25.08.2022 1:26
Խոսքը գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիպլոմանտ Համլետ Հովհաննիսյանի մասին է, որ Լենինականի Մռավյանի անվան թատրոնում բեմադրել է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսը։
Հաճախ դժվար է լիասիրտ ռեժիսյոր անվանել իր անդրանիկ աշխատանքը հասարակության դատաստանին ներկայացնող երիտասարդին, երեկվա ուսանողին: Հաճախ զիջումների գնով է այդ ասվում, ոչ շատ հաճելի ճշմարտությունը ծածկելու կամ մեղմացնելու մտահոգությամբ։ Այս դեպքն ուրիշ է։
Որո՞նք են «Ֆիլումենա Մարտուրանո» ներկայացման, նշանակում է և սկսնակ ռեժիսյորի աշխատանքի, առավելությունները։ Նախ, իհարկե, պիեսի հաջող ընտրությունը։ Փաստորեն գեղարվեստա-թատերական ինստիտուտի շրջանավարտը առաջին հայ ռեժիսյորն է, որ մեզանում իտալացի առաջադեմ գործչի ու նշանավոր դրամատուրգի բեմադրությանը ձեռնարկեց։ Կկարողանա՞ արդյոք,- բարձրաձայն տարակուսում էին ոմանք,- Լենինականի կոլեկտիվը պրակտիկ աշխատանքի փորձ բոլորովին չունեցող ռեժիսյորի ղեկավարությամբ թափանցել նուրբ հոգեբանական պիեսի խորքերը և դրանք բավականաչափ արտահայտիչ կերպով հասցնել հանդիսականին։ Խոսվում էր և այն մասին, թե իբր ժամանակակից արևմտյան դրամային գրեթե անծանոթ Լենինականի հայ հանդիսականը «չի ընդունի» դե Ֆիլիպոյին։ Այս ենթադրյալ «վտանգներից» ոչ մեկը չիրականացավ։ Հասարակ, լավ մարդու դժվարին կյանքի, թախծոտ և ուշահաաս երջանկության պատմությունը անմիջական ու ջերմ արձագանք գտավ դահլիճում։ Եվ ուրիշ կերպ չէր կարող լինել, որովհետև պարզ ու ջերմ ինտոնացիայով է հնչում այդ պատմությունը Լենինականի բեմում։
Այստեղ էլ երևաց երիտասարդ ոեժիսյորի ձիրքի ու աշխատանքի եղանակի ամենագնահատելի կողմը։ Նա ամուր յուրացրել է ու սեփականել հրաշալի ու շատ բեղմնավոր մի սկզբունք։ Ներկայացման մեջ ամենից առաջ ուշադրություն դարձնել դերասանին, օգնել նրան ստեղծելու այն կերպարը, որ տեսել է դրամատուրգը, որ ամեն արտիստ լինի կերպարի մեջ բեմական կյանքի յուրաքանչյուր պահին, որ դերի խոսքն ասի ո՛չ որպես դերասան, այլ մտածող ու զգացող մարդ։
Ահա թե ինչու «Ֆիլումենա Մարտուրանոն» ամենից առաջ ուրախացնում է լավ կատարումներով։ Իսկ ներկայացման մեջ զբաղված են ժողովրդական և վաստակավոր արտիստներ, սկսնակ ու փորձված դերասաններ, նաև գեղարվեստական ինստիտուտի շրջանավարտներ՝ Համլետ Հովհաննիսյանի երեկվա դասընկերները։ Թատրոնի մարդ չպետք է լինել կռահելու, թե մարդկային ու ստեղծագործական մեծ տակտ է պետք նրանց ի մի բերելու, ներդաշնակելու համար։ Ասենք նաև, որ Լենինականի կոլեկտիվն ու թատրոնի ղեկավարությունը նույնքան նրբանկատ հոգատարություն և հարգանք են ցուցաբերել դեպի դիպլոմանտը։ Գուցե նրա՞ համար, որ նույն վերաբերմունքը տեսել են փոխադարձաբար։ Այդպիսի պայմաններում միայն կարող էր ծնվել այդ ներդաշնակ, ամբողջական ներկայացումը, որտեղ ամեն ինչ ծառայում է որոշակի մտահղացման։
Հ.Հովհաննիսյանը հետևողականորեն ստվերի մեջ է թողել դե Ֆիլիպոյի դրամատուրգիայի մի առանձնահատկությունը։ Կոմիկական տարրը, որ «Ֆիլումենայում» գրեթե հավասարազոր է դրամատիկ ու լիրիկ պլանին՝ երկրորդական տեղ է գրավում այս ներկայացման մեջ։ Կարելի է համաձայնել կամ ոչ ռեժիսյորի հետ, բայց անհնար է չհարգել նրա ինքնուրույն հայացքը, մանավանդ չզարմանալ այն մեղմ ու աննկատ համառության վրա, որով սկզբից մինչև վերջ նա իրականացնում է պիեսի իր ընկալումը։ Եվ այդ, ինչպես ասվեց, կատարվում է բացառապես դերասանական մեկնաբանությունների միջոցով։
Ներկայացման կենտրոնում իհարկե Ֆիլումենան է՝ Ժաննա Թովմասյանի նոր բեմական հաղթանակը։ Նույնիսկ մեկ անգամից դժվար էր գուշակել, որ երկրորդ երիաասարդությունն ապրող այդ հրապուրիչ կինը ուժեղ ներքինի շատ կերպարներ ստեղծած բազմափորձ արտիստուհին է։ Կանացի ու մայրական քնքշության այնպիսի պայծառ ժպիտ է ծաղկում իր կյանքի նպատակին հասած Ֆիլումենա– Թովմասյանի դեմքին վերջին պատկերում։ Որքա՜ն անհաշտ ցասում կա նրա խոսքում, երբ վիճում է բուրժուական օրենքների՝ իրեն համար անհասկանտւլի դաժանության հետ։ Ինչպե՜ս դողում է վիրավորանքից նրա թավ ձայնը, երբ Դոմենիկոն՝ տարիների մտերիմը չի ուզում հասկանալ իր մարդկային ու կանացի արժանիքները։ Դժվար է հուզմունքը զսպել, երբ դերասանուհին պատմում է իր զարհուրելի պատանեկության մասին։
Ռիտորիկ ինտոնացիաներին ոչ օտար, հերոսական դերերում հմտացած Արտավազդ Փաշայանը Դոմենիկո Սորիանոյի դերում ցույց տվեց փափուկ, կիսատոների վրա կառուցած խաղ, և արտիստը երևաց բոլորովին նոր որակով՝ շատ բան խոստացող, ուրախացնող։ Չէ՞ որ դերասանը տարիքի այն շրջանն է ապրում, երբ ստեղծագործության դիապազոնը թվում է անդառնալիորեն որոշված։
Իսկ Ֆիլումննայի երեք որդիները, որ այնքա՜ն տարբեր են իրարից ներքինով ու արտաքինով արտիստներ Ա. Գյոդակյանի, Ռ. Բադալյանի ու Հ. Ղազարյանի ջերմ ու պարզ կատարմամբ։ Հապա մի քիչ հնաբույր, զուտ ինտելիգենտական ձևեր ունեցող Ռոզալի՞ն (Արուս Ազնավուրյան)։ Արտահայտիչ է փաստաբան Նոչելան, որի բարոյական պարտությունը անգրագետ Ֆիլումենայի փաստարկների առաջ՝ լավ հասնում է հանդիսականին Հ. Բեյլերյանի խաղով։
Իսկ թերություննե՞ր, թույլ դերակատարումնե՞ր, մի՞թե չկան բեմադրության մեջ,- կհարցնեն ոմանք։ Սակայն թատերախոսական չէ, որ ուզեցի գրել, այլ բարի երթի մի խոսք, արվեստի երկար ու ոլորուն ուղին ոտք դնող երիտասարդ ռեժիսյորին։
ԼՈւԻԶԱ Սամվելյան
Նյութի աղբյուրը՝«Սովետական արվեստ», № 4, 1965