Սեղմիր
ԷՍՍԵ

23.08.2022   3:19

Մինչև օրս էլ պահպանվել է ու ստեպ-ստեպ ասպարեզ է թափանցում այն հիմնովին մերժելի մտայնությունը, թե թատրոնն իր դարն ապրել է և ժամանակն է պատվավոր զառամյալին հանգստի ուղարկելու, մանավանդ որ նրան ավելի ու ավելի են նեղում իր երիտասարդ ժամանակակիցներր՝ կինոն ու հեռուստատեսությունը։ Այս մոլորությունը հազիվ թե մտահոգություն պատճառեր, եթե թատերական արվեստի ընդդիմախոսները իրենց տեսակետը առաջ մղելու համար չանտեսեին բուն թատրոնի սկզբունքները, եթե կամա թե ակամա չնենգափոխեին նրա շարժման ուղիները, չմշուշեին զարգացման հեռանկարները։

Ինչ խոսք, կինոյի ու հեռուստատեսության տեխնիկան անհամեմատ ավելի լայն հնարավորություններ է ընձեռում կյանքը բազմակողմանիորեն ու շարժման մեջ պատկերելու համար։ Վիճելու բան չէ նաև այն, որ կինոն, հեռուստատեսությունը առավել մասսայական արվեստներն են։ Բայց մասսայականությունը պայմանաորված է հենց այդ արվեստների բնույթով և ամենևին էլ իրավունք չի տալիս չնկատելու թատրոնի նվաճումները։

Իմ կարծիքով, թատրոնի շուրջ պտտվող հոռետեսական խոսակցությունների պատճառը ոչ թե թատրոնի կողքին ապրող ու փթթող կինոն ու հեռուստատեսությունն են՝ իրենց բազում նվաճումներով ու խոստումնառատ հեռանկարներով հանդերձ, այլ հենց թատրոնի ներսում խմորվող մի շարք ոչ ճիշտ, ես կասեի՝ նույնիսկ վնասակար սկզբունքներն ու սովորույթները։

Թատրոնի հոգսերի մասին մե՛րթ այստեղ, մե՛րթ այնտեղ ծագող բանավեճերը, եթե նույնիսկ գործնականորեն էլ քիչ օգուտ են տալիս, որպես կանոն, բացարձակ կերպով ապացուցում են մեկ բան. մենք՝ թատրոնի գործիչներս վատ ենք աշխատում, լավ չենք պատկերացնում, թե ի՞նչ պիտի որոնենք, որտե՞ղ և ինչպե՞ս պիտի որոնենք։ Մենք աջ ու ձախ խախտում ենք թատրոնի սպեցիֆիկան, հեռանում նրա էությունից, մոռացության տալիս նրա բնույթը, խնդիրները, միջոցներն ու նշանակությունը։ Մենք՝ ռեժիսյորներս, թատրոնին հաճախ ստիպում ենք խոսել ամեն լեզվով, բացի իր՝ թատրոնի լեզվից։ Թատրոնի կենդանի խոսքը, մարդկային ապրումները, որ ծնվում են անմիջապես դահլիճի աչքի առջև, կենդանի հուզական շփումը հանդիսականի հետ փոխարինվում են մեկ անգամ վավերացված ու միմյանց ակնթարթորեն հաջորդ «կադրերով»։ Թատրոնը սկսում է խոսել կինոյի առոգանությամբ ու նմանվում այն մարդկանց, որոնք հավասարապես վատ են տիրապետում թե՛ մայրենի, թե՛ օտար լեզվին, և նրանց հետ բացատրվելը, նրանց հասկանալը զգալի ջանքեր է պահանջում, եթե չասենք, որ միաժամանակ նաև դժգոհություն ու զայրույթ է առաջացնում։ Ահա ա՛յս «թատրոնի» ժամերն են, որ հաշվված են։ Անտարակույս մահվան է դատապարտված այն թատրոնը, որը կտրվել է սեփական հողից և ուրիշ հողում էլ չի կարողացել արմատներ գցել։

Թատրոնը, եթե ուզում է ապրել, պետք է վերադառնա... թատրոն, երբեք ու երբեք չմոռանալով անցյալի որոնումների արդյունքներն ու հետևանքերը և, իհարկե, երբեք չընդհատելով նոր փորձերն ու որոնումները։ Թատրոնը իր ամբողջ պատմության մեջ միշտ էլ զգացել է տեխնիկական կատարելագործման անհրաժեշտությունը։ Եղել են ու կան, իհարկե, չափազանցումներ։ Տեխնիկայի ինքնաբավ ցուցադրումն ու տեխնիկայով սեթևեթելը գայթակղիչ բաներ են։ Բայց խորը արվեստի, զտարյուն թատերական արվեստի, ժամանակակից թատրոնի շահերը ուրիշ բան են ասում, ա՛յո, ժամանակակից տեխնիկական հնարավորություններ, սակայն այն չափով, որ չափով թատրոնի՝ ըստ էության պայմանական արվեստի առանձնահատուկ բնույթն է պահանջում։ Խոսքը թատերական տեխնիկա ունենալու մասին է և, հասկանալի է, նրան համապատասխան ու նրանով պայմանավորված այլևայլ բեմադրական - ռեժիսորական լուծումների մասին։

Ես բնավ կոչ չեմ անում թատրոնի փոխառնությունների շրջանակը սահմանափակել պուրիտանակտան ժուժկալությամբ, բայց եկեք համաձայնվենք, որ կինոյին ձեռնոց նետելը, նրա հետ ոտք մեկնելը, հատկապես նրա տեխնիկական հնարավորությունների հետ չափվել ցանկանալը ուղղակի անմտություն է, որ միաժամանակ նշանակում է զրոյի հավասարեցնել թատրոնի բուն իմաստը, նրա բնությունը, նշանակում է թերագնահատել այն հիմնականը, ինչի վրա հենվում է թատերական արվեստը՝ կենդանի մարդու թատրոնը։

Ժամանակակից թատրոնը քանի գնա պետք է մարդկայնանա, կենդանի հույզերը, մտքերը, կենդանի մարմնավորումները բեմի վրա ոչնչով փոխարինել հնարավոր չէ, ոչ մի տեխնիկական տրյուկ, ոչ մի հնարիմաց բեմադրական պրիոմ չի կտրող կոծկել գաղափարական սնանկությունն  ու ապրումների շինծուությունը, թող պարադոքսային երևա, բայց ինձ թվում է, որ առաջ գնալու համար թատրոնը պետք է երբեմն ետ նայի, իր ելման դիրքերում որոնելով մասնավորն ու մասշտաբայինը, անմիջականն ու մոնումենտալը, բնականն ու արվեսաականը, մարդկայինն ու ընդհանրականը հանգուցելու բանալիները։

Առաջին հայացքից պարզ ու հասարակ թվարող այս քրեստոմատիական ճշմարտությունները ստեղծագործական պրակտիկայում բոլորովին այլ տեսք են ստանում, և դրանց անտեսումը շատ ու շատ անցանկալի հետևանքների է հասցնում։ Թատրոնի էության գիտակցված թե չգիտակցված անտեսումը, ռեժիսորական մտածելակերպի ու լուծումների կողմնորոշումը դեպի օտարածին (հատկապես էկրանային) միջոցները, հնարները առաջին հերթին անդրադառնում են դերասանական արվեստի վրա, խաթարում նրա բնականոն ստեղծագործական զարգացումը։ Դերասանը կարծես թե ավելի ու ավելի է կորցնում «ինքնավարությունը», դառնում բեմադրողի մտահղացումների իրականացման համույթ: Իմ աշխատանքի ընթացքում ես ցավով եմ նկատում, թե ինչպես են դերասանները ինքնակամ հրաժարվում «ստեղծագործական նախաձեռնություն» կոչվող բարիքից, թե ինչպիսի՜ դժվարությամբ են գործում նրանց միտքն ու երևակայությունը, թե նրանց մեջ ինչպե՞ս է բթացել դիտողականությունը։ Մի դեպքում միամիտ հաճույքով, մի այլ դեպքում անզոր հաշտվողականությամբ, իսկ ավելի հաճախ վատ թաքցրած դժդոհությամբ ես զգացել եմ, որ դերասանը ռեժիսյորին նայում է իբրև բարերար–խնամակալի: Եվ ահա այստեղից է, որ ծնունդ են առնում թատրոնի (և առհասարակ՝ արվեստի) ամենաոխերիմ թշնամիները՝ ստեղծագործական մտքի ալարկոտությունը, ամլությունը և, վևրջապես, անտարբերությունը։ Չեմ ուզում ու չեմ էլ կարող մեղքը միայն դերասանի վրա բարդել։ Նրան սովորեցրել են, որ իր փոխարեն պիտի մտածի ուրիշը, այսինքն՝ ռեժիսյորը։ Այդ «ուրիշը» զրկել է նրան փնտրելու, տառապելու, ոգևորվելու հաճույքից և դրանով իսկ ստեղծել մի զենք, որը մշտապես պայթում է հենց կրակողի ձեռքերի մեջ։ Ռեժիսյորը, դերասանին մարիոնետի վերածելով, փորձերի կեսին էլ չհասած՝ հոգնում է։ Ամենամանր հարցերով զբաղվելով, բոլորի փոխարեն մտածելու ճիգեր անելով, նա հաճախ աչքաթող է անում այն կարևորը, ինչը բացահայտելու և մարմնավորելու է կոչված ռեժիսյորը՝ ներկայացման կերպարը, կերպն ու գաղափարը…

Այսօր մեր թատրոնի համար ճակատագրական սխալ կլիներ, եթե նա անտեսեր այս խոտորումները, չպարզեր դրանց դրդապատճառները։ Ես ասում եմ «թատրոն», բայց և նկատի ունեմ թատրոնի յուրաքանչյուր գործչի առանձին վերցրած։ Չէ՞ որ ամեն պատեհ ու անպատեհ առիթով մեզանից շատերը կուրծք են ծեծում, թե թատրոնը կոլեկտիվ ստեղծագործություն է, որ նրա հաջողությունները բոլորինս են։ Դե ուրեմն, արդարացի պետք է լինել ու ազնվորեն հանձն առնել նաև սխալների սեփական բեռը։ Մենք սովորել ենք միայն ծափերը կիսել, հիմա գործի շահը պահանջում է, որ թատրոնի աշխատողները առանձին–առանձին ու բոլորը միասին պայքարեն (այո՛, պայքարեն) իրենց արվեստի իրավունքներն ու հեղինակությունը վերականգնելու համար։

Մեր ստեղծագործական կոլեկտիվներին ամենից առաջ անհրաժեշտ է ստեղծագործական միաբանություն, մեկ նպատակի ձգտելիս՝ ուժերի համերաշխ լարում ու համախմբում. առանց այս պարագայի գեղարվեստական լուրջ նվաճումների մասին խոսելը ժամավաճառություն է։

Երբ ասում ենք, որ կյանքը փոխվում է, որ նա նոր հարցեր, նոր պահանջներ է առաջադրում, երբեմն մնում ենք այս ճշմարտությունը հայեցողաբար ընդունողների դերում, մինչդեռ դա նաև նշանակում է, որ օրըստօրե աճում է, փոխվում, ավելի հարուստ, խորը ու պահանջկոտ է դառնում մեր արվեստի «սպառողը»՝ հանդիսականը, որ հապաղող, ուշացող, ոչ ուշիմ թատրոնը այս պայմաններում իրավ ո՛չ ասելիք ունի, ո՛չ անելիք... Միայն համասեռ ու միաբան խումբը, ստեղծագործական մարմինը ջլատող ներքին խլրտումների ու անորոշության բեռից ազատ խումբը կարող է նպատակասլաց կերպով աշխատել, ուշադրությունը բևեռել կյանքի ամենահրատապ խնդիրների ու պահանջների վրա։

Ժամանակակից թատրոնը մերժում է հնաոճ խաղաձևերը, թատերայնության քողի տակ մատուցվող կեղծ, անբնական ապրումները, անկենդան ռիտորիկան, մերկապարանոց խրատներն ու գաղափարները։ Մերժում է, որովհետև այսօրվա հանդիսականը առանց չափազանցության վիրավորվում է, երբ թատրոնը չի վստահում նրան, ոչինչ չի թողնում մտքով ու սրտով կշռելու, լրացնելու, շարունակելու ներկայացման տվածը։ Այսօրվա հանդիսականը վճռաբար անցել է այն թատրոնների կողմը, որոնց արվեստը խորապես մարդկային է ու կյանքային, որոնց ներկայացումները բարդ են ու խորը ոչ թե արտաքուստ, այլ ներքնապես, հերոսների հոգեբանությամբ ու խոհերով։ Ահա այս ճանապարհով քայլող թատրոնին է, որ չեն կարող նեղել նրա հարևանները՝ կինոն ու հեռուստատեսությունը:

Բայց հեշտ չէ այս ճանապարհով քայլելը։ Ռեժիսյորը և դերասանը, եթե նրանք ճշմարիտ ու նախանձախնդիր արվեստագետ են, չեն կարող չտեսնել թատերական արվեստի զարգացման ու վերահաստատման այս միակ հնարավորությունից օգտվելու դժվարությունները։ Դերասանն, օրինակ, այսօր գործ ունի տեղյակ, զարգացած, դյուրահավատ ու «անհավատ» հանդիսատեսի հետ։ Եվ կավելացնեի՝ բարդ հանդիսատեսի հետ։ Ուրեմն պիտի կարողանաս դրամատուրգի, ռեժիսյորի ու քո ուժերով հասնել դահլիճում նստած զրուցակցիդ մակարդակին, միաժամանակ լինես բարդ ու հավաստի՝ անկախ նրանից, թե որ ժամանակի, ինչ ժանրի ու ոճի դեր ես խաղում։ Հակառակ դեպքում դու կխոսես, բայց լսող չես ունենա։ Սա մի կողմից։ Խնդիրը առավել բարդանում է, երբ բեմ ես բարձրանում ժամանակակցիդ զգեստով և, եթե բախտդ բանել է, նաև՝ մտքերով։ Կերպարի հավաստիությունն ու բազմաշերտ խորությունը այստեղ անփոխարինելի են։ «Բեմական» կյանքի պոեզիան ու խորը դրամատիզմը պիտի դահլիճ հասնեն ու դահլիճում մնան առանց պարտադրման, մարդիկ պիտի տեսնեն իրականությունը նրա բոլոր չափումներով ու մասշտաբներով։

Ւ միջի այլոց, ասացի՝ մասշտաբներ ու հիշեցի այն ներկայացումները, որտեղ ռեժիսյորները մասշտաբներին գերի դարձած՝ իրենց համար աննկատելի կորցնում են մարդն ու մարդկայինը, ստանում իրոք «մասշտաբներ», սակայն թղթի հարթության վրա տեղափոխված, առանց խորության ու ծավալների։ Մինչդեռ մասշտաբայնության շառավիղը ուղիղ տանում է դեպի մարդը։

Ռեժիսյորն ու դերասանը որքան            խորանան մարդու մեջ, այնքան կխոշորանան ու շոշափելի կդառնան մասշտաբները։ Այս բանում ես մեկ անգամ ևս համոզվեցի, երբ Մոսկվայում դիտեցի Պիտեր Բրուկի «Արքա Լիրը»։ Պիտեր Բրուկը մտահոգվել էր միմիայն մարդկանցով, նրանց մտքի ու հոգու շարժումով, վարքագծի արտաքին ու ներքին շարժառիթներով։ Արքունական պճնագեղ հանդիսավորությունից, գունազարդ թիկնոցներից ու պաթոսից, կեղծ մասշտաբային թոհուբոհից ոչինչ չէր մնացել այդ իրոք մոնումենտալ, իրոք մասշտաբային ներկայացման մեջ։ Թատերախումբը հասել էր հուզական ներգործության այնպիսի մասշտաբի, որի մասին ստեղծագործողը միայն երազել կարող է ։

Այս ամենի մասին ես խոսում եմ, իհարկե, ո՛չ նրա համար, որ ցանկության ունեմ որևէ մեկին բան սովորեցնել, կամ խրատներ կարդալ։ Ես ինքս երկար մտածել եմ այս ամենի մասին, որոնել եմ ու սխալվել, շեղվել երբեմն ճիշտ ճանապարհից։ Ավելին՝ ուղղակի համոզված եմ, որ հազիվ թե լինի մի ռեժիսյոր, որ սեփական կաշվի վրա չզգա իր «առօրյա մեղքերի» հետևանքները։ Մեր թատրոնի արդի վիճակն է հաստատում այս իրողությունը։

Սունդուկյանի անվան թատրոնը, գաղտնիք չէ, վերջին տարիներս շատ բնագծերում նահանջել է իր իսկ նվաճած դիրքերից։ Նրա առջև այսօր ծառացել են լրջագույն խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում։

Այս տարվա վերջին, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի մեր նոր շենքը, «անտունությամբ» վահանավորվողների բոլոր փաստարկները կմնան... անտուն, իսկ թատերասեր հասարակայնությունը բոլոր հիմքերը կունենա արվեստի բարձր արժեքներ ակնկալելու։

Մեր թատրոնը հիմա լուրջ որոնումների մեջ է. ուրվագծվում են գործնական միջոցառումներ, որոնք պետք է որ դրական արդյունք տան։ Սունդուկյանցիների աշխատանքը կարծես թե աշխուժանում է, փորձասենյակները ծանրաբեռնված են, նոր բեմադրություններ են պատրաստվում։ Բայց և այնպես ուզում ես առավել հստակություն, նպատակասլացություն տեսնել բարդ օրգանիզմի գործունեության մեջ։

Խոսքով ոչ ոք չի ժխտում խաղացանկի նշանակությունը թատրոնի կյանքում՝ իբրև հիմքերի հիմքի։ Անսկզբունք ու պատահական խաղացանկը թատրոնին կամաց-կամաց տանում է դեպի անհեռանկարայնություն ու արհեստավորություն։ Լավ խաղացանկը միայն լավ պիեսները չեն։ Լավ խաղացանկը պարզ ու որոշ քաղաքականություն է, օրվա հուզող թեմաներն ու իդեաները արծարծող գործեր ընտրելը, լավ խաղացանկը ստեղծագործական կոլեկտիվի հնարավորությունները հաշվի առնելն է ու դրանք իրականացնելը։ Եվ վերջապես կարևոր է ոչ միայն խաղացանկի ի՛նչ լինելը, այլև այն, թե ինչպե՛ս է նա ստեղծվում։ Այս հարցը անմիջապես առնչվում է թատրոնում ժամանակը տնտեսելու և օգտագործելու հարցի հետ։ Մեր թատրոնում ժամանակի գինը շատ է ընկել։ Մեզ միշտ, չգիտես ինչու, ներվում է, ասենք, մի բեմադրության վրա երկու ամսվա փոխարեն չորս ամիս ծախսելը, (էլ չեմ խոսում տարիների մասին)։ Ճիշտ է, ստեղծագործական պրոցեսը ռեգլամենտ չի ճանաչում, բայց ո՞վ կարող է մեզ համոզել, թե նույն պրոցեսը ազատ պիտի լինի կարգապահությունից: Չէ՞ որ ժամանակի անփույթ վատնումը անմիջապես վրեժ է լուծում, թատրոնի կյանքը գցում ռիթմից, սառեցնում հանդիսականի հետաքրքրությունը, կտրում նրան աֆիշից ու դահլիճից։

Հայտնի ճշմարտություն է՝ թատրոնը ռիթմ ու տեմպ պիտի որոնի ոչ միայն առանձին ներկայացումների, այլև իր բովանդակ գործունեության մեջ։ Այդ ժամանակ ահա գործը կընկնի հունի մեջ, կբացառվեն պարապուրդներն  ու պատահականությունը աշխատանքում, և մենք ավելի շատ կունենանք մտքեր ու կրքեր շարժող, խելոք ու խորը ներկայացումներ ու ավելի քիչ՝ բարեհաջող, կոկիկ ու անկիրք ստեղծագործություններ, որոնց մասին դժվար է նույնիսկ ռեցենզիա գրել՝ ապացուցելու համար վա՞տն է դա, ի վերջո, թե լավը։ Նման ներկայացումների պակաս, ցավոք, այսօր մենք չենք զգում, ներկայացումներ, որոնք թիթեռնիկի կյանք ունեն և բացարձակապես ոչ մի օգուտ չեն բերում թատրոնաշինությանը։

Սունդուկյանի անվան թատրոնի նոր շենքը օր-օրի բարձրանում է։ Չափազանց սրտառուչ ու միաժամանակ զգաստացնող երևույթ է նկատվում շինարարությունում։ Օր չի լինի, որ տարբեր մասնագիտության մարդիկ չգան այստեղ, դիրեկցիայից թույլտվություն չխնդրեն՝ շենքին, նրա պայմաններին ու հարմարություններին ծանոթանալու համար։ Նրանք բոլորը այսօրվա ներողամիտ, բայց վաղվա խստապահանջ հանդիսականներն են։ Այս բանը պետք է լավ հասկանալ։ Մենք այլևս ոչ մի իրավունք չունենք մեր թատրոնի բազում շահագրգիռ ու հավատարիմ բարեկամներին հուսախաբ անելու։

ՀՐԱՉՅԱ Ղափլանյան

Նյութի աղբյուրը՝ Սովետական արվեստ, № 5, 1965

645 հոգի