Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

09.07.2022   2:38

- Աստված ձեզ կպատժի։

- Ի՞նչ։ Ինչ ասացի՞ք։ Աստվա՞ծ։ Մենք աթեիստներ ենք՝ անաստվածներ: Դուք մեզ այդպես եք սովորեցրել։

Արի ու գտիր պատասխանը։ Չկա աստված, խիղճ, հավատ, բարոյականություն, չկա մարդկային ու հասարակական սկզբունք, անձնականությունից ու շահից վեր գաղափար։ Չկա իդեալ։

Ո՞ւր են իդեալները, բեր, ցույց տուր, ձեռքս դիր, տեսնեմ, ասեմ՝ ահա իդեալ։

Փորձիր բացատրել, թե Աստված մարդու ու մարդկայինի հոգևոր անդրադարձն է, և իդեալը, ոչ թե առարկա, այլ գերագույն իմաստ, խորհուրդ, բովանդակություն, մարդուն կենսաբանական էակից հոգևոր ու հասարակական էակի վերածող ուժ։ Անհնար է այս բանը հասկացնել քաղքենուն, որը կուշտ ու զուգված, թանկարժեք օծանելիքներով օծված մտել է թատրոն՝ լրացուցիչ բավականություններ վայելելու և սրտնեղում է կամ չարախնդում ու ծիծաղում, երբ տեսնում է այնտեղ իր նմանի դեմքը։

-Վա՛խ, վախ չունեք դուք։

Նրան են ուղղված այս և ուրիշ խոսքեր, և հնամենի խրատը՝ «սկիզբն իմաստութեան երկիւղ Տեառն»։

Արվեստն ամեն ինչի, ամեն փորձության կարող է դիմանալ, բայց չի կարող դիմանալ քաղքենու ներկայությանը, այն մարդու, որ մշտական ուղեկիցն է արվեստի, հատկապես թատրոնի։ Պարզվում է, որ մեր բեմը վերջին երկու տասնամյակից ավելի տարիների ընթացքում կորցրել է իր իսկական հանդիսատեսին և չի կարողացել դաստիարակել նոր հանդիսատես։

Բեմ է բարձրացվել ահա մի նոր պիես՝ ժամանակակից ողբերգություն՝ ծագումով հայուհի և ռուսագիր հեղինակ Լյուդմիլա Ռազումովսկայայի «Սիրելի Ելենա Սերգեևնա» կարծես անխոստում վերնագրով գործը։ Սունդուկյանի անվան թատրոնի երիտասարդ, ստուդիական տարիքի դերասանների փոքր մի խումբ, փորձառու վարպետուհու՝ Վարդուհի Վարդերեսյանի առաջնորդությամբ և երիտասարդ բեմադրիչ Արմեն Էլբակյանի ղեկավարությամբ, ուսերին է առել ծանր մի բեռ և հավատով ու եռանդով ուժ է տալիս անփորձ ծնկներին ու հևիհև, երբեմն էլ սայթաքելով տեղ է հասցնում այդ բեռը։

Պիեսը ժամանակակից է, ներկայացումն՝ ազնիվ, հուզական ու նպատակասլաց։ Գաղափարը թերևս նոր չէ, բայց նոր է հրապարակայնություն ստանում, անզիջում է, անհամաձայնողական և խփում է ճիշտ տեղին։ Ւսկ Վարդուհի Վարդերեսյանն ստեղծել է ճակատագրական հերոսուհու մի կերպար՝ ճշմարիտ, վեհ ու ներշնչող։ Մարդն ապրել է իր կյանքը գործնական աշխարհից դուրս, սեփական անձից ու անձնականությունից հրաժարված և անսպասելիորեն դեմ է առել մի ուժի, որի գոյությունն իմացել է, բայց չի իմացել, որ այդ պատնեշը գոյացել է իր կողքին ու իր ձեռքի տակ։ Հեղինակը նրբորեն է ընտրել նրա մասնագիտությունը՝ մաթեմատիկայի ուսուցչուհի։ Մաթեմատիկան մտքի ճշմարտության արվեստն է, և դրա կրողը ներհակ է կյանքի կեղծիքին, իրերի ու իրականության շեղված ընթացքին։ Եվ հանկարծ այդ ընթացքն ուղղվում է դեպի իր անձը, գրոհում տունը, խոհանոցը, գրադարանը, համեստ ունեցվածքն ու սպիտակեղենը։ Սարսռելի մի աղետ, որին նա պատրաստ չէ, անծանոթ է դիմադրության միջոցներին, և դաժան փորձությունն ավարտվում է ողբերգությամբ։

- Այս ի՜նչ արեցինք մենք, այս ի՜նչ արեցինք...

Չգիտակցված չարագործություն, որ ավելի սարսափելի է գիտակցվածից։ Ո՞վ կմտածի, ո՞ւմ մտքով կանցնի, որ այս բարետես ու բարեկիրթ, զվարթ ու ջահել մարդիկ, որ նոր են բախում կյանքի դռները, օտարված են հոգևոր գոյության աշխարհից և չգիտեն, թե ինչ են իրենք իսկ իրենց պարահանդեսային դիմակների տակ։ Նրանք քաջածանոթ են գրքի ու գրականության գաղափարներին, ի վիճակի են նույնիսկ քննելու խղճի ֆենոմենը, բայց կեղծ լոզունգների, վաճառքի հանված իդեալների, վարկաբեկված պատմության և մեղավոր հայրերի ու երեսպաշտ վարդապետների իրականությունը նրանց դարձրել է հոգեպես տհաս և գազազեցրել, իրենք էլ չգիտեն՝ ում դեմ։ Պարզ ու «անվնաս» մի կեղծիք է պետք նրանց՝ կյանքի հետնամուտքի բանալին, և մաքառում են՝ խնդրում, խեղճանում, սովորեցնում, հանդգնում, որպես թե ամաչում ու զղջում և այնուամենայնիվ, ոտնատակ տալիս, անարգում բոլոր սրբություններն ու թաղում խղճի աստվածուհուն։

Պիեսը բարդ ու ծանր խնդիր է առաջադրում բեմադրողին ու դերակատարներին և՛ բեմական-հոգեբանական, և՛ ֆիզիկական, և՛ բարոյաաշխարհայացքային առումներով։ Թատրոնում երիտասարդությունն ու վարպետությունը դժվար են համատեղվում, բայց խնդիրը խնդիր է։ Շունչ և դերասանական հասունացում են պահանջում բոլոր դերերը։ Ահա, տեսեք իր դիվանագիտական կարիերան ծրագրած երիտասարդին։ Վոլոդյա է անունը։ Գերմարդու գաղափարն է քարշ տալիս կաթնակերը, Պետրոսից ու Նապոլեոնից է բարբառում և «կամք» ունի, հաղթահարում է իր «թուլությունները», համեստ խորհուրդներով արիության կոչում յուրայիններին և հասնում լկտիության գագաթնակետին։ Դերակատար Տիգրան Ներսիսյանը գործում է նպատակասլաց ու նպատակահարմար. բարեկիրթ քայլվածք, հեռուստատեսային մեկնաբանի կրկնվող ժեստեր, քաղաքագետի խոսվածք։ Նրա ձայնի բնական խլությունը, որ բեմական առումով շահեկան չէ, դառնում է կերպարի հատկանիշ։ Դերասանը կրկնում է իր խոսքի հնչերանգները և հոգնում։ Արտահայտչամիջոցների չմշակվածությունը դառնում է ներկայացվող անձի հոգեկան անավարտության ու վաղ սպառվածության նշան։ Չարագործության ղեկավարը հոգնում է և շփոթմունքը դժվարությամբ թաքցնելով՝ ճողոպրում, հանցանքի պատասխանատվությունը թողնելով իր ենթականերին։ Կերպարը կա և ունի կատարելագործման հնարավորություն։ Երիտասարդ դերասանը խաղում է իր առաջին լուրջ դերը՝ իր անձին հարազատ։

Մարդագիտական ու մարդասիրական «մասնագիտական» ծրագրով իր «շեֆի» կողքին է կանգնում «տոհմիկ մտավորականը»՝ Պաշան, ակնոցով, փողկապով և Դոստոևսկու աստվածասիրությունն ու անաստվածությունը քննելու հավակնությամբ։ Վահրամ Նազարեթյանի ներկայացրած երիտասարդը խակ ու թուլամորթ մի էակ է, ներքուստ դատարկ և իր կեցվածքն էլ դեռ չի գտել։ Դարձյալ կերպար կա, թեպետ խաղն ընթանում է արտաքին պլանով, ակներև հատկանիշների շահարկումով, և դերասանը բացվելու տեղ ունի։

Փորձի, վարպետության ու արտահայտչականության համար ժամանակ է պետք։ Էականը վիճակների ներքին գնահատումն է, կերպարի ներքին ամբողջականության զգայումը։ Այս առումով ճշմարիտ են բեմադրողի ստեղծած դրությունները (եթե նկատի չառնենք մեկ–երկու տեսարան) և բոլոր դերակատարները։ Բայց մի բան է զգացողությունը, մեկ այլ բան՝ բեմականորեն արտահայտիչ լինելը։ Մեծ դահլիճն ու մեծ բեմը անշահեկան են և այս պիեսի, և անփորձ դերակատարների համար։ Բայց թող դա չխանգարի մեզ ճիշտ տեսնելու էությունը։ Այսպես, Աննա Էլբակյանի Լյալյան հիանալի կարող է հնչել համեմատաբար փոքր սրահում։ Նա զարմանալիորեն նրբազգաց է, գործում է հոգեբանորեն ճշգրիտ, հարաբերությունները մշակել է վարպետորեն և գտել հետաքրքիր ու հավաստի պլաստիկական վճիռ։ Դերասանուհու ձայնը մշակված չէ, ինչպես և նրա խաղընկերներինը, բայց վարքագծի երանգները բազմազան են։ Փոքրամարմին ու փորձված դատողություններով աղջիկ, ձևացյալ միամտությամբ, ուսուցչուհու հանդեպ կարեկցանքի ու խրատի դատապարտելի ակնարկներով, անփույթ, լայն քայլվածքով, կատվային սեթևեթանքով։ Եվ մի անցում ունի։ Երբ վտանգ է սպառնում իր աղջկական պատվին, դառնում է անօգնական ու կարեկցալի, արթնանում է հանկարծ, սարսափում և կարծես մաքրվում է, մանավանդ ներկայացման ավարտակետում, երբ թույլ ձեռքերով բախում է ինքնասպանի փակ դուռը, որը լուռ է գերեզմանաքարի նման։ Դերասանուհին ներքուստ անվրեպ է գործում, և դա դժվար բան է։ Առավել դժվար է և այլ հմտություն է պահանջում գործողության թատերային արդյունքը, խաղը ամֆիթատրոնին ու վերնահարկին հասցնելը։

Այստեղ արդեն մեզ շատ է ուրախացնում Տիգրան Ոսկանյանի Վիտյան: Ահա, ինչպես ասում են, ժառանգականորեն արատավորված մարդը՝ հարբեցողի զավակ, սկսնակ հարբեցողը։ Շամպայնը նրա ուղեղի վրա ներգործում է դանդաղ, և որտեղից որտեղ հանդիսատեսի առջև կանգնում է գիտակցության բոլոր կապերն արձակած, ուղեղի ու հոդերի առանցքակալները կորցրած, կարծես ծիծաղելի, բայց իրականում խղճահարության արժանի մեկը: Դերասանը սրամիտ է, զվարճաբան, կոնկրետ, հնարամիտ, ճկուն և պլաստիկորեն արտահայտիչ, բայց խաղի տակտիկային լավ չտիրապետելով, վերջում հոգնում է, սպառում ներքին ուժը։ Թվ ում է, դերասանը պետք է խաղա զգույշ և պատրաստվի հասնելու պատասխանատու ավարտակետին՝ հոգեկան արթնացմանը, որպեսզի նրա աղաղակը՝ «այս ի՞նչ արեցինք», ստանա դրամատիկական սրություն, հեղինակի հետապնդած բարոյական իմաստը վերջնականապես լրջացնի հանդիսատեսին։ Հնարավոր է այդ անել, և երիտասարդ դերասանի ուժերից, կարծում ենք, վեր չէ։

Պիեսի կենտրոնական ու կենտրոնաձիգ դերը բացառիկ հուզականությամբ ու վարպետությամբ է կատարում Վարդուհի Վարդերեսյանը։ Հիշեցնում է մեր թատրոնի ոսկե ժամանակը։ Ի՜նչ հստակ մոտեցնում, անձի ու կերպարի ի՜նչ լիակատար ներդաշնակություն։ Նուրբ խարակտերային դերասանուհու նկարագիրը հազվադեպ է հարմարվում ողբերգականին, և այստեղ քիչ է ասել թե հարմարվել է։ Գործ ունենք նույնացման երջանիկ իրողության հետ։ Անճկուն է Ելենա Սերգեևնան, միօրինակ կյանքից միակերպ դարձած, շատ բաների անտեղյակ, չունի ոչ մի փորձ, բացի հոգևոր փորձից, որի առջև կյանքի իմացությունը զրոյի արժեք ունի։

-Դուք բոլորովին էլ կին չեք,- ասում են նրան, ճիշտ են ասում, բայց տալիս են վիրավորական բնութագրում՝ «թերթի առաջնորդող»։ Ահա չըմբռնված մարդու վիճակը։

Նա քայլում է չոր ու կոտրված, ունի միամիտ, պառաված կույսի ձայն և բարի է, անօգնական, այս ամենի հետ աներևակայելիորեն հաստատակամ։ Մեծ ստորություն է պետք այս կնոջը հաղթելու համար։ Վիտյան նրան խուզարկում է բռնաբարիչի անամոթությամբ, և կինը, որ կյանքում տղամարդ չի տեսել, հեծկլտում է զուսպ ու ցավագին, ամոթն ու վիրավորանքը խեղդելով։ Թվում է, նա իր արցունքներին ազատություն է տալու, երբ առանձնանում է խոհանոցում, բայց այստեղ էլ դիմադրությամբ է հանձնվում հեկեկոցին։ Եվ մի տեսարան ունի բեմի կենտրոնում։ Նա աղաղակում է սահմռկեցնող, մարդու արյունը պաղեցնող տոնով։ Այս ամենից հետո դերասանուհին կարողանում է անցնել զուսպ տոների և հանգիստ ու հաստատակամ, նույնիսկ ժպտալով ասում է.

-Բանալին չեմ տա, չեմ տա։

Բանալին դառնում է նրա սկզբունքի խորհրդանիշը, որ դրված է ծաղկամանի հասակին։ Կինը ի վերջո շրջում է ծաղկամանը և իր տան հատակին, չարագործների ոտքերի տակ գցում իր պատիվը, որպեսզի կանխի դրանով սեփական աչքերի առջև սպասվող հանցագործությունը, իրեն նվիրված ծաղկեփունջը շաղ տալիս ու փակում կյանքի հետ բոլոր հաշիվները։

Ծաղիկները զարդարում են նրա վերջին, կարճ ճանապարհը՝ սենյակի կենտրոնից դեպի լողասենյակ։ Մահ, հերոսական, անկասելի, ճշմարտության հետ հավերժորեն հաշտ։ Լյալյայի հուսահատ աղաղակը փակ դռան առջև անօգուտ է, ուշացած։ Դատարկ, անշուք սենյակում զնգում է հեռախոսը։

Էդիտ Պիաֆի երգը լցվում է սենյակ, ինչպես ցավագին բողոք։

Նյութի աղբյուրը՝ «Սովետական Հայաստան» 1988, Հուլիսի 19

819 հոգի