Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ՊԵՐՖՈՐՄԱՆՍ

Ֆրանս. Performance - վիզուալ արվեստների թատրոն

Անգլ. Performance - ելույթ, արարք, կատարում, ներկայացում

Գերմ. Performance

Իսպ. Expectdculo

Ռուս. Перформенс

Մարդկային հաղորդակցության ընթացքում առաջացող սոցիալ-հոգեբանական երևույթները, գիտակցության վիճակը և ապրումները (միայնակություն, կարոտ, տագնապայնություն, գերազանցում, սպառնալիքներ, չհասկացվածություն, նոստալգիա և այլն) պատկերող կոնցեպտուալ արվեստի տեսակ: Արվեստի և «հակաարվեստի» սինթեզի միջոցով հանրության առջև արտեֆակտի ստեղծում, որը չի պահանջում մասնագիտական հմտություններ և չի հավակնում ավարտունության։ Հիմնական հատկանիշներից են էպոտաժը և սադրանքայնությունը, որոնք կենտրոնական տեղ է զբաղեցնում ծիսական հաղորդակցման մեջ: Գաղափարահուզական ակունքներում ‹‹հակաարվեստի›› էթիկական ու էսթետիկական կողմոնորոշումներն են, արևմտյան երիտասարդական շարժման հակառացիոնալիստական պաթոսը, հակապատերազմական, հակատեխնապաշտական տրամադրությունները և ձեն- բուդդիստական աշխարհայացքն ու աշխարհազգացողությունը (պատրանքայնությունը, բոլոր կենսական երևույթների հավասարարժեք լինելը, հանկարծահաս պայծառացմամբ վերին ճշմարտության հանգելու հնարավորությունը, խոսքի և տրամաբանության հանդեպ անվստահությունը): Այդպիսով այն դառնում է լինելության ու չգոյության սահմանագծին ինքնագիտակցման ելակետերը հավասարակշռող «ակնթարթի արվեստ»:

Պերֆորմանսի առաջացումը կապված է ավանգարդային գեղանկարչության խնդիրների հետ: Այն է՝ նկարի գեղանկարչական տարածության հաղթահարումը (ստեղծագործության կառուցվածքի կարևորումը ավանգարդային արվեստի հիմնական միտումներից մեկն է)։ Ֆլյուքսուսից (fluxus), հեփենինգից (happening) զատ նաև պերֆորմանսի ձևավորման վրա են ազդել աբստրակտ էքսպրեսիոնիզմը և էքշն նկարչությունը: Պերֆորմանսի մեջ ավելի շատ ընդգծվում է ստեղծման պրոցեսը, քան ստեղծագործության ավարտունությունը։ Պերֆորմերը պարտավոր չէ դեր խաղացող դերասան լինել, փոխարենը նա հերթով դառնում է պատմող, նկարիչ, պարող և այլն։ Նյութն ու արտահայտչամիջոցներն են արտաքին կողմը(աքսեսուարներ, գործողություն), մարմինը, ժեստը, որոնք դրսևորվում են որպես մարդկային հարաբերություններում առկա լարումը հաղթահարելու որոշակի վիճակի նշան: Պերֆորմանսի նախաձևերը կարելի է տեսնել ֆուտուրիստների փողոցային ելութներում(ռուսական ֆուտուրիզմի ներկայացուցիչներից՝ Դավիդ Բուրլյուկը, Ալեքսանդր Ռոդչենկոն և Վարվարա Ստեպանովան), դադաիստների կլոունադաներում(նրանց բանաստեղծական անսովոր կատարումները, որոնք սովորաբար տեղի էին ունենում Կաբարե Վոլտերում, պերֆորմատիվ արվեստի դրսևորումներ են համար): Այդ թվում նաև՝ եվրոպական և հյուսիսամերիկյան պերֆորմանսի պիոներներից Էլզա ֆոն Ֆրեյթագ-Լորինգոֆենի (1874-1927) ստեղծագործական ակտերում (իր ելույթներում նա կասկածի տակ դրեց մշակույթի, կանացիության և ողջախոհության մասին ավանդաբար հաստատված գաղափարները), Բաուհաուզի (գեղարվեստական կրթական հաստատություն 20-րդ դարի Գերմանիայում) ստեղածագործություններում։ 1952 թվականին պերֆորմանս բառով առաջին անգամ բնորոշել են կոմպոզիտոր Ջ Քեյջի «4′33» պիեսը։ Այս համերգի աֆիշի վրա առաջին անգամ նշված էր «պերֆորմանս» և բնութագրում էր տվյալ միջոցառման տեսակը։ Այստեղ երաժիշտները չէին նվագում, և հանդիսատեսը պետք է լսեր միայն շրջակա միջավայրի ձայները։

Թեև արևմտյան մշակութային տեսաբանները պերֆորմանսի պատմությունը տանում են մինչև 20-րդ դարի սկիզբը, երբ ծնվեցին ռուս կոնստրուկտիվիստների, ֆուտուրիստների և դադաիստների ստեղծագործությունները, սակայն որպես արվեստի ուղղություն պերֆորմանսը ձևավորվել է 1960-ական թվականներին: Դրսևորվել է արվեստագետներ ֆրանսիացի նորարար Իվ Քլեյնի, իտալո-ամերիկացի ճարտարապետ Վիտո Ակոնչիի, ավստրիացի նկարիչ Հերման Նիչի, ամերիկացի կոնցեպտուալիստ Քրիս Բուրդենի (1971թ. պերֆորմանսի ընթացքում իր մարմինը կրակոցի թիրախ դարձնելու համար հոգեբուժարանում հայտնված), ավանգարդիստ Յոկո Օնոյի, «Սոցիալական քանդակ» տերմինը կոնցեպտուալ արվեստի տեսություն ներմուծող  Յոզեֆ Բոյսի և այլոց ստեղծագործություններում։

Պերֆորմատիվ արվեստի ավետիչներ էին Իվ Քլեյնի «Zone de Sensibilité Picturale Immatérielle 1959-62», «Anthropométries» (Anthropometries) (1960) և «Saut dans le vide» (Ցատկ դեպի դատարկություն) ստեղծագործությունները։ 1960-ականների վերջին լենդ-արտ ուղղության արվեստագետները, ինչպիսիք են Ռոբերտ Սմիթսոնը, Դենիս Օպենհեյմը, Մայքլ Հեյզերը և Կառլ Անդրեն, ստեղծեցին բնապահպանական արվեստ, որը կանխագուշակեց 1970-ականների պերֆորմատիվ արվեստը: Իվ Քլայնի և լենդ-արտի նկարիչների աշխատանքը ևս ազդել է 1980-ականների սկզբի կոնցեպտուալ ժանրում ստեղծագործող արվեստագետների աշխատանքի վրա:  Օրինակ՝ Սոլ Լևիտը, ով որմնանկարչությունը վերածեց պերֆորմատիվ ակտի: Աճող թվով արվեստագետների կողմից բազմաթիվ նոր ստեղծագործությունների և գաղափարների ի հայտ գալով, ծնվեցին պերֆորմատիվ արվեստի նոր տեսակներ և ձևեր: Յոկո Օնոյի «Wall piece for orchestra» (1962), Քերոլի Շնեմանի «Meat Joy» (1964) և «Interior Scroll» (1975), Վոլֆ Ֆոստելի «Happening YOU» (1964, Նյու Յորք), Ջոզեֆ Բոյսի «How to Explain Pictures to a Dead Hare» (1965), բազմաթիվ հեփենինգներ Ալան Կապրոուի կողմից և Յայոյի Կուսամայի դրոշն այրելու ակտը Բրուքլինի կամրջի վրա (1968թ) դարձան պերֆորմատիվ արվեստի նախատիպեր և հետագայում ընդգրկվեցին պերֆորմանսի ժանրում։

Պերֆորմանսում հեղինակը դառնում է ստեղծագործության մի մասը, ով ուղիղ կապ ունի ներկայացվող իրերի և դրության հետ։ Այս ժանրում ստեղծագործությունը կազմված է արվեստագետի կամ գեղարվեստական խմբի գործողություններից՝ որոշակի տեղում և ժամանակահատվածում։ Պերֆորմանս ժանրի ստեղծագործություն կարելի է համարել ցանկացած իրադրություն, որն ունի հետևյալ չորս հիմնական տարրերը

. ժամանակ

. տեղ

. ստեղծագործողի մարմինը

. արվեստագետի ու հանդիսատեսի հարաբերություն։

Սա է պերֆորմանսի հիմնական տարբերությունը կերպարվեստի այլ տեսակներից՝ ինչպիսիք են նկարը կամ քանդակը, որտեղ ստեղծագործությունը որոշվում է ցուցադրվող օբյեկտով։ Պերֆորմանսը միավորում է արվեստի տարբեր ճյուղեր, ինչպիսիք են՝ թատրոնը, պարը, երաժշտությունը, վիդեոն, պոեզիան ու կինոն(Օրինակ՝ 2008 թվականին Ալլորա և Կալսադիլյա ստեղծագործական դուետը ներկայացրեց անսովոր կատարում, որի մասնակիցը գտնվում էր դաշնամուրի ներսում և կատարում էր Լյուդվիգ վան Բեթհովենի թիվ 9 սիմֆոնիան, ընդ որում, ստեղնաշարը շրջված էր, իսկ գործիքն ինքը շարժվում էր սենյակում): Երբեմն պերֆորմանս են կոչվում նաև գեղարվեստա-արտիստիկ գործունեության ավանդական ձևերը, ինչպիսին են թատրոնը, պարը, երաժշտական ու կրկեսային կատարումները կամ ակցիան։ Երաժշտաթատերական պերֆորմանսի վառ օրինակներից է ամերիկայն ավանգարդի ներկայացուցիչ Մերեդիթ Մոնկի՝ ծիսական էատարրերը ձայնային տրանսով մարմնավորող ինքնօրինակ ստեղծագործական մոտեցումը (Oրինակ՝ «Օրերի գիրքը»):

Չնայած որոշակի թատերականացմանը՝ «կոնցեպտուալ թատրոնի»(Տեսաբան՝ Ռ.Շեհներ) դրսևորում թատերական պերֆորմանսի առկայությանը, բուն պերֆորմանսը տարբերվում է թատերական ներկայացումից գլխավորապես նրանով, որ պերֆորմանսի մասնակիցները այլ կերպար չեն ներկայացնում: Գործողությունն ու առարկաները իրական են և իրական կյանքից սահմանազատումը շատ աղոտ է։ Նրանք օգտագործում են տեխնիկական միջոցները այս կամ այն երևույթի խորհրդանշման համար: Գործողությունները խաղարկվում են ոչ թե թատրոնում, այլ թանգարաններում, պատկերասրահներում կամ այլ հանրային տարածքներում, և ի տարբերություն թատրոնի՝ այն չի կրկնվում (բացառությամբ՝ ռեպերֆորմանսը)։ Առկա է նաև հակադարձ գործընթացը, երբ պերֆորմատիվ հատկությունները ներթափանցում են թատերարվեստ, ընդհուպ հասնելով՝ տերմինական-հասկացութողենական մակարդակի: Ներկայումս պերֆորմատիվ թատրոնի տարրերից հայտնի են պերֆորմատիվ վարքագիծ և պերֆորմատիվ տեքստ ձևակերպումները: Առաջինը՝ Ս.Մեռլոուզի սահմանմամաբ՝ պոստմոդեռնիստական ներկայացման ընթացքում դերասանի կողմից մարզված մկանուտքի գործադրումով ֆիզիկապես առավելագույն էներգիայի ծախսումն է, որպեսզի հանդիսատեսի վիզուալ ուշադրությունը գրավվի: Երկրորդը՝ ժամանակակից դրամատուրգիայում հանդիպող խիստ կոմունիկատիվ հատկությամբ տեքստն է, երբ  այն հաղորդակցման ընթացքում արդիականացող ակտ-գործողություն է(լեզվի փիլիսոփա Ջոն Օսթինի ասածի պես՝ ինչ-որ բան ասելը, ինչ-որ բան անել է):  Պերֆորմանսները նախապես ծրագրվում և անցնում են որոշակի ծրագրով, որը նրա հիմնական տարբերակիչն է ստեղծաբանական հեփենինգից, որտեղ կատարվողն առավել սպոնտան է և պակաս կազմակերպված։ Հնարավոր է պերֆորմանսներ կազմակերպել և անցկացնել նաև բացօթյա տարածքներում այս տեսակի պերֆորմանսը կոչվում է բնապատկերային (պեյզաժային)։ Պերֆորմանսի սահմաններն ընդլայնվում են ընդգրկելով նաև իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել մինչև բուն պերֆորմանսը՝ այսպիսով ներառելով նաև շրջապատող աշխարհը։ 

Պերֆորմանսի տեսակներից կարող ենք առանձնացնել էքզիստենցիալ և կոնցեպտուալ (դասական) պերֆորմանսները։ Էքզիստենցիալ պերֆորմանսի տեսակին կարելի է դասել Բ. Նաումանի «Տղամարդ/կին, բռնության դեպք» (1985թ.) և Մարինա Աբրամովիչի «Բալկանյան բարրոկո» պերֆորմանսները: Այդ տեսակի բնորոշ առանձնահատկությունը տակտիլ սադիզմի ծայրահեղ դրսևորման ձգտումն է, ակտիվ շարժունակությունը և մտածված սցենարը, որն արտահայտվում է ավարտի կոշտ ամրագրմամբ:

Կոնցեպտուալ պերֆորմանսին բնորոշ հատկանիշը վերացական կատեգորիաների(ժամանակ, տարածություն, մարդու մարմին տարածության մեջ, տևողություն, հեռավորություն) հետ աշխատանքով սոցիալական, քաղաքական և գաղափարական թեմաներով կոպիտ պարոդիաների ստեղծումն է։ Հայեցակարգն ինքնին պետք է խախտի սոցիալական նորմերը և անհատի սոցիալական սահմանները: Սա ներառում է Լորի Անդերսոնի կատարումը, որը կոչվում է «Դուետներ սառույցի վրա», որտեղ Լորին ջութակ էր նվագում, երբ կանգնած էր սառցե բլոկում չմուշկների վրա։

Ժամանակակից արվեստում «պերֆորմանս» տերմինը վերաբերում է ավանգարդ և կոնցեպտուալ արվեստի ձևերին, և ժառանգել է կերպարվեստի ավանդույթները։ Արվեստաբան Հարոլդ Ռոզենբերգի կարծիքով, էքշն նկարչությունը (1940-1950-ականներ, գործողության գեղանկարչություն, անգլ.՝ action painting) թույլ է տվել արվեստագետներին դառնալ պերֆորմանսի կատարողներ։ Կտավը դարձավ «պերֆորմանսի հարթակ»։ Ուստի քննադատը կարծում է, որ նկարների մասին կարելի է խոսել որպես արվեստագետների դրոշմած պերֆորմանսների։

1980-ականների վերջին Եվրոպայում հայտնվեց պերֆորմանսի ենթաժանրը, որտեղ նկարիչների գաղափարները իրականացնում էին այլ մարդիկ։ Այն ներառում է բոդի-արտ շոուներ, ֆլեշմոբներ, հեփենինգներ, դեմոնստրացիաներ (զանգվածային արվեստի ակցիաներ՝ ուղեկցվող կարգախոսներով):

Ռուսաստանում 1990-ականներին առաջացավ «մոսկովյան ակցիոնիզմ» տերմինը։ Այն վերաբերում էր արվեստի այն գործերին, որոնք ագրեսիվ էին արձագանքում երկրում առկա սոցիալական խնդիրներին: Այս ժանրում էին աշխատում Ավդեյ Տեր-Օհանյանը, Օլեգ Կուլիկը, Անատոլի Օսմոլովսկին և այլք։

Հայկական կոնցեպտուալ արվեստի տիրույթում պերֆորմատիվ առաջին դրսևորումները կարելի է հանդիպել Կարա Դարվիշի ապա նաև Հենրի Էլիբեկյանի գործունեությունում:

Հետագայում ԽՍՀՄ և հետանկախության շրջանում հայ պերֆորմերներից հանդես են եկել.

Դավիթ Կարեյանը

Արման Գրիգորյանը

Համլետ Հովսեփյանը

Հասմիկ Թանգյանը

Նորայր Այվազյանը

Սոնա Աբգարյանը

Գրիգոր Խաչատրյանը

Սոնյա Բալասանյանը

Գրիգոր Մուրադյանը

 Անիտա Առաքելյանը

 Աշոտ Աշոտը

 Դիանա Հակոբյանը

 Հարություն Սիմոնյանը

 Կարինե Մացակյանը

 Հովհաննես Թեքգյոզյանը

 Արևիկ Արևշատյանը

 Տիգրան Խաչատրյանը

2015 թվականին Մարինե Կարոյանի ստեղծած «ԱՐԷ» մշակութային հիմնադրամը հիմնեց ժամանակակից արվեստի ամենամյա «ԱՐԷ» միջազգային փառատոնը, որը ներկայումս էլ կոնցեպտուալ արվեստի ներկայացուցիչների, մասնավորապես՝ պերֆորմերների հայաստանյան հարթակներից մեկն է: 1992թ.(որպես հաստատություն՝ պաշտոնական բացումը՝ 1996թ.) Բալասանյան ընտանիքի կողմից ստեղծված ՆՓԱԿ-ը(«Նորարար փորձառական արվեստի կենտրոնը») ևս արվեստի այդ տեսակում ստեղծագործողների հարթակներից մեկն է:

Օգտագործված աղբյուրներ

1 Русский орфографический словарь Российской академии наук. Отв. ред. В. В. Лопатин.

2 Перформанс и хэппенинг: общее и частное, Булычёва Дарья Фёдоровнаcyberleninka.ru/article/n/performans-i-heppening-obschee-i-chastnoe 

3 Мировозрение перформанса Хализева Мария Валентиновна, cyberleninka.ru/article/n/mirovozzrenie-performansa

4 К вопросу о природе арт-перформанса Крылова Александра Владимировна, cyberleninka.ru / k-voprosu-o-prirode-art-performansa

5 Понятия “перформанс” и performance art в англоязычной и русскоязычной культурах, Антонян Мария Артуровна, cyberleninka.ru/article/n/ponyatiya-performans-i-performance-art

6Эстетика. Словарь Под общ. Ред. А. А. Беляаева и др. Москва-1989

7. Словарь театра, Патрис Пави, Москва-1991

8. https://ru.wikipedia.org/wiki

9. www.culture.ru/s/slovo-dnya/performans/ 

10. Постмодернизм / Словарь терминов, Илья Ильин, Москва-2001

11. История культуры и искусств : Словарь терминов и понятий, Д.А. Беляев , Елец – 2010

12. Словарь основных терминов по искусствоведению, эстетике, педагогике и психологии искусства, науч.ред. А.А.Мелик-Пашаев, Москва-2001

13. Краткий словарь художественных терминов, Н.М. Сокольникова, Москва-1998

14.  arefoundation.com/en/anthology-performance-art

15. «Театральный перформанс и перформативный театр: где грань между двумя видами искусства», Любовь Карась, https://theoryandpractice.ru

26.08.2022   00:54

Համահավաքեց՝ ԱՆԻ Տեր-Հովհաննիսյանը

Խմբագրելի

724 հոգի