Տիեզերական մասշտաբի հայտնագործություն չենք անի, եթե ասենք, որ թատրոնում հանդիսատեսը ոչ միշտ է գեղագիտական հաճույք՝ էսթետիկական հույզի և գեղարվեստական ապրումի համաձույլը ճաշակում: Էլ ավելի հազվադեպ է լինում, երբ այդ հոգեկան գործընթացը ոչ թե էմոցիա-միտք, այլ բրեխտյան թատրոնին բնորոշ հակառակ՝ հետևողի միտք-էմոցիա ուղեգծով է իր գաղափարահուզական նպատակներն իրացնում: Եվ ահա այդ դեպքերից մեկը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» ստեղծագործության հիման վրա Հակոբ Ղազանչյանի բեմադրած համանուն ներկայացումն էր:
Նրա ամենից մտահարույց բեմադրություններից մեկը, որին անզեն աչքով էլ հետևելիս ակնառու է այն, որ տվյալ թատերական արտադրանքը տևական ու հետևողական աշխատանքի արդյունք է: Դրամատուրգիական նյութի հմուտ խմբագրումով և նշանային նկարագրի, այսինքն՝ սիմվոլիկ-մետաֆորային բաղադրիչների մանրակրկիտ հյուսվածքով ձևավորած բավական հետաքրքրական գաղափարադրույթ: Բնականաբար «Ռևիզորի» դեմիրճյանական էկվիվալենտի կենսական նյութում առկա տգիտություն-վախ-ուժի իմիտացիա-քծնանք արատավոր փակ շրջանի տրամաբանությանը չդավաճանաելով: Սա իր փոխհակասական բնույթով, անխոս, քաղաքական սարկաստիկ ակտուալիզացիա է առթում:
Բայց բեմադրիչ-ռեժիսորի կոնցեպցիոն գրավչությունը հենց այնտեղ էր, որ նա չէր տրվել տվյալ իրողությունը էժանագին հաշվենկատությամբ մասնավորեցնելու գայթակղությանը: Առանձնապես չէր սևեռվել եղելությունը ի դեմս մեկ անձի ակնարկել-ներկայացնելու գաղափարի վրա: Հեռատեսորեն գեղարվեստական ընդհանրացման ուղին էր բռնել՝ իրեն հատուկ ինտելեկտուալ դրամային հարող մեկնաբանությամբ հրամցնելով ընդհանրապես իշխանություն երևույթի մտազգացական կազմաբանությունը: Իսկ այդպես էր վարվել, որպեսզի այս կռվախնձոր քաղաքական կատեգորիայի բարոյահոգեբանական բնութագրի պաստառային վերարտադրության մակարադկում չմնա: Հետագայում իշխանության եկողն էլ գուցե թե փորձի իր բոլոր նախորդների աններելի սխալներին տրվելու տուրք չտալ:
Հետևապես բեմից մատուցվողը դառնում էր այն սակավադեպ ներկայացումներից, որոնց համալիր ըմբռնումն ամենևին մեկ անգամյա դիտման գործ չէ: Միևնույն ժամանակ ուրախացնող էր նաև այն հանգամանքը, որ պարոնյանցիներից Վահագն Մարգարյանի և Սիփան Զադոյանի հետ մեկտեղ Կամերային-երաժշտական թատրոնից «ներգաղթած» դերասանական կազմի որոշ ներկայացուցիչներն էին ուշագրավ բեմական ներկայություն ապահովում: Դիտարժանությամբ նույնիսկ չէին զիջում գլխավոր դերակատար Իշխան Ղարիբյանի արտահայտչականությանը: Միայն թե դեպի աջ կուլիսներ գնալիս Արսեն Ալբարյանը պետք է փոքր ինչ զսպի գրոտեսկային խաղաձևերին զարկ տալու ցանկությունը: Չէ՞ որ չափի զգացումը կյանքի գարշելի դերասանությամբ զբաղվող քաղաքական արարածներից բացի, երբեմն նաև գրոտեսկում «ինքնահաստատվող» դերասաններին է անհրաժեշտ:
11. 09.2022
ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան