Սեղմիր
ԴՐԱՄԱՏՈւՐԳԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

01.07.2022  1:03

Վիլյամ Սարոյանը՝ որպես դրամատուրգ, սկզբից իսկ չհետևեց «ավանդական» չափանիշներին, կտրականապես հրաժարվեց «լավ սարքված» (well-made) պիեսներ գրելու շահութաբեր առաջարկներից և ստեղծեց իր չափանիշը, դրսևորեց իրեն բնորոշ հումորը, նուրբ հեգնանքը: Սարոյանի պիեսներն ունեն ընդհանուր մի առանձնահատկություն. դրանք գրված են անպաճույճ ու պարզ լեզվով, թատերային են, բայց հաճախ՝ ոչ բեմական:

«Իմ սիրտը լեռներում է» (1939 թ.)  պիեսից  առաջ Սարոյանը գրել է «պզտիկ խաղեր» (իր բնորոշումն է – Է. Զ.). «Ես շատ հինգ րոպեական խաղեր ունիմ, հարյուրավոր, ես ատի պզտիկ խաղեր կգրեմ, որ ավելի լավ հասկնամ մեծ խաղեր: Հիմա, երբ որ գրեք խաղ մը, խաղը պիտի ըլլա ձեր կյանքեն, ձեր աշխարհեն, ձեր հոգիեն, ձեր երևակայութենեն: Հիմա, երբ որ գրեք ատ հողեն, ձեր խաղը ձեր անուններով, ձեր տեսածներեն, ձեր սերեն, ձեր զորութենեն, ատ խաղը շատ պիտի հետաքրքրե ուրիշներ: Ձեզի հասարակ պիտի խորհիք ըլլա, բայց հասարակ չէ, որովհետև ուրիշներ չեն գիտեր ատ բաներ: Եվ միայն հայն չէ, որ հետաքրքիր հայ է, ամեն մարդ հետաքրքիր հայ է, եթե մեր տաղանդներ դուրս բերենք, ամենեն արագ պիտի ըլլա խաղին մեջ, որովհետև ատի հետաքրքիր է սինեմային, հեռուստատեսությանը և կերթա թարգմանություն, և պիտի ատ ֆոն ըլլա[1]»:

Այդ փոքր խաղերը (playlet) կամ կարճ պիեսները (short plays), թեև ամբողջական  չեն («Նորեկները»), սակայն իրենց սեղմությամբ իսկ բազմաշերտ են։ Դրանք ավելի շուտ կարելի է կոչել «թատերական տեսարան կամ դրվագ»:

Սարոյանը, որ Իբսենի դրամաները համարում էր «չափազանց հմուտ» և «հաշվարկված», նախապատվություն էր տալիս վոդևիլին, որ «...թվում էր ավելի իրական[2]»: Նրա ստեղծած թատերգությունների մեծ մասը՝ մասնավորապես կարճ պիեսները, ունեն վոդևիլային թեթևություն, զավեշտախաղի բնույթ, ավանգարդիստական թատրոնի տարրեր և հաճախ «սահմանակցում» են անտիդրամային՝ երբեմն ամբողջությամբ ներառելով վերջինիս ենթաժանրային գծերը։

 Ծնունդով լինելով հայ` Սարոյանը երբեք չի գրել հայերեն: Նրա ստեղծագործություններից շատերը թարգմանվել են, մի մասն էլ` դեռ ոչ: «Եթե պետք է մեր պատմություն աշխարհքին հասնի, ամենեն հաջող և արագ միջոց պիտի ըլլա դրամայով, խաղով, պիտի խաղ մը, եթե լավ ըլլա, պիտի թարգմանվի (ընդգծումը մերն է - Է. Զ.), գիտցած եղեք[3]», - ասում է գրողը:

Վ. Սարոյանի պիեսների թարգմանությանը ձեռնամուխ են եղել մի շարք թարգմանիչներ` Խաչիկ Դաշտենցը, Զավեն Բոյաջյանը, Շահեն Համամջյանը, Արտաշես Էմինը, Վանիկ Ավետիսյանը, Սամվել Մկրտչյանը և այլք: Թարգմանական ի՞նչ առանձնահատկություններ ունեն Սարոյանի պիեսները: Որո՞նք են այն սկզբունքները, որ չպետք է անտեսվեն Սարոյանի թատերական երկերը թարգմանելու գործում:

 Դեռ Սարոյանի օրոք գրականագետները նրա մեջ հայտնաբերեցին «նոր ու թարմ» տաղանդ, որ տարբերվում է մյուս ամերիկացի գրողներից իր փոքր-ինչ արտասովոր, պարզ, երբեմն «անսյուժե» գրվածքներով, որոնք համեմված են հումորով, հեգնական երանգավորումներով և դրսևորում են ամենամարդասեր գրողներից մեկի աշխարհը, նա  ունի իր ոճը, գիրն ունի «թեթևություն[4]»:

Վ. Սարոյանի լեզուն պարզ է, խոսակցական, երբեմն համեմված ժարգոնային բառերով (slang) ու արտահայտություններով: Օրինակ` swell, («Իմ սիրտը լեռներում է»), a lousy cell («Հե՜յ, ո՞վ կա»), what ain’t, Gosh («Տարեկանի արտում»), Boloney («Մետրոյի կրկեսը»), to get cockeyed («Պինգ-պոնգ խաղացողները»), to bust loose («Ռադիոպիես»): Թարգմանչի համար առանցքային նշանակություն պետք է ունենան սարոյանական կերպարների թատերայնության պահպանումը, խենթ ու ծուռ հերոսների կերպարայնությունը, երկխոսությունների կենդանությունը, այն, ինչ ամերիկյան գրականագետները բնութագրել են որպես սարոյանական (Saroyanesque): Հայկականության թեման կազմում է Սարոյանի գրական երկերի մեծ մասի կոմպոզիցիոն կարևոր տարրը: Թափանցելով գրական երկի էության մեջ` թարգմանիչը պետք է հնարավորինս հավատարիմ մնա բնագրին, պահպանի հեղինակի ոճը, որքան էլ որ առաջնորդվի ազատ թարգմանության սկզբունքներով: Գեղարվեստական գրականության որակը կախված է հատկապես պատկերավորման միջոցների համարժեք թարգմանությունից: Իհարկե, տարբեր են սկզբունքները արևելյան և եվրոպական լեզուներից թարգմանություններ կատարելիս, ինչպես նաև բանաստեղծությունը, պատմվածքը կամ թատերգությունը մայրենի լեզվով փոխադրելիս:

Սարոյանի թատերգությունները գրված են անգլերենով։ Սա նշանակում է, որ թարգմանիչը գործ է ունենալու կոնտեքստուալ լեզվի հետ: Դա մի կողմից ավելի է բարդացնում թարգմանչի գործը` համարժեք ու դիպուկ բառը գտնելու և «կառույցի» մեջ տեղադրելու առումով, մյուս կողմից ընդլայնվում է ստեղծագործական հնարավորությունների սահմանները: Թարգմանության արդյունքում կարող են ստեղծվել նոր բառեր, որոնք ավելի կհարստացնեն տվյալ լեզուն, ինչպես եղավ Շեքսպիրի հայ լավագույն թարգմանիչներից մեկի` Հովհաննես Խան-Մասեհյանի դեպքում: Թարգմանության որակի առհավատչյա է նաև գրողի ոճը պահելը, մատուցելը: Օլիվեր Էդվարդսը նշում է իր գրքում. «Մենք թարգմանչից չենք պահանջում բնավորությունների, իրավիճակի, մտածողության բառացի պատկերում, այլ սոսկ մոտավոր համապատասխանություններ ներկայացնող: Պետք է որքան հնարավոր է ճիշտ զգանք բնագիրը[5]»: Ուշագրավ է Նշան Մուրադյանի՝ առաջին հայացքից պարադոքսալ թվացող միտքը, որ կիրառելի է ցանկացած թարգմանության ժամանակ. «...հարկ եղած դեպքում հեռանալ բնագրից` բնագրին մոտենալու համար[6]»:

Յուրաքանչյուր հեղինակ իր գրվածքներում ունի մշտապես շրջանառվող բառեր: Օ. Ուայլդը հաճախ է գործածել գեղեցիկ բառի հետևյալ հոմանիշները՝ marvellous, fascinating, picturesque, charming, beautiful, exquisite և այլն: Իսկ Վ. Սարոյանը շատ է կիրառում bewilder, resign, love, swiftly, furiously, roaring, sobbing, remorse, delight(ed), beautiful, charming, well, swell, back-drop և այլ բառերը:

Սարոյանի թատերական երկերը գրված են կենդանի խոսակցական լեզվով, որ թարգմանչին կարող է կանգնեցնել բարդ խնդրի առջև. նախ՝ անհրաժեշտ է չտեղայնացնել խոսակցական արտահայտությունները, ժարգոնային մեկ-երկու բառերը կամ դարձվածքները, ապա՝ գրական հայերենով «չսպանել» և չխստացնել սարոյանական «հյութեղ» և կենդանի ոճը: Վերն ասվածը հաստատում է Սարոյանի հետևյալ գրառումը. «Ես հայտնաբերել եմ, որ գրական լինելը անցանկալի է, հարկավոր է բառերով գրել: Կենդանություն հաղորդիր բառերին, որպեսզի պատմվածքդ ապրի[7]...»:

Հարցին պետք է մոտենալ կերպարայնության տեսանկյունից: Օրինակ՝ «Օպերա, օպերա» կարճ զավեշտախաղում հանդիսականի առջև հայտնված Երիտասարդի կամ պերճախոս ծեր Տիկնոջ խոսքը հնչում է գրական լեզվով (հրապարակային խոսք) (թարգմանությունը մերն է- Է. Զ.): Սակայն առօրյա խոսակցական լեզվով է դրսևորվում մյուս կերպարի` «գորիլլայի նման Տղայի» (Գորիլլայի) խոսքը. «Էդ ճի՞շտ է որ...[8]» և այլն:

«Ոստրեն ու Մարգարիտը» պիեսն առաջին անգամ ներկայացվել է TV-Radio Workshop-ի «Օմնիբուս» հեռուստածրագրով (ԱՄՆ, 1953): Պիեսն առաջին անգամ հայերեն ենք թարգմանել մենք: Այս ստեղծագործության մեջ վառ կերպով երևում է «հույսի գրա-կանության» կրող հեղինակը՝ իր լավատեսությամբ ու մարդասիրությամբ: «Ոստրեն ու Մարգարիտ»-ն առանձնանում է մյուս գործերից մի շարք հատկանիշներով` կառուցվածքով, հետաքրքիր խորհրդանիշերով (ոստրեի և մարգարիտի), անսպասելի հանգուցալուծմամբ և այլն: Ցանկացած ոստրե կարող է իր մեջ մարգարիտ լինելու հույս ներշնչել. ահա, կարծես սա է դառնում առանցքայինն այս պիեսի համար, իսկ մարգարիտը դառնում է բազմանշանակ, ինչպես յուրաքանչյուր սիմվոլ: Այս երկում կրկին հանդիպում ենք սարոյանական հայտնի կերպարներին` էքսցենտրիկ վարսավիրին, ուսուցչուհուն, անմեղ դպրոցականներին, գրողին: Նուրբ հեգնանքը և հումորը դառնում են սարոյանական ոճի անքակտելի մասերը:

Սարոյանն օգտագործել է մի շարք դարձվածքներ, իդիոմատիկ արտահայտություններ ու ասացվածքներ, օրինակ՝ safe and square, ... has knocked (me) for a loop, fair and square, get it out of the way, old-battle ax, go haywire, take it easy a stich in time saves nine, a bird in the hand is worth two in the bush և այլն:

Վերոհիշյալ պիեսում, ինչպես բազում այլ ստեղծագործություններում, հանդիպում ենք դպրոցական երեխաների կամ ընդհանրապես, այսպես ասած, «սարոյանական երեխայի», և թարգմանիչը կանգնում է այդ տիպը բնութագրող, կերպավորող լեզու գտնելու խնդրի առջև: Արդյո՞ք հայերենի բառամթերքը թույլ է տալիս կառուցել սարոյանական երկի ինքնտիպ լեզվական հյուսվածքը և արտահայտել համարժեք լեզուն:

Վերապահումով կարելի է նշել անգլերենից կատարված որոշ չափածո ստեղծագործությունների տաղաչափական համակարգի հետ կապված խնդիրները:

Հոլանդացի լեզվաբան Հերդանը կազմել է համեմատական մի աղյուսակ, որտեղ ցույց է տվել մի քանի լեզուներից վերցրած բառերի երկարությունը վանկերով: Ըստ այդ աղյուսակի՝ հայերեն բառը միջին հաշվով չափածո գրվածքներում եռակի երկար է անգլերենից:

Մեր թարգմանության մեջ («Ոստրեն ու Մարգարիտը») փորձել ենք հավատարիմ մնալ սարոյանական կենդանի-խոսակցական և պարզ լեզվին: Միակ գործող անձը, որի խոսքը հնչում է գրական լեզվով, ուսուցչուհի միսս Մըքքեչիընն է: Գրական լեզուն բազմակի հատկություններով է «օժտում» միսս Մըքքեչիընի կերպարը` ավելի ընդգծելով ուսուցչուհու բնավորության գծերը: Ուշադիր լինելու դեպքում կնկատենք հաճախ հնչող «as a matter of fact» (փաստորեն, փաստացի) «չոր, տրաֆարետային» արտահայտությունը միսս Մըքքեչիընի խոսքում:

Վ. Սարոյանի թատերգությունների մեջ հաճախ հանդիպում ենք արտահայտություններ կամ բառակապակցություններ, որոնք թարգմանելի են սոսկ համատեքստային-գաղափարական ընդհանրացումների դեպքում` ըստ իմաստի: Նման բառակապակցություններն առանձին չունեն հատուկ իմաստ, սակայն իմաստավորվում են համատեքստում: Այդպիսի բառակապակցություններից է «Ոստրեն ու Մարգարիտը» պիեսի գործող անձանց մասին բացատրություններից մեկը` «a bօy on Saturday», որը թարգմանել ենք «շաբաթօրյա տղան»` անշուշտ դնելով չակերտների մեջ: Եվ չմոռանանք, որ ամբողջ գործողությունը տեղի ունեցավ շաբաթ օրը:

«Քո կյանքի ժամանակը» թատերգության մեջ Զ. Բոյաջյանը, ելնելով ազատ թարգմանության սկզբունքներից, հեղինակի խոսքերին ավելացրել է բառեր, արտահայտություններ կամ նույնիսկ նախադասություններ` ավելի սրելով կերպարի բնութագծերը: Զ. Բոյաջյանը կարողացել է վերստեղծել Վ. Սարոյանի կենդանի և պարզ լեզուն, չհեռանալ համատեքստից և գտնել կերպարներին բնորոշ, դիպուկ բառերը: Սակայն ներքոհիշյալ նախադասություններում նվազ չեն տարբերությունները բնագիր-թարգմանություն տարբերակներում.

Nick. ... – They bring whatever they’ve got with them and they say what they must say[9].

Նիք - ... Ամեն մեկն իր հետ մի բան է բերում, իր հոգսն ու ցավը:

Թարգմանիչը «they» (նրանք) բառը թարգմանել է «ամեն մեկը»՝ նաև հավելելով «իր հոգսն ու ցավը», հանել է «and» (և, ու, իսկ) շաղկապը, իսկ մյուս նախադասությունը («Նրանք ասում են այն, ինչ պիտի ասեն»)` թարգմանել այսպես.

«Ամեն մեկն ասում է իր ասելիքը[10]»:

Ազատ թարգմանության սկզբունքով են թարգմանված նաև հետևյալ նախադասությունները.

- What the hell does he want? (Գրողը տանի, նա ի՞նչ է ուզում):

- Ի՞նչ չոռ ու ցավ է իր գլխին ուզում. ա՞ղն է պակաս, թե՞ մաղը[11]: (Զ. Բոյաջյանի թարգմանությամբ):  

Տաղանդավոր թարգմանիչ Զ. Բոյաջյանը, նախընտրելով ազատ թարգմանության սկզբունքները, «Քո կյանքի ժամերը» պիեսում փոքր-ինչ «ընդարձակել» է առաջին Պոռնիկի խոսքը: Հեղինակի պարզ համառոտ նախադասությունը` “They’re all lousy”, թարգմանվել է այսպես. «Ի՞նչ ցավերս է մնացել կինոներում: Ամեն տեղ նույն զիբիլն է[12]»: Թարգմանիչը կրկնել է նախորդող նախադասությունը. Spend your time at the movies for the next couple of days”. («Էս երկու օրը ավելի լավ է կինոներից քթներդ դուրս չհանեք»): Թարգմանիչն ակնհայտորեն խուսափել է բառացի թարգմանությունից և «հեռացել բնագրից` բնագրին մոտենալու համար»: Սակայն նման սկզբունքով թարգմանությունը կարող է հայտնվել մեկ վտանգի առջև. համառոտ պիեսները կարող են դառնալ ընդարձակաբան:

Վերոնշյալից ակնհայտ են նաև թարգմանչի՝ Սարոյանին հայերեն ներդաշնակ «հնչեցնելու», ամերիկյան միջավայրը հայկականի չվերածելու, իմա՝ չտեղայնացնելու միտումները:

«Նորեկները» փոքր խաղն առաջին անգամ տպագրվել է Բոստոնում լույս տեսնող «Հայրենիք» շաբաթական հանդեսում (1939 թ.), իսկ 1983-ին վերահրատարակվեց «Իմ անունը Սարոյան է» գրքում: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ: Այս փոքր խաղը կամ թատերակը ավելի շուտ կարելի է կոչել թատերական տեսարան, քան ամբողջական մի պիես: Սա պատկանում է Սարոյանի վաղ շրջանում գրված այն երկերի թվին, որոնք գրականագետները համարեցին ոչ բեմական, պարզունակ և իմաստազուրկ: Սարոյանի համար նման պիեսները փորձարարական բնույթ ունեին և հաճախ գրվել են` առանց հաշվի առնելու բեմի առանձնահատկությունները: Սովորականի մեջ անսովորն ու հետաքրքիրը տեսնող Սարոյանի համար բավական էր մի դրվագ, որպեսզի այն դարձներ «պզտիկ խաղ» կամ պատմվածք:

«Նորեկները» փոքր խաղում ներգաղթյալ հրեա Ջոն առավոտ կանուխ կանչում է ընկերոջը` Գրեգին, որ դեռևս քնած է: “Can you come out, Greg?[13]” նախադասության մեջ (Կարո՞ղ ես դուրս գալ, Գրե՛գ) «կարող ես»-ը Ջոյի խոսքը կդարձներ “literary” (գրական), ինչպես կասեր Վ. Սարոյանը։ Այդու մենք թարգմանեցինք «Դուրս կգա՞ս, Գրե՛գ», քանի որ «կարող ես-ը» ավելի շատ գրական է, քան խոսակցական: Հետագա տողերում նկատում ենք նաև քերականական «սխալներ», որոնք ավելի շուտ խոսակցական լեզվի դրսևորումներ են, ինչպես նաև անգլերենը վարժ չտիրապետող ներգաղթյալի համար կերպարային հատկանիշ.

 Joe: Don’t he understand English[14]?

Սարոյանի թատերգությունների թարգմանությունները կարող են խոտորումներ ունենալ, եթե թարգմանիչը համակողմանիորեն չի ուսումնասիրել սարոյանական թատրոնի առանձնահատկությունները և չի ճշտել՝ ինչ ասել է «Saroyanesque» (սարոյանական), որը շրջանառվում է սարոյանագիտության մեջ. «Արդեն իսկ նա էր (Վիլյամ Սարոյանը - Է. Զ.) ստեղծել իր սեփական ածականը. «Saroyanesque»-ը («սարոյանականը») ուներ հստակ իմաստ: Սարոյանական կերպարն անուշ, էքսցենտրիկ մարմնավաճառն էր ոսկեհուռ սրտով, ոտքերը հազիվ քարշ տվող ծեր շոտլանդացին` ծռմռված, մաշված շեփորով, խոշորաչն մանուկը, ում ավյունով լի անմեղությունը ստիպում էր ընթերցողին կամ հանդիսականին տեսնելու աշխարհն այնպես, ինչպես դա երևում է վաղորդյան անձրևից հետո[15]»:  

Սարոյանականը տեղավորել որևէ «իզմի» կամ դպրոցի մեջ նշանակում է խստորեն սահմանափակել-աղճատել հեղինակի գեղարվեստական-գեղագիտական աշխարհայացքը կամ առնվազն նեղացնել դրա սահմանները, ինչպես արվել է որոշ գրականագետների կողմից: Վ. Սարոյանի թատերգություններում առկա են և՛ էքզիստենցիալիստական փիլիսոփայության տարրերը կամ սկզբունքները, աբսուրդի կամ իրավիճակային թատրոնի, սոցիալ-հոգեբանական դրամայի տարրեր, որոշ գործեր հիշեցնում են զավեշտախաղ կամ անտիդրամա:

Այդու թարգմանիչը պետք է գտնի տվյալ թատերական երկի մատուցման գեղարվեստական միջոցները` բնականաբար հաշվի առնելով լեզվաոճական և կերպարակերտման առանձնահատկությունները:  

Սարոյան դրամատուրգի երկերը թարգմանելիս հայ թարգմանիչները նրա պարզ լեզվի փոխադրման ճանապարհին երբեմն ունեցել են խոտորումներ: Արդյո՞ք նրանց միշտ է հաջողվել պահել պարզ-խոսակցական լեզուն` չխախտելով հայոց լեզվի օրենքները: Եվ որո՞նք են նրա կենդանի-խոսակցական լեզվի բառ-ցուցիչները: Որպես օրինակ դիտարկենք «Կոտորածն անմեղաց» (“The Slaughter of Innocents”) պիեսը երկու թարգմանիչների թարգմանությամբ: Պիեսի վերնագիրը Սարոյանը վերցրել է Աստվածաշնչից:

Թարգմանիչներից մեկը` Վանիկ Ավետիսյանը, թարգմանել է «Կոտորածն մանկանց», իսկ Արտաշես Էմինը` «Կոտորածն անմեղաց»: Innocent բառն անգլերեն նշանակում է անմեղ մանուկ (կտկ. նաև մեծահասակների մասին), իսկ պիեսի համատեքստում ավելի դիպուկ է  «անմեղաց» տարբերակը, քանի որ զոհվողների մեծամասնությունը անմեղ «մեծահասակներ» են:

Բավական տարբեր մեկնակետեր են վերցրել վերոհիշյալ թարգմանիչները «Կոտորածն անմեղաց» («Կոտորածն մանկանց») պիեսի թարգմանության համար: Բնօրինակի հետ համեմատենք թարգմանությունների աչքի զարնող տարբերությունները` պարզելու համար՝ ո՞ր թարգմանիչն է ավելի հավատարիմ մնացել Վ. Սարոյանին:

Վ. Ավետիսյանն ընդհանուր առմամբ թարգմանել է գրական ոճով, իսկ Ա. Էմինը` խոսակցական: Թեև Ավետիսյանը փորձել է չհեռանալ Սարոյանից, անհիմն ձևով չկատարել բառերի բացթողումներ, սակայն, մեր կարծիքով, ավելի «սարոյանական» (Saroyanesque) է Ա. Էմինի թարգմանությունը, որն ավելի սահուն է: Ա. Էմինը, սակայն, ավելի ներդաշնակ թարգմանություն ունենալու համար որոշ բառեր հանել կամ փոխարինել է այլ բառերով: Օրինակ`

Archie: Since three o’clock this morning when they got me up out of bed, right upstairs.

Here, and told me so[16].

Արչի - Գիշերվա ժամը երեքին եկան, անկողնուցս հանեցին ու հենց աստիճաններին հայտնեցին լուրը[17]: (Թարգմ`. Վ. Ավետիսյանի):

Արչի - Գիշերվա ժամը երեքից, երբ եկան ինձ քնից հանեցին ու տեղնուտեղն էլ իմաց տվին[18]: (Թարգմ`. Ա. Էմինի):

Ա. Էմինի թարգմանության մեջ right upstairs-ը (հենց աստիճանների վրա) թարգմանվել է «տեղնուտեղի»: Ա. Էմինն անհասկանալի պատճառով դուրս է թողել երկու նախադասություն, ինչպես նաև մեկ ռեմարկ Դատավոր - Ամբաստանյալ երկխոսության մեջ.

Judge: He said to you, you don’t have to live, and you said to him, Neither do you. And then you attacked him. (Pause). Answer the Court, please, And then you attacked him. Is that right[19]?

ԴատավորՈւրեմն նա ձեզ ասաց` «Ոչ էլ ապրի», իսկ դուք պատասխանեցիք`

«Որ էդպես է, ոչ էլ դու ապրի» և հարձակվեցիք վրան: ...ճի՞շտ է: (Ա. Էմին):

Դատավոր – Ուրեմն Քլերկը քեզ ասաց` «Դու չպետք է ապրես», իսկ դու պատասխանեցիր` «Դու էլ չպետք է ապրես» և հարձակվեցիր նրա վրա: (Լռություն): Պատասխանեք դատարանին, խնդրում եմ: Այդ ասելուց հետո հարձակվեցինք նրա վրա: Ճի՞շտ է: (Թարգմ`. Վ. Ավետիսյանի):

 Թե որքանով է շահում Սարոյանի սույն պիեսի թարգմանությունը, երբ բնագրի drink (խմիչք) բառը թարգմանվում է «վիսկի», մնում է անհասկանալի: Իսկ ինչու՞ հենց «վիսկի»:  

Ա. Էմինը թարգմանել է այսպես.

Պաշտոնյա - ... Խմի՞չք, թե՞ ծխախոտ:

Government Man - ... A drink or a cigarette?

Իսկ Վ. Ավետիսյանը`

Պաշտոնյա - Վիսկի՞, թե՞ սիգարեթ:

Տարբեր են նաև կերպարային դրսևորումները երկու թարգմանություններում:

Էմինի թարգմանության մեջ Արչին ավելի կտրուկ է, երբեմն կոպիտ («աղջի»). պահպանում է խոսակցական ոճը: Ավետիսյանի թարգմանության մեջ Արչին փոքր-ինչ մեղմ է. «Լավ կլինի հեռանաս այստեղից», իսկ մյուսը`. «Վեր կաց, գնա՛» (թարգմ.` Ա. Էմինի):

Տարբեր են Արչիի խոսքային գուներանգները Մարգրեթ Քաթքըրթի մասին պատմելու դրվագներում: Հեղինակի “-... Before taking the drink – ...”- արտահայտությունը Ա. Էմինը թարգմանել է.

Արչի - ... Խմելուց առաջ լացը կտրեց ու ասաց[20]... (Թարգմ`. Ա. Էմինի):

Արչի - ... Նախքան կոնծելը, ասաց[21], ... (Թարգմ`. Վ. Ավետիսյանի):

Համատեքստում չի արդարացվում Ավետիսյանի քերականական սխալը.

Արչի - Սա քո համար թատրոն չի:

«Քո՞, թե՞ քեզ համար», և «չի՞, թե՞ չէ»:

Archi: This is no sideshow, girl[22], - գրված է բնօրինակում:

Վերոնշյալ նախադասությունն ավելի հաջող է Ա. Էմինի թարգմանության մեջ.

Արչի - Աղջի՛, սա քեզ համար թամաշա չի[23]:

Վ. Ավետիսյանն ավելի է ընդգծում Աղջկա հուզական վիճակը` օգտագործելով էլիպսիս.

Աղջիկ.Որ մենակ եմ լինում, Աստված վկա, Արչի՛, ուզում եմ ես էլ[24]...

(Համատեքստում խոսքն ինքնասպանության մասին է։ - Է. Զ.):

Այլ է Ա. Էմինի թարգմանության մեջ.

ԱղջիկՀենց որ սենյակում մենակ եմ մնում, Արչի՛, Աստված վկա, մտածում եմ, որ ես էլ նույնը կանեմ»[25]:

Միևնույն բառի, բառակապակցության կամ նույնիսկ նախադասությունների պարբերական կրկնությունը թատերգության մեջ ոչ միայն ստանում է բազմանշանակ իմաստ, այլ նաև ավելի է ընդգծում իրավիճակը (կամ կերպարի հոգեվիճակը), իսկ արտիստին՝ հնարավորություն տալիս տարբեր նրբերանգներ դրսևորելու: Այդպիսի բառակապակցություն է ասում Ամբաստանյալը «Կոտորածն անմեղաց» պիեսում` մերթընդմերթ կրկնելով «Happy birthday» (երջանիկ ծնունդ): Չորս անգամ հնչող «Happy birthday»-ը Էմինը թարգմանել է «Երջանիկ ծնունդ» (էջ 192), իսկ Ավետիսյանը հեղինակային տեքստին հավելել է իր մեկնաբանությունը.

Մեղադրյալ - Երջանիկ ծննդյան օր: Ուզում եմ ծնվել...

Դատավոր - Դուք կարող եք ծխել և խմել:

Մեղադրյալ - Ուզում եմ ծնվել, քանի դեռ ուշ չէ[26]:

Թարգմանվող տեքստերում կամային միջամտություններ սովորաբար նկատվում են երկխոսություններում կամ մենախոսություններում: Սակայն դրանք չեն բացառվում նաև ռեմարկների մեջ, ինչպես արել է Ավետիսյանը.

Բնագիր`

Archie: (Ashamed) All right girl. ...

Արչի (իրեն մեղավոր զգալով ու ամաչելով) ... (Թարգմ`. Վ. Ավետիսյանի):

Արչի (Ամոթահար) - ... (Թարգմ`. Ա. Էմինի):

Արչիին վերաբերող մի այլ ռեմարկի մեջ մյուս թարգմանիչը կրկին բաց է թողել Սարոյանի թատերական ցուցումը` դադարը:

Բնագիր`

Archie: Except you, May. (Pauses, glances at her[27]). ...

ԱրչիՔեզ չհաշված, Մե՛յ: (Նայում է նրան[28]): (Թարգմ`. Ա. Էմինի):

ԱրչիԽոսքը քո մասին չէ: (Լռում է, նայում կնոջը[29]): (Թարգմ`. Վ. Ավետիսյանի):

Թարգմանիչ Էմինը բաց է թողել առաջին գործողության վերջում Ռոուզին վերաբերող ռեմարկի բառերից: Բնագրի հետ բաղդատենք թարգմանությունը, ուր ընդգծել ենք կրճատումները:

Rose’s Voice: ... (Archie unbolts and swings the door open and Rose comes in, carrying a small, rattan suitcase. He stands a moment staring at her[30]).

Ռոուզի ձայնը - ... (Արչին բացում է դուռը, Ռոուզը ներս է մտնում, ձեռքին մի փոք¬րիկ ճամպրուկ[31]):

Մյուս թարգմանիչը հավատարիմ է մնացել Սարոյանին.

Ռոուզի ձայնը - ... (Արչին չրխկացնում է փականը, բացում է դուռը և Ռոուզը ներս է մտնում` ձեռքին փոքրիկ, ծղոտե ճամպրուկ: Արչին մի պահ պլշած նայում է նրան[32]):

«Կոտորածն անմեղաց» պիեսի թարգմանությունը շահել է հատկապես իր դարձվածքներով, որոնք օգտագործել է Էմինը: Օրինակ` մեջքը կոտրվել, հոգին տակնուվրա լինել, համբերությունից հանել, ծպտուն հանել, խոսքը կտրել, մտքին դնել և այլն:  

 Վերոնշյալ երկու թարգմանիչներին էլ հաջողվել է գտնել Վ. Սարոյանի լեզվի «ոսկե միջինը» «Կոտորածն անմեղաց» պիեսի համար, թեև Ավետիսյանն առավելապես հակված է եղել պահպանելու գրական հայերենը և հնարավորինս հավատարիմ մնալ հեղինակին:

Վ. Սարոյանի թատերական երկերի հաջող թարգմանությունների առաջին գրավականը «սարոյանականի» ընկալումն է:

Օգտագործված գրականություն

[1] Սարոյան Վ., «Պատմվածքներ, հարցազրույցներ, էսսեներ, հուշեր», Երևան, «Նաիրի», 1999, էջ 203:

[2] Saroyan William, Eight plays, Yerevan, ”Louys”, 1987, p. 11

[3] Սարոյան Վ., «Պատմվածքներ», էջ 203:

[4] Balakian N., The World of William Saroyan, Lewisburg Bucknell University Press, London: Associated University Presses, 1998, p. 81.

[5] Лингвистические аспекты теории перевода, Ереван, Лингва, 2007, ст. 18.

[6] Մուրադյան Ն., Շեքսպիրի սոնետների թարգմանության տաղաչափությունը, տե՛ս «Գրական թերթ», 15 նոյեմբերի, 1974, թիվ 46:

[7] Սարոյան Վ., «Պատմվածքներ», էջ 263, ընդգծումը մերն է (Է. Զ.):

[8] Սարոյան Վ., «Բան ունեմ ասելու», Երևան, «ՀԳՄ հրատարակչություն», 2012, էջ 40:

[9] The William Saroyan Reader”, Fort Lee, New Jersey, 1986, p. 427.

[10] Նշվ. աշխ., էջ 104:

[11] Սարոյան Վ., Ընտիր երկեր, հ. 4, Պիեսներ, պատմվածքներ, «Սովետական գրող», Երևան, 1987, էջ 104:

[12] Սարոյան Վ., էջ 105:

[13] Saroyan W., “My name is Saroyan”, Coward-McCann, Inc., New York, 1983, p. 208.

[14] Saroyan W., “My name is Saroyan”, Coward-McCann, Inc., New York, 1983, p. 209, ընդգծումը մերն է - (Է. Զ.):

[15] Lee Lawrence, Gifford Barry, “ Saroyan”, Harper & Row, Publishers, New York, 1984, p. 9.

[16] The William Saroyan Reader”, Barricade Books INC., Fort Lee, New Jersey, p.169, ընդգծումը մերն է - (Է. Զ.):

[17] «XX դ. Արտասահմանյան դրամատուրգիա», հ.1, Երևան, 1983, էջ 81, ընդգծումը մերն է - (Է. Զ.):

[18] Սարոյան Վ., էջ 183, (ընդգծումը մերն է (Է. Զ.): 

[19] The William Saroyan Reader”, Barricade Books INC., Fort Lee, New Jersey, p.175, ընդգծումը մերն է - (Է. Զ.):

[20] Սարոյան Վ., էջ 201, ընդգծումը մերն է - (Է. Զ.):

[21] «XX դ. Արտասահմանյան դրամատուրգիա», հ.1, Երևան, 1983, էջ 103, ընդգծումը մերն է - (Է. Զ.):

[22] The William Saroyan Reader, Barricade Books INC., Fort Lee, New Jersey, p. 169.

[23] Սարոյան Վ., էջ 183:

[24] «XX դ. Արտասահմանյան դրամատուրգիա», հ.1, Երևան, 1983, էջ 83:

[25] Սարոյան Վ., էջ 185:

[26] «XX դ. Արտասահմանյան դրամատուրգիա», հ.1, Երևան, 1983, էջ 91-92:

[27] The William Saroyan Reader, Barricade Books INC., Fort Lee, New Jersey, p. 185, ընդգծումը մերն է - (Է. Զ.):

[28] Սարոյան Վ., էջ 201:

[29] «XX դ. Արտասահմանյան դրամատուրգիա», հ.1, Երևան, 1983, էջ 102, ընդգծումը մերն է - (Է. Զ.):  

[30] The William Saroyan Reader, p. 188.

[31] Սարոյան Վ., էջ 203:

[32] «XX դ. Արտասահմանյան դրամատուրգիա», հ.1, Երևան, 1983, էջ 105:

ԷԼՖԻՔ Զոհրաբյան

1400 հոգի