05.06.2022 03:03
Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը բեմ հանեց Պարոնյանի և Սունդուկյանի գրեթե մոռացված այս երկու փոքրիկ կատակերգությունները։ Եթե այս ներկայացման արժեքը սպառվեր միայն ճանաչողական նշանակությամբ, ապա հազիվ թե հարկ լիներ խոսելու նրա՝ իբրև մեր թատերական արվեստի հետաքրքիր և ուսանելի երևույթի մասին, թեև դա էլ դրվատանքի արժանի առավելություն է։
Թատրոնը հանդես է բերել կլասիկ դրամատուրգիայի ժառանգությունը սովետահայ թատրոնում բեմադրելու հետաքրքիր մոտեցում։ Սովետական թատրոնի համար այդ գործերին բեմական մարմնացում տալը, նրանց ռեժիսորական բանալին գտնելը լուրջ և դժվարին խնդիր է, քանի որ դրանք մեր խոշորագույն կատակերգուների դրամատուրգիայում աննշան տեղ են գրավում և չունեն «Պաղտասար աղբարի» կամ «Քանդած օջախի» սոցիալական սուր շեշտվածությունը։
Սունդակյանն իր կոմեդիայում Եվայլնի տիպի մեջ ծաղրի է ենթարկում եվրոպական այլասերված բարքերը, իսկ Պարոնյանը ծաղրում է արևմտահայ քաղքենիությունն ամբողջությամբ։
«Շողոքորթը» ներկայացման էքսպոզիցիան և ֆինալը նույնն են. ծառաներ Բարթեմն ու Գևորգը պահում են այն շրջանակը, որոնց մեջ իբրև նկար տեղավորված են կոմեդիայի մնացած բոլոր գործող անձինք։ Սրանք վաղուց արդեն պատմության գիրկն անցած մարդիկ են, սակայն արժե մի անգամ ևս ծիծաղել նրանց ծույլ, անպիտան կյանքի ու փչացած հարաբերությունների վրա,- այսպես են ասում բեմադրության հեղինակները։ Եվ իրոք, կոմեդիայի հերոսները միայն մեր ծիծաղը կարող են շարժել. 60-ամյա Թադեն նպատակ ունի ամուսնանալ 20-ամյա Սոֆիի հետ, Թադեի քույրը՝ 40-ամյա Թերեզան՝ երիտասարդ «բանաստեղծ» Արշակի հետ, իեկ շողոքորթ Պապիկը կարող է անպատիժ զբաղվել բանսարկություններով, քծնել առաջին պատահողին, քանի որ իբրև իր միջավայրի իսկական ծնունդ՝ դրա մեջ է տեսնում իր կյանքի կոչումը։ Այսպիսի միջավայր, կերպարներ ու փոխհարաբերություններ ներկայացնելու դեպքում սովետական թատրոնը կարող է ընդունել ծաղրի ամենասուր միջոցներ (զգեստավորում, միզանսցեններ, կերպարների մեկնաբանություն և այլն)։ Այդ կերպարները մեզ լավ ծանոթ են Պարոնյանի և Օտյանի (որն, ի դեպ, գրել է «Շողոքորթի» անավարտ մնացած վերջին գործողությունը) երկերից, սակայն թատերական արվեստի ուժով դարձել են անհամեմատ վառ ու տպավորիչ։ Ահա Թադեն իր ծաղրանկարային արտաքինով, նույնպիսի ներքինով ու ծայրահեղ միամտությամբ։ Այսպես է ներկայանում բեմական կերպարը Թ. Սարյանի հմուտ և որ հատուկ է նրան՝ անմիջական կատարմամբ։ Ոչ պակաս ծիծաղելի է Թերեզան, որի դերը կոմիկական դերասանուհու անխառն վարպետությամբ է խաղում հայրենադարձ Մելինե Համամջյանը։ Ահա և Գ. Սիմոնյանի Արշակը, որ Պարոնյանի մշտական ծաղրի առարկա ապաշնորհ «ռոմանտիկ» բանաստեղծի բեմական մարմնացումն է իր խռիվ մազերով ու արտասանության խիստ զգայական մաներով, Հ.Ասլանյանի Հովսեփը՝ բթամտության հասնող միամտությամբ այդ զառամյալ ծերունին, որի պատրանքը երիտասարդ դերասանն ստեղծում է անթերի կերպով։ Համոզիչ է և Պապիկը՝ Պարոնյանի կերպարների հարազատ հոգեկիցը՝ հայրենադարձ դերասան Վ. Սվաճյանի ճկուն, թեև որոշ միօրինակություն ունեցող կատարմամբ։ Այս վառ կերպարների շարքում չեն կարող ծիծաղելի չլինել և Ս. Էրամջյանի Սոֆին ու Կ. Տոնիկյանի Տիգրանը, որոնց դերակատարները տալիս են ներդաշնակ ու համոզիչ խաղ։
Եթե ներկայացման մեջ կան մեր լիաթոք ծիծաղից խուսափելու արժանի մարդիկ, դրանք ծառաներ Բարթեմն ու Գևորգն են։ Հստակ ու մտածված խաղով այսպես են բացահայտում իրենց դերերը դերասաններ Խ. Սանդալճյանն ու Ե. Թերբերյանը։
«Եվայլն կամ նոր Դիոգինեսում» Սունդուկյանն անխնա ծաղրի է ենթարկում եվրոպականն ու արտասահմանյանը։ Ռեժիսորն ավելի քան համամիտ է հեղինակին։ Նա շատ ավելի է խորացրել այդ վերաբերմունքը՝ համահնչուն դարձնելով մեր ժամանակին։ Ամբողջ ներկայացումն իր բոլոր մանրամասներով գալիս է ընդգծելու ծաղրանքը արտասահմանյան բարքերի առջև ստորաքարշություն անողի նկատմամբ։ Ինչպե՞ս է ներկայանում Եվայլնը հանդիսատեսի առաջ։ Եվրոպական սալոնային տարազ, ցիլինդրից ու ձեռնափայտից անբաժան, եվրոպական «կիրթ» շարժ ու ձևերով, շարունակ չպատճառաբանված ու հիմար ժպիտը դեմքին։ Նա իրոք որ կարող է «Եվրոպա» ու «արտասահման» բառերն արտասանել այդպես հանդիսավոր ու շուքով, ինչպես Ղաղոն կարող է զարմանալ դրանց վրա։ Է. Համբարձումյանի Եվայլնը կարող է նաև ազատ կերպով հետապնդել Մովսեսի կնոջն անգամ ամուսնու ներկայությամբ, քանի որ այդպես է ընդունված արտասահմանում և այդ արգելքը միայն տգիտության նշան կարող է համարվել։
Այս ամենի համար Եվայլնին չեն ծեծում, թեև շարունակ նախապատրաստվում են այդ անելու։ Սա վկայում է Սունդուկյանի գեղարվեստական չափի զգացման մասին, սակայն բեմադրողը ռեժիսորական անընդմեջ գյուտերով այնպիսի սպանիչ ծաղրի է ենթարկում նրան, որ ամեն մի ծեծ երջանկություն կարող էր լինել Եվայլնի համար։ Սակայն նա շարունակում է ժպտալ, անգամ տակառի միջից իր վրա քահ-քահ ծիծաղող թիֆլիսցիներին նայելիս։ Նրա համար նման արկածները սովորական բաներ են և նա հիմար է. այսպիսին է հանդիսատեսի եզրակացությունը։
Մոսեսն ու Ղաղոն ներկայացված են դրական գույներով։ Մոսեսի դերում դրամատիկական դերասանի խաղ է տալիս Ե. Շահնազարյանը, իսկ Ղաղոյի դերում իսկական կոմիզմի է հասնում Թ. Սարյանը։ Ընդհանուր մտահղացմանը ներդաշնակող դերակատարումներ են նաև Ա. Անդրեասյանի Նինոն և Ա. Դուրգարյանի Սերգոն։
Ներկայացման 2-րդ գործողությունը գիշերային խնջույքի տեսարանն է, որ տրված է մեծ հմտությամբ ու կոլորիտով։ Իրիկնադեմին, հին Թիֆլիսի տիպիկ պեյզաժի ֆոնի վրա քեֆ են անում Մոսեսի հյուրերը։
Բեմադրող Թ. Սարյանը և թատրոնի գեղարվեստական ղեկավար Վ. Աճեմյանը այս հրճվալի խմբի մեջ ինքնագույն կերպով մտցրել են մի քանի անխոս պերսոնաժներ՝ ոստիկանապետը, չինովնիկ Կարապետը, որոնք սոցիալական երանգավորում են տալիս բեմադրությանը և նույնպես ծաղրի ենթարկվում։
Զուսպ, արտահայտիչ և կոլորիտով կատարված ձևավորումները պատկանում են Վ. Վարդանյանի վրձնին։ Կոմպոզիտոր Գր. Եդիազարյանը կազմել է երաժշտության ճաշակավոր կոմպոզիցիան, որի ներդաշնակ հնչողության համար դեռևս աշխատանք ունի կատարելու դիրիժոր Ա. Սողոմոնյանը, Ա. Լեբեդևի բեմադրած պարերը թեև ոչ միշտ տիպիկ են, բայց դրված են խնամքով։
Թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը ցույց տվեց իր կարողությունը՝ հավասար հաջողությամբ ներկայացնելու արևելահայ և արևմտահայ կյանքը, հավասար հաջողությամբ հնչեցնելու Պարոնյանի և Սունդուկյանի լեզուն։
Այս ներկայացումով թատրոնը հետևողական կերպով շարունակում է մեր խոշորագույն դրամատուրգների մոռացված գործերը բեմ հանելու շնորհակալ գործը։
1949