29.09.2022 22:22
«Մեզնից վաղուց հեռացածի մասին գրելու համար՝ գրել կարողանալը հերիք չէ, այլ պետք է կարենալ զգալ նրան այդ հեռուներից: Եվ որպեսզի սիրտը խոսի նրա մասին, պետք է կարողանալ սիրել նրան անցնող ժամանակի բոլոր տարածություններից»:[1]
Վ.Փափազյան
19-րդ դարավեջին իր դերասանական գործունեությունը սկսած Սաթենիկ Ադամյանի կյանքն ու ստեղծագործական ուղին պատմության հետազոտողներից շատերի ուշադրությունն է գրավել: Նրա մասին հիացմունքով և ջերմությամբ են հիշել իր խաղընկերները, ընկերներն ու հարազատները: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվող անվանի թատերական գործիչների և հենց իր` դերասանուհու անձնական ֆոնդում պահվում են հետաքրքիր և կարևոր հուշագրություններ, որոնք հնարավորություն են տալիս կառուցել այս անվանի թատերական գործչի անձնական կյանքի, հասարակական և ստեղծագործական գործունեության ուրվագիծը:
[1]«Սովետական արվեստ», 1966թ. N 8:
Սաթենիկ Ադամյանը ծնվել է 1875 թվականի սեպտեմբերի 17-ին Թիֆլիսում: Ապագա դերասանուհու կրթության և թատրոնի հադեպ սերն ու հետաքրքրությունը զգալիորեն պայմանավորված էին հայրական տանը հաճախ կազմակրեպվող համերգներով և թատերական ներկայացումներով: Ադամյանների ընտանիքն ուներ թատրոն հաճախելու պարտադիր ավանդույթ: Արտեմ Ադամյանը՝ Սաթենիկի հայրը, նախօրոք պատվիրում էր օթյակ, ամբող ընտանիքով գնում էին թատրոն: Դրա շնորհիվ էլ Սաթենիկն առաջին անգամ տեսավ Պետրոս Ադամյանին Շիլլերի «Ավազակներ» և Վ.Շեքսպիրի «Համլետ» ներկայացումներում: Դերասանուհու թատրոնի հետ կապվելու վերաբերյալ թատրոնի պատմության հետազոտողների աշխատություններում հիշատակվում է մի հետաքրքիր դրվագ, որն էլ ըստ երևույթին պատճառ էր հանդիսացել հետագա դերասանական գործունեություն ծավալեու համար:
Պատմությունն հետևյալն է: Մի խումբ ոստիկաններ Բաթումի հայկական եկեղեցու գավթում ծվարած աղքատ ընտանիքին փորձում էին հեռացնել եկեղեցու տարածքից: Օրիորդ Սաթենիկը, տեսնելով դա, չի կարողանում անտարբեր մնալ: Մոտենալով այդ թշվառներին հալածող ոստիկանապետին՝ ինչ-որ բան է շշնջում նրա ականջին, որից հետո վերջինս ակնածանքով խոնարհվում է և հրամայում՝ հանգիստ թողնել նրանց:[2] Նման արարքը մեծ ոգևորություն է առաջացնում Բաթումի հայերի շրջանում: Սաթենիկը դառնում է բոլորի հետաքրքրությունների և խոսակցությունների նյութը: Երիտասարդ թատերասերներն օրիորդին հրավիրում են իրենց միջոցներով հիմնած «Երկաթե» բանվորական թատրոն, որտեղ պատրաստվում էին բեմադրել Ի. Պոտապենկոյի «Հոգով աղքատները» պիեսը: Ծանոթանալով պիեսի արդեն թարգմանված տարբերակին՝ օրիորդ Ադամյանն առաջարկում է կրկին թարգմանել և հանձն առնում այդ պատասխանատու գործը:
[2] Ղարիբյան Գ., Էջեր Բաթումի հայ թատրոնի պատմությունից, Հայպետհրատ, Եր., 1961թ., էջ 43-44:
Դերասանուհու մասին իրենց հուշերում շատերն են ընդգծում նրա հայոց լեզվի հանդեպ մեծ սիրո և նվիրումի փաստը: Բաքվի ռուսական թարոնի դերասանուհի Եկատերինա Ջալավյանը իր հիշողություններում նկարագրելով Սաթենիկին, որպես «բացառիկ հմայքի և մեծ կուլտուրայի դերասանուհի»[3] ակնածանքով հիշում է, թե ինչպես էր նա իրեն ստիպում միայն հայերեն խոսել. «Ես լավ չէի տիրապետում հայոց լեզվին, բայց նրա ազդեցությամբ աշխատում էի խոսել գրական հայերենով և նրա օգնությամբ սովորեցի կարդալ և գրել հայերեն»:[4]
[3] ԳԱԹ, Սաթենիկ Ադամյանի ֆոնդ, թիվ 9:
[4] Նույն տեղում
Ավարտելով Ն.Պոտյոխինի պիեսի թարգմանությունը և ներկայացնելով թատերախմբին առաջարկ է ստանում խաղալու Նադեժդա Կոնդորովայի գլխավոր դերը: Դերասանուհու առաջին իսկ դերակատարումից սկսած թե քննադատները, թե սիրող թատերախոսները ընդգծել են նրա արժանիքները, նկատել ձայնի, ժեստերի և խաղի բնատուր օժտվածությունը. «Կոնդորովայի դժուար ու պատասխանատու դերը կատարում էր օր. Ս. Ադամյանը: Չնայած, որ օրիորդը առաջին անգամն էր մասնակցում մեր թատերասերների ներկայացմանը, - բայց տեսնողը կարծում է, թե իր առաջ կանգնած է մի փորձված դերասանուհի և ոչ մի համեստ սիրող»,- Բաթումից ուղարկված իր նամակում գրում է Մշակի թատերախոսը:[5]
[5] «Մշակ», 1897թ., N142, 4 դեկտեմբերի, էջ 2:
Սաթենիկ Ադամյանի կենսագրության վերաբերյալ առկա փաստական նյութերում ամենայն ակնածանքով ընդգծված է նրա ակտիվ հասարակական գործունեության փաստը, որը հասկանալի և հաստատուն իրողություն է դառնում նրա ընտանիքում ընդունված ավանդույթներին ծանոթանալիս: Դերասանուհիու հայրական տանը հաճախ կազմակերպվող բարեգործական ներկայացումներից ստացված հասույթը օգտագործվել է հասարակական որևէ խնդրի լուծման գործին: Այդ միջոցառումները կամզակերպում և իրականացվում էր Սաթենիկի ավագ քրոջ՝ Թամարա Ադամյանի նախաձեռնությամբ: Թամարան Թիֆլիսում և Պետերբուրգում հայտնի հասարակական- քաղաքական գործիչ էր, հեղափոխական առաջադեմ հայացքների կրողը: Կենսագրական այս փաստը բացահայտված չէ Սաթենիկ Ադամյանի արվեստի հետազոտողների կողմից: Սրա մասին մանրամասն ու ճշգրիտ հիշատակություն է թողել նրա քրոջ աղջիկը՝ Եկատերինա Քալանթարը, որի ինչպես ձեռագիր այնպես էլ մեքենագիր տարբերակը պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում՝ Սաթենիկ Ադամյանի ֆոնդում. «Թամարան և նրա զարմիկը՝ Ալեքսանը տարված էին հեղափոխական հայացքներով, կարդում էին ագելված գականություն, ընկերություն էն անում Թիֆլիսի հայտնի հեղափոխականների հետ: Երբ Թամարան մահանում է, նրա թաղմանը մասնակցում էր Թիֆլիսի ողջ առաջադեմ հասարակությունը»:[6]
[6] ԳԱԹ, Սաթենիկ Ադամյանի ֆոնդ, թիվ 16:
Վերը նշվածի ապացույցն է նրա գործունեությունը Նոր–Նախջևանի նորակազմ թատրոնում: 1905 թ-ին գլխավորելով Նոր–Նախիջևանի նորաստեղծ հայկական թատրոնի վերակազմավորման աշխատանքները՝ Սաթենիկ Ադամյանը փորձում է իրականացնել բարեփոխման իր ծրագրերը: Այն է՝ ստեղծել մշտական թատերախումբ. «Իմ իդեալն էր, եթե առաջին տարվա փորձը, որից ամեն ինչ է կախված, լավ անցնի, տարիներ շարունակ վերցնել թատրոնը և դարձնել մի այնպիսի լուրջ բեմ, ուր նախ և առաջ երևան գան՝ աշխատանքը, սերը դեպի գործը և դրանով կարելի լինի բարձրացնել այդ հաստատությունն այն սրտամաշ ոչնչությունից, որ գտնվում է առայժմ, դժբախտաբար հայ թատրոնական գործը: Այս գեղեցիկ ծրագրով դիմեց ինձ Նոր- Նախիջևանի Դրամատիկական ընկերության նախագահ պ. Գևորգ Չուբարը՝ հրավիրելով ինձ 1905-1906 սեզոնի Նոր-Նախիջևանի նորակազմ խմբին մասնակցելու: «Աշխատանք, սեր դեպի գործը»՝ այդ է եղել միշտ և´ իմ դևիզը, և ես լի հույսերով ու լի նոր երազանքներով՝ ուղևորվեցի դեպի Նոր-Նախիջևան՝ հուսալով գտնել այնտեղ այն, ինչ չէի գտնում մեր հայ բեմի վրա մինչև այժմ: Մնում է միայն ձեռք ձեռքի տված գործել սիրելի ասպարեզում»- գրում է դերասանուհին իր «Երկու սեզոն Նոր-Նախիջևանում» հոդվածում:[7]
[7] «Հուշարար» 1907թ., N1, Սաթ.Ադամյան, Երկու սեզոն Նոր-Նախիջևանում:
Հաջորդ թատերաշրջանին կրկին նա Նոր-Նախիջևանի թատրոնում էր: Այս անգամ Գևորգ Պետրոսյանի հետ, ով հանդես էր գալու որպես ռեժիսոր և կազմակերպիչ: Նրանք ունեին ընդհանուր պատկերացում և ծրագիր հայ թատրոնի ապագայի վերաբերյալ: Նրանք երկուսն էլ ոչ միայն բացառիկ դերասաններ էին, այլև ազգային արվեստի առաջընթացի համար պայքարող հասարակական գործիչներ, նորարարներ և բարեփոխիչներ: Սակայն Գ.Պետրոսյանի անժամանակ մահը խանգարում է նրանց ծրագրերի իրականացմանը:
«Պետրոսյանի մահը տակն ու վրա արավ ամբողջ գործը…. Պետրոսյանի մահը մեծ բաց թողեց ոչ միայն այդ սեզոնի վրա, այլ ընդհանրապես հայ բեմի վրա»:[8]
[8] Նույն տեղում:
Նոր-Նախիջևանում դերասանուհին խաղաց շուրջ երեսուն դեր՝ և´ դասական, և´ ժամանակակից դրամատուրգիայից: Քննադատության դրվատանքին արժանացած դերերից են՝ Մարթա («Եվգինե» Ալ.Շիրվանզադե), Մարիկա («Հովհանյան կրակներ» Հ.Զուդերման), Տրիլբի («Տրիլբի» Գ.Գե), Աննա («Գաղտնի ուժ» Ի.Շպաժինսկի), Մարգարիտ («Պատվի համար»Ալ.Շիրվանզադե), Ամներիս («Աիդա» Ջ.Վերդի), Թերեզ («Ժայռ» Վրթ.Փափազյան), Ռոզի («Թիթեռնիկների կռիվը» Հ.Զուդերման), Լարիսա («Անօժիտ» Ա.Օստրովսկի), Ռաուտենդլայն («Ջրասույզ զանգը» Հաուպտման):
Նրա ջանքերի շնորհիվ 1908 թ-ին վերակազմավորվեց Հավլաբարի թատրոնը, որը 1903 թ-ին հիմնել էր հայ բեմի երախտավոր Պողոս Արաքսյանը:
Քանի որ դերասանուհին թատրոնում ամենից շատ կարևորում էր կարգապահությունը՝ Հավլաբարի թատրոնում դերասան, բեմադրիչ Վ.Միրզոյանի և դերասնուհի Զաբելի հետ մշակել էին հատուկ կանոնակարգ՝ հետևյալ բովանդակությամբ.
1. Պիեսն ընտրվում է ողջ խմբի կողմից:
2.Դերաբաշխումը կատարվում է ռեժիսորների կողմից՝ դերասանների մասնակցությամբ:
3. Յուրաքանչյուր դերասան պարտավոր է որևէ պարտականություն ունենալ թատրոնի գործունեությունից՝ հասարակական կարգով:
4. Ընկերությունը ստորաբաժանված է երկու կարգի՝ պրոֆեսիոնալների և սիրողների, սակայն նրանց վարձատրության մեջ չնչին տարբերություն պետք է լինի:
5. Տոմսերի գները պետք է լինեն նվազագույնը՝ 10 կոպեկից, մինչև 50 կոպեկ:
Հավլաբարի վերակառուցված թատրոնում ներկայացումները տրվում էին երեք լեզվով՝ հայերեն, վրացերեն, թուրքերեն: Հանդիսասրահն ուներ շուրջ 400 տեղ: Թատրոնը բացվեց «Կըռթ-կըռթ» վոդևիլով: Այնուհետև խաղացին Շիլլերի «Ավազակները» դրաման, որտեղ դերասանուհին կատարում էր Ամալյայի դերը, Ֆրանց Մորի դերը կատարում էր Արմեն Արմենյանը, «Վանյուշինի զավակները», «Կառապան Հենշելը» և այլն:
20-րդ դարասկզբի հայ բեմի առաջնուհու մասին հիշատակությունները շատ են, որոնց գերակշռող մասը նրա վարպետության մասին պատմող տողեր են պարունակում: Սակայն դրանք առայժմ միայն հուշագրություններն են և սպասում են մասնագիտական գնահատանքի, մանրակրկիտ ու խորը վերլուծության: Թատրոնի պատմությունն ուսումնասիրողի համար մասնագիտական լուրջ պատրաստվածություն և ջանք է պետք վերականգնելու մեկ դար և ավելի հեռավորության մեջ գտնվող անձի կենդանի դիմանկարը: Այնու, որ թատերական արվեստն ի տարբերություն արվեստի մյուս տեսակների, առարկայորեն չի մնում պատմության մեջ, «այն պահին երբ իջնում է վարագույրը, այն անհետանում է »[9] , իրականանում է պահի թելադրանքով, ներկա ժամանակում, սակայն «ներկան, փիլիսոփայական առումով, հանդիպման կետն է անցյալի ու ապառնիի, բեմական առումով՝ ընթացքի առկա պահը»[10], - գրում է պրոֆեսոր Հ.Հովհաննիսյանը, թատրոնը ներկա ժամանակ է, անցյալի ուղղագծով, հայացքը ապագային: Նույն պահին ստեղծված, խաղացված դերը, հնչեցված խոսքն ու ակնարկը, արված ժեստն անցյալ են այլևս, կրկնելն անկարելի: «Պահի տենդով ու թարմությամբ է իրականանում բեմական արվեստը» , - գրում է Պոլ Վալերին, Հ.Հովհաննիսյանը լրացնում է նրան՝ ամենաիրականն այստեղ անձի կենդանի ներկայությունն է:[11]
[9]А.Айхенвальд «Отрицание театра»,М., 1913 г., ст.4, http://teatr-lib.ru/Library/V_sporah/V_sporah/:
[10] Հ.Հովհաննիսյան, Դերասանի արվեստի բնույթը, Ե., 2002թ., էջ 166:
[11] Հ.Հովհաննիսյան, Դերասանի արվեստի բնույթը, Ե., 2002թ., էջ 74:
Չնայած թատերական արվեստի այսրոպեականությանը, պահի մեջ և ներկա ժամանկում իրականացվող ու անվերադարձ անցողիկությանը, հնարավոր է գտնել և վեր հանել ստեղծագործողի գեղագիտական կողմնորոշումներն ու բռնած դիրքը՝ ժամանկի համատեքստում: Այդ աշխատանքն իրականցնելու համար մեզ օգնության են գալիս իր ժամանակակիցների լուրջ և արվեստաբանական տեսանկյունից արժանահավատ փաստերը՝ ճշգրտված և համեմատության մեջ դրված տարբեր աղբյուրների հետ: Նման կարևոր և անքննելի փաստար կարելի է գտնել Վահրամ Փափազյանի հուշերում, ոչ միայն Սաթենիկ Ադամյանի, այլև հայ բեմի բազմաթիվ ականավոր գործիչների մասին: Իսկ Սաթենիկ Ադամյանի վերաբերյալ հայ բեմի վարպետի թողած այս տողերը, նրա խաղընկերը լինելու հետևանքն են (Սաթենիկ Ադամյանը Վահրամ Փափզյանի հետ «Օթելլո» բեմադրության մեջ խաղացել է Դեզդեմոնայի դերը). .«Իմ տեսած բոլոր դերասանուհիներից՝ լինի մեզնում, լինի մեզնից դուրս, ո՞ւմը կկարողանամ նմանեցնել նրա արվեստը, չեմ փորձի ասել, բայց նրա մեջ ես տեսնում էի մի ինչ-որ ցոլք Ժան-Հադինգից, մի սիրազեղ հառաչք Դուզեից, մի զգլխիչ շարժում Սառայից և այս բոլորը այնքան հարազատորեն ձուլված իր անխարդախ հայուհու էության հետ: Սաթենիկը եկավ ու անցավ մեր բեմից որպես կատարյալ եվրոպական մի հայուհի»:[12] Այսպես է բնութագրել Սաթենիկ Ադամյանին հայ բեմի մեծագույն վարպետներից մեկը՝ Վահրամ Փափազյանը և չի սխալվել:
[12] Շեքսպիրական, հ4, Եր., 1974թ., էջ 325:
Իր խառնվածքով հոգեբանական թատրոնի գեղագիտությանը հարող դերասանուհին հետագայում պիտի կերտեր Սեդայի՝ նեոռոմանտիկական արտահայտչաձևերով լուծված կերպարը և ցնցեր թիֆլիսյան խստապահանջ քննադատներին: Սակայն դա մեկ այլ խոսակցության նյութ է՝ արժանի խորը և համապարփակ ուսումնասիրության: