Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

20.06.2022  2:51

Աշխարհի ժողովուրդների պատմության մեջ ամենամեծ հայտնություններից մեկը սեփական կամ փոխառյալ գրերի գյուտն է, որի հիման վրա ստեղծված տպագրական արվեստը դարձել է համաշխարհային երևույթ: Զարգացման այսպիսի առաջընթաց է ապրել նաև հայոց գրերի գյուտը (405-406) և նրանով սկզբնավորված տպա­գրությունը (1512):
Տպագրության առկայությունը հսկայական առաջադիմական դեր է խաղացել ինչպես մեր ժողովրդի պատմության բոլոր ասպարեզներում, անպես էլ թատերական արվեստի զարգացման գործում: Տպագրության շնորհիվ կորստից փրկվել են շատ ու շատ ձեռագիր աշխատություններ, այդ թվում` թատերական բնագավառին վերաբերող գործեր: Դրանցից կարևոր են հատկապես 5-րդ դարի կաթողիկոս Հովհան Մանդակունու (կամ նրան վերագրվող) ճառերը, որոնցից 17-ը նվիրված է «սատանայական անօրեն թատրոններին» և Մովսես Խորենացուն վերագրվող «Գիրք պիտոյիցը», որտեղ լուսաբանված է հին Հունաստանի դրամատուրգների պիեսների պատմությունը:
Հինգերորդ դարից շրջանառության մեջ մտած թատրոն, ողբերգություն, կատակերգություն տերմինները տպագրության շնորհիվ հարստացվել են նորանոր բառակապակցություններով և այսօր ունենք հսկայական բառապաշար թատերական կյանքի բոլոր ասպարեզներում: Այսպես` դեր բառի շուրջը ստեղծվել են դերասան, դերակատար, դերաբաշխում, դերացանկ և այլն: Կամ` բեմ, բեմել, բեմադրիչ, բեմադրություն, բեմանկարիչ, բեմական արվեստ, բեմի հայելի, բեմառաջք (ավանսցենա), բեմի գրպան (բեմի աջ ու ձախ կողմերում դեկոր պահելու տեղ), բեմի խորություն, բեմական զգեստ, բեմական գործունեություն և այլն:
Գրահրատարակչության շնորհիվ դրամատիկական գործերից բացի, սկսել են հրատարակվել թատերական պարբերականներ: Նախքան ազգային դրամատուրգիայի տպագրությունը կյանք են մտել թարգմանական գործերը (Մոլիերի «Երևակայական հիվանդը», 1812, Կ. Պոլիս, Ֆ. Վոլտերի «Ողբերգություն ի վերա Հուլիոս Կեսարի», 1812, Կալկաթա): Ազգային դրամատուրգիայից տպագրված առաջին գործը Կալկաթայի «Շտեմարան» հանդեսի խմբագիր Մարտիրոս Մկրտչյանի` Նոր Ջուղայի բարբառով գրած «Խտրադիմա դժրողության» չորս գործողությամբ կատակերգությունն է` տպված 1812-ին Կալկաթայում: Սա, միաժամանակ, առաջին պիեսն է, որտեղ, որպես գործող անձեր, հանդես են գալիս կանայք:
Առաջին թատերագիտական գործը Մոսկվայի Լազարյան ճեմարանի շրջանավարտ և Համալսարանի ուսանող, նորնախիջևանցի Սարգիս Տիգրանյանի գրած «Ինչ ինչ զեղերերգութենե» առաջաբանն է, որ նա կցել է Ռասինի «Գոթողիա» ողբերգության գրաբար թարգմանությանը (Մոսկվա, 1834): Տիգրանյանն այդտեղ տվել է համաշխարհային դրամատուրգիայի պատմությունը` անտիկ աշխարհից մինչև 1820-ական թվականները:
Հայկական առաջին գեղարվեստական պարբերականը` «Մուսայք Մասյաց» (1857-1863-1868) շաբաթաթերթն է, որի խմբագիր Արմենակ Հայկունին (դրամատուրգ, թարգմանիչ) նպատակ ունենալով «Թորգոմյան ցեղի հարազատ զավակներուն» պատկերացում տալ թատրոնի մասին, մի քանի պիես է տպագրել:
Թատերական կյանքի առաջընթացի ճանապարհին կարևոր դեր են կատարել արվեստի տեքստերով պարբերականները` «Հավերժահարսը» Զմյուռնիայում, Պարոնյանի թուրքերեն «Թիաթրոն» Պոլսում, 20-րդ դարի սկզբներին` «Գեղունին» Վենետիկում, «Հուշարարը» և «Գեղարվեստը» Թիֆլիսում, «Թատրոն և երաժշտությունը» Բաքվում: Այս շարքում գիտական լուրջ բնույթ է կրել Ալեքսանդր Թարխանյանի հրատարակած «Թատրոն» հանդեսը, որը 1893-1905 թթ. լույս է ընծայել հինգ գիրք, ուր տպագրվել են պիեսներ, գիտական-վերլուծական հոդվածներ, հուշեր, լուրեր և այլն, թատերական արվեստի մասսայականացմանը մեծապես նպաստել է նրա պրոպագանդումը ազդագրերի, առանձին թերթիկների վրա հայտարարություններ տպագրելու, երբեմն ծրագրերի վրա պիեսների բովանդակությունը պատմելու եղանակով: 1800-ական թվականներից այդ ուղղությամբ նկատելի աշխատանք է կատարվել Վենետիկի Մխիթարյան միաբանության դպրոցաեկեղեցական ներկայացումների տպագիր ազդագրերը տարածելով, որոնց արձագանքը մինչև Հնդկաստան է հասել:
1860-ական թվականներից թատերական կյանքը վերելք ապրելով Կ. Պոլսում և Թիֆլիսում, թատերական ազդագրերի տպագրությունից զատ, սկսել են տպագրել ներկայացումների մուտքի տոմսեր, ըստ որում` կարգերի և տեղերի համարակալումներով, այլապես հանդիսատեսները տեղերը կորցնելու ահից, պետք է հինգ գործողությունների ընթացքում տեղները նստած մնային: Այդ տարիների տոմսերի նմուշներից մի քանի օրինակ պահվել է Սիրանույշի խմբի աշխատակից Միքայել Բրուտոսի մոտ: Օրինակ` «Շերմազանյան դարպասի» թատրոնի 1864-ի տոմսակի վրա տպված է` « Места за стулями. Армяанский и русский спектакли в дарпасе – на Шармазанова », իսկ ձեռքով հայերեն գրված է կարգը և տեղի համարը:
Թե ինչ ազդեցություն ունի ներկայացման գովազդը թատրոնի պատմության մեջ, բավական է հիշել հատկապես Գևորգ Չմշկյանի պատմությունը: 1863-ի հունվարի 3-ին երկրաչափ ինժեներ Չմշկյանը Թիֆլիսի փողոցներից մեկով անցնելիս, պատահաբար տեսել է պատին փակցված մի հայտարարություն` «Արշակ Բ» և «Դալալ Ղուղո» պիեսների բեմադրությունների մասին: Հետաքրքրությունը շարժվել է, մի կերպ տոմսակ է գնել ու թատրոն մտել: Էն մտնելն է եղել, որ իր զբաղմունքը թողել, դարձել է դերասան, ռեժիսոր, թարգմանիչ, դրամատուրգ, թատրոնի պատմաբան, նրա շնորհիվ են առաջին անգամ հայ թատրոն մուտք գործել Շեքսպիրը, Օստրովսկին և ուրիշներ: Սունդուկյանը նրան բեմում տեսնելով է մտահղացել «Պեպոն» գրելու գաղափարը, մի զգալի մասը նրան թելադրելով ավարտել պիեսը և այն ձոնել Պեպոյի առաջին դերակատար Չմշկյանին:
Չմշկյանն իր բեմական ընկերների` Միհրդատ Ամրիկյանի և Սեդրաք Մանդինյանի հետ հանդիսանում են Շուշիի և Երևանի թատրոնների սկզբնավորողները (1865): 1887-ին Թիֆլիսում նշվել է Գևորգ Չմշկյանի բեմական գործունեության 25-ամյակը` առաջին թատերական հոբելյանն Անդրկովկասում:
1880-ական թվականների սկզբներից բենեֆիսների, մեծարումների ժամանակ գործածության մեջ են մտել գունավոր ժապավենների վրա շնորհավորական տեքստերի, ինչպես նաև մետաքսե կտորների վրա ծրագրերի տպագրությունը, արձակ և չափածո ուղերձների կիրառումը Անդրկովկասում, Նոր Նախիջևանում և այլուր:
1910-ական թվականներից սկզբնավորվել է գունավոր ազդագրերի գործածությունը, գունավոր թերթիկների վրա դերասաններին նվիրված խրախուսական կոչերը: Գունավոր ազդագրերի սովորությունը շարունակվել է նաև խորհրդային տարիներին, իսկ վերջին տասնամյակներում` նաև թատերական գործիչների դիմանկարներով:
Թատերական արվեստի զարգացման պրոպագանդումը խորհրդային շրջանում կիրառվել են «Արվեստ»-«Խորհրդային արվեստ»-«Սովետական արվեստ»-«Արվեստ» պարբերականներում, «Թատերական Երևան» (1953-2006) տեղեկատու պարբերականում, Հայաստանի թատերական միության «Բեմ» տարեգրքում (1990-1993), «Հուշարար», «Թատրոն» կարճատև կյանք ունեցած պարբերականներում: Սփյուռքահայ աշխարհում Հակոբ Այվազի խմբագրությամբ տպագրվել է ամենաերկարակյաց «Քուլիս» (1946-1996) պարբերականը, որը բազմակողմանի տեղեկություներ է տպագրել հայ և օտար արվեստագետների ու թատերական կյանքի մասին:
Դժբախտաբար, այսօր չունենք թատերական մի պարբերական, որտեղ, գոնե, թատերական միջոցառումների հայտարարությունները, ծրագրերը տպագրվեին:
Միակ մխիթարությունը «Դրամատուրգիա» հանդեսն է, որը թատրոնների խաղացանկը հարստացնելու նպատակով պիեսներ է տպագրում և լուսանկարներով պատկերում թատերական կյանքի այսօրը:

Նյութի աղբյւրը՝ Գրական Թերթ 14.04.2014

704 հոգի