Երևանի Կամերային թատրոնի բեմում այսօր վերջապես դիտեցի «Հայն ու Հայը» ներկայացումը երիտասարդ դերասններ Դավիթ Աբրահամյանի և Սարգիս Շողունցի դերակատարմամբ: Դավիթ Աբրահամյանն դերասանական ունակություններով դեռ ուսանողական տարիներից էր աչքի ընկնում, իսկ Սարգիս Շողունցն որպես ապագա թատերական գործիչ առաջին անգամ ռեժիսորական աշխատանքով ներկայացավ…
Ինչևէ, հրապարակախոսական դրամա ենթադրող վերնագիրն ինքնին որոշ կռահումներ տալիս է բեմադրության վերաբերյալ: Երկու երիտասարդ տղաներ, որպես Մեծ և Փոքր Հայքերի ալեգորիկ մարմնավորում են ներկայանում, բացում մեր առջև հայկական լեռնաշխարհում սկզբնավորված Հայկի հետնորդների գենետիկ կոդը, ներկայացնելով իբրև հիշողություն, որը կարմիր թելով ձգվում է ողջ պատմության ընթացքում, ընդհուպ մեր օրեր: Բեմդրության անզուսպ-անդադրուն ընթացքը՝ ուղեկցված մերթ սրտաշարժ հիշողություններով, մերթ կոմիկական դրություններով, մերթ զվարթախոսությամբ, հանդիսատեսին կարողացավ առնել իր թեթևասահ շուրջկալի մեջ, չձանձրացնել:
Մերօրյա խնդիրները, որոնք պինդ հանգույցներով կապված են անցյալում գործած սխալների հետ, թեև ներկայացվում էին հումորաշաղախ համեմումով, այնուամենայինիվ փոքր-ինչ խորաթափանց հանդիսատեսի աչքից չեն վրիպում և հասնում նշանակետին: Թեև որոշ տեսարաններում նկատելի էր Դավիթ Աբրահամյանի ռեժիսորական գերիշխող դիրքը, որն էլ սահմանափակում էր Սարգիս Շողունցի ներքին շերտերի լիարժեք բացահայտումը։
Այդուհանդերձ, երկու դերակատարների բեմական ներկայությունը իմաստավորվում էր ռիթմիկ դրությունների սուր զգացողությամբ, խոսքի, ժեստի, դիմախաղի մշակվածությամբ: Կերպարային փոխակերպումները ևս դինամիկ էին, առանց չափազանցումների: Բարդ խնդիր են կատարել անշուշտ, բայց արել են ազնիվ և ներկայացել պատվով: Ինչ խոսք շոուն ստացվել էր, և ինչպես կասեր իմ սիրելի Ֆրեդին շոուն շարունակվում է…
10.07.2022