝ նրան մնամ է միայն զարմանալ Անյայի բացարձակ կուրության վրա։ Լաբունսկայա-Նադեժդայի կեղծ ժպիտները, անբնական ինտոնացիաները, աննկարագրելի քայլվածքն ու չափազանցված դիմախաղը ծիծաղելի են դարձնում Անյայի հայտնած հիացական կարծիքը Սերգեյի մոր և ընտանիքի մասին։ Ճիշտ է, դրամատուրգը նյութ չի տալիս, սակայն Յա. Ցիցինովսկին կարող էր և պետք է աշխատեր ներկայացման սկզբում Սերգեյի կերպարի մեջ ներմուծել այնպիսի համակրելի գծեր, որոնք գեթ մասամբ հասկանալի դարձնեին Անյայի հրապուրվելը։ Դերակատարման երկրորդ կեսում արտիստը համոզիչ է Սերգեյի բացասական կողմերը վեր հանելիս։

Պիեսի մյուս կերպարները սյուժեի մեջ օրգանապես միահյուսված չեն և վճռական դեր չունեն՝ Անյայի սկզբունքայնությունը կամ Սերգեյի անսկզբունքայնաթյունը բացահայտելու համար (Օլգա, Զոյա, Պետրովա) մի քանիսն էլ պարզապես ոչ մի առնչություն չունեն բուն նյութի հետ (Վիտալի Մարկովիչ, Գալյա)։ Առավել դժվար է պրետենզիաներ ներկայացնել դրանց դերակատարներին։

Ոչ մի ներկայացում չի կարող փրկել անհաջող պիեսը, դա կասկածից դուրս է, սակայն ստեղծագործական ակտիվ վերաբերմունքի դեպքում «Անյա Բերյոզկոյի սերը» կարող էր Ստանիսլավսկու անվան թատրոնի ընտրությունը գեթ մասամբ արդարացնել  հանդիսականի առաջ։

ԼՈւԻԶԱ Սամվելյան

Նյութի աղբյուրը՝ «Գրական թերթ», 22.07.1956 թ

382 հոգի