Սեղմիր
ՀՐԱՊԱՐԱԿԱ ԽՈՍՈւԹՅՈւՆ

20.07.2022  02:00

Մի ազգ կարող է ունենալ ամենաերևելի գրողներին, կարող է ծնած լինել ամբողջ աշխարհում նշանակութիւն ստացած գրականութիւն, կարող է նշանաւոր պատմական, փիլիսօփայական գրվածներ ունենալ, կարող է արդիւնաբերած լինել աշխարհահռչակ բանատեղծներին, - բայց մի ազգի հասարակական և քաղաքական  վերածնութիւնը միշտ սկիզբ և առնում գրական այն ձևից, որ անուանում են՝ ինքնաքննութիւն։

Ճշմարիտ է, ազգերի բարոյական և նտաւոր կթութեան գործի համար ամենից շատ արել են այնպիսի մարդիկ, ինչպէս Շէկսպիր, Գեօթէ, Շիլլէր, Բայրօն, Լէսինգ և ուրիշները, բայց ազգերի հասարակական, և մանաւանդ քաղաքական կեանքի վերածնութեան վրա գլխաւորապէս ներգործութիւն են ունեցել անխնայ ինքնաքննութեան մեթօդին հետևող գրողները, հասարակական ախտերի անխնայ մտրակողները

Բաղդաւոր է Ֆրանսիան որ ունեցել է Վօլտէրին, բայց և Գերմանիան ունեցել է իր Հայնէին և Բէօրնէին

Վերջապէս և Ռուսաստանի հասարակական վերածնութիւն սկսվում է ոչ թէ հանճարեղ Պուշկինից, կամ բայրօնական Լէրմօնտօվից, բայց մտրակող Գօգօլից։

Այն րօպէից երբ որ մի ազգի գրականութեան մէջ սկսում է յայտնվել անխնայ ինքնաքննութիւն, կարելի է հաստատ ասել որ այն ազգի համար սկսվում է հասարակական և քաղաքական մի նոր դարագլուխ

Սաստիկ, անխնայ ինքնաքննութիւնը անհրաժեշտ է ամեն ազգի պատմական կեանքի համար։ Բայց արդէօք կը դիմանայ այս կամ այն ազգը ոչինչ չը խնայող ինքնաքննութեան հարուածներին, կամ կոչնչանայ այդ հարուածների տակ, - այդ ուրիշ հարց է։

Ինքնաքննութիւնը ամեն ազգի գոյութեան համար մի տեսակ փորձաքար է

Նշանաւոր է որ հայոց խնդրի յուրացվելուց մի քանի տարի առաջ յայտնվեցաւ և հայոց գրականութեան մեծ ձգտում դեպի անխնայ ինքնաքննութիւն։

Դա ժամանակի նշանն էր, դա ազգի բարոյական անգիտակցական պահանջի արտայայտութիւնն էր։

Անխնայ ինքնաքննիչ ուղղութիւնը մի ազգի գրականութեան մէջ, կարելի է առանց սխալվելու կարապետ համարել ազգի հասարակական վերածնութեան և բարոյական զարթման։

Եթէ մեր ազգը ունի կեանք և ապագայ, թո՛ղ գրականութիւնը շարունակի այդ ուղղութեանը հետևելու։

ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈւՆԻ

Նյութի աղբյուրը՝  «Մշակ», 1878, №123, յուլիս

196 հոգի