Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

20.06.2022   3:12

Դերասանն ու լուսանկարիչը

Արվեստը լայն հնարավորություններ է տալիս մարդկանց ստեղծագործական աշխատանքը բազմակողմանիորեն զարգացնելու: Ինչե՜ր ասեք, որ չի առնչվում արվեստի հետ եւ արվեստ պարունակում իր մեջ:

Արվեստի այս բազմաբնույթ բնագավառներից մեկն էլ լուսանկարչությունն է, յուրատեսակ մի մասնագիտություն, որը բոլորին չէ, որ մատչելի է եւ անկրկնելի էՙ ինչպես արվեստի որեւէ ճյուղ: Լուսանկարչության արվեստին ամենամոտը դերասանական աշխատանքն է: Սրանց իրար մոտեցնողը մարդու զգայուն աչքն է: Արվեստիՙ իրարից անկախ այս երկու ճյուղերին միավորողը աչքի դիտողականության կարողությունն է: Երկու կողմերի ներկայացուցիչներն իրենց արվեստի հիմքում առաջնորդվում են տեսողական զգացողությամբ: Լուսանկարիչն իր գործիքի¬խցիկի փոքրիկ անցքից է կարգավորում մարդու կամ տեսարանի հարմարավետությունը եւ տրամադրություն ստեղծում, իսկ դերասանը խաղընկերոջ աչքերի հայացքից է զգում իր կամ դիմացինի խոսքի ներգործությունը:

Հայ իրականության մեջ շատ չեն այն արվեստագետները, ովքեր զբաղվել են վերոհիշյալ զույգ մասնագիտությամբ եւ հետք թողել: Առավելապես հայտնիներն ենՙ հայր եւ որդի Արամ եւ Արտաշես Վրույրները, որոնք, իբրեւ կատակերգակ դերասաններ ճանաչում են ստացել Անդրկովկասի թատրոններում (1880-1950-ական թթ.): Իսկ իբրեւ լուսանկարիչներ, շուրջ երկու տասնամյակ մասնակցել են Ն. Մառի ղեկավարությամբՙ Անիում կատարվող պեղումներին եւ հնությունների հսկայական ժառանգություն թողել լուսանկարներով: Ավելացնենք, որ Գագիկ Բագրատունի թագավորի արձանի հայտնաբերողը Անիում, եղել է Արամ Վրույրը:

Երկու-երեք ուղղությամբ է աշխատել Աղասի Կլեկչյանը: 1930-ական թթ. որպես դերասան աշխատել է Ամո Խարազյանի ղեկավարությամբ պետշրջիկ թատրոնում: Հետոՙ որպես դերասան եւ բեմանկարիչ գործել է Սեւանի եւ Արտաշատի թատրոններում: 1950-ական թթ. մինչեւ կյանքի վերջը եղել է Հայկական թատերական ընկերության լուսանկարիչը եւ պատմությանը թողել շուրջ երեք տասնամյակ Հայաստանի թատերական կյանքում կատարված իրադարձությունների պատմությունը լուսանկարներում:

Թբիլիսիի Հայկական թատրոնի դերասան Հարություն (Արտեմ) Արոյանն իր դերասանական գործունեությանը զուգընթաց լուսանկարել է իրենց թատրոնի բեմադրությունները:

Դեռեւս 20-րդ դարի սկզբներին (1903) Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դերասան Գեորգի Բուրջալովը (ռեժիսոր Արշակ Բուրջալյանի եղբայրը) թատրոնի ռեժիսոր Վ. Նեմիրովիչ¬Դանչենկոյի հետ գնացել է Հռոմ եւ պատմական վայրերի տեսարաններ լուսանկարել Շեքսպիրի «Հուլիոս Կեսարի» բեմադրության ձեւավորման համար:

Դերասանական եւ լուսանկարչական արվեստները միատեղելու օրինակներ են եղել նաեւ սփյուռքահայ կյանքում: Անցյալ դարի կեսերին Կահիրեում «Արաքս» անունով լուսանկարչատուն է ունեցել եգիպտահայ թատրոնի ամենանշանավոր դերասանուհի, ռեժիսոր, դրամատուրգ, թարգմանիչ, երգչուհի Արաքսի Օհանյանը:

Նմանօրինակ երեւույթ է եղել նաեւ Բեյրութում: Բեյրութահայ, հետոՙ Մոնրեալի թատրոնի շնորհաշատ դերասան եւ ռեժիսոր, դրամատուրգ եւ թատրոնի պատմաբան Դավիթ Էվերեկլյանն իր «Միշտ... թատերական կեանքիս ճամբուն վրայ» (Լոս Անջելես, 1999) գրքում նշել է, որ դերասան եւ դիմահարդար Կայծակ Գնդունու «Շահնուր» լուսանկարչական աշխատանոցը վերածված է եղել թատերասերների ժամադրավայրի: Էվերեկլյանը վերհիշելով 1940-ական թթ. թատերական կյանքը, Պողոս Մենտիլյանի ղեկավարած թատերախմբի գլխավոր ուժերիՙ Կայծակ Գնդունու, Հրանդ Շահինյանի եւ ուրիշների թվում հիշատակել է նաեւ Սամվել Խանդիկյանի անունը (էջ 70):

Կայծակ Գնդունին լավ դերասան եւ դիմահարդար լինելուց բացի, իրեն մոտ հավաքվողների լուսանկարներն է պատրաստել: Ահա, այսպիսի միջավայրում է հասունացել դերասան եւ լուսանկարիչ Սամվել Խանդիկյանի զույգ արվեստը: Լուսանկարչության մեջ նա եղել է դիմանկարներ պատրաստելու մեծ վարպետ, կարողացել է համատեղել լույսն ու ստվերը, «բռնել» լուսանկարվողին բնորոշ տրամադրությունը, հայացքը, ուշադրությունը:

Դերասան Խանդիկյանի արվեստը մնացել է Բեյրութի թատրոնում, իսկ լուսանկարչականըՙ շարունակվել Երեւանում: Ինչպես որ Հովհաննես Թումանյանը, Կոստան Զարյանը, Մուշեղ Իշխանն են իրենց երիտասարդական տարիներին գրական եւ թատերական ասպարեզներից ընտրել գրականը, այնպես էլ Խանդիկյանըՙ թատրոնը թողել է եւ նվիրվել լուսանկարչությանը:

1946-ի հայրենադարձության շրջանում Խանդիկյանը եւս ընտանիքով փոխադրվել է Հայաստան: Սկզբնական շրջանում նա լուսանկարչական սրահ է բացել «Երեւան» հյուրանոցի առաջին հարկում, ճաշարանի հարեւանությամբ: Դա եղել է Երեւանի արտիստական լավագույն դեմքերի հավաքատեղի եւ արվեստի շուրջը աշխույժ մտքերի փոխանակության վայր: Հետո նա արվեստանոց է ունեցել Պուշկին փողոցի վրա (Աբովյան փողոցի անկյունի մոտ), իսկ վերջինը եղել է Նալբանդյան փողոցում: Կարճ ժամանակամիջոցում Խանդիկյանը մեծ համբավ է ձեռք բերել մայրաքաղաքում, իբրեւ հմուտ դիմանկարիչ:

Բայց մեզ հետաքրքրողը տվյալ պարագայում դերասան Սամվել Խանդիկյանի թատերական գործունեությունն է: Շատ կցկտուր են նրա բեմական կյանքի մասին տվյալները: Այն, ինչ էլ որ հիմա գրվում է, զանազան աղբյուրներից քաղված տվյալների ամփոփումն է, առանց հավակնություն ունենալու ամբողջական պատկերացում տալու նրա անցած ստեղծագործական ուղու մասին:

Սամվել Սահակի Խանդիկյանը ծնվել է չարաբաստիկ 1915-ի մայիսի 2-ին Խարբերդում: Մեծ եղեռնից առաջացած բռնագաղթի հոսանքը Խանդիկյաններին տեղահան անելով, հասցրել է Բեյրութ: Տարիների հետ նա այդտեղ որոշակի կրթություն է ստացել, հասունացել, շրջապատի պատանիների հետ մասնակցել «Ազատամարտ» ակումբի կազմակերպմանը, նրա միջոցառումներին:

Պատանի Սամվելի հետաքրքրություններին ավելացել եւ մեծ տպավորություն են թողել դերասաններ Էդուարդ Չափրաստի, Տիրան Աճեմյանի (դերասան եւ մեծ երգիծանկարիչ) եւ ուրիշների տված ներկայացումները:

Մեզ հայտնի տվյալներով, Խանդիկյանի թատերական գործունեությունը պրոֆեսիոնալ դերասանների հետ սկսվել է Բեյրութի նշանավոր դերասան, բեմադրիչ եւ դրամատուրգ Պողոս Մենտիլյանի ղեկավարած թատերախմբում: 1938-ին նրա խաղացած դերերից մեկը եղել է հոգեբանորեն դժվարինՙ Պավլուղան «Աշխարհի դատաստանը» դրամայում: Երիտասարդ, եթե չասենք սկսնակ, դերասանի համար դա շատ մեծ վստահություն է եղել, որովհետեւ այդ դերն ուրիշ թատերախմբերում ավելի հասուն դերասաններ են խաղացել:

Բեմական կյանքը ժպտացել է Խանդիկյանին: Մեկ տարի անց, 1939-ին, նա մասնակցել է մի ուրիշ նշանավոր թատերական գործչիՙ կովկասահայ դերասան եւ ռեժիսոր Բարսեղ Աբովյանի թատերախմբի ներկայացումներին: Բեյրութի «Գրանդ թեատրում», մայիսի 31-ին, Աբովյանը բեմադրել է Հովսեփ Ալամազյանի «Աշուղ Ղարիբ» 5 գործողությամբ օպերետըՙ աշուղ Ջիվանու երգերով: Ներկայացման հաջողությունն ապահովելու նպատակով, մանավանդ որ աշուղների մրցության տեսարանը տեղի է ունենում Հալեպում, Աբովյանը հրավիրել է Հալեպից դերասանուհի-երգչուհի տիկ. Ո. Առաքելյանին, ինչպես նաեւ բարիտոն Մանուկ Թոնթյանին (հետագայումՙ Վրթանես ավագ քահանա), պարերի բեմադրությունը հաձնարարել ռուսական բալետային դերասան Ռ. Ռուբային, որը, միաժամանակ, կատարել է Ղարիբի մորՙ Արուսյակի դերը:

«Աշուղ Ղարիբ» օպերետում դերերի կատարմամբ հանդես են եկել Մ. Թոնթյանը (Աշուղ Ղարիբ), Ո. Առաքելյանը (Շահ-Սանամ, Ղարիբի սիրածը), Բ. Աբովյանը (Գիժ Մանուկ), Ժորժ Շահապյանը (Խոջա Սահակ, Շահ¬Սանամի հայրը), օր. Աստղիկը (Արեգնազան): Այս գեղեցիկ փնջի հետ Շահ Վալադի դերակատարն էլ եղել է Սամվել Խանդիկյանը:

Այսպիսով, Խանդիկյանը տարբեր ժանրի պիեսներում, տարբեր բնավորության տեր մարդկանց կերպարներ մարմնավորելով, աստիճանաբար առաջադիմել էՙ հասունացրել բեմական վարպետությունը:

1940-ից Խանդիկյանն արդեն իբրեւ փորձառու դերասան, ունեցել է իր բեմական անունըՙ Սամո-Խանտիկ:

1943-1944 թթ. Խանդիկյանը նորից գործել է Մենտիլյանի խմբում: Բեյրութի «Սինեմա Քրիստալ»¬ում Մենտիլյանը բեմադրել է Ավ. Ահարոնյանի «Արցունքի հովիտը» հանրահայտ պիեսը, միաժամանակ կատարելով Ջիննիի դերը: Նրա եւ Կայծակ Գնդունու (Ռես Մնոյի դերում) հետ Խանդիկյանը հանդես է եկել պիեսի կենտրոնական հերոսիՙ հեղափոխական Ասլանի դերում: Այս դերակատարումը եւս ապահովել է Խանդիկյանի բեմական առաջընթացը:

Մենտիլյանի բեմադրություններում Խանդիկյանը կատարել է նաեւ դավաճան Սաքոյի («Թմկաբերդի առումը»), Սեյրանի («Նամուս») դերերը:

Խանդիկյանի դերակատարումները գրավել են նաեւ Բեյրութի Համազգայինի թատերախմբի ղեկավարության ուշադրությունը: Խմբի ղեկավար Գասպար Իփեկյանը 1945-ին նրան հրավիրել է իրենց թատերախումբ: Լ. Շանթի «Կայսր» դրամայի բեմադրության մեջ նրան է վստահել Վասիլ Լեկապեի պատասխանատու դերը: Մոտիկից ծանոթանալով Խանդիկյանի դերասանական տվյալներին, Իփեկյանը խորհուրդ է տվելՙ թողնել պաթոսով խոսելաձեւը եւ արտահայտվել բնական ձայնով:

Խանդիկյանին բախտ էր վիճակվել խաղալ Համազգայինի (հետագայումՙ «Գասպար Իփեկյան» թատերախումբ) այնպիսի հեղինակավոր դերասանների հետ, ինչպիսիք էինՙ Ժորժ Սարգիսյանը (Նիկիֆոր Ֆոկաս), Սյուզան Թոսպատը (Թեոֆանո), Վարդիվառ Պալթայանը (Օհան Գուրգեն), Գեղարփի Տեր-Մելքոնյանը (Հաննա) եւ ուրիշներ:

Սամվել Խանդիկյանի ելույթը Վասիլ Լեկապեի դերում աննկատ չի մնացել քննադատության կողմից: Գրական-հասարակական գործիչ Կարո Սասունին «Ազդակ» թերթում նրա մասին գրել է. «Կայսր» ներկայացումը Պէյրութի հասարակութեան տուաւ վաւերական դերասան մը, Սամուէլ Խանտիկեան, որ պիտի մնայ ինքնայատուկ դերակատարը Վասիլ Լեկապէի»:

Արդեն հասուն դերասան Խանդիկյանի բեմական գործունեության վերջին շրջանը նորից առնչվել է Բարսեղ Աբովյանի հետ: Նրա բեմական գործունեության 40-ամյակի առթիվ, 1946-ի մայիսի 26-ի երեկոյին, Խանդիկյանը հանդես է եկել երկու հակոտնյա բնավորության տեր, տարբեր հոգեվիճակներ արտահայտող դերակատարումներով: Դրանք ենՙ Դայակը Մ. Մանվելյանի «Հեքիաթ» եւ Գիգոլին (Զիմզիմովի տանուծառան) Գ. Սունդուկյանի «Պեպո» պիեսներում:

Համառոտակի սրանք են մեզ հայտնի տվյալները դերասան Սամվել Խանդիկյանի բեմական գործունեության մասին: Նրա կյանքի հետագա ընթացքը շարունակվել է լուսանկարչությամբ: Ինչպես վկայում է լուսանկարչի որդինՙ ռեժիսոր Արմեն Խանդիկյանը, հայրը մտադիր է եղել դերասանական կյանքը շարունակել Սունդուկյանի անվան թատրոնում: Բայց նրան այնպիսի աշխատավարձ են նշանակել, որով չէր կարող ընտանիք պահել, ուստի հրաժարվել է այդ մտքից: Այդ երեւույթը պետք է բացատրել նրանով, որ այն տարիներին Սունդուկյանի անվան թատրոն մուտք գործելը «բաց դռների» օր չի ունեցել:

Կյանքի վերջին տարիներին, ավելի կոնկրետՙ 1997-ի սեպտեմբերի 12-ին, Խանդիկյանն իր մի շարք աշխատանքներ (դիմանկարներ, որոնք առաջին անգամ ինքն է կատարել արհեստական լուսավորությամբ եւ ոչ թե արեւի օգնությամբ) նվիրաբերեց Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին: Նրա ստեղծագործական ուղու մասին ներկաներին ներկայացրեց թատերական բաժնի վարիչը:

Արվեստագետ Սամվել Խանդիկյանի երկրային կյանքն ավարտվել է 2002-ի նոյեմբերի 9-ին Երեւանում: Իրենց անվանի հոր հիշատակը վառ են պահում նրա արժանավոր զավակները, որոնք, իրենց հերթին, մնայուն տեղ ունեն մեր թատրոնի պատմության էջերում, իրենց բեղմնավոր գործունեությամբ արժանացել ժողովրդական արտիստի պատվավոր կոչման, մրցանակներ շահել, ճանաչում գտել նաեւ Հայաստանից դուրս եւ սփյուռքում:

Նրանցից ավագըՙ Տիգրան Լեւոնյանը (1936-2004) ռեժիսորական բարձրագույն կրթություն է ստացել Երեւանում եւ Մոսկվայում: 1962-ից եղել է Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի մեներգիչ, 1977-ից գլխավոր ռեժիսոր, 1991-2000 թթ. գեղարվեստական ղեկավար, թատրոնը հյուրախաղերի տարել արտասահմանյան երկրներ, նկարահանվել օպերային ֆիլմերում:

Կրտսերըՙ Արմեն Խանդիկյանը եւս մասնագիտական կրթություն է ստացել Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Դիպլոմային բեմադրությունն իրականացրել է Դրամատիկական թատրոնում ու ձուլվել կոլեկտիվի հետ: Նախապես զբաղվել է դերասանությամբ, այնուհետեւ ամբողջովին նվիրվել ռեժիսորական աշխատանքին. երկար տարիներ Հր. Ղափլյանյանի անվան Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Բեմադրություններ է ունեցել Մոսկվայում եւ սփյուռքում:

Վաստակաշատ արվեստագետ Սամվել Խանդիկյանի ստեղծագործական կյանքը շարունակություն է գտել նրա սերնդի թատերական գործունեության մեջ:

Նյութի աղբյուրը՝ ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 13-06-2014

839 հոգի