Սեղմիր
ՀՐԱՊԱՐԱԿԱ ԽՈՍՈւԹՅՈւՆ

03.08.2022  00:04

Յունիսի 11-ին մենք ներկայ գտնվեցանք Արծրունու թատրօնում վրաց մշտական խմբի ներկայացմանը։ Խաղում էին Ա. Ծերետէլիի «Կինտօ» պիէսան։

Մենք նպատակ չունենք քննել այստեղ պիէսայի բովանդակութիւնը, ցոյց տալ նրա արժանաւորութիւններն ու պակասութիւնները, միայն այսքան կասենք, որ ընդհանուր տպաւորութիւնը, որ մենք դուրս բերեցինք ներկայացումից, շատ գոհացուցիչ էր։

Հասարակութիւնր, մանաւանդ երեսուն կօպէկանոց տեղերի հասարակութիւնը, հասարակ մարդիկ, մեծ զուարճութիւն էին գտնում բեմի վրա իրանց ծանօթ տիպերը տեսնելու, իրանց համար հասկանալի, մատչելի լեզուն, իրանց սրտին մօտիկ գաղափարներ դերասանների բերանից լսելու։ Երևում էր որ պիէսան, տեղական կեանքից վերցրած լինելով, մեծ ընդունելութիւն էր գտնում հանդիսականների մէջ...

Միայն այդ տեսակ կենդանի, մեր սեփական կեանքից վերցրած պիէսաները ճշմարիտ կրթիչ ներգործութիւն կարող են ունենալ հասարակութեան մեծամասնութեան վրա։

Ակամայից մենք սկսեցինք համեմատել մեր մտքում այդ տեսակ պիէսայի բեմի վրա երևալու ներգործութիւնը, այն մեռցնող, քնացնող ներգործութեան հետ, որ ունէր մեր հասարակութեան վրա այս տարվայ հայոց մշտական խմբի րէպէրտուարր, իր «Լիւսի Դիդիէ», իր «Սէր առանց համարման» և ուրիշ այդ տեսակ պիէսաներով, որոնց կեանքը, տիպերը, շարժվածքները, գաղափարները, նոյն իսկ խօսակցութեան ոճը և ձևը մեզ կատարելապէս խորթ են։

Մինչև որ վրաց թատրօնական խումբը աշխատում է տեղական կեանքից, ինքնուրոյն պիէսաներ ներկայացնել, հայոց թատրօնական կօմիտէտը, մեր կովկասեան կեանքը, մեր ներքին հասարակական խնդիրները թողնելով, բերել է տուել Կ. Պօլսից ֆրանսիական րէպէրտուարի ամենահնացած պիէսաներ խաղացող դերասաններ, իրանց րէպէրտուարի հետ միասին Հասարակութիւնը ներկայ է գտնվում ներկայացումներին և ոչինչ չէ հասկանում խաղացած պիէսայից։ Կ. Պօլսի լեզուն, օտար կեանք, օտար և անբնական տիպեր,– ամեն բան խորթ է նրա համար, ոչ մի խօսք, ոչ մի գաղափար, ոչ մի շարժվածք հանդիսականի սրտին և ուղեղին մատչելի չէ։ Հասկանալի է որ այդ տեսակ թատրօնական ներկայացումներ ոչինչ կրթողական ներգործութիւն չեն կարող ունենալ կովկասեան հայի վրա։

Մեր թատրօնական կօմիտէտը հարկաւորութիւն չունէր շտապելու. կարող էր մի ամբողջ տարի սպասել, պատրաստել րէպէրտուար, մեր եղած րէպերտուարը հաւաքել, յորդորել տեղական հեղինակներին, որ նրանք գրեն տեղական կեանքից վերցրած ինքնուրոյն պիէսաներ, վրաց լեզուից էլ թարգմանել մի քանի գրուածներ, հաւաքել գաւառներում ցիր ու ցան եղած գրողներից իրանց հեղինակութիւններ,— և ապա, մի տարուց յետոյ հանդէս դուրս գալ տեղական պատրաստ րէպէրտուարով։

Բայց մեր թատրօնական գործի ղեկավարները ոչ այն ժամանակ կամեցան լսել և հասկանալ մեր միտքը, որ արդեն շատ անգամ յայտնած էինք, ոչ էլ այժմ դառն փորձերից յետոյ խրատվեցան...

Լսում ենք որ կօմիտէտի երկու անդամներից մինը գնացել է Կ. Պօլիս, կրկին այնտեղից մի քանի դերասաններ և դերասանուհիներ հրաւիրելու համար։ Ուրեմն եկող սէզօնին մենք կրկին պատիւ կունենանք տեսնել մեր բեմի վրա Պօլսի լեզուով խօսող զանազան ֆրանսիացի մարկիզներ, դուքսեր, կոմսուհիներ և այլն...

Այդպէս է առաջնորդում մեզ մեր ինտելիգէնցիան և այսպէս աննպատակ, անխիղճ կերպով վատնում է հասարակական փողերը։

ԳՐԻԳՈՐ Արծրունի

Նյութի աղբյուրը՝ «Մշակ», 1880, № 99» հունիսի 13

225 հոգի