Սեղմիր
ՀՐԱՊԱՐԱԿԱ ԽՈՍՈւԹՅՈւՆ

20.07.2022  03:00

Փորձ փորձեցէք, ընթերցող, վէր առէք մի անկիրթ մարդուն և տարէք նրան մի մուզէում, նկարչութիւնների մի թանգարան, որտէղ կան ամեն ազգերի ամենաերևելի նկարիչների ստեղծուածները, աշխատեցէք բացատրել նրան, որ սա է հօլլանդական նկարչութեան դպրոցը, միւսը իտալական, երրորդը ֆրանսիական, չորրորդը գերմանական և այլն, աշխատեցէք բացատրել նրան իւրաքանչիւր պատկերի իմաստը, ցոյց տուեցէք նկարչութեան նուրբ կողմերը, նրա գեղարուեսստական, կրթողական նշանակութիւնը, - և այնու ամենայնիւ կարող էք հաւատացած լինել որ անկիրթ մարդ բերանը բաց կը լսի ձեզ, առանց ձեր խօսքերից և ոչ մէկը հասկանալու, առանց կարողութիւն ունենալու ճաշակել և վայելել նկարչութիւնների գեղարուեստական նշանակութիւնը, առանց հասկանալու մեծ վարպետների ստեղծուածների գեղեցկութիւնը որոնց մէջ ազգերի հանճարը դրել է իր ամենաբարձր զգացմունքները, իր սրտի ամենախոր զգացմունքները, որոնցով  մի Րաֆայէլ, մի Րէմբրանտ, մի Կաուլբախ, մի Տիտիէն իրանց անմահացրել են։

Բայց տարէք նոյն անկիրթ մարդուն հրապարակը և ցոյց տուեցէք նրան փողոցի պատերի վրա կախած կոշտ, կօպիտ, անշնորհ, աններդաշնակ և վառ գոյներով ներկած, գուցէ անբարոյական պատկերները, - և անբոխի մարդը հիացած կը մնայԱյդ տեսակ անճոռնի պատկերները նրա համար հասկանալի են, այն ինչ, մի ժամ առաջ, նա անտարբեր էր մնում մարդկութեան ամենաերևելի, անհամ նկարչական ստեղծուածների առջև

Նոյնը կրկնվում է և երաժշտութեան, և մտքերի, և թատրօնեական արհեստի վերաբերութեամբ։

Փորձեցէք անկիրթ ժողովրդի առջև մի ամենաերևելի կլասիկային հեղինակի պիէսա, մի Շիլլէրի, Շէկսպիրի կամ Գեօթէի գրուածք ներկայացնել, կամ մի խելացի ժամանակակից պիէսա խաղալ, - և ամբոխը բոլորովին չի հասկանայ այդ տեսակ պիէսա։

Բայց ներկայացրէք նոյն ժողովրդի առջև մի անշնորհ, անկապ կտորներից կարկատած, ընդհանուր միտք չունեցող գեղարուեստական արժանաւորութեանից զուրկ, բայց բարձրահնչիւն բառերով և դարդակ ֆրազներով լի մի պիէսա, «Վարդան Մամիկոնեանի», «Արշակի» կամ «Անի քաղաքի աւերման» պէս մի անճոռնի թատրօնական գրուածք, - և ամբոխը հիացած կը մնայ։

Երկու միջոց, երկու ճանապարհ կայ ամբոխը կրթելու. մինը՝ փոքր առ փոքր, և նրա կամքի դէմ, զարգացնելով, նրա մէջ արդար մտքեր, ճշմարիտ գաղափարներ, նուրբ գեղարուեստական ճաշակ, օգտաւէտ հմտութիւններ, մարդասիրական բարձր զգացմունք այդ բառի լայն նշանակութեամբ, երկրորդը՝ երբէք չը հակառակելով ամբոխին, տալով նրան այն, ինչ որ ինքն է ցանկանում և հասկանում է, շողոքորթելով նրա ամենաանկիրթ, ամենաստոր զգացմունքներին և ինստինկտներին

Առաջին ճանապարհը ծանր, դժուար, փշոտ ճանապարհ է. դրան հետևելու համար պէտք է մեծ համբերութիւն ունենալ – բայց նա հաստատ, թէև շատ երկար ճանապարհ է։ Այդ ճանապարհին հետևողները ներկայի համար չէն ապրում, այլ ներկայից օգուտ են քաղում ապագայի համար աշխատելով։ Սրանք հեռատես մարդիկ են, սրանք ամբոխի ստոր ճաշակների, ինստինկտների, զգացմունքների, գաղափարների դէմ են գնումՍրանք ապագայում են ճանաչվում, ապագայ սերունդները նրանց շատ անգամ հանճար են անուանում, իսկ ժամանակակիցներից նրանք մեծ մասամբ ծաղրած, հայհոյված, հալածված են լինում, իսկ պատահում է որ ժամանակակիցները նրանց սպանում են անգամ

Երկրորդ ճանապարհը, թէև վնասակար է լինում, որովհետև փչացնում է ժողովրդի ճաշակը, լրբացնում է նրա զգացմունքները, անբարոյականացնում է նրա գաղափարները, բայց լինում է հեշտ, արդիւնաւոր, պտղատու և շահաւէտ։

Շողոքորթիր ամբոխին, տուր նրան այն, ինչ որ նա սիրում է, արա ինչ որ նրան հասկանալի, հաճելի և դուրեկան է, փաղաքշիր նրա ամենալիրբ, ամենաստոր զգացմունքներին, - և դու առատ հունձ կը հնձես, ճանաչված և սիրված կը լինես ամբոխից, որովհետև հոսանքի դէմ չես գնում

Արհեստի մէջ ամբոխը սիրում է անճոռնութիւն, - տուր նրան անճոռնութիւն։ Թատրօնի մէջ նա սիրում է դարդակաբանութիւն, փքված ֆրազներ և անտաշ խաղ, - տուր նրան այն, ինչ որ նա սիրում է։ Գրականութեան մէջ նա սիրում է որ շողոքորթեն նրա բոլոր նախապաշարմունքներին, անշարժութեան զգացմունքներին, - արա այնպէս, ինչպէս ամբոխը պահանջում է։ Ամբոխը սիրում է վառ և աններդաշնակ գոյներով ներկած պատկերներ, - այդպէս էլ նկարեցէք ձեր պատկերները և նրանք մեծ տարածութիւն կունենան։

Ամբոխը հաւանում է անհամ, գեղարուեստական արժանաւորութենից զուրկ պատմական թատրօնական գրուածներ, - խաղացէք այդ տեսակ պիէսաներ և որքան էլ վատ խաղայիք, թատրօնը միշտ լի կը լինի։ Ամբոխը մոլեռանդ է, ֆանատիկոս է, - գրեցէք ձեր յօդուածներում որ կաթօլիկ և բողոքական հայերը իրաւունք չունեն հայ անուն կրելու, որ հայերի այլադաւան այդ եղբայրներին պէտք է ամեն միջոցներով հալածել, որ նա է միայն հայը, ով լուսաւորչական է, - և ձեր յօդուածները ու ձեր լրագիրը շատ ընթերցողներ կունենան։

Իսկ հետևանքի վրա ինչ հարկաւոր է մտածել։

Դա թէև ամբոխը կրթելու հաստատ միջոց չէ, բայց իր գրպանը լցնելու և ժողովրդական մարդ հռչակվելու աւելի հաստատ միջոց է, քան թէ անխնայ կերպով մտրակելով ամբոխի բոլոր պակասութիւնները և ախտերը։

ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈւՆԻ

Նյութի աղբյուրը՝ «Մշակ», 1879, №136, օգոստոս 16

216 հոգի