Սեղմիր
ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԱՆԿՅՈւՆ

07.08.2022  3:05

Պետրոս Ադամեանի գիրքը Շէկսպիրի «Համլէտի» մասին մի նորութիւն կարելի է համարել հայոց գրականութեան մէջ, մանաւանդ այն պատճառով որ մեր հեղինակը ջանք է արել միացնել իր գրուածքում թէ «Համլէտ» ողբերգութեան աշխարհահռչակ Շէկսպիր հեղինակի կէնասգրութիւնը (գրքի առաջին մասը), թէ «Համլէտ»–ի մասին հին դանիական աւանդութեան պատմութիւնը (գրքի երկրորդ մասը), թէ Շէկսպիրի երեւելի գրուածքի մասին աշխարհիս նշանաւոր մտածողների կարծիքները (երրորդ մաս) և թէ վերջապէս մեր հայ հեղինակի «Համլէտի» մասին իր մի քանի սեփական կարծիքները, որոնք գլխաւորապէս ամփոփված են գրքի չորրորդ մասում։

Ադամեան, ինչպէս երևում է, իր գիրքը գրելու և «Համլէտի» անձնաւորութիւնն ու բնաւորութիւնը, նոյնպէս «Համլէտի» նշանակութիւնը քննադատելու համար ոչ թէ միայն օգուտ է քաղել իր սեփական փորձից, որպէս դերասան, որին վիճակվել է շատ անգամ «Համլէտի» դերը կատարելու, բայց և նոյնպէս Շէկսպիրի գրուածքի մասին երևելի քննադատների գրուածների հետ ծանօթութիւնից։ Հիմնվելով թէ իր սեփական դատողութեան վրա, և թէ երևելի կրիտիկոսների կարծիքների վրա, մեր հեղինակը այս ձևով է ըմբռնում Համլէտի տիպը։ Համլէտը մարդ է, որին վիճակված է մեծ պարտականութիւններ կատարել կեանքի մէջ: Նա մարդ լինելով, և ունենալով մարդուն յատուկ այլ և այլ թուլութիւններ, ձգտելով էլ դէպի իր սրբազան պարտաւորութիւնների կատարելը, շատ անգամ տատանում է իր կեանքի ընթացքի ճանապարհի կէսին, և ահա երբ նա կանգնած է իր պարտականութեան կատարման անհրաժեշտութեան դէմ առ դէմ և վարանում է այդ անհրաժեշտ պարտականութիւնը կատարելու, նրա սիրտն ու հոգին տատանում են, - այդ ժամանակ երևում է նրա առջև մարմնացած պարտականութիւնը, մարմնացած խղճի ձայնը, որ Շէկսպիրը ներկայացնում է մեզ այլաբանօրէն Համլէտի հօր ուրուականի պատկերով։ Նրա ձայնը անողոք կերպով հրամայում է մեզ բաց թողնել կողմնակի կրքերը և անձնական շահերը, անտես առնել կեանքի հետ որ և է պայմանաւորութիւն (կօմպրօմիս) և հարկաւոր ժամանակ զոհել այդ բոլորը մեր պարտքի կատարմանը։

Բացի նրանից որ հայ ընթերցողը Ադամեանի գիրքը կարդալով, կը ծանօթանայ «Համլէտի» խորհրդաւոր և խորիմաստ հիմնական գաղափարի հետ, բայց մի և նոյն ժամանակ Ադամեանի գրքի ընթերցանութիւնը միջոց կը տայ հայ ընթերցողին ծանօթանալ «Համլէտի» լէգենդական ծագման և նրա ստեղծագործութեան աղբիւրի հետ, նոյնպէս և իրան Շէկսպիրի, այդ երևելի անգլիացի հեղինակի, կենսագրութեան հետ ու նրա հռչակաւոր գրուածքի մասին եւրօպացի ամենանշանաւոր մտածողների կարծիքների հետ:

Ադամեանի գրքի մէջ ընթերցողը կը հանդիպի ինքնորոյն և ստացական մտքերի ներդաշնակ միաւորութիւն։ Գրել այդ տեսակ գիրքը, ինչպէս գրել է Ադամեան, կարող էր ամեն մարդ, որ ձեռք բերած կը լինէր Շէկսպիրի գրուածքը քննադատելու համար եւրօպական գրադարանում եղած հարուստ աղբիւրները,– բայց զգալ այն ինչ որ զգացել է Ադամեան և զգալ տալ ընթերցողին, ինչ որ նա զգալ է տալիս մեզ, երբ մենք այդ գիրքը կարդում ենք կարող է միմիայն այն մարդը, որ ինքն գեղարուեստագէտ է, արտիստ է, որ ինքն դերասան է, որին վիճակվել է արդէն շատ անգամ «Համլէտի» դերի իմաստը անձամբ ըմբռնել բեմի վրա և ըմբռնել տալ իր խաղով հանդիսականներին, ազդելով նրանց վրա փոփոխապէս սիրոյ քնքոյշ զգացմունք, բարկութիւն, տխրութիւն, զզուանք, սարսուռ: Ի վերջոյ խորհուրդ ենք տալիս հայ հասարակութեանը կարդալ Ադամեանի գիրքը։

ԳՐԻԳՈՐ Արծրունի

Նյութի աղբյուրը՝ «Մշակ», 1887, № 57, մայիսի 26

537 հոգի