Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

06.08.2022 1:59

Ինչ ահագին զանազանութիւն կայ այժմեան ռուսաց մօդային թատրօնական պիէսաների և Տուրգենեվի «Месяцъ въ деревне» պիէսայի մէջ, որը խաղացվեց Թիֆլիսի թատրօնում տ. Սավինայի մասնակցութեամբ, հինգշաբթի, մայիսի 24-ին։ Մինչդեռ զանազան Լադիժենսկիների և ժամանակակից ուրիշ ռուս գրողների պիէսաները ձախ ձեռքով են գրվում, այլ և այլ րօմաններից են կարկատվում, շտապով թխվում, սպիտակ թելով կարվում, կամ թքով կպցվում են՝ միմիայն շուտով բեմի վրա դրվելու, խաղացվելու և թատրօնին լաւ արդիւնք տալու նպատակով,– Տուրգենեվի «Մի ամիս գիւղում» պիէսան տեսնելով՝ մարդ համոզվում է, որ իսկական տաղանդը միշտ մի որոշ դրոշմ է դնում իր ստեղծագործութեան վրա։

Տուրգենեվի կօմէդիան թէև հինգ երկար գործողութիւններ ունի և այդ պատճառով ներկայացումը վերջացաւ շատ ուշ, այն 12 1/2 ժամին, բայց հանդիսականը մեծ ուրախութեամբ մնում է մինչև ներկայացման վերջը։ Մինչդեռ Լադիժենսկու պէս գրողների պիէսաներում բոլոր տիպերը շինծու, անբնական են, - Տուրգենեվի բոլոր տիպերը վերին աստիճանի բնական և ուղղակի կեանքից են վերցրած… Ինչքան էլ Տուրգենեվի պիէսան աղքատ լինէր բովանդակութեամբ, բայց այնու ամենայնիւ իսկոյն երևում է թէ գրողը երկար մտածել է գրելու և իր տիպերը ստեղծելու ժամանակ և ոչ թէ ձախ ձեռքով է թխել պիէսան։ Առանց նախապէս իմանալու էլ թէ դա Տուրգենեվի պիէսան է, մենք անմիջապէս, առաջին գործողութիւնից արդէն համոզվում ենք, թէ պիէսան մի գրական գեղարուեստական ստեղծագործութիւն է, գեղեցիկ և մշակված լեզուով գրված, մի պիէսա, որը լի է հոգեբանական նուրբ զգացմունքով... Դրա մէջ շարժվում և գործում են բնական տիպեր, կենդանի մարդիկ, իրանց արժանաւորութիւններով և պակասութիւններով, առանց չափազանցրած կրքերի...

Այդ է պատճառը, որ Տուրգենեվի պիէսայում տ. Սավինայի պէս դերասանուհին աւելի լաւ կարող է խաղալ աւելի տպաւորութիւն գործել, քան զանազան շինծու, անբնական պիէսաներում, որոնց մէջ ոչ մի րէալական տիպ չը կայ, ինչպէս են, օրինակ «Maiopшa», «Подъ власть сердца», «Ольга Ранцева» կարկատած պիեսաները։

Տուրգենեվի պիէսայում տ. Սավինա այնքան բնական, այնքան նուրբ և խոր զգացմունքով, այնքան մտածած կերպով խաղաց 17 տարեկան որբ որդեգրուհու, Վերօչկայի դերը, որ շատ տեղերում անկարելի էր հանդիսականի համար զսպել թէ իր անկեղծ ծիծաղը և թէ իր անկեղծ լացը...

Նոյն իսկ տիկին Րալֆի պէս անբնական կերպով խաղացող և իր դերը չափազանցնող դերասանուհին անկարող եղաւ փչացնել գեղեցիկ պիէսան։

Մնացած զլխաւոր դերակատարները, Եակօվլեվ՝ հարուստ կալուածատիրոջ դերում, Շմիտօվ՝ Րակիտինի դերում, Ւլինսկի՝ ուսանող Բէլիաեվի դերում, Լէնսկի՝ Բօլշինցօվի դերում և վերջապէս Իլկօվ՝ բժշկի դերում, – շատ բնական էին և նպաստեցին պիէսայի ամբողջութեանը։

ԳՐԻԳՈՐ Արծրունի

Նյութի աղբյուրը՝ «Մշակ», 1890, № 58, մայիսի 2

707 հոգի