20.06.2022 2:56
Կազմակերպման 80-ամյակի առթիվ
Հայ-քրդական սոցիալ-տնտեսական, գրական-մշակութային առնչությունների պատմությունն սկսվել է 19-րդ դարի 40-ական թվականներից: Առաջին կապավորը եղել է հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, որիՙ 1846-ին գրած «Քրդեր եւ եզդիներ» աշխատանքով սկսվել է հասարակական հետաքրքրություն դառնալ այդ ժողովուրդների պատմությունն ուսումնասիրելու համար: Կարծում ենք ժամանակն է, հատկապես այս օրերին, երբ քրդական գործոնը ակտիվացել է կրկին, քրդերեն եւ թուրքերեն լեզուներով հաշվետու, ավելի ճիշտՙ հաշվեառ մի գիրք հրատարակել, որտեղ կամփոփվեն հայ ժողովրդի ու հայկական պետության բացառիկ նպաստի մասին վկայությունները քրդերենի, քրդագիտությանը, քրդական երաժշտությանը, գրականությանը եւ ընդհանրապես մշակույթին: Ստորեւՙ քրդական կամ քրդերեն թատրոնի պատմության մի ուրվագիծՙ թատրոնի պատմության մեր լավագույն մասնագետի գրչով:
Խմբ.
Հետագա տասնամյակներում աստիճանաբար հետաքրքրություն է առաջացել հայ եւ քուրդ ժողովուրդների ավանդությունների ուսումնասիրության բնագավառում: Քրդական բարքերի, սովորությունների արտացոլումն է ստացել գրող-դրամատուրգ Վրթանես Փափազյանի «Լուր դա լուր» պատմվածքում: Մի գործ, որի բեմականացումը նպաստավոր հող է գտել հայ եւ քրդական թատրոնների խաղացանկում:
19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին քրդական երաժշտությանն է անդրադարձել Մեծն Կոմիտասը: Բեռլինի Միջազգային երաժշտական ընկերության հրավերով, 1899-ի մայիսի 10-ին, նա դասախոսություն է կարդացել հայ աշխարհիկ եւ հոգեւոր երաժշտության մասին: Նյութին զուգահեռ, նա խոսել եւ երգեր է կատարել նաեւ քրդերեն, արաբերեն եւ պարսկերեն: Մասնագետների մոտ այս երեւույթն ընդունելություն գտնելով, Կոմիտասի դասախոսությունը կրկնվել է: Կոմիտասի կատարած քրդերեն երգերն են եղելՙ «Լե լե գավրանըմե», «Ոչխարին ջուրը տանելու եւ բերելու հովվական եղանակ» եւ «Ազ կոլնգեմ» քրդական պարեղանակը:
Կոմիտասը քրդական եղանակների օգտագործմանն է անդրադարձել նաեւ թատերական ներկայացումների ժամանակ: Երեւանցի դրամատուրգ Էմին Տեր-Գրիգորյանի «Հուր եւ սուր» պիեսում, որտեղ արտացոլվել են 1905 թվականի հայ-թաթարական (ադրբեջանական) կռիվների պատկերներ, Կոմիտասը գրել է երաժշտական չորս հատված, որոնցից վերջինը կոչվել է «Քրդի մեղեդին» (սրնգի վրա), տարբեր հատվածներում մի քանի անգամ կատարելու համար: Երաժշտական այդ կտորները եվրոպական նոտագրությամբ Տեր-Գրիգորյանը զետեղել է իր պիեսի ռուսերեն (1908) եւ հայերեն (1910) հրատարակություններում:
Հայ-քրդական հարաբերություններում եղել են նաեւ սեւ էջեր, որոնք առանձնապես իրենց արտահայտությունն են ստացել նույն 19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին: Թուրքերի աջակցությամբ քրդական խմբերը եւս մասնակցել են արեւմտահայության դեմ կազմակերպած ջարդերին, տիրացել նրանց ունեցվածքին, գրավել ամեն ինչ: Այս երեւույթը իր արտացոլումն է ստացել նույն ժամանակին գրված հայկական մի շարք դրամատիկական երկերում: Առաջինն անդրադարձել է Վրթանես Փափազյանն իր «Արշալույս» դրամայով (Վանի վիլայեթի կյանքից), որը տպագրվել (1901) ու խաղացվել է տարբեր երկրներում:
Թուրքերի աջակցությամբ քրդերի զավթողական քաղաքականության քննադատությանը նվիրված պիեսներից են.
Աբեղյան Ս.- Ֆիդայիներ կամ Կապույտ զրնգուն հուլունքներ:
Այվազյան Բ.- Սասունն այրվում է:
Անդրանիկ- Ռեսի աղջիկը:
Ատրունի Վ.- Առաքելոց վանքի կռիվը:
Երեցյան Ա.- Սասուն:
Մար (Միք. Տեր-Մարտիրոսյան)- Հերոսացանք:
Նազարյան Հ.- Խանասորի արշավանքը:
Շահպարոնյան Վ.- Արցունքի ծով կամ Չարատանջ ժողովուրդ:
Շիտունյան Ա.- Արյունոտ հարսանիք:
Շիրվանզադե- Արհավիրքի օրերին, եւ ուրիշներ:
Այսուհանդերձ, մշտապես չէ, որ հայերը միակողմանի գնահատական են տվել քրդերի արարքներին: Եղել են նաեւ լուսավոր կողմեր, որոնց, տարիներ հետո, անդրադարձել է արձակագիր Հրաչյա Քոչարը: Նրա «Կարոտ» վիպակը, որը բեմականացվելով ներկայացվել է Հայաստանի մի շարք թատրոններում, ցուցադրվել կինոյում: Լավագույնս պատկերվել է հայ եւ քուրդ աշխատավոր ժողովրդի ներկայացուցիչների համակրանքն ու համագործակցությունը: Սրան ավելացնենք, որ Հ. Քոչարը որոշ շրջան եղել է Երեւանում լույս տեսնող «Ռյա թազա» (Նոր ուղի) քրդական թերթի խմբագիրը:
Հայ-քրդական հասարակական-կրթամշակութային կապերն առավել ամրապնդել են Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո: Այդ զարթոնքն սկսվել է 1930-ական թվականներից, երբ Հայաստանի քուրդ բնակչության համար բացվել են դպրոցներ, դասագրքեր կազմվել (նաեւ հայերի կողմից), 1930-ից Երեւանում գործել է քրդական մանկավարժական տեխնիկումը: Մայրենի լեզվից բացի, քրդերը կրթություն են ստացել նաեւ հայկական բարձրագույն կրթական հաստատություններում, զբաղվել գիտա-մանկավարժական աշխատանքով:
Ահա այսպես, աստիճանաբար բարձրացնելով քուրդ բնակչության կենսամակարդակը, հարկ է զգացվել նաեւ բացելու ազգային-քրդական թատրոն:
Առավել լայն առումով հատկանշական է հատկապես 1937 թվականը: 1930-ական թվականներին Հայաստանի մի շարք շրջաններում կոլտնտեսային թատրոններ բացելուն զուգահեռ, 1937-ին կազմակերպվել է երկու ազգային թատրոն: Դրանք ենՙ Երեւանի ռուսական պետական դրամատիկական թատրոնը, որը հաջորդ թատերաշրջանից կրում է ռուս մեծ թատերական գործիչ Կ.Ս. Ստանիսլավսկու անունը, եւ Արագածի շրջանի Ալագյազի Քրդական կոլտնտեսսային շրջիկ թատրոնը: Դա եղել է աշխարհում առաջին եւ միակ քրդական թատրոնը:
Քրդական թատրոնը հիմնադրվել է Արագածի շրջանիՙ առավելապես քուրդ բնակչութամբ խիտ Ալագյազ գյուղում: Դերասանական կազմը համալրվել է հարեւան գյուղերից ներգրավված արվեստասեր երիտասարդներով: Թատրոնի տնօրենը եղել է Ջալլադ Կոտոյանը, սեպտեմբերից ռեժիսոր է նշանակվել փորձառու թատերական գործիչ Ցոլակ Նիկողոսյանը: Բացումը կատարվել է 1937-ի նոյեմբերի 7-ին դերասան Սամսոն Կաժոյանի գրած շատ խորհրդանշականՙ «Արեւի ծագումը» վերնագրով պիեսի ներկայացումով, որը նվիրված է եղել Հոկտեմբերյան հեղափոխության 20-ամյակին: Բեմադրության ձեւավորողը եղել է Գեւորգ Բաբայանը:
1937-1939 թթ. Ց. Նիկողոսյանի բեմադրությունում խաղացվել են Շիրվանզադեի «Չար ոգի» (թարգմ. Հաջիե Ջնդի եւ Ամինե Ավդալ), Գ. Մդիվանու «Հայրենիք», Ա. Շայբոնի «Պարաշյուտով փեսացուն», Ս. Գինոսյանի «Միրաքի աղջիկը» պիեսները: Վերջին պիեսով թատրոնը մասնակցել է 1939-ի հունիսին Երեւանում անցկացված Շրջանային կոլտնտեսային թատրոնների ստուգատեսին: Պիեսը նվիրված է եղել կոլտնտեսային կյանքի առօրյային: Ձեւավորումը կատարել է նկարիչ Գեւորգ Բաբայանը:
Թատերախմբի մասին պատկերացում կազմելու համար ծանոթանանք «Միրաքի աղջիկը» պիեսի դերակատարների կազմինՙ Զարե- Մանուկյան Շուշանիկ, Ալմաստ (նրա ընկերուհին)- Զազոա Ալի, ֆըլիտ (կոմերիտական հովիվ)- Ղահրամանե Ռաշո, ագիտ (կուսկազմակերպիչ)- Սլոյե Դրբո, Ջմո (կոլտնտվարչության նախագահ)- Համիդե Ուսուբ, խարբո (հովիվ)- Ագիտե Խըդր, քեռի Սաֆո (հովիվ)- Անդոյե Խուդո, Շըմո- Ղադրե Սամանդ, զարո (բրիգադիր)- Ջաբոյա Միրզա, աֆանդի (կոլտնտեսական)- Իսոյե Մհո, Մուսա- Ալիյե Ամո, Թամըրբեգ- Ադոյե Սուլթան, Թեջիր (նրա տղան)- Ղաչախե Մհո, Տայնար- Ախմադե Հասո, Սոսինյան- Ախմադե Խդո, Շեյխ Ոսկան- Իսոյե Մհո, պիոներ- Ագաիտե Խըդր, 1-ին ճամբորդ- Ջամալե Մահուդ, 2-րդ ճամբորդ- Մրազե Խդո, բասո (զուռնաչի)- Բասոյե Բաքր, միլիցիոներ- Խարիե Խարիվ, միլիոցիներ- Ալեքսանյան Մկրտիչ:
Ալագյազի քրդական շրջիկ թատրոնը խաղացանկում ունենալով բավական թվով պիեսներ, հյուրախաղերով հանդես է եկել նաեւ Ապարանի, Աշտարակի, Կոտայքի շրջանների գյուղերում, ինչպես եւ Աղմաղանի քոչվորների մոտ: Հետագայում նրա շրջագիծն ավելի է մեծացել, մինչեւ իսկ Թբիլիսում եւ Վրաստանի մի քանի շրջանում:
1940 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել ռեժիսոր Ջերջիզ Ժամհարյանը: Նրա բեմադրությամբ տարբեր ժամանակներ բեմադրվել են Սուրեն Գինոսյանի «Խաչեվոր եւ Սիամանթո», «Հասո», Վարդգես Շողերյանի «Հայրենիք եւ սեր», Ս. Կաժոյանի եւ Հ. Շալջյանի «Լուր-դա-լուր» (ըստ Վրթ. Փափազյանի), Շիրվանզադեի «Նամուս», Մելիք Քոչարյանի «Հարազատ մարդիկ» եւ այլ պիեսներ:
1944-ի օգոստոսին Երեւանի ֆիլհարմոնիայի ամառային դահլիճում (այժմ նրա տեղը կառուցված է Կոմիտասի անվան կամերային համերգասրահը) տեղի է ունեցել Հայաստանի շրջանային թատրոնների երկրորդ ստուգատեսը, որին քրդական թատրոնը մասնակցել է Ս. Գինոսյանի «Կառ ու Քուլիկ» պիեսի ներկայացումով:
Հայրենական պատերազմի տարիներին առօրյա ներկայացումներից բացի, բեմ են հանվել նաեւ պատերազմական թեմայով պիեսներՙ Վ. Շողերյանի «Հայրենիք եւ սեր» («Հայրենիքի դուստրը», թարգմ. Ա. Գյանջեցյան, բեմադրիչ Ջ. Ժամհարյան), Ն. Զարյանի «Վրեժ» (թարգմ. Հ. Ջնդի, բեմադրիչՙ Ռոզա Մինուզյան): Վերջինիս գլխավոր դերակատարներն են եղել Գերասիմով- Խազաղ Մհոյան, Լարիսա- Ասյա Ասլանյան, գերմանացի կապիտան- Ալի Ամոյան, գերմանացի զինվոր- Բաքր Մհոյան:
Այդ տարիներին բեմադրություններ են ունեցել նաեւ բեմադրիչներ Ե. Ծատուրյանը («Ոսկեձեռ խանը»), Չ. Ղամբարյանը («Գնացք»), Հ. Բեյլերյանը («Հերոսը Ջազիր քաղաքից»):
Ուշագրավ է Գ. Սունդուկյանի «Պեպոյի» բեմադրությունը: Շրջանային թատրոնների ռեժիսոր Ռաֆայել Ամրենյանը Ս. Տարոնցու «Մամե ու Զինե»քրդական էպոսի հիման վրա գրած պիեսը 1945-ի փետրվարին բեմադրելուց հետո ձեռնարկել է հայ դասական «Պեպոյի» բեմական մարմնավորմանը: Նրա երկու բեմադրության թարգմանիչը եղել է հանրաճանաչ մտավորական Հաջիե Ջնդին: Պիեսը բեմ է հանվել 1945-ի մարտի 22-ին, բեմանկարիչն է եղել Սերոբ Անճարակյանը: Այս բեմադրության մասին տպագիր ոչինչ չգտնելով բեմադրության ժամանակը մեզ հաղորդել է Ռ. Արմենյանը, իսկ դերակատարների տվյալներըՙ Զիմզիմովի դերակատար Ալի Ամոյանը: Երկուսն էլՙ 1976 թվականին, երբ տպագրության էի պատրաստում «Պեպոն» ազգային թատրոններում գրքույկըՙ Սունդուկյանի ծննդյան 150-ամյակի առթիվ (մեկ տարի ուշացումով):
Այսպիսով, քրդական թատրոնում «Պեպո»ի միակ բեմադրության դերակատարներն են եղելՙ
Պեպո- Բագրատ Մհոյան, Շուշան - Անուշ Սահակյան, Կեկել - Խանում Այվազյան, Գիքո - Ղաչախ Մհոյան (որը եղել է նաեւ Արմենյանի օգնականը), Կակուլի - Համիդ Հսոյան, Զիմզիմով - Ալի Ամոյան, Էփեմիա- Զիլեֆերոյան, Սամսոն - Կնո Թամոյան:
Արագածի շրջանից բացի, «Պեպոն» խաղացվել է նաեւ Ապարանի, Սպիտակի, Թալինի, Հոկտեմբերյանի (այժմՙ Արմավիրի) շրջանների գյուղերում եւ մեծ ընդունելություն գտել:
1947-ի մայիսի 22-ին նշվել է Ալագյազի քրդական շրջակա թատրոնի 10-ամյակը: Հոբելյանի առթիվ Ջ. Ժամհարյանի բեմադրությամբ ներկայացվել է Մելիք Քոչարյանի «Հարազատ մարդիկ» (թարգմ. Հ. Ջնդի եւ Ա. Ավդալ) պիեսը: Թատրոնի տասնամյա գործունեության շրջանում քրդական թատրոնի բեմադրության պատրաստ հետեւյալ պիեսներըՙ Ա. Բարսեղյանի «Մակիչն ու Մացիկը», Հ. Թումանյանի «Գիքորը» (բեմականացումը Գ. Գաբրիելյանի, թարգմանությունը Միրո Ասադյանի), Գ. Մդիվանու «Գերի», Ա. Շայբոնի «Ալագյազի դոշին» (թարգմ. Հ. Ջնդի), Ա. Պապայանի «Բարձունք», Ի. Ստալսկու «Խիզախություն», Բ. Ստաֆֆիի «Պարտիզան Ժելեզնյակ», Վրթ. Փափազյանի «Ժայռ» եւ ուրիշներ:
Հետպատերազմյան տարիներին տնտեսական դժվարությունների պատճառով Խորհրդային Միությունում փակվել է շուրջ 500 թատրոն: Դրանց թվում են եղել նաեւ Բաքվի եւ Կիրովաբադի (այժմՙ Գյանջա) հայկական պետական թատրոնները, Հայաստանի շրջանային մի շարք թատրոններ, այդ թվում եւ Երեւանի ադրբեջանական (հետո վերանվանվել է) եւ Ալագյազի քրդական թատրոնները:
Ինչպես Հայաստանի մի շարք շրջաններում, այնպես էլ Ալագյազում սկսել են գործել ժողովրդական թատրոններ: 1975-ի մարտի 18-ին Ալագյազի քրդական ժողովրդական թատրոնում բեմադրվել է Ֆերիկե Ուսուբի «Առանց ղալանին» պիեսը (ռեժիսոր եւ նկարիչ Խ. Այվազյան): Մի քանի օր անց «Քյառ ու Քուլուկ» պիեսի հետ այս նոր բեմադրությունն էլ խաղացվել են Թալինի եւ Էջմիածնի շրջանների քրդական գյուղերում:
Նույն տարվա հոկտեմբերին բեմադրվել է Ֆ. Ուսուբի «Բեղան» նոր պիեսը (ռեժիսոր Ասքանազ Ստեփանյան, նկարիչՙ Ռ. Ամո): Ստեփանյանի բեմադրությամբ 1977-1978 թթ. ներկայացվել են նաեւ Ս. Գինոսյանի «Կառ եւ Քուլուկ» (Կառ- Ռ. Ալոյան, Քուլուկ- Մ. Չոլոյան), Վաչե Հարությունյանի «Ալագյազի արծիվը» (հեղափոխական թեմայով) պիեսները:
1979-ից բեմադրական աշխատանքի է անցել Ռ. Ամոն (Ռզգանե Ամո): Նրա բեմադրությամբ ու ձեւավորումով ներկայացվել է Ասկյարե Բոյիկեի «Սնջոն ամուսնացնում է աղջկան»: Բեմադրության մեջ զբաղված են եղելՙ Սնջո- Ս. Ղահրամանյան, Բադե- Բ. Մախմուդովա, Լոլե- Լ(եյլի) Մհոյան, Աֆանդի- Ռ. Ալոյան, Ջեմալի- Ջ. Ղահրամյան, Ջամե- Ս. Բրոյան, Օսկե- Շ. Ալոյան:
Նույն թվականից ասպարեզ են իջել նաեւ տեղական դրամատուրգներ: Մի քանի ներկայացման ձեւավորող Ռ. Գյուլջյանը գրել ու բեմադրել է «Ալագյազը մեր աչքերով» ագիտպիեսը, գեղարվեստական ձեւավորումը թողնելով Մ. Ֆաթինյանին: Թատերախումբը «ոտքի կանգնելով», 1980-ի մարտին հյուրախաղերի է մեկնել Թբիլիսիՙ տանելով Ա. Բուկի «Վրեժ» պիեսի ներկայացումը (բեմադրությունը եւ երաժշտական ձեւավորումը Ռզգանե Ամոյի, նկարչականըՙ Մ. Ֆաթինյանի):
Նույնՙ 1980-ին Ռ. Ամոն բեմադրել է իր գրած «Ալագյազը մեր աչքերով» ագիտպիեսը Մ. Ֆաթինյանի ձեւավորումով: Այս բեմադրության դերակատարներն են եղելՙ հաճախորդ - Շ. Ալոյան, դերձակ - Վ. Մհոյան, բժիշկ - Մ. Ղահրամանյան, հիվանդ - Ռ. Ալոյան, սովխոզի դիրեկտոր - Ս. Մհոյան, ֆերմայի վարիչ - Մ. Չոլոյան, ավագ հովիվ - Լ. Ազիզ:
Ահա այսպիսին է եղել թատերական կյանքի առաջընթացը հայ-քրդական բարի-դրացիական հարաբերությունների պատմության մեջ: Ժողովրդական առածն ասում էՙ ես արել եմ այնքան, ինչքան կարողացել եմ, թող ուրիշն ավելին անի:
Նյութի աղբյուրը՝ ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 20-10-2017