20.06.2022 2:40
Մեր ազգային մեծ դերասանուհի Սիրանույշը (1857-1932) աշխարհի այն եզակի արվեստագետներից է, որոնց մատների վրա են հաշվում: Թատերական հարցերից բացի, նա հասարակական կյանքով էլ է զբաղվել. նրա մարդկային հոգեբանության հիմքը եղել է ազգասիրությունը, հայրենասիրությունը, եզակի հատկանիշներ, որոնք իրենց արտահայտությունն են ստացել թե՛ թատրոնում և թե՛ կյանքում: Ի տարբերություն այլ թատերական գործիչների, Սիրանույշը եղել է նաև գրչի մարդ: Տարբեր բնույթի հոդվածներից զատ, նա նույնիսկ քաղաքական հարցեր է շոշափել, որ չեն արել իր կարգի մեծությունները: Այսօր մեր նպատակն է՝ վեր հանել նրա քաղաքական մերկացումները` կապված 1905 թվականին Անդրկովկասում ծավալված հայ-թուրքական (ադրբեջանական) կռիվների հետ:
Եթե այս թեմայի շուրջը գրած «Հուր և սուր» պիեսի համար դրամատուրգ Էմին Տեր-Գրիգորյանը դատաստանի էր ենթարկվել, ապա Սիրանույշի մոտ այդ ճշմարտությունը ձուլվել է հոդվածի տողերին և աննկատ մնացել:
Պատմությունն սկսվել է 1905 թվականից: Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության վարչությունը հունվարի 18-ի մի գրությամբ դիմել է ոստիկանությանը` թույլատրել ապրիլի 5-ին նշել դերասանուհի Սիրանույշի բեմական գործունեության 30-ամյակը: Օրվա պատասխանատվությունն իր վրա է վերցրել վարչության նախագահ Մարիամ Թումանյանը: Այդ առթիվ հայտարարություններ են տպագրվել Անդրկովկասի և արտասահմանյան հայկական և Ռուսաստանի ռուսական մամուլում:
Սակայն փետրվարի առաջին օրերից ցարական Ռուսաստանի հրահրումներով, Անդրկովկասի տարբեր վայրերում թուրք – ադրբեջանցիները սկսել են հարձակումներ գործել հայերի նկատմամբ: Այդ օրերին Սիրանույշը Թիֆլիսի և Բաքվի դերասանների հետ ներկայացումներ է տվել Բաքվում: Փետրվարի 4-ին տրված «Համլետ» ներկայացման ժամանակ հայերի և ադրբեջանցիների ընդհարումների նախանշանները տարածվել են թատրոնում: Ներկայացումն ընդհատվել է:
Փետրվարի 6-ից մինչև 9-ը կոտորածներից խուսափելու համար Սիրանույշն իր աղջկա` Աստղիկի հետ փակված են մնացել իրենց վարձած տանը, որը պատկանել է մի ադրբեջանցու: Թիֆլիսի «Տիֆլիսսկի լիստոկ» թերթի փետրվարի 11-ի համարում, լուրերի մեջ գրվել է Գ. Պետրոսյանի և Սիրանույշի սպանվելու մասին: «Մշակ» թերթի հաջորդ օրվա համարում մերժվել է այդ լուրը, ըստ որում նշելով, որ տան «տերը պաշտպանել է իր բոլոր կեցողներին»:
Այսպիսով, Սիրանույշը, Աստղիկը, դերասան Գևորգ Պետրոսյանը և ուրիշներ բարեհաջող հասել են Թիֆլիս: Հայոց դրամատիկական ընկերության վարչությունը նկատի ունենալով հայ – ադրբեջանական կոտորածների պատճառով Անդրկովկասում ստեղծված աննպաստ իրավիճակը և դերասանուհու ահաբեկված ապրումները, մարտի 9-ին հարցում էր արել Սիրանույշին` ցանկանո՞ւմ է արդյոք ապրիլի 5-ին նշել իր հոբելյանը: Սիրանույշը մամուլի միջոցով հրաժարվել է հոբելյանը նշելուց` գրելով. «Վերջին ցավալի դեպքերը, վրդովելով իմ հոգեկան տրամադրությունը, խանգարում են ինձ այս տարի նշելու իմ երեսնամյակը ապրիլի 5-ին»: Գարնան վերջերին Սիրանույշն իր խմբով հյուրախաղերի է մեկնել Հյուսիսային Կովկաս` Ղզլար, Վլադիկավկազ: Վլադիկավկազի հասարակությունը մտադիր է եղել պատվել Սիրանույշին և իր խմբին: Իմանալով այդ մասին` մայիսի 29-ին Հակոբ քահանա Սառիկյանին գրած նամակում նա հրաժարվել է այդ պատվո սեղանից: Փոխարենն առաջարկել է իրեն և իր խմբին տրվելիք հացկերույթի հասույթը հասցնել կարոտյալներին:
Նա գրել է. «Ի նկատի ունենալով այժմյան մեր տանջված եղբայրների աղետալի վիճակը և մեր ժողովրդի ներկա սուղ միջոցները, ես իմ կողմից խնդրում եմ, և եթե հնար է այդ գումարը, որ պիտի ծախսվի ճաշկերույթի համար, գործադրվի հօգուտ Հին Նախիջևանի չարչարված և տառապող ժողովրդին: Ես հավատացած եմ, որ հասարակության ամեն մի անդամը, որ նյութապես պիտի մասնակցեր այս հյուրասիրության, յուր մեջ պիտի զգա կրկնակի և ավելի մեծ ուրախություն` մտածելով, որ այս ձևով թե մասամբ օգնած պետք է լինի մեր այս րոպեիս լացող եղբայրներին և թե մեզ պատճառած պետք է լինի նույն քաղցր ուրախությունը, որ պիտի ունենանք Վլադիկավկազի հարգարժան հասարակության դեպի մեզ ցույց տված սիրալիր ընդունելության և պատվի շնորհիվ»: (Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի թատերական բաժին, Ա. Վրույրի ֆոնդ, N 73): Բաքվում տեսած ու լսած սարսափներն ամբողջ տարին չեն հեռացել Սիրանույշի հիշողությունից: Տարեվերջին մոտ նոր հարց է քրքրել նրա զգացմունքները, երբ մի խումբ ռուս կանայք մամուլի միջոցով կոչ են արել հայ և թուրք կանանց` զսպել իրենց հայրերի, ամուսինների և զավակների ազգայնական թշնամանքը: Սիրանույշը պարտք է համարել պատասխան գրել նրանց` «զի ոչ գիտեն, զինչ խոսեն»:
Ահա Սիրանույշի նամակը.
«Ազնիվ տիկիններ,
Հայ ժողովուրդը միշտ շա՛տ բարձր է կանգնած եղել իր իդեալական և մարդասիրական վեհ գաղափարներով, սկզբունքներով, լայն հայացքներով, ազնիվ զգացմունքներով ու զարգացումով, ուստի երբե՛ք չի կարող իրան թույլ տալ այնպիսի բաներ անել, ինչ արել է և անում է խավարամիտ, մոլեռանդ և բարբարոս ժողովուրդը:
Հայը չի կռվում փառքի, հաղթանակի և սին պարծենկոտության և այլ միամիտ բաների համար:
Ո՛վ ճանաչում է հայ ազգի անցյալը, ո՛վ տեղյակ է նրա ներկա կյանքի պայմաններին, գիտե, որ այդ տեսակ բաների համար կռվել` նրա համար մի շռայլություն կլիներ:
Ո՛չ, հայը կռվում է իր և իր եղբոր կյանքը, իր մոր ու քրոջ պատիվը պաշտպանելու և անմեղ զոհերին մարդակեր ամբոխի սրից ու կրակից ազատելու համար: Հայը իր զենքով ցանկանում է միմիայն իր թշնամուց պաշտպանվել, մինչդեռ գազազած թշնամին միմիայն մարդասպան ծարավով ուզում է անմեղ արյուն թափել և այդ հարյուրավոր անմեղ զոհերի թափած արյունով ուզում է իր դժոխային և վայրագ ցանկությունը հագեցնել:
Մենք մեր ինքնասիրությունը երբեք վիրավորված չենք համարում, որովհետև մենք գործ ունենք ո՛չ թե ինքնաճանաչ և պարտիք ճանաչող պատվավոր մարդկանց հետ, այլ մարդկության մրուրի և հոշոտիչ գազանների հետ: Հայ գյուղացու ձեռքին միշտ եղել է բահ ու բրիչ, իսկ թուրք գյուղացու ձեռքին եղել է ավերիչ դաշույն և խենչալ, հայ ժողովուրդը շարունակ ձգտել է դեպի լույս, չնայած բոլոր տմարդի խոչընդոտներին, իսկ թուրք ժողովուրդը` տարաբախտաբար զուրկ այդ ձգտումից, մնացել է խավարում, և հենց այդ է պատճառը, որ կառավարությունը հենվում է նրանց վրա: (Ահա այս է Սիրանույշի համարձակ քննադատության գաղտնավանկը: Բ. Հ.): Այո՛, եթե ներկայումս դեռ գտնվում են այնպիսիներ, որոնք չեն կարող կամ չեն ուզում այս պարզ իրողությունն ըմբռնել, այդպիսիների նկատմամբ մենք կարող ենք միմիայն հայտնել մեր խորին ցավակցությունը»: (Արշալույս, (Թիֆլիս), 1905 N 69, դեկտեմբերի 4):
Որքա՜ն արդիական են հնչում հարյուր տասը տարի առաջ Սիրանույշի տված այս բնութագրությունները, որքա՜ն համահունչ են մեր այս օրերի իրադարձությունների իրավիճակին:
Ահա թե ո՛վ է մեր քաղաքագետ – դերասանուհի Սիրանույշը:
Նյութի աղբյուրը՝ Գրական Թերթ 23.04.2016
ԲԱԽՏԻԱՐ Հովակիմյան