Սեղմիր
ԴՐԱՄԱՏՈւՐԳԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

03.08.2022  0:53

Եթէ համեմատենք այն ուղղութիւնը, որ ընդունել է վրաց թատրօնը հայոց թատրօնի ընդունած ուղղութեան հետ, կը համոզվենք, որ վրաց թատրօնի բռնած ընթացքը, նրա րէպէրտուարը աւելի նպատակայարմար է, աւելի համապատասխան է տեղական հասարակութեան մտաւոր և բարոյական պահանջներին, քան թէ հայոց թատրօնը։

Անհերքելի է, որ կապված լինելով ռուսաց կեանքի հետ թէ քաղաքականապէս, թէ բարոյապէս, մեր հասարակական օրգանական երևոյթները սաստիկ նման են ռուսաց կեանքի հասարակական երևոյթներին։ Վեր առէք Դիաչինկօի կամ Օստրօվսկու պիէսաները, վեր առէք ռուս ամսագիրներում տպվող այժմեան ինքնուրոյն րօմանները,– և կը տեսնենք որ այդ բոլոր գրուածքների մէջ քննվող երևոյթները շատ նման են մեր կեանքին։ Բռնաւոր հայրն ու մայրը, հարստահարող վաճաառականը, կիսակիրթ օրիորդը, ապարդիւն կեանք վարող բարձրագոյն ուսում ստացածը, նիւթապէս անապահով դրութեան մէջ գտնվող ժողովրդական դպրոցի ուսուցիչը, բազմաթիւ ընտանիքով բեռնաւորված, ողորմելի ռոճիկ ստացող, կաշառք առնել ստիպված փոքրիկ պաշտօնեան,- այդ բոլոր տիպերը ընդհանուր են թէ ռուսաց և թէ մեր կեանքին; Եթէ ընդունակ չենք ինքներս արդիւնաբերել նոր ինքնորոյն պիէսաներ, գոնէ փոխադրենք, մեր կեանքին յարմարեցնենք ռուսաց կեանքից վեր առած պիէսաները... Եւ այս անում են վրացիները։

Մենք, ընդհակառակն, վեր ենք առնում պիէսաներ մեզ համար բոլորովին խորթ, օտար, ֆրանսիական կեանքից, որտեղ յայտնվող հասարակական երեւոյթներ աւելի առաջացած կեանքի արդիւնք են, հասարակական աւելի բաղադրեալ հիւսուածք են ներկայացնում։

Եթէ Կովկասը մինչև անգամ քաղաքականապէս կապված էլ չը լինէր Ռուսաստանի հետ, այնու ամենայնիւ ռուսաց գրականութիւնը իր իդեալներով, իր երևոյթներով աւելի մատչելի կը լինէր մեզ համար, աւելի կրթիչ կը լինէր մեր հասարակութեան համար, քան թէ նրանից անհամեմատ աւելի բարձր և զարգացած եւրօպականը, որովհետև մեր, կովկասեցիներիս, մտաւոր և բարոյական զարգացման աստիճանը նոյնը լինելով, ինչ որ ռուսաց հասարակութեան, պարզ է որ մեր կեանքի մէջ համանման երևոյթներ հանդէս են գալիս, որոնք յայտնվում են և ռուսաց հասարակութեան մէջ։

Մի անգամ մենք մանրամասնաբար կը քննենք այդ խնդիրը մի բանասիրական յօդուածի մէջ և ամենաճիշդ փաստերով կապացուցանենք մեր ասածի ճշմարտութիւնը։

Ւսկ առ այժմ մենք կը բաւականանանք ասելով որ նոյն գանգատներ, որոնք լսվում են մեր հասարակութեան մէջ, լսվում են և ռուս հասարակութեան մէջ, մինչև անգամ մի քանի երևոյթներ, ինչպէս, օրինակ համալսարանական երիտասարդութեան գործնական կեանքին անպատրաստ լինելը, սկսեցին աւելի ուշ քննել ռուսաց գրականութեան մէջ, քան թէ մեզ մօտ։

Ֆրանսիական կամ գերմանական գրականութիւնը և թատրօնը աւելի բարձր են, ի հարկէ, քան թէ ռուսաց գրականութիւնն ու թատրօնը, և նոյն իսկ այդ պատճառով կարդալ սկսողի ձեռքը պէտք է տալ նախ և առաջ աւելի մատչելի, աւելի հեշտ, աւելի հասկանալի գիրք և ոչ թէ սկսել դժուար գրքերից, որոնց իդէալներր, մտքերը, գաղափարները այնքան բաղաղրեալ են, որ դեռ ևս հասկանալի չեն սկսողի համար։

Չը մոռանանք որ հայերը և վրացիները թատրօնի գործի մէջ դեռ ևս սկսողներ են։ Ի՞նչ միտք կայ սկսողի ձեռքը տալ Էմիլ Օժիէի, կամ Ալէքսանդր Դիւմայի ֆրանսիական

կեանքից վերցրած բաղաղրեալ հոգեբանական գրուածները, երբ այդ բոլոր գրուածների հիմքը, ինքն եւրօպական կեանքը, որի անմիջական արդիւնք են այդ պիէսաները, ոչ թէ միայն ամենևին ծանօթ չէ մեր հասարակութեան մեծամասնութեանը, բայց և ոչինչ նմանութիւն չունի մեր կեանքի հետ։

Ուրեմն այդ տեսակ պիէսաների թարգմանելը, խաղալը և տեսնելը կատարելապէս ժամանակի կորուստ է, ինչպէս ժամանակի կորուստ կը լինէր եթէ դուք ստիպէիք մի մարդուն, որ դեռ միջնակարգ ուսում չէ ստացել, համալսարանի բարձրագոյն ուսման դասերը լսել։ Պարզ է որ անպատրաստ լինելով, նա ոչինչ չի հասկանայ, ինչպէս մեր հասարակութիւնը ոչինչ չէ հասկանում ֆրանսիական պիէսաներից։

ԳՐԻԳՈՐ Արծրունի

Նյութի աղբյուրը՝ «Մշակ», 1880, № 200, նոյեմբերի 12

309 հոգի