Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

08.07.2022  00:21

Թումանյանի հեքիաթնե՞րն անծանոթ, այն հեքիաթնե՞րը, որ մեր ականջին հնչում են անհիշելիորեն վաղ մանկությունից, այն հեքիաթնե՞րը, որոնց հիման վրա այնքան լավ ու վատ ֆիլմեր են նկարվել՝ «մուլտային» և «ոչ մուլտային», հեքիաթներ, որ հաճախ էլ լսում ենք ձայնասփյուռից՝ Սուրեն Քոչարյանի կատարմամբ։

Այո՛, հենց այդ հեքիաթները։ Բայց եթե դրանք «անծանոթ» ենք կոչում, բառն էլ առնելով չակերտների մեջ, ապա դրա համար կա առիթ և պատճառ։

Առիթը Կինոդերասանի թատրոն-ստուդիայի «Թումանյանի հեքիաթները» ներկայացումն է (խաղացանկի երեքից մեկը, մյուսը ստեղծված է Վ. Սարոյանի պատումների հիման վրա՝ «Իմ անունն է Արամ», երրորդը՝ Դ. Դեմիրճյանի՝ «Քաջ Նազարն» է)։ Պատճառը՝ այն անսպասելի, նորորակ, «անծանոթ» մեկնությունը, որ մատուցում է թատրոնի շնորհալի երիտասարդությունը՝ հայտնի կինոբեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Հենրիկ Մալյանի հղացումներով։

Այնքան թարմաշունչ, անսպասելի է Թումանյանի վաղածանոթ հեքիաթների թատերային մատուցումը, որ թվում է երբեմն, թե անծանոթ պատումներ ես նայում։ Իհարկե, տեսնում ես, որ այս մեկը «Սուտլիկ որսկանն» է, մյուսը՝ «Մի կաթիլ մեղրը», երրորդը՝ «Կիկոսի մահը» Բայց և դիտողին չի լքում դուրեկան զարմանքի այն զգացումը, որ ունենում ես առաջին ծանոթության պահին։ Եվ միտքդ է գալիս տաղանդի բազում բնորոշումներից մեկը՝ տաղանդն անսպասելին է։

Սա է ներկայացման առաջին արժանիքը, որ ձեռք է բերվել Թումանյանի տեքստին և բեմադրիչի հղացումներին անվերապահորեն հավատալու շնորհիվ. դերասանները կարծես իսպառ «մոռացել» են, որ այդ հեքիաթները կարդացել են երբևէ։ Կարծես, ահա՛, առաջին անգամ կարդացել են ու հիացել և այդ անմեղ ու անբիծ հիացման հրապույրն են ուզում հաղորդել դիտողին։ Այստեղից էլ՝ խաղի և տեքստի մատուցման միամտությունը, այն աստիճան, որ թվում է, թե դերասանները տվյալ պահին գործող անձի խոսքն են ասում։ Ահա ձեզ ինքնաստեղծ, հանկարծահաս, ստեղծաբան, ասել է թե իմպրովիզացիոն խաղ։

Թատերախմբի քսանհինգ անդամներից ոչ մեկը մազաչափ կասկսւծ չունի ստեղծված իրադրությունների, ավելի քան պայմանական բեմավիճակների, գործող անձանց մղումների հոգեբանական ճշմարտության հանդեպ։ Երբ սա՝ բեմական արվեստում ամենից դժվարինը, ձեռք է բերվում, այլևս ոչ մի պայմանականություն սարսափելի չէ, ոչինչ անբնական ու անպատեհ չի թվում։ Ոչ այն, որ գործող անձն ինքն է ասում իրեն վերաբերող հեղինակային տեքստը (թե ինքն ինչու արեց այս կամ այն բանը), ո՛չ այն, որ դերասանը մարմնավորում է ավերակներ («Խելոքն ու հիմարը») մեկ էլ ձի է դառնում («Բարեկենդանը») կամ էլ՝ ծառ («Կիկոսի մահը») և պարզորոշ ցույց տալիս իր հուզական վերաբերմունքը մարդկանց անհեթեթ արարքների հանդեպ, ո՛չ էլ նույնիսկ այն, որ բեմում մեկնված հանգուցյալը խոսում է իր իսկ մասին («Նեսոյի քարաբաղնիսը») կամ այն, որ մարդու հասակը ձգվում է անհավատալի չափերով («Տերն ու ծառան»)... Նման պայմանականություններով լեցուն է ներկայացումը, բայց դրանք չեն հակասում աղբյուրի պես բնական հոսող բեմական պատումին, այլ հյուսվում են նրա հետ թեթև ու դյուրին, ջրաներկին հատուկ, ուսումնական-ստուդիական թատերախաղին հատուկ թեթևությամբ։

Եվ հանդիսատեսն ամեն ինչ ընդունում է հալած յուղի տեղ, ամեն ինչին հավատում է նույնքան անվերապահ, որքան անվերապահ դերակատարները հավատում են իրենց արարքներին ու խոսքերին։ Նորից ու վերստին արվեստի հին օրենքը՝ հավատացնելու համար պիտի հավատաս։

Ներկայացման մյուս արժանիքը՝ Թամանյանի հեքիաթներին վայել հումորն ու ծիծաղը հորդում են բեմից և ողողում հանդիսասրահը, մինչդեռ դերասանները խաղում են խորին լրջությամբ, բնավ ջանք չեն թափում հատկապես ծիծաղ հարուցելու համար։ Ամեն մարդ սևեռուն ուշադրությամբ իր գործն է անում՝ Ձախորդ Փանոսը ծառ է կտրում, սուտլիկ որսկաններն իրենց հաջողությանը վստահ քաջակորով տղերք են, տերն իր տիրությանն է անում, ծառան՝ ծառայությունը, Կիկոսն իր կիկոսությունն է անում, մայրը և քույրերն իրենց կրտսերի «դժբախտության» եռանդագին սգվորներն են, իսկ ընտանիքի հայրը «լրջախոհ» մարդ է, որ ամեն դեպքում գիտե իր անելիքը։

Մի երրորդ արժանիք ևս՝ Թամանյանի լեզուն ներկայացման մեջ հնչում է և՛ կիրթ, գրեթե երեխայական գերող անկեղծությամբ, և՛ խորապես հարազատ հեքիաթների լեզվին. բացառությունները (մարավ, վառավ և այլն) քիչ են և դրանցից պետք է ազատվել։ Պետք է ազատվել նաև «Շունն ու Կատվի» կոպիտ արդիականացումից (կաշառքի մոտիվը)։ Այս դիտողությունները չեն խանգարում ասելու, որ ներկայացումը նոր խոսք է Թումանյանի բեմական յուրացման երկար ու դժվար ճանապարհին։

Այսքան գոհ լինելով ներկայացումից, մենք դերակատարներից ոչ մեկի անունը չտվինք։ Պատճառը՝ այնքան ներդաշնակ, այնքան համաձույլ մի անսամբլ է ներկայացումը, բոլորն էլ խաղում են այնպիսի նվիրումով, որ մեծաթիվ դերակատարներից ոչ մեկին չենք ուզում առանձնացնել։ Սրա մեջ պետք է տեսնել տաղանդավոր թատերախմբի հաջողության ևս մի գրավականը և ներկայացման չորրորդ արժանիքը։

1982

491 հոգի