12.08.2022 23:57
Համլէտ, և Համլէտի դերում Րօսսի,– ահա այն մեծ հետաքրքրութիւնը, որով ներշնչված էր մայիսի 30-ին թատրօն խռնված ահագին բազմութիւնը։ Գեղեցիկ տպաւորութիւն թողեց մեզ վրա այդ օրը հասարակութիւնը.– ամենքն էլ թատրօն էին եկել ոչ թէ միայն զուարճանալու, այլ և մտածելու, խորհելու հոգեբանական այն բարդ խնդիրների մասին, որ յարուցանում է Շէքսպիրի նշանաւոր հերոսը: Ահա դրանով պէտք է բացատրել այն, որ ներկայ եղողներից համարեա ամենքն էլ ձեռներին մի-մի «Համլէտ» բռնած, ուշադրութեամբ հետևում էին Րօսսիի իւրաքանչիւր քայլին և խօսքին:
«Համլէտ» խաղալը «Լիր», «Մակբէտ» կամ «Լուդօվիկ» խաղալ չէ։ Դրա պատճառը նոյն իսկ Համլէտի տիպն է։ Ւնչ է Համլէտ, - ահա այն հարցը, որի վճռելուց կախված է Համլէտի դերի աջող կատարելը: Հարիւրաւոր տարիներից ի վեր Շէքսպիրի այդ մեծ ստեղծագործութեան վրա իրանց ուղեղը զբաղեցրել են տաղանդաւոր գրողներ և կրիտիկոսներ.– բայց և այնպէս այսօր էլ Համլէտի մասին նոյնքան կարծիք կայ, որքան և կրիտիկոսներ։ Շէքսպիր իր հերոսի մէջ ամփոփել է հոգեբանական այնքան տարբեր երևոյթներ, որ Համլէտի մէջ իւրաքանչիւր մարդ կարողանում է գտնել իր սրտին շատ մօտիկ մի գաղափար, մի զգացմունք։
Մեզանից իւրաքանչիւրը, եթէ այդպէս կարելի է ասել, ունի համլէտւութեան մի կտոր։ Համլէտը ոչ թէ մի անհատ է, այլ մի ամբողջ սերունդ։
Ընդհանրապէս խօսելով, կարծէք հասարակութիւնը Րօսսիից աւելի փառաւոր, աւելի գերբնական Համլէտի էր սպասում։ Երևելի արտիստը կարծէք բաւականութիւն չը տուեց հասարակաթեան մեձամասնութեան, և այդ ոչ թէ այն պատճառով, որ նա լաւ չը խաղաց, ոչ, այլ այն պատճառով, որ հասարակութեան մեծամասնութիւնը չը հասկացաւ, կամ չուզեց հասկանալ, թե ինչպէս է հասկանում Րօսսի Համլէտը, և ինչ է ուզում նրանից ներկայացնել։ Ոմանք տեսած լինելով այդ դերում Սալվինիին, ոմանք Բարնային, ոմանք Պօսարտին, ոմանք Ադամեանին և ուրիշներին, կարծէք ցանկանում էին, որ Րօսսի օրինակ առնելով նրանց խաղի լաւ կողմերը, լրացնէր նրանց պակասը։ - Դա բնական ցանկութիւն էր։ Հասարակութիւնը վերջին խաղացողից կատարելագործութիւն է սպասում։ Սակայն նոյն հասարակութիւնը, ի հարկէ, խաբվեց իր յոյսերի մէջ։ Րօսսի այնպիսի մեծ ոյժ է և այնպիսի զօրեղ տաղանդ, որ հետևել չէ կարող և չէ էլ հետևում։
Րօսսիի խաղի մէջ կայ մեծ ինքնուրույնութիւն։ Նա այնքան ոգևորվել է Համլէտից, որ իր հասկացողութեան համեմատ դեր ստեղծելու մտքով, անխնայ կերպով ոտնակոխ անելով Շէքսպիրի պիէսայի պատմական պայմանները, Դանիայի պրինցին յատուկ հանգամանքերը, մինչև անգամ Շէքսպիրի գրած շատ կէտերը, և վերջապէս դուրս գցելով պիէսայից նշանաւոր կտորներ, աշխատում է ամեն բան յարմարացնել Համլէտի այն տիպին, որն ինքը ձևակերպել է իր համար:
Բայց նախ բուն խաղի մասին։ Նա բեմ է դուրս գալիս միանգամայն վշտահար, կոտրված սրտով։ Թէ «որքան գարշելի, որքան կոպիտ, դատարկ և չնչին է երևում աչքումս այս աշխարհի կեանքը» մօնօլօգը, թէ «վերջապէս ես մենակ եմ», և թէ «լինել թէ չը լինել» մօնօլօգները Րօսսի շատ գեղեցիկ է կատարում։
Օֆելիայի հետ ունեցած վերջին տեսակցութիւնը, ուր Համլէտը զգացումների փոթորիկի մէջ է ընկնում, - տպաւորութիւն թողեց. բայց աւելի մեծ տպաւորութիւն թողեց Համլէտի իր մօր հետ ունեցած խօսակցութեան տեսարանը: Այդ տպաւորութիւնը զօրացնելու համար Րօսսի նոյն իսկ արհեստականութեան հասցրած նպաստաւոր հանգամանքներ է ստեղծել. նա բեմի մի կողմում ցոյց է տալիս մօր առագաստը, ուր թագուհին իրան երջանիկ է համարում իր նոր ամուսնու գրկում, նա համեմատում է իր մոր կրծքից կախված Կլավդիի պատկերը, իր սպանված հօր պատկերի հետ, որ կրում է իր կրծքի վրա, վերջապէս նա բեմի կողմում երևցնել է տալիս հօր ուրուականը,– և այդ բոլորն անելով, կարողանում է ցնցել հասարակութեան ջղերը։ Թե այն տեսարանը, ուր բեմի վրա բեմ է ներկայացվում և թէ վերջին տեսարանը, երբ նա մենամարտում է Լաերտի հետ և սպանում հօրը, - Րօսսի մեծ շնորհով է կատարում։ Մենամարտութիւնը նա կատարում է գեղարուեստական կերպով։ Իսկ հօրեղբօրը թունաւորելուց յետոյ՝ Համլէտի մահը Րօսսի ներկայացնում է, եթէ այսպէս կարելի է ասել արքայական վեհութեամբ. մեռնելուց առաջ նա բարձրանում է գահի պատւանդանի վրա, նայում է իր շրջապատողներին իբրև այդ գահի օրինաւոր ժառանգ, և մեռնելով՝ կարծէք ուզում է ասել. «ուրախ եմ, որ ազատվեցայ տանջանքներից, երջանիկ եմ, որ վրէժխնդիր եղայ...»
Հասարակութիւնը բուռն ծափահարութիւններով վարձատրեց Րօսսիի մշակված խաղը։ Պէտք է ասել այն, որ տաղանդաւոր ողբերգուի Համլէտին մի փոքր վնասում են և նրա արտաքին հանգամանքները: Րօսսի բաւական հասակ ունի - նա 62 տարեկան է արդէն. նրա կազմուածքը շատ հաստ է, երեսը չափից դուրս չաղ,– այնպէս որ այդ բոլորը խանգարում են նրան ներկայացնելու Դանիայի մելամաղձոտ և ջահիլ պրինցին նրբութեամբ... Այդ հանգամանքները՝ ի հարկէ, խանգարում են Րօսսիին խաղալ Համլէտը այնպիսի աջողութեամբ, ինչպիսի աջողութեամբ նա խաղում է «Լիրը», «Լուդովիկոսր», և այլն. Համլէտի դերում Րօսսի աւելի արուեստ է ցոյց տալիս, և կարծէք չէ կարողանում դերի մէջ այնքան խորասուզվել, որքան նա խորասուզված է երեւում, դիցուք «Լիրի» դերի մէջ։ Համլէտի տեսարաններից մի քանիսի գեղարուեստականութիւնը նա հասցնում է արուեստականաթեան և այդ աչքի է ընկնում, մանաւանդ այն տեղերում, երբ Րօսսի աշխատում է ազդել իր ձայնով, երգեցողութեան հասցրած խօսակցութեան ձևերով, որ իտալական լեզուին անծանօթ մեր հասարակութեանը շատ արուեստական կարող է երևալ և թվում էլ է...
* * *
Ասենք էլի մի քանի խօսք ընդհանրապէս. կրկնում ենք, Րօսսիի Համլէտը, վերցրած այնպէս, ինչպէս ձևակերպում է նրան ինքը տաղանդաւոր ողբերգուն, շատ լաւ է անցնում, մտածված, և խելացի է։ Շատ տեսարաններ նա կատարում է գեղարուեստօրէն։
Բայց արդեօք դա կէտ առ կէտ Շէքսպիրի Համլէտն է - ապա հարցը։ Րօսսիի Համլէտը աւելի զօրեղ տիպ է, նա շատ անգամ իրան հաշիւ է տալիս իր անելիքների համար. Շէքսպիրի Համլէտը աւելի թոյլ է. նա շատ անգամ չէ ուզում, նոյն իսկ վախենում է հաշիւ տալ իր անելիքների մասին. նա մինչև անգամ վախենում է մտածել վաղվայ մասին։ Կամենալով գուցէ Համլէտին ներկայացնել իբր աւելի զօրեղ բնաւորութիւն, Րօսսի դուրս է գցում Կլավդիի «Աղօթքի տեսարանը», երբ Համլէտը չէ վստահանում նրան սպանել, բայց մի և նոյն ժամանակ Րօսսիի այդ Համլէտը տխրում է, երբ իմանում է, որ յիրաւի Կլավդին է սպանել իր հօրը։ Բացի դրանից Րօսիի Համլէտը, որ նախորդ տեսարաններում ցոյց է տալիս, թէ իր անելիքը վճռված է, նոյն այդ Համլէտը վերջին տեսարանում հօրեղբօրը սպանում է այնպէս, որ հանդիսականը եզրակացնում է, թէ նա այդ քայլն արեց միանգամայն ինքնամոռացութեան մէջ, երբ իմանում է, թէ ինքն էլ պէտք է մի քանի րօպէից մեռնի… Բեմական այնպիսի հսկաներ, ինչպէս Սալվինի, Բարնայ, Պօսարտ, այլ և այլ կերպ հասկանալով Համլէտը կամ յարմարեցնելով Համլէտը իրանց «ես»-ին, իրանց տեմպերամէնտին և անձնական առանձնայայտկութիւններին, անկասկած չեն էլ կարոող Համլէտը միակերպ ներկայացնել, և ահա դրանից է առաջ գալիս այն ահագին տարբերութիւնը, որ նկատվում է Համլէտի դերը կատարող զանազան մարդկանց խաղի մէջ։ Ինքն ըստ ինքեան հարց է առաջ գալիս. որն է աւելի արդարացի և ճիշդ, - որ Սալվինի, Պօսարտ, Րօսսի, Ադամեան ենթարկվեն Շէքսպիրի գրածի ճիշդ իմաստին, թէ Շէքսպիրի գրուածքը և հերոսները փոփոխվեն՝ յարմարվելով այդ խաղացողների հասկացողութեան և ճաշակին։
Մենք, թոյլ ենք տալիս մեզ կարծելու, որ առաջինը պետք է տեղի ունենայ, որովհետև ինչքան էլ Սալվինի և Րօսսի հսկաներ լինեն, բայց երբէք Շէքսպիրի բարձրութեան չեն հասնի, երբէք չեն կարող հոգեբանական խնդիրները այնպէս ձևակերպել, ինչպէս ձևակերպել է Անգլիայի հանճարը, որի նմանները ոչ թէ դարերով, այլ մի քանի դարեր մի անգամ են միայն ծնվում...
Սալվինի, Պօսարտ, Րօսսի, Բարնայ և դրանց հետ միասին շատերը, որոնք իրանց նպատակ են շինել բեմից պարզել ժողովրդին Շէքսպիրն գրւածները, միայն այն ժամանակ կը հասնեն իրանց նպատակին, երբ Շէքսպիրի գրուածին հարազատ մնան, երբ ոչ թէ Համլէտը ենթարկեն իրանց եսին, այլ իրանց «ես» Համլէտին...
Այդ ժամանակ միայն, մենք հասարակ մահկանացուներս կարող կը լինենք հասկանալ Շէքսպիրին և ըմբռնել թէ ինչ է Համլէտ։
ԳՐԻԳՈՐ Արծրունի
Նյութի աղբյուրը՝ «Մշակ», 1890, № 61, հունիսի 2