Սեղմիր
ՖԵԼԻԵՏՈՆ

27.07.2022   23:35

Այդ դրաման առաջին անգամ տրվեցաւ Թիֆլիսի հայոց բեմի վրա պ. Ադամեանի բենեֆիսին, դեկտեմբերի 29-ին, 1879 թւի, իսկ երկրորդ անգամ ներկայ թւի յունվարի 21-ին։

Ինչպէս յայտնի է, պ. Ադամեանը շնորհ բերելով մեզ մօտ Կ. Պօլսից, իր հետ բերել է, որպէս բաժինք Թիֆլիսի հայոց կօմիտէտի և մշտական խմբի համար մի ամբողջ րէպէրտուար ֆրանսիական հնացած, անմիտ, րօմանտիկական դպրոցի թարգմանված պիէսաների… Երբ իմացայ որ նրա բենեֆիսին «Կոյր» են տալիս, որ ինչպէս աֆիշայում ասված էր, թարգմանված է ռուսերէնից,– զարմացայ... Եթէ Ադամեանը տալիս է այդ պիէսան իր բենէֆիսին, երևի դա րօմանտիական դպրոցի chef-doeuvre պէտք է լինի, մտածեցի ես։

Եւ ահա յունվարի 21-ին շտապեցի ներկայ գտնվել այդ պիէսայի ներկայացմանը:

Նստելով բազկաթոռիս մէջ, բաց արի աֆիշան, որ ինչպէս յայտնի է միշտ ամենալաւ ուղեցոյց է պիէսայի բովանդակութիւնը լաւ ըմբռնելու համար։ Բայց ի՞նչ եմ տեսնում. նախ ասված չէ թէ գործողութիւնը որտեղ է կատարվում, երկրորդ բոլոր գործող անձանց միմեանց մէջ յարաբերութիւնները ամենևին բացատրված չեն։ Ի՞նչ կարելի է հասկանալ այդ տեսակ աֆիշայից, որի մէջ միայն անուններն են շարված՝ Ալբէրա Մօրէլ, Տիւբէրիյէ, Դարսի բժիշկ, Րուսսօ, Արման, Րէմի, Լուիզա, Ժընըվիէվ, Սուսաննա և Ժիւլիէտ։ Ո՞վ ում հայրն է, ո՞վ ում աղջիկն է, ո՞վ ում որդին, ո՞վ պարոն է, ով ծառայ է, ոչինչ յայտնի չէ

Պիէսայի խաղը սկսվեց։ Ինչպէս որ աֆիշայի վրա ոչինչ յայտնված չէր, պիէսայումն յայտնավեցաւ որ իրանք գործող անձինք չը գիտեն որոշ կերպով իրանց մէջ եղած յարաբերութիւնները։

Եւ այդ բոլորը դրա համար որ բոլորը յայտնվի վերջին, հինգերորդ արարուածում...

Տիւբէրիյէ հարուստ վաճառական է, Արման նրա հարազատ որդին է, բայց հայրը վերջն է իմանում միայն, որ Արման իր որդի չէ, այլ իր կնոջ որդին, որ նրա սիրեկանից է ծնվել։ Ալբէրտ Տիւբէրիյէի անհարազատ որդին է, բայց նա այդ երկար ժամանակ չէ իմանում, Լուիզա Րուսսօի աղջիկն է, բայց այդ մասին հասարակութիւնը շատ ուշ է տեղեըանում, իսկ ո՞ւմ աղջիկն է Ժընըվիէվ, այդ ես այդպէս էլ չիմացայ մինչև վերջը։ Բայց ամենազարմանալին այն է որ երկու եղբայրները Ալբէրտ և Արման ոչ թէ միայն չեն իմանում որ իրանք եղբայրներն են, բայց միմեանց չեն էլ տեսել երբէք, որովհետև երբ Արմանը գողանում է սնդուկից 40,000 ֆրանկ և Ալբէրտ նրան գիշերով տեսնում է լուսնեակի լուսաւորութեամբ, նա շտապում է տուն և շուտով նկարում է Արմանի դէմքը (Ալբէրտ նկարիչ է) որպէս զի չը մոռանայ նրա դէմքը և յետոյ ֆօտօգրաֆիա է հանում այդ պատկերից։ Երբ Ալբէրտը կուրանում է և պսակվում է Լուիզայի հետ, Արմանը սիրահարվում է Լուիզայի վրա, գրում է նրան սիրահարական նամակներ և ուզում է խլել Լուիզային իր մարդուց։ Բայց ոչ Լուիզան գիտէ թէ Արմանը իր մարդու եղբայրն է, ոչ էլ Արմանը գիտէ թէ Լուիզան իր եղբօր կին է, ոչ էլ Ալբէրտը գիտէ թէ Արմանը իր եղբայրն է, խոսում է նրա հետ, լսում է նրա ձայնը, բայց ոչինչ տեղեկութիւն չունի թէ դա ինչ մարդ է: Վերջապէս Սուսաննա, Լուիգիայի աղախինը, նոյնպէս չը գիտէ թէ ով է Արման, որին տեսնամ է և որի հետ խոսում է...

Ամբողջ պիէսայի բովանդակութիւնն էլ կայանում է այդ անգիտութեան մեջ։ Ժընըվիէվ սիրում է Ալբէրտին, բայց Ալբէրտը չը գիտէ թէ Ժընըվիէվը իրան սիրում է, իսկ ինքն սիրում Լուիզային, և Լուիզան նրան է սիրում, բայց Ժընըվիէվը այնու ամենայնիւ սիրում է Ալբերտին և զոհում է իր սէրը Լուիզայի համար։ Ալբէրտը, որ շատ օրինաւոր մարդ է, պատհմամբ թուղթ է խաղացել և պատահմամբ տանուլ է տուել 30,000 ֆրանկ, որ չէ կարող վճարել իր պարտատիրոջ, որովհետև փող չունի, բայց Ժընըվիէվը վճարում է իր բաժինքից Ալբէրտի պարտքը և Ալբէրտը այդ չէ իմանում մինչև հինգերորդ գործողութիւնը և Ժընըվիէվն էլ, որ կուսանոց է մտնում, նոյնպէս չէ յայտնում մինչև վերջին գործողութիւնը թէ ինքն է վճարել այդ պարտքը և համբերում է որ Ալբէրտը տանջվի, իր հօր տանից աքսորվի, մեղադրված լինելով իբր թէ գողացել է 40,000 ֆրանկ, և իբր թէ այդ գումարից է վճարել իր թղթախաղի պարտքը, այն ինչ Արմանն է գողացել այդ փողերը, որին Ալբէրտը մի անգամ տեսել է լուսնի շողքերից լուսաւորված ունի նրա պատկերը, կարծեմ ութ տարի շարունակ պահում է նրա պատկերը իր ծոցում և յայտնում է այդ մասին նոյնպէս հինգերորդ գործողութեան մէջ...

Ընթերցող, հասկացաք մի բան այդ պիեսայից,- ես ոչինչ...

Դրամայի հինգ գործողութիւնը լսելուց յետոյ, ես համոզվեցայ որ եթէ այդ պիեսան վեցերորդ գործողութիւն ունենար, կը յայտնվէր, որ Ալբէրտի մայրը, Տիւբէրիյէի սիրուհին, բոլորովին մեռած չէ, այլ կենդանի է և ապրում է Լուիզայի մօտ, աղախնու կերպարանքով և Սուսաննայի անունով, իսկ բժիշկ Դարսի, որ բժշկել է Ալբէրտին և մենամարտութեան է հրաւիրել Արմանին, պաշտպանելով կոյր Ալբէրտին, որ ինքն մենամարտել չէ կարող,բժիշկ Դարսի, ասում եմ, կը յայտնվէր Տիւբէրիյէի հանգուցեալ կնոջ սիրեկանը և այդպիսով կը յայտնվէր որ նա մենամարտութեան էր հրաւիրել իր որդուն։ Վերջապէս, եթէ եօթերորդ գործողութիւն լինէր,– կը յայտնվէր որ Րէմի ծառան Րուսսօի անհարազատ որդին է, ուրեմն Լուիզայի եղբայրն է։

Եւ այդպէս անվերջանալի կերպով...

Իսկ ամբողջ պիէսայի միտքը այն է, որ արդարութիւնը և անմեղութիւնը հինգ գործողութիւնից և անասելի տանջանքներից յետոյ յաղթող է հանդիսանում, իսկ չարութիւնը պարտմվում է...

Ուրեմն պիեսայի այդ խառն և խճճված ինտրիգան միայն դրա համար էր, որ յայտնվի այդ հասարակ և հնացած, բայց իրականութեան մէջ գրեթէ երբէք չիրագործվող միտքը։

Յայտնի է որ թատրօնը պէտք է կրթողական ագդեցութիւն ունենայ ժողովրդի վրա։

Այդ ազդեցութիւնը կարելի է ունենալ երկու միջոցներով՝ կամ իդէալական գաղափարներ ներշնչելով ժողովրդի մէջ և կամ ժողովրդին իրական կեանքից պատկերներ ներկայացնելով, այսինքն յարուցանելով ժամանակակից, օրական խնդիրներ։

Եթէ դուք կամենում էք սկսել ժողովրդի վրա ազդել իդէալական դպրոցի միջոցով, ծանօթացնել նրան յաւիտենական, ընդհանուր մարդկային, անմահ գաղափարների և տիպերի հետ,– ներկայացրէք երևելի գրողների կլասիկային, մշակված, ձևի և մտքի կողմից կատարեալ դրուածները։ Կամենում էք ցոյց տալ անսահման սէր և խանդոտութիւն,– տուեցէք Շէկսպիրի «Օտէլլօ», կամենում էք համոզել հասարակութեանը որ չարութիւնը վերջը միշտ պատժվում է,– ներկայացրէք Շիլլէրի «Աւազակներ», դիտաւորութիւն ունէք ընդհանուր մարդկային պակասութիւնների, մարդկային ընդհանուր կրքերի հետ ծանօթացնել հասարակութիւնը,– ներկայացրէք Մօլիէրի «Ժլատը» կամ «Տարտիւֆը» և այլն։

Շիլլէրի, Գեօթէի, Շէկսպիրի, Մօլիէրի և սրանց նման գրողների պիեսանեը տեսնելով, հասարակութիւնը ճշմարիտ է նոր, ժամանակակից, օրական խնդիրների հետ չի ծանօթանայ, բայց կրթվելով ընդհանուր մարդկային գաղափարների մէջ, կընդունի այդ գաղափարները գեղեցիկ և կատարեալ ձևերի միջոցով և ոչ թէ մի պիեսայի միջոցով, որի ձևն էլ անճոռնի է, ինչպէս «Կոյր», կամ սրա նման պիեսաները։

Բայց ի հարկէ դրա համար հարկաւոր են լաւ դերասաններ...

Եթէ ոչ, ի՞նչ օգուտ կայ «Կոյրի» պէս գրուածների ներկայացնելուց, որտեղ միտքը ամենահասարակ և հնացած է, իսկ ձևը, որի մէջ գրուածքը ամփոփված է, խառնաշփոթ, խճճված և անճոռնի է և պիեսայի դիրքերը, ամբողջ նրա ընթացքը ամենամեծ անյարմարութիւններով լի է...

Ւնձ կասեն. «դուք խօսում էք ամբողջ ժամանակ նոյն իսկ պիեսայի վրա, բայց ոչինչ չէք ասում դերասանների խաղի վրա»։ Դորան ես կը պատասխանեմ որ ինչքան էլ երևելի լինէին դերասանները, այդ տեսակ անճոռնի պիեսայում անկարելի է դատել դերասանի խաղալու շնորհի վրա։ Բայց ուրիշ կողմից ես հաւատացած եմ որ ոչ մի օրինաւոր դերասան երբէք չի համաձայնի խաղալ «Կոյրի» պէս մի արուեստական գրուածքի մէջ։ Թող պ. Ադամեանը փորձի մի անգամ խաղալ ոչ թէ միայն մի այնպիսի հանրածանօթ պիեսայի մէջ, որի տիպերը անմահ են և որի ձևը անյանդիմանելի է, բայց մինչև անգամ փորձի մեր տեղական գրողի, Սունդուկեանցի «Էլի մէկ զոհ» գրուածքի թէև թոյլ, բայց իրական և կենդանի Միքայէլի դերը ներկայացնել,- և այն ժամանակ ես կասեմ նա լաւ դերասան է, թէ ոչ։ Բայց քանի որ նա կը խաղայ արուեստական, օդային, անբնական, իրականութենից զուրկ, անյարմարութիւններով լի պիէսաներում, ինձ անհնարին կը լինի գնահատել, կամ քննադատել նրա և մեր մշտական խմբի բոլոր դերասանների խաղը։

Ես վերև յիշեցի արդէն պիէսայի բոլոր անյարմարութիւնները, անկապ ընթացքը, անբնական դիրքերը, ինձ մնում է միայն աւելացնել և հետեւեալը։ Ալբէրտը կուրանում է յայտնի չէ թէ ինչպէս և ինչ պատճառով։ Եթէ նա կատարակտ ասված կուրութեան ցաւով է կուրացել, այսինքն եթէ նրա աչքերը ծածկվել են բարակ սպիտակ փառով, - այն ժամանակ այդ ցաւը յանկարծակի չէ յայտնվում։ Եթէ յանկարածակի է կուրացել, -այդ ոչ մի բժշկական օպէրացիայով բժշկել չէ կարելի։ Իսկ Ալբէրտը ութ տարի կոյր լինելուց յետոյ, բժկվում է Դարսի բժշկի ձեռքով մի րօպէում և դուրս է վազում միւս սենեակից դեռ երեսսրբիչ վզին, աղաղակելով «ես տեսնում եմ…»։ Կարծես թէ այդ տեսակ ծանր ցաւի բժշկելը նոյն է ինչ որ մի մարդու միրուք ածիլելը... Կատարակտի աջող օպէրացիայից յետոյ հիւանդը, ինչպէս յայտնի է, ամիսներով պէտք է նստի մութ սենեակում, մինչև որ կատարելապէս առողջանայ...

Եւ ահա այդ տեսակ անբնականութիւններով լի է պիէսան... Հասարակութիւնը կատաղի կերպով ծափահարում է, որովհետև էֆէկտներ շատ կան, թէև պիէսայի ամբողջ ընթացքը վերին աստիճանի անմիտ է։ Հասարակութիւնը ծափահարում է, երբ աթոռը, սեղանը և նրա վրա դրած չամադանը ընկնում են, երբ կուզ ունեցող բժիշկ Դարսին իր կուզի վրա հանաքներ է անում, երբ կոյրը առողջանում է, երբ Լուիզա և Սուսաննա սպառնալիքներով ճանապարհ են գցում Արմանին և այլն... էֆէկտ, միշտ էֆէկտ, առանց բովանդակութեան...

Այդ տեսակ պիէսայից ի՞նչ է դուրս բերում հասարակութիւնը... Միայն այսքան. «Ինչ լաւ էր այն կուզիանը, կամ ինչ լաւ էր ներկայացնում Ադամեանը կոյրին. զարմանալի է ինչպէս նա երկու գործողութիւն շարունակ իր աչքերը շուռ էր տալիս, այնպէս որ միայն սպիտակ էր երեւում աչքերի մէջ...» և այլն։

Բայց մի իրական օգուտ, մի օրական խնդրի յարուցանելը, - դա մեր կօմիտէտի կարծիքով բեմի գործը չէ։

Այն ինչ թատրօնը միայն այն ժամանակ կարող է կրթողական ներգործաթիւն ունենալ ժողովրդի վրա, երբ նա ձեռք ձեռքի տուած՝ ընթանում է դպրոցի, լրագրութեան, հասարակական կարծիքի հետ միասին, երբ նա |յուրացնում է օրական խնդիրներ, մղում է, դրդում է  հասարակութիւնը դէպի առաջադիմութիւն, զարթեցնելով նրա մէջ իր հասարակական երևոյթների ինքնաքննութիւնը։

Թատրօնը նոյնը պէտք է անի, ինչ որ անում է ամենօրեայ լրագրի առաջնորդող յօդուածը. նա պէտք է զարթեցնի օրվայ հարցեր։ Նոյնը անում է և ժամանակակից րօմանը։ Նա կամ գրգռում է նոր մտքեր, կամ մտրակում է վնասակար երևոյթները։ Վերցնենք Տուրգենիեվին։ Երբ որ Ռուսաստանում յարուցվեցաւ ճորտերի ազատութեան խնդիրը, Տուրգենիեվ գրեց «Записки охотника» երբ որ յայտնվեցան Ռուսաստանում նոր ձևի, մարդիկ, այսինքն խօսքի բայց ոչ թէ գործի մարդիկ, ռուս երևելի հեղինակը ստեղծեց իր «Рудинъ» տիպը, երբ նիհիլիստների տիպեր յայտնվեցան    հասարակութեան մէջ, Տուրգենիեվ գրեց «Отцы и дети» րօմանը, որի մէջ մտրակեց այդ տեսակ երիտասարդութիւնը Բազարօվի տիպը ներկայացնելով, վերջապէս Նեչայեվի պէս ժողովրդական անաջող և թերուս պրօպագաիդիստների Ռուսաստանում շատանալուն պէս, Տուրգենիեվ գրեց «Новь» րօմանը, որի մէջ Նեժդանօվի տիպի մէջ մտրակեց այդ ուղդութեան մարդիկներին։

Նոյնը անում է և թատրօնը։ Երբ ճորտերի ազատութիւնից յետոյ հաստատվեցան նոր յարաբերութիւններ ազատված ճորտերի և նրանց կալուածատէրերի մէջ, Պօտէխին գրեց «Отрезанный ломоть» պիէսան։ Երբ լրագրութեան և հասարակական կարծիքի մէջ յարուցվեցաւ հրէաների հարցը, այդ հարցի մասին շարունակվում էր պօլէմիկը, և օրէնսդրաթեան մէջ պատրաստվում էին  հրէաներին միւս քաղաքացիների հետ քիչ թէ շատ հաւասարեցնող նոր օրէնքներ,– Դիաչկէնկօ ռուս թատերագրողը գրեց «Современная барышня» պիէսան, որի մէջ օրիոդը սիրում է հրէայ ուսանողին, առանց իմանալու թէ նա հրէայ է, բայց երբ իմանում է, դարերով արմատացած նախապաշարմուքը րօպէական կերպով յաղթում է սիրոյ զգացմունքը...

Ահա ինչ է նշանակում օրական հարցեր յարուցանել բեմի վրա։ Երևակայեցէք ձեզ որ օրէնըսդրութիւնը պատրաստում է մի նոր օրէնք անհարազատ երեխաների վերաբերութեամբ, կամ ապահարզանի մասին մի նոր օրէնք, կամ դաւանութիւնների ազատութեան օրէնքը, - և ահա բեմը ներկայացնում է նոյն խնդիրների քննութիւնը գեղարուեստական ձևի մէջ և այդպիսով պատրաստվում է հասարակական կարծիքը նոր օրէնքների իրագործելուն և հասարակութեան մէջ դրանց տարրանալուն

Եւ դուք կարծում էք որ նոյն տեսակ օրական խնդիրներ չը կան և մեր հասարակութեան մէջ Ընտանիքի բռնաւորութիւնը, մեր օրիորդներից ստացած դարդակ ուսումը, որով նրանք չեն կարող իրանց համար մի կտոր հաց ճարել, մեր անհարազատ երեխաների անօգնական դրութիւնը, մեր ամուսնական շահասէր յարաբերութիւնները, սեփական աշխատանքով ապրելու խնդիրները, մեր բարձր ուսում ստացածների հասարակական մակերևոյթի տակ ընկնելը և նրանց անտարբերութիւը դէպի ամեն առաջադիմութիւն... և այլն, ինչքան ուզում էք

Սունդուկեանց սկսել էր այդ ուղղութեամբ գրել, բայց դժբաղդաբար կէս ճանապարհի վրա կանգնեց և չը շարունակեց։

Բայց եթէ մենք ինքներս չենք կարող հեղինակել և պէտք է բաւականանանք միմայն թարգմանական թատրօնական պիէսաներով, գոնէ թարգմանենք օտար գրականութիւններից այնպիսի պիէսաներ, որոնց առաջնորդող գաղափարը յարմար է գալիս մեր կենսական օրական խնդիրներին, բայց ոչ թէ «Կոյր», «Նկարչի դուստր», «Սէր առանց համարման» և ուրիշ նրանց նման անմիտ պիեսաներ

Վերջը մի քանի խօսք ուղղում եմ դէպի կոմիտէտը և նրա րէժիսեօրը։ Դերասանները երբեք օրինաւոր կերպով իրանց դերերը չը գիտեն։ Տիւբէրիէ, երբ մոռացել է ինչ պետք է ասի, կրկնում է անտեղի կերպով արդէն ասված ֆրազան, Ժընըվիէվը (կոյսը) ամենաողբերգական րօպէում (հինգերորդ գործողութեան մէջ) դուրս է գալիս մի հինգ րօպէով սենեակից, յայտնի չէ թէ ինչ հարկաւորութեան համար և յետոյ նորից մտնում է բեմը։ Րէմի ծառան միշտ մտնում է երբ որ նրան չեն կանչում և երբ որ արդեն կանգնած է դռան մօտ, այն ժամանակ պարոնը զանգակ է տալիս։ Երբ Ալբէրտը Րէմիին ուղարկում է մէկին նամակ տանելու, ծառան ասում է «իսկոյն գնում եմ», բայց դարձեալ մնում է և Ալբերտը չէ ասում նրան «ինչի չես գնում...»։ Այդ այն պատճառով է, որ Րէմին գիտէ թէ Ալբէրտը մի մօնօլօգ պէտք է ասի և այդ մօնօլօգից յետո ինքն էլ մի մօնօլօգ ունի ասելու...

Վերջապէս հինգերորդ գործողութեան մէջ Ալբերտը ոչ թէ միայն կոյր է, բայց և խուլ է, որովհետև երբ նա խօսում է Ժընըվիէվի հետ, առանց իմանալու թէ Տիւբէրիէ ներկայ է, այդ վերջինը այնքան բարձր է բղաւում, որ Ալբէրտը անպատճառ խուլ պէտք է լինի նրա ձայնը չը լսելու համար։ Բայց նա լսում է իր հօր ձայնը միայն այն ժամանակ երբ պիէսայի մտքով հարկաւոր է որ լսի...

Վերջացնում եմ խօսքս կրկին դիմելով կօմիտէտին և ասելով. ցաւալի է երբ մտաւորապէս անպատրաստ մարդիկ յանձն են առնում ժողովուրդը առաջնորդելու։

ԳՐԻԳՈՐ Արծրունի

Նյութի աղբյուրը՝ «Մշակ», 1880, №10, հունվարի 26

75 հոգի