Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում առիթ վիճակվեց տեսնելու Թենեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» դրամայի բեմադրությունը, որն իրականացրել է ռեժիսոր Դավիթ Հարությունյանը:

«Կատուն» ամերիկյան թատրոնի հիմնասյուներից մեկի լեգենդար գործերի շարքում է և հաճախ է բեմադրվել անցյալ դարի 50-ականների կեսից՝ ստեղծման ժամանակից ի վեր, 1958-ին էկրանավորվել է Հոլիվուդում հանրահայտ Էլիզաբեթ Թեյլորի և Փոլ Նյումենի մասնակցությամբ, իսկ 1976-ին ասպարեզ է եկել պիեսի հեռուստատարբերակը դարձյալ նշանավոր դերասանակազմով՝ Նատալի Վուդ, Ռոբերտ Վագներ և Լորենս Օլիվյե:

Դրամատուրգիական առումով պիեսը տիպիկ ուիլյամսյան կառուցվածք ունի, ասել է թե՝ խարսխված է նրա նախընտրած մատրիցաներից մեկի վրա. գործողությունը բոլոր գործող անձանցով հանդերձ ծավալվում է լուսատուի թե գիսաստղի պես շլացնող տղամարդու կերպարի շուրջը, թեկուզ և խաբուսիկ վերնագիրն այս դեպքում կարծես թե շեշտադրում է կնոջը՝ Մեգիին, որն էլ «կատուն է շիկացած տանիքին»: Մեգին, ինչ խոսք, Ուիլյամսի ծնունդ տված կանանց անմոռանալի կերպարներից է (իսկ Թենեսի Ուիլյամսն անգերազանց վարպետ է այս գործում, նրա արտասովոր կանանց դիմաշարի մարգարիտը՝ Բլանշը «Ցանկություն անունով տրամվայը» մեծահամբավ պիեսից, ավելի քան դրա բավարար ապացույցն է, եթե չթվարկենք մյուսներին), բայց միևնույն է, պիեսում պատկերված աշխարհը պտտվում է Մեգիի ամուսնու՝ Բրիքի չորսբոլորը և նրանից ճառագող էմանացիայի արտացոլանքն է: Այս հանգամանքը բնականաբար առանձնակի նշանակությամբ է օժտում նման կարևոր բեռ կրող կերպարը: Անդրանիկ Հակոբյանը, որ Բրիքի դերակատարն է Դավիթ Հարությունյանի բեմադրության մեջ, տիպաժով և փոքր-ինչ տարաշխարհիկ առնական գրավչությամբ համապատասխանում է կերպարին:

Այդպես մինչև վերջ չբացվող առեղծվածի հմայք կա նրա մեջ՝ խիստ ուիլյամսյան մի հատկանիշ: Բայց նա շատ անելիք չունի բեմում, մանավանդ եթե անընդհատ չխմի հարբեցողի շտապողականությամբ: Ես նրան զբաղեցնելու ռեժիսորական խորամանկություն տեսա սրա մեջ, որքան էլ խոսքը հարբեցողության ճահիճն ընկածի մասին լինի: Նույն ռեժիսորական խորամանկությամբ կամ հնարագիտությամբ Մեգիի դերակատարուհին՝ Սիրանուշ Լազյանը, մանավանդ ներկայացման առաջին կեսում, երբ շարունակ բեմին է, խոլերիկ շարժման մեջ անվերջ դեսուդեն է գնում, ոստնում, թռչկոտում, պարային ժեստեր անում և այլն: Նրա երկար ռեպլիկները և մենախոսություններն ուղեկցվում են այս դինամիկայով, որը գուցե և արտաքին դիտարժանության ու միապաղաղությունից խուսափելու նպատակն ունի, բայց չի նպաստում Մեգիի կերպարի խորքը, բազմաշերտությունը երևան հանելուն և հոգեբանական խաղը, ներքին ապրումները փոխարինում է արտաքին շարժմամբ: Դրա համար էլ Մեգիի խռովքն ու հուզումները մնում են ավելի շատ ներկայացված, թե արտասանված, քան իրոք խաղացված, և նա ավելի մակերեսային է ստացվել պիեսի համեմատ:

Իմ ընկալմամբ ընդհանրապես այս բեմադրության մեջ Աստծու մատի պես ամենից շատ զգալի է ռեժիսորի մատը, նա ամենուր ներկա է և ամենաթափանց, խոսքը պիեսի մեկնակերպի մասին լինի, թե ութի հասնող գործող անձանց կերպարանագծման, թեև բոլոր դերակատարներն էլ խաղում են ուժերի ներածին չափ: Ճգնաժամի մեջ տապակվող ամուսնական զույգի պատմությունը ներկայացված է սոցիալ-հոգեբանական դրամայի բեմական ավանդույթով, որը դերասանական թատրոնին է հարում, բայց պարադոսքս է, որ ստացվել է ավելի շատ ռեժիսորական ներկայացում: Բեմադրության ամենամեծ արժանիքը դարձել է ռեժիսուրան. սիրո խութերի, ընտանեկան բարդ կապերի, ժառանգության, կեղծիքի, երեսպաշտության, ռոմանտիզմի ու նյութամոլության մոտիվներից հյուսված սյուժետային թնջուկը Դավիթ Հարությունյանը, որ նաև ներկայացման երաժշտական ձևավորման հեղինակն է, խաղարկել է տեմպառիթմի, գործիքավորման նուրբ զգացումով, ստատիկայի ու դինամիզմի, հանդարտության ու բռնկումների բանիմաց հերթագայությամբ, երբեմն էլ կոմիզմի ու դրամատիզմի փոխներթափանցմամբ և առհասարակ բեմական ճաշակով, թեպետ հնչող տեքստը խմբագրման կարիք ունի, նկարչական ձևավորումն իմ կարծիքով կարող էր և պակաս ռեալիստական լինել, իսկ զգեստները՝ շատ ավելի հետաքրքիր ու տպավորիչ:

Ինչևէ, ինձ՝ Թենեսի Ուիլյամսի վաղեմի երկրպագուիս, ամենից շատ հուզեց մի պատկեր, որը միշտ կմնա ինձ հետ՝ որպես նրա խռովաշունչ ու տոչոր աշխարհի խորհրդանիշ. այդ պատկերն այս ներկայացման Բրիքն էր կիսաթափանց շիրմայի հետևից ուրվագծվող իր հուսակտուր կերպարանքով՝ անելանելի մենությամբ պարուրված, ասես անհաղորդության վանդակում: Իրոք հիշարժան պատկեր էր իր խորունկ բովանդակալիությամբ ու էսթետիզմով:

28.06.2022

ԶԱՎԵՆ Բոյաջյան

808 հոգի