Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

03.08.2022  0:41

Ուրբաթ, մայիսի 2-ին, հայ դերասանական խումբը Ամառային թատրօնում տուեց հր «Երկու Քոյր» դրաման, հեղ. Էմիլ դը Ժի Արդէնի, թարգ. ֆրանսերէնից պ.Աբգար Յովհաննիսեանի, զաւէշտ և կենդանի պատկերներ, յօգուտ նոյն խմբի յուշարարի (սուֆլեօրի)։ Հասարակութիւնը լցրել էր թատրօնի դահլիճը (շատ քիչ դատարկ տեղեր կային) արժանապէս վարձատրելու յուշարար պ.Մատինեանի անտեսանելի և անշնորհակալ աշխատութիւնները։ Մենք աւելորդ ենք համարում մանրամասնաբար պիէսայի բովանդակութիւնը պատմել, որովհետև շատ հեռու կը տանէր մեզ, միայն այսքան կասենք, որ պիէսայի մէջ միտք կար, տենդենցիա կար և նրան ներկայացնելու համար հարկաւոր էր որ մեր դերասանները լաւ ուսումնասիրէին և սովորէին իրանց դերերը, և մի փոքր ևս դիւրաշարժ և դիւրաթեք լինէին բեմի վրա։ Բայց որովհետև դերասաններից ոչ մէկը ոչ ուսումնասիրել և ոչ սովորել էր իր դերը, այդ պատճառով պիէսան շատ սառն անցաւ և առաջին գործողութեան ժամանակ համարեա բոլոր հասարակութիւնը օրօշտում էր։  Օրինակ, դերասաններից մէկը՝ պ. Չմշկեանց, որ Րօբեր դը Պիւիբրիւն խաբված ամուսնի դերն էր կատարում, բացի նրանից, որ դերը չը գիտէր, բայց և, ինչպես միշտ, երգում էր և միջանկեալ ձայներ էր հանում դերը յիշելու համար և խեղճ բենեֆիցիանտ Մատինեանցը իր աննախանձելի խուցից կոկորդը պատռում էր լսելի անելու համար իր ձայնը: Առհասարակ, վերջին ժամանակներում պ. Չմշկեանը յաջողութիւն չունի հայ բեմի վրա և հասարակութիւնը միշտ դժգոհ է մնում նրա խաղից։ Մենք մի համեստ խորհուրդ կը տայինք պ. Չմշկեանին՝ թողնել թատրօնական բեմը և զբաղվել իր մասնաւոր գործերով. բավական է ինչ որ ծառայել է նա հայ բեմին, թո՛ղ ամեն մի դերասան այնքան ժամանակ և այնքան եռանդով ծառայէ հայ բեմին և հասարակութիւնը շատ գոհ կը լինի նրանցից:

Վերցնենք մի ուրիշ օրինակ. պ. Սուքիասեանցը կատարում էր դուքս Արման դը Բօլիէօի՝ խաբված ամուսնու՝ Րօբեր դը Պիւիբրիւնի կնոջ սիրահարի դերը. մենք զարմանում ենք,թէ այդ դերասանը ամբողջ տարի խաղալով հայ բեմի վրա,չը կարողացաւ գտնել իր ամպլուայի, իր ուժերին յարմար դերեր, և շատ քիչ բացառութեամբ, միշտ անաջողութիւն էր ունենում և այդ ներկայացման ժամանակ ևս անաջողութիւն ունեցաւ։ Ահա ապացոյց. բեմը ներկայացնում է մի փառաւոր զարդարված սենեակ, ուր երկու սիրահարները՝ դուքս Արման դը Բօլիէօ (Սուքիասեանց) և Վալենտին դը Պիւիբրիւն (օր. Աստղիկ) Րօբեր դը Պիւիբրիւնի կինը կանգնած խօսում են միմեանց հետ։ Վալէնտին դը Պիւիբրիւնը տեղեկանալով, որ իր ամուսինը իմացել է իր դէպի դուքսը ունեցած յանցաւոր սէրի մասին, նա յուսահատված վճռում է փախչել իր ամուսնու տնից սիրեկանի հետ։ Սիրուհին արտասուալից աչքերով և վերջը ծնկաչոք աղաչում է իր սիրահարին փախչել միասին. այդ սրտաշարժ րօպէին դուքսը՝ պ. Սուքիասեանց, ինչպէս մէկ մարմարի արձան կանգնած բեմի մէկ կէտի վրա, ավտօմատի նման պատասխանում էր իր սիրուհու թախանձանքներին, կարծես թէ նրա ամեն մի շարժուածքի համար մեծ տուգանք էին առնելու նրանից։ Մի խօսքով պ. Սուքիասեանցը ոչ դուքսի շարժուածքներն ունէր և ոչ սիրահարի ազատութիւն իր ձեւերի մէջ։

Իսկ ինչ վերաբերում է Դօնզակին (Աւալեանց), որ Րօբեր դը Պիւիբրիւնի տան շատախօս բարեկամի դերն էր կատարում, նոյնպէս վատ էր։ Պ. Աւալեանցը մէկ մեծ պակասութիւն ունի, որ միշտ փչացնում է բոլորովին նրա  խաղը. նրա շարժուածքները և ձևերը շատ կոպիտ են, և այդ մանաւանդ նկատելի է և աչք է ծակում, երբ նա ֆրանսիացիների դերերի մէջն է բեմ դուրս գալիս։ Օր. օր. Աստղիկ և Սիրանոյշ վատ չէին իրանց դերերի մէջ։

Այժմ մի քանի խօսք ևս ասենք զաւեշտի մասին։ Ւնչքան որ պիէսան սառն և վատ անցաւ, այնքան լաւ ապաւորութիւն գործեց և սթափեցրեց հասարակութեանը օր. Աստղիկը, կարդալով «Փոքրիկի գովասանքը» գեղեցիկ բանաստղծութիւնը։ Հասարակութիւնը բուռն ծափահարութեամբ վարձատրեց դերասանուհուն և երկրորդ անգամ ևս կրկնել տուեց այդ գեղեցիկ բանաստեղծութիւնը. օր. Սիրանոյշն ևս երգեց մէկ րօմանս,       որ նոյնպէս լաւ տպաւորութիւն ունեցաւ։

Գալով կենդանի պատկերներին, մենք զարմանում ենք կօմիտէտի վրա, որ նա թոյլ է տուել այդպիսի խայտառակ պատկերներ ներկայացնել բեմի վրա։ Չը գիտենք, թե ինչ կրթողական նշանակութիւն ունի «Հրէան վաճառատօնից յետոյ»–ի նման կենդանի պատկերները։ Կարծես թէ մենք՝ հայերս այնքան կրթվել ենք, այնքան զարգացել ենք, որ չունենք հասարակական ցաւեր և պակասութիւններ, և մեր ողորմած աչքերը դարձնում ենք այլ ողորմելի և խեղճ ազգութիւնների վրա, կամենալով նրանց ևս մեզ պէս քաղաքակրթված և ամեն պակասութիւններից զուրկ տեսնել։ Ուրիշ բան է և կրթող նշանակութիւն ևս կունենար, եթէ հրէայի փոխանակ ներկայացնէին մի հայ հաստափոր վաճառական փողեր համրելիս։ Մեզ վրա միշտ վատ տպաւորութիւն է գործել երբ տեսել ենք վրաց բեմի վրա, նրանց    համարեա բոլոր պիէսաների մէջ, որ հայերը ներկայացրած են հարստահարող, ժլատ և երկչոտ։ Նոյն տպաւորութիւնն ևս գործելու է հրէաների վրա. ուրեմն ինչ հարկ կար իզուր և առանց պատճառի վիրաւորել հրէաների ազգային զգացմունքը։

Մենք մոռացանք յիշել, որ յուշարար պ. Մատինեանցը ընծայ ստացաւ մէկ ոսկէ ժամացոյց։

ԳՐԻԳՈՐ Արծրունի

Նյութի աղբյուրը՝ «Մշակ», 1880, №74, մայիսի

429 հոգի