03.08.2022 1:11
Սեպտեմբերի 7-ին Թիֆլիսի հայոց թատրօնական խումբը ներկայացրեց Պալմի թատրօնում «Կամելիազարդ տիկին» Ալէքս. Դիւմայի պիէսան, որ ամեն լեզուով թարգմանած է և որից փոխադրված է երևելի «Տրավիատան» օպէրան։ Մարգարիտա Գօթիէի դերը խաղում էր տիկին Հրաչեան։
Մենք տեսանք այդ դերի մէջ Ֆրանսիայում և Գերմանիայում շատ և շատ հռչակաւոր դերասանուհիներ, որոնք երգեցողութեան հետ միացնում էին դրամատիկական բարձր արհեստը, ընտիր խաղը, տեսանք վերջապէս Մօսկվայում տիկին Սավինային, Թիֆլիսում տ. Րալֆին։ Եթէ սրանց բոլորի հետ պէտք է համեմատէինք տիկին Հրաչեային ու նրա խաղի մասին դատելով չը հրաժարվէինք մեր անցեալ տպաւորութիւններից, այն ժամանակ անշուշտ պէտք է ասէինք, որ Հրաչեան բոլորովին չէ խաղում Մարգարիտա Գօթիէի դերը, այլ մի որ և է ուրիշ անձնաւորութիւն է ներկայացնում։
Բայց դատելով նրա մասին, որպէս հայ դերասանուհու մասին, ոչինչ համեմատութիւններ չանելով, կարող ենք ասել որ նա լաւ է խաղում։
Խղճմտաւոր և անկողմնապահ թատրօնական քննադատութիւնը չը պէտք է ոչ բարձրացնի մի արհեստագէտին մինչև երկինք, ոչ էլ ստորացնի նրան։ Պէտք է բոլոր հանգամանքները հաշւի առնել և աշխատել ցոյց տալ այն պակասութիւնները, որոնց վրա ուշադրութիւն դարձնելով ինքն դերասանը կարող է ուղղվել:
Մարգարիտա մի ընկած, անբարոյական կեանք վարող երիտասարդ կին է։ Յանկարծ իր սովորական փչացած շրջանում նա հանդիպում է մի երիտասարդին, Արման Դիւվալին, որ նրան սիրում է։ Ընկած կինը առաջին անգամ զգում է որ կարող է սիրել, վերջապէս և սիրում է մաքուր, անվերջանալի սիրով։ Պարզ է որ այդ րօպէում, երկրորդ գործողութեան մէջ, կատարվում է երիտասարդ կնոջ մէջ մի բարոյական յանկարծակի և հիմնական յեղափոխութիւն։ Դա առաջին հոգեբանական րօպէն է։ Երկրորդ րօպէն է, երբ ճշմարիտ սիրով սիրող կինը, արդէն փոխադարձ սէրը վայելած և կատաելապէս յեղափոխված լինելով, ստիպված է հանգամանքների շնորհով զոհել իր սէրը, իք սիրած մարդուն փրկելու համար։ Առաջին անգամ կռիւ, պատերազմ իր տգեղ անցեալի դէմ, երկրորդ անգամ կռիւ, պատերազմ իր երջանիկ, պայծառ ներկայի դէմ։ Առաջին անդամ ջանք անել բարձրանալ անդունդից, դժոխքից դէպի երջանկութեան մաքուր սիրոյ դրախտը, երկրորդ անգամ իր սեփական ձեռքերով, վեհանձնութեամբ կոտրել իր ստեղծագործած երջանկութիւնը։ Առաջին անգամ հերոսութիւն, երկրորդ անգամ հերոսութիւն։
Մի՞թէ այդ հոգեբանական բարձր րօպէները Հրաչեան ներկայացրեց մեզ, այնպէս ինչպէս հարկն էր։
Անտարակոյս տ. Հրաչեան ունի մեծ արժանաւորութիւններ. գեղեցիկ դէմք, գլխից մինչև ոտք շնորալի կազմուածք, հարուստ միմիկա, բազմակողմանի շարժուածքներ,- այո՛, այդ բոլորը կայ, բայց բաւական չէ և այդ բնական միջոցները չը պէտք է ի չար գործածել։ Խաղի հոգեբանական ճիշդ հասկացողութեամբ առաջնորդված չը լինելով, ինչքան էլ բնական բազմակողմանի շնորհներ ունենար դերասանուհին, խաղը վերջ ի վերոյ կը դառնայ միակողմանի։
Մի կին փշրում է իր տգեղ անցեալը, նոր կեանք մտնելու համար, նոյն կինը քիչ ժամանակից յետոյ իրան ստիպված է տեսնում իր ստեղծած նոր կեանքն էլ իր ձեռքով փշրելու։ Այդ բոլոր հոգեբանական խոր, ահագին յեղափոխութիւնները չէ կարելի ներկայացնել բարկանալով, նեղանալով, տանջվելով, լաց լինելով, այնպէս, ինչպէս մի կին, որ նազ է անում որ իր կամքը չը կատարեցին, որ նրանից խլում են այս կամ այն առակայ, որ նրա կամքին հակառակ են գործում։ Ո՞վ չը գիտէ որ գրեթէ ամեն կին ընդունակ է լաց լինել. մինչև անգամ ուշաթափվել, հիւանդանալ, եթէ նրա այս կամ այն խօսքը չը կատարեցին, եթէ նրա ամուսինը չը գնեց նրան իր ցանկացած գոհարեղէնը, չր տարաւ նրան թատրօնական ներկայացումը։ Բայց այդ լացի մէջ և Մարգարիտա Գօթիէի տանջված դրութենից, հոգեբանական սարսափելի կռւից առաջացած լացի մէջ մեծ զանազանութիւն կայ։
Տիկին Հրաչեայի ձայնի մասին մենք չենք կամենում խօսել։ Մենք հաւատում ենք որ յոգնած ձայնը ժամանակաւոր է և հետևանք է ճանապարհի մէջ մրսելուց։ Բայց եթէ այդպէս է, պէտք էր սպասել, հանգստանալ ճանապարհից, իսկոյն չր սկսել խաղալ, եթէ ոչ, կարելի է ձայնը կատարելապէս փչացնել զօրելով նրան։ Դերասանուհին երգչուհի չէ, բայց և այնպէս դրամատիկական դերասանուհին, իր ձայնով ամեն տեսակ զգացմունքներ և մարդկային կրքեր արտայայտելու համար, պէտք է տիրապետի ձայնի մի բաւական ընդարձակ րէգիստրի վրա, բարձր հնչիւններից սկսած պիանիսսիմօ։ Կ. Պօլսի դերասանուհիները մեծ մասամբ կամ շատ բարձր են խօսում բեմի վրա, որ չասենք բղաւում են, կամ այնքան ցած ձայնով են խօսում, որ այլ ևս ոչինչ չէ լսվում, որ այլ ևս դա ձայն, հնչիւն չէ, այլ շշիւն է միայն։
Մի ուրիշ պակասութիւն ունեն մեզ մօտ հիւր եկող դերասանուհիները։ Երբ լաց են լինում այնքան բարձր հեկեկում են, որ այլ ևս բառերը չեն արտասանում։ Պէտք է իմանալ լաց լինել և բառերն էլ պարզ արտասանել. մանաւանդ չը պէտք է իր բառերի պարզ արտայայտութեանը դարձեալ արուեստական կերպով արգելք դնել, անդադար թաշկինակը պահելով բերանի վրա։
Մի ուրիշ պակասութիւն ունեն բոլոր Կ. Պօլսի դերասաններն ու դերասանուհիները, մանաւանդ երբ նոր են գալիս Կ. Պօլսից, որ մեզ համոզում է թէ դա մի առանձին պօլսական բեմական դպրոցի հետևանք է,– դա արագախօսութիւնն է (скороговорка): Այդ պակասութիւնը ունի և Հրաչեան։ Պէտք է պարզ խօսել, չը պէտք է շտապել, չը պէտք անչափ արագ խօսելով, բառերի կէսը չարտասանել։ Բեմը արհեստ է, բեմը չէ կարող ճիշդ այն լինել, ինչ որ կեանքն է։ Կեանքի մէջ դժբաղդ լինելով, մարդը կարող է այնքան խեղդված ձայնով խօսել, այնքան շփոթվել, որ լսողը կարող է և ոչինչ չը հասկանալ թէ նա ինչ է ասում։ Բեմի վրա դերասանը դժբաղդ արարած ներկայացնելով, պարզ խօսքերով արտայայտում է իր դժբաղդ, լինելու զգացմունքը, բայց մի և նոյն ժամանակ այնքան արհեստով, որ այդ անձնաքննութիւնը անբնական չերևայ։ Իրականութեան մէջ մարդը մեռնելով կարող է գուցէ միայն մի «ախ» քաշել և մեռնել, բայց բեմի վրա մեռնողը մի ամբողջ մօնօլօգ է ասում, որպէս զի ազդեցութիւն ունենայ հանդիսականների վրա։ Բայց այդ բոլորը պիտի այնքան արհեստով կատարվի, որ անբնականութիւնը չերևայ։
Գուցէ բեմական րէալական դպրոցը, որին անշուշտ ապագան է պատկանում, այլ ևս այդ միջոցները չի գործածի, այլ զուտ բնականութեամբ կը ներգործի հասարակութեան վրա, - բայց նոյն իսկ դրա մէջն է դժուարութիւնը րօմանտիկական դպրոցի, որին պատկանում են և Դիւմայի պիէսաները, որ անբնականը վերջին ծայր հասցրած արհեստի միջոցով պէտք է այնքան բնականութեամբ խաղացվի, որ նրա անբնականութիւնը չերևայ։
Այս է գուցէ պատճառը որ րօմանտիկական պիէսաներում խոր աղդեցութիւն են գործում միմիայն կարգից դուրս տաղանդաւոր արտիստներ։ Իսկ հասարակ մահկանացուները անզօր են յաղթել անբնականութիւնը:
Երկու խօսք անցեալ տարվայ երկու դերասանների մասին։ Մնակեանը ճշմարիտ դերասն է դառնում. դիկցիան պարզ ե հասկանալի, խաղը խելացի և մտածված։ Այն տեսիլի մէջ, որտեղ նա Արմանի հօր դերում է Մարգարիտայի հետ և նրան խրատում է իր երկար մօնօլօգով, նա գրառում է իր վրա հասարակութեան ամբողջ ուշադրութիւնը և այդ ժամանակ Հրաչեային հանդիսականը մոռանում է, այլ ևս նրա վրա չէ նայում։ Իսկ այդ չը պէտք է լինի։ Երբ ռուս խմբի մէջ տ. Րալֆ խաղում էր պ. Չէրնօվի հետ այդ տեսիլը, ինչքան էլ Չէրնօվ հարիւր անգամ բարձր է Մնակեանից, բայց նոյն իսկ նրա մօնօլօգի ժամանակ, հասարակութեան ամբողջ ուշադրութիւնը գրաւված ունէր տիկին Րալֆ, չը նայելով որ Արմանի հօր մօնօլօգի ժամանակ նա գրեթէ լուռ է։
Ադամեանը անցեալ տարվանից մեծ առաջդիմութիւն է արել և կատարելագործվել է։ Նա աւելի բնական է երևում, նրա դիկցիան աւելի խելացի և աւելի պարզ է։
Դարձեալ մի խօսք այս տարվայ րէպէրտուարի մասին, որ մինչև այժմ հին րէպէրտուար է, չը նայելով որ րէպէրտուարական մասնաժողով կայ։
Առաջին ներկայացում. «Կատարինա Հօվարդ» Թոյն, մահ:
Երկրորդ ներկայացում. «Կամելիազարդ տիկին»։ Մենամարտութիւն, բարակացաւ, մահ։
Երրորդ ներկայացում. «Սէր առանց համարման» - Թոյն։
ԳՐԻԳՈՐ Արծրունի
Նյութի աղբյուրը՝ «Մշակ», 1881, №168, սեպտեմբերի 1