Սեղմիր
ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ ՔՆՆԱՐԿՈւՄ

13.08.2022  0:38

Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժնի IV կուրսի հանդիպումը Մալյանի թատրոն-ստուդիայի «Կարոտ» ներկայացման մասնակիցների հետ։

ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

(կուրսի ղեկավար)

- Թատերագիտական կուրսի համար հանդիպումը ձեր թատրոնի հետ շատ ցանկալի էր։ Նկատի ունեցեք, որ այս կուրսը հավանելու մեջ շատ ժլատ է, հակառակի մեջ՝ առատաձեռն։ Երբ ուսանողներին աոաջարկեցի հանդիպել մեր դիտած ներկայացումներից որևէ մեկի մասնակիցների հետ՝ նրանք մատը դրեցին ձեր թատրոնի «Կարոտ» ներկայացման վրա։ Նախապես ասեմ, որ կուրսի բարոյական նկարագիրը շատ նման է ձեր թատերախմբի նկարագրին, այսինքն՝ բարձր է։ Բայց նույնը չի կարելի ասել նրանց մասնագիտական նկարագրի և համարձակության մասին։ Ասենք, ավելի լավ է իրենց լսենք, թող իրենց շնորհքը ցույց տան։ Ո՞վ է ամենից համարձակը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆ 

- Ես կուզենայի ասել, թե ինչու եմ սիրում Մալյանի թատրոնը և այս ներկայացումը՝ մասնավորապես։

ԿՈԻՐՍԻ ՂԵԿԱՎԱՐ

- Այդքանը եթե կարողանաս հիմնավորել՝ բավական է։ Դա արդեն քիչ բան չէ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆ

 - Մայլանի հիշատակը հարգող ամեն մեկիս հուզում է թատրոնի ճակատագիրը, և առաջին ներկայացմամբ որբուկն ապացուցեց, որ ինքն արդար կաթ է կերել, իմաստուն խորհուրդներ լսել ու կարիք չկա նրա բախտով անհանգստանալու, քանի որ թատրոնի ոտքերն ազգային հողի վրա են, թատերախումբը ծառայում է ազգային մշակույթին, ուրիշ խոսքով՝ որդեգրել է իր հիմնադրի ստեղծագործական ծրագիրը։ Ահա Գրիգոր Բաբայանը բեմ է հանել Հրաչյա Քոչարի «Կարոտը», «Նահապետը» վիպակից բացի, գրողի այն գործերից մեկը, որ բռնել է ժամանակի քննությունը։

ԳՐԻԳՈՐ ԲԱԲԱՅԱՆ - Մի երրորդն էլ կա՝ «Եփրատի ափին»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆ

- «Գյուղը Արազի ափին էր»,– այսպես է գրված Քոչարի վիպակում։ Հեղինակային տեքստին «այս» դերանվան հավելումով սկսվում է ներկայացումը։

«Գյուղը Արազի այս ափին էր»։

«Այս»–ը հայի համար «ուղեղային մորմոք, սրտի հիվանդության է» հանդեպ «այն»–ը, «էրգիրը», ամենայն սուրբ բան, մեր բոլորի չգիտակցված, անթեղված կարոտը։

Հայի կարոտը։

Գյուղը Արագի այս ափին էր։

Ու ներկայացումը միանգամից համակում է հանդիսասրահը այդ լեյտմոտիվ զգացումով՝ կարոտով։ Կարոտում ես չտեսած հայրենիքդ, զգում քեզ հայ, ուրեմն աշխարհից նեղացած և մի քիչ էլ վրիժապարտ։ Ավարտից հետո էլ ներկայացումն ես կարոտում, ուզում ես մի անգամ էլ նայել։

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

- Հիշում եմ, երբ կուրսով ներկայացումը դիտելուց հետո զրուցում էինք, բոլորս էլ նույնն էինք մտածում՝ «Մենք էլ քո աչքերով խորոտ երազը տեսանք։ Երնեկ քու աչքերուն, Առաքել»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆ

- Կարոտի թեման հայ գրականության մի առանձին ճյուղ է, գրեթե ուղղություն՝ սկսած պանդուխտ երգերից, մինչև Դաշտենցի և Գալշոյանի արձակը։ Դժբախտաբար, այս թեման անխնա շահարկման նյութ է դարձել թե՛ գրականության մեջ, թե՛ այլ արվեստներում, խաղ՝ մարդկանց ազգային զգացմունքների հետ։ Ու հիմա, եթե ժողովուրդը աներևակայելի թռիչքով ինքնագիտակցման բարձրակետի է հասել՝ այդ թեման միայն առաջին հայացքից է շատ հեշտ դարձել, բայց իրականամ շատ է դժվարացել։ Կարոտի թեմայով ստեղծված ոչ ճշմարիտ գործերը, կեղծիքն ու սուտը ընթերցողն ու հանդիսատեսը անսխալ ճանաչում են, զգում բոլոր զգայարաններով։ «Կարոտ» վիպակն այս իմաստով առանձնանում է իր ներքին անկեղծությամբ։ Երեխա ժամանակից հիշում եմ «Կարոտի» ռադիոբեմականացումը։

ԳՐԻԳՈՐ ԲԱԲԱՅԱՆ - Հա, եղել է, ես էլ եմ հիշում՝ Ժան էլոյան, Գուրգեն Ջանիբեկյան...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆ

- Գալիս ես կինոյի տուն, բայց իսկապես թատրոն ես գալիս, ուր դերասաններն ապրում են անկեղծ զգացմունքներով։ Ես դերասանի թատրոնի երկրպագու եմ։ Այստեղ կա դերասան, որը կարող է թատրոնը պահել թատրոն հասկացության սահմաններում։ Ամենից առաջ Դավիթ Հակոբյանի մասին է իմ խոսքը։ Դավիթն ինձ հիացրել է կերպարանափոխության վարպետությամբ, որ այնպես լավ երևաց Նուշիչի «Ինքնակենսագրություն» բեմադրության մեջ։ Մենք այս թատերախմբի դերասաններից շատերին ենք հավանում, իսկ ամենից շատ՝ Դավթին։ Նրա պատկերած Առաքելի հոգում հայրենիքի կարոտը կամք է նաև, որ առաջնորդում է նրան, տանում իր հետևից։ Նրա ստեղծած կերպարն էլ մեզ է տանում իր հետևից՝ խաղի անկեղծությամբ, նախատիպին հարազատ անձնավորմամբ։ Քանի որ մեզ թատերագետ ենք համարում, պիտի նաև թերություններ գտնենք։ Նշեմ նրանցից մեկը։ Բեմադրիչն այստեղ մի կերպար է հավելել՝ Ալաշկերտի հրեշտակը, որը վիպակում կանչող ձայն է միայն, դա բեմում նյութականացվել է, առարկայացվել, ուստի և դարձել է անհետաքրքիր։

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

- Ճիշտ է, միշտ էլ, երբ գաղափարը դառնում է չափազանց ակնառու, կորցնում է գրավչությունը։

ՔՐԻՍՏԻՆԵ ՊՈՂՈՍՑԱՆ

- Այս թատրոնում ես ամենից ավելի գնահատում եմ այն հատկությունը, որ կոչվում է չափի զգացում. թե դերասանական և թե բեմադրական արվեստում։ Սա է գրավում հանդիսատեսին, թերևս նաև այն պատճառով, որ դա այսօրվա հայ թատրոնում դժվար գտնվող հատկություն է։ Մի բան էլ է գրավչություն տալիս այս թատրոնին՝ խաղացանկի ճիշտ, իր ոճին ու նախասիրություններին ներդաշնակ խաղացանկի ընտրությունը։ Այս թատրոնում բեմ հանվող ամեն մի պիես հնչում է տեղին և ժամանակին։

ՀԱՍՄԻԿ ՀԱՍՄԻԿՅԱՆ

- Քրիստինեն ճիշտ է նկատել՝ և՛ տեղին, և՛ ժամանակին։ Բայց և միաժամանակ թատրոնը կարծես նպատակ էլ չի դնում շուտափույթ արձագանքել օրվա հրատապ խնդիրներին։ Թատրոնը գտնում է այնպիսի պիեսներ, որոնք բռնում են և՛ իր նախասիրություններին, և՛ հանդիսատեսի սպասումներին։

ԿՈԻՐՍԻ ՂԵԿԱՎԱՐ

- Ինչպե՞ս կբնորոշեիք այս թատրոնի խաղաոճը։

ՀԱՍՄԻԿ ՀԱՍՄԻԿՅԱՆ

- Ո՞ճը։ Պարզապես լավ ներկայացում։

ԿՈԻՐՍԻ ՂԵԿԱՎԱՐ

- Թատերագիտական լեզվով արտահայտվեք, հասկանանք։ Հիշու՞մ եք Պաղտասար աղբարը Օգսենին բացատրում է, թե ի՞նչ է պահանջում դատարանից։ Օգսենը նրան ընդհատում է՝ թե փսատաբանական լեզվով չեք խոսում։ Հիմա մերն է՝ դու փաստաբանական, այսինքն թատերագիտական լեզվով տուր քո բնութագրությունը։

ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ - «Հնչակյան իմ հորոխպոր տղա Մանուկն էր»,— հիշում, թե քննիչին ցուցմունք է տալիս Առաքելն ու ակամա հիշեցնում Մուշեղ Գալշոյանի հերոսներին։ Էրգրեցու համար այս Հայաստանը չէ էրգիրը, այդ սերունդը կարոտով ու հուշերով է ապրելու, նրա համար անցյալ չի դառնա կորցրած հայրենիքը։ Ես ուզում եմ հասկանալ, թե ինչն է նորության Դավիթ Հակոբյանի կատարման մեջ։ Այդպիսի ծերունիների դերերում միշտ հիշում եմ Շահում Ղազարյանին։ Նրա խաղը ծանրաշունչ է, մեղադրականով, կարծես միայն ինքն է կարոտում ու տանջվում։ Դավիթ Հակոբյանը խաղում է փոքր-ինչ թեթև, և դա հանդիսատեսին ավելի է մոտեցնում իրեն՝ մենք բոլորս նույն վիճակում ենք, նույն կարոտով ենք ապրում։ Նրա խաղը հագեցած է ենթատեքստով, հումոր էլ կա նրա խաղում։ Ներկայացման մեջ հնչող երգերն այնքան լավն են, որ ուզում ես շարունակությունն էլ լսել։

ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

- Շարունակությունը չգիտեմ, թե չէ կերգեմ մինչև վերջ։

ԿԱՄՈ ՊԵՏՐՈՍՅԱՆ - Բեմադրությունը, իհարկե, հաջողված է, և դա արդյունքն է թատերախմբի քրտնաջան աշխատանքի։ Ես էլ այն կարծիքին եմ, որ ներկայացումը գրավիչ է դարձնում դերասանական խաղի չափի զգացումը, որի շնորհիվ կերպարները դուրս չեն գալիս բնականի սահմաններից։ Դա էլ, իր հերթին, ներկայացումը հարազատ է դարձնում այս թատրոնի ոճին, հնարավորություն է տալիս ժլատ արտահայտչամիջոցներով շատ բան ասել։ Դերակատարները կարողանում են օգտագործել իրենց փոքրիկ բեմի ամեն մի սանտիմետրը։ Մյուս թատրոնների նման նրանք չունեն «բեմը լցնելու» պրոբլեմ։ Նրանց նպատակն է բեմի թեկուզ ամենափոքր հատվածում ստեղծել կյանքի ճշմարտացի պատրանք։ Կուզենայի մտաբերել մի շատ արտահայտիչ մանրամասն. ամբողջ ներկայացման ընթացքում բեմի առաջամասով մի ծայրից մյուսը քայլում է մի սահմանապահ զինվոր։ Քայլում է դանդաղ, հանգիստ, ու համաչափ, ասես ոչ մի առնչություն չունի կատարվող գործողության հետ, և իր քայլքի համաչափությամբ կարծես խորհրդանշում է ժամանակը, իր անհաղորդությամբ՝ անողոք օրենքը։ Մի՞թե ճիշտ Առաքելի վիճակում չէ ողջ հայ ժողովուրդը, որն ունի անցյալ, բայց չի ունեցել իր անցյալը հիշելու իրավունք։ Թատրոնը Առաքելի կերպարի միջոցով կատարում է մեծ ընդհանրացում, և նրա կարոտը դառնում է մեր կարոտը, հանդիսատեսի կարոտը։ Դավիթ Հակոբյանը կարողանում է ծիծաղաշարժ և ողբերգական իրավիճակների մեջ լինել բնական, համոզիչ։ Թող որ ծաղրված ու խոշտանգված, բայց հոգեկան բարձր նկարագրով, որ միայն առաքյալներին է հատուկ...

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

- Շատ ենք խոսում չափի զգացումից, բայց իմ կարծիքով չեկիստների խրախճանքի տեսարանը չափազանցված է և նույնիսկ գռեհկացված։ Ասածս վերաբերում է հատկապես Գևորգ Հովակիմյանի ներկայացրած կերպարին։

ԿԱՄՈ ՊԵՏՐՈՍՅԱՆ - Ինձ համար անհասկանալի էր երիտասարդ քննիչի (Աշոտ Գևորգյան) անցումը Հայկազ Շավարշյանի կողմը։

ԿՈՒՐՍԻ ՂԵԿԱՎԱՐ

- Կերպարի վարքագծի մեջ հակասությու՞ն եք տեսնում՝ բացատրեք։

ԳՐԻԳՈՐ ԲԱԲԱՅԱՆ - Ո՞րն է հակասությունը։ Դա կերպարի ապրած զգացմունքների բնական հետևանքն է։

ԳԵՎՈՐԳ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

- Այդպիսի մարդիկ էլ շատ են եղել։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆ

- Դա քծնանք չէ պետի նկատմամբ, պարզապես մարդու մեջ արթնացնում է խիղճը և նրան մղում դեպի ազնիվ մարդը։

ՄԱՆՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ - Ես միշտ ցանկացել եմ ներկա լինել բեմադրիչ Մալյանի փորձերին, տեսնել, թե նա ինչպես է մշակում կերպարները, կարողանում քիչ միջոցներով շատ բան ասել։ Սա շատ կարևոր է։ Նրա արվեստի էությունը կարծես մի քանի նրբագծերի մեջ է։ Բեմական այսքան փոքր տարածքում, գրեթե առանց դեկորացիաների հասնել կերպարների վառ և միաժամանակ ստույգ բնութագրման՝ հեշտ բան չէ։

ԿՈԻՐՍԻ ՂԵԿԱՎԱՐ

- Դրա գաղտնիքն այն է, որ Մալյանն ասելիք ուներ։ Նրան մշտապես մի բան անհանգստացնում էր, տանջում, հրճվանք կամ տառապանք պատճառում։ Եվ նա իր ապրումները դարձնում էր արվեստ և տալիս մեզ։ Նա դաստիարակեց մի թատերախումբ, որի անդամները խուսափում են ընդհանուր խաղից, ինչպես սատանայից։ Կերպարի շոշափելի զգացողությունը նրանց մեծ առավելությունն է։ Մենք գործ ունենք շնորհալի մարդկանց հետ, նրանց խաղը համակում է հանդիսատեսին, իսկ դա արվեստում, հատկապես բեմական արվեստում ամենից կարևորն է։ Դրա շնորհիվ էլ այս թատրոնը կարողանում է խոսել իր հանդիսատեսի, հատկապես երիտասարդության սրտի հետ։ Կարծեմ մեր այսօրվա հանդիպումն էլ հենց դա վկայեց։

Իսկ հիմա ցանկանք, որ թատրոնն աչքի լույսի պես պահի իր մեծատաղանդ հիմնադրի թանկագին ավանդները և դրա ապացույցը տա իր առաջիկա՝ «Ընկեր Փանջունի» բեմադրությամբ ևս։

Գրի առավ V կուրսի ուսանողուհի Գայանե Մկրտչյանը

Նյութի աղբյուրը՝ «Արվեստ» №11.1989

1470 հոգի