Սեղմիր
ՀՐԱՊԱՐԱԿԱ ԽՈՍՈւԹՅՈւՆ

02.08.2022  23:52

Մեզանում դեռ ևս չէ որոշված ինչ բան է թատրօնը, ինչ բան է բեմը։ Մեզանում այնպիսի գաղափար է կազմված, որ թատրօնը շռայլութիւն է կամ զուարճութիւն է։

Այն ինչ, եթէ թատրօնը նոյնքան բարոյական պահանջ է, մտաւոր կարիք է հասարակութեան համար, որքան դպրոցը, գրականութիւնը, մամուլը, եթէ թատրօնը, ասում ենք, նոյնքան կրթողական ազդեցութիւն պէտք է ունենայ հասարակութեան վրա, որքան գրքի կարդալը, - այն ժամանակ թատրօնը երկու յատկութիւններ պէտք է ունենայ, անշուշտ։

Մէկը՝ որ բեմը պէտք է ներկայացնի հասարակութեանը այնպիսի երևոյթներ, որոնք նոյն իսկ հասարակութեան կեանքից կամ նրան նման կեանքի շրջանից վերցրած լինեն, պէտք է նրա համար մատչելի, հասկանալի լինեն, իսկ երկրորդը, թատրօնի մուտքը պէտք է էժան լինի, որպէս զի հասարակութիւնը ընտելանայ այն մտքին, թէ թատրօնը կարիք է և ոչ թէ շռայլաթիւն...

Կէանքի անհրաժեշտ կարիքը, օրինակ նիւթական կարիքը, հագուստը, բնակարանը, կերակուրը, - պէտք է էժան լինեն, որպէս զի կարիք լինեն և ոչ թե անմատչելի շռայլութիւն։ Նոյնպէս և կեանքի մտաւոր կարիքը՝ դպրոցը, գիրքը, լրագիրը, թատրօնը այն ժամանակ միայն կարիք են դառնում, երբ իրանց գներով մատչելի են ամենքին։

Գրականութիւնր, կամ մամուլը, երբէք չեն տարածվի ամբոխի մէջ, եթէ գիրքը կամ լրագիրը թանգ, իրանց գներով անմատչելի կը լինեն մեծամասնութեան համար։ Գիրքը և լրագիրը այդ դրութեան մէջ միշտ շռայլութիւն կը մնան։

Նոյնպէս և թատրօնը երբէք կենսական կարիք չի դառնայ, մինչև որ իր մուտքի գներով մեծամասնաթեանը միշտ անմատչելի, միշտ թանգ կը լինի։ Այդ դրութեան մէջ թատրօնը միշտ կը մնայ մի աւելորդ բան, մի շռայլութիւն։

Բայց աւելի էլ շռայլութիւն կը համարվի թատրօնը, եթէ բացի իր մուտքի գներով թանգ, անմատչելի լինելուց հսաարակութեան մեծամասնութեան համար, նա անդադար կառաջարկի ոչ թէ այն ժողովրդի կեանքից վերցրած երևոյթներ, որի համար ներկայացվում է, կամ նրան նման կեանքից, այլ իր նիւթերը կը վեր առնի հասարակութեան համար խորթ, անհասկանալի, անմատչելի, օտար նրա կեանքի հետ ոչինչ կապ, ոչինչ նմանութիւն չունեցող հասարակութեան կեանքից և շրջանից։

ԳՐԻԳՈՐ Արծրունի

Նյութի աղբյուրը՝ «Մշակ», 1880, № 157» սեպտեմբերի 9

215 հոգի