Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

31.05.2022   1:41

Քննադատը բեմադրություններին անդրադառնալիս, դերասանական խաղն ու տեսարանը նկարագրելով, ոչ միայն վավերացնում է թատերական փաստը, այլև իմաստավորում երևույթի գեղագիտական արժեքը: Այս առումով իրենց գեղագիտական մեկնությանն են սպասում  թանգարաններում բեմադրված թատերական ներկայացումները, որոնք վաղուց մեր մշակութային կյանքի մասն են կազմում, բայց ցավոք դուրս են մնացել թանգարանագետների ու թատերագետների տեսադաշտից։

Վերջին տարիներին, ցուցադրություններով զբաղվող նկարիչ-ձևավորողները, համադրողները էքսպոզիցիայի ձևավորման մեջ ձգտում են թանգարանների «թատերականացման»։ Այսինքն, ընդլայնում են էքսպոզիցիայի արտահայտչամիջոցները, ներմուծելով տարբեր էֆեկտներ՝ երաժշտական նվագակցություն, ձայնային աղմուկ, շարժական պատկերներ, ցուցանմուշի համարձակ և անսպասելի մեկնաբանություն, ինտերակտիվության սկզբունքի կիրառում Ցուցանմուշները ներկայացվում են շեշտադրված, երբեմն դրամատիկ, հանդիսանքային։ Ցուցասրահները դառնում են հեռուստահաղորդումների, համերգների, շնորհանդեսների անցկացման վայր, «բեմական տարածք»՝  հին ու ժամանակակից թատերարվեստով հետաքրքրվողների համար:

Թանգարանային համալիրի կամ բուն էքսպոզիցիոն տարածքում իրականացվող թատերական ներկայացումների մասին խոսելն անհնար է, առանց դրանց համատեքստի առանձնահատկությունները պարզաբանելու։ Թատրոնի և թանգարանի ստեղծագործական համագործակցության արդյուքնում թանգարնային սրահն ու իրը, դառնում են դիտարժան, էլ ավելի է իմաստավորվում՝ թողնելով զգայական կրկնակի ազդեցություն։ Այստեղ գոյակցում են մշակութային, կրթական, գեղարվեստական, թատերական բաղադրիչներ։ Թանգարանային թատերական ներկայացումները ստեղծագործական նոր հնարավորություններ են ստեղծում թատերարվեստով զբաղվողների համար, իսկ թանգարաններին պահպանվող նյութը կենդանացնելու հնարավորություն  ընձեռում։ Օգտվելով թատերական թանգարաններում պահպանվող ձեռագրերից, լուսանկարներից, մանրակերտերից, բեմական ձևավորումներից, հագուստների էսքիզներից, բեմական իրերից ու պահպանվող հուշագրությունից, ծանոթանալով ներկայացումների առանձին մանրամասներին, հետազոտողի համար հնարավոր է դառնում վերականգնել, վերակառուցել անցած դարաշրջանի ներկայացումների ընդհանուր պատկերը։ Այս կերպ թանգարանային նյութը նոր սերնդին պատմում է մի պատմություն, որն ավարտվել է տասնամյակներ, դարեր առաջ։ Այս պատմությունների մասն են կազմում նաև գրական առաջնային աղբյուրները՝ պիեսները։

Օրերս, «Թանգարանների գիշեր» միջազգային միջոցառումների շրջանակում, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, ներկայացվեց թատերայնացված ընթերցանություն՝ Ալ.Դյումա-որդու «Քամելիազարդ կինը» դրամայից՝ նվիրված 19-րդ դարի անվանի դերասանուհի Սիրանույշի 165-ամյակին։ Միջոցառումը յուրահատուկ հարգանքի տուրք էր դերասանուհու հիշատակին։ Նրա անվանական ֆոնդը պահպանվում է նույն թանգարանում և մշտական ցուցադրության մեջ իր տեղն ունի։ Ցուցադրված են դերասանուհու անձնական ու բեմական իրերը, լուսանկարները՝ կյանքում և դերերում։ Այդ լուսանկարներից նրա Մարգարիտ Գոթիեի հայացքն ուղղված է դեպի ցուցասրահի անկյունում կարմիր գորգի վրա դրված սեղանը, որի շուրջ ընթերցվելու էր «Քամելիազարդ կինը»։

Պիեսը պատահական չէր ընտրված։ Թատրոնի պատմությունից փաստը հայտնի է՝ Դյումա-որդին վիպակի հաջողությունից ոգևորված էպիկական երկը վերածել է պիեսի։ 19-րդ դարում կամելիազարդ հերոսուհին դերասանուհիների համար դարձել է «մրցորդային» դեր։ Թատերական մշակույթի համաշխարհային կենտրոններում թատերախմբերը հանդիպել են միմյանց։ Ռուսական և եվրոպական առաջատար թատրոնների միևնույն խաղացանկն ու դերացանկը բնականորեն ստեղծել են մրցակցային մի վիճակ, ինչն էլ դերասաններին մղել է որոնելու խաղի նոր գույներ և հոգեբանական ինքնուրույն վճիռներ։  Այս դերով են միմյանց հետ «մրցել» Սառա Բեռնարն ու էլեանորա Դուզեն, Աստղիկը, Մարի Նվարդը, Ազնիվ Հրաչյան և Սիրանույշը։ Ազնիվ Հրաչյան այս դերի ըմբռնումնով մոտ է եղել Էլեոնորա Դուզեին։ Նրա հերոսուհին չի սիրել այն միջավայրը, որտեղ ապրել է, դժվարությամբ է հավատացել Արմանի սիրուն և աստիճանաբար է տրվել զգացմունքին։ Հրաչյայի Մարգարիտի մահը անխուսափելի է եղել, թվացել է փրկություն։ Դուզեն նույնպես կասկածանքով է ընդունել սերը և հրաժարվելով՝ հաշտվել է մահվան հետ։

Սիրանույշի խաղը համեմատաբար ավելի մոտ է Սառա Բեռնարի դերակատարմանը։ Բեռնարի Մարգարիտը իմացել է, որ կարող է հմայել բոլոր տղամարդկանց։ Ոչ մի վայրկյան չի մոռացել և հանդիսատեսին էլ թույլ չի տվել մոռանալ, որ, նախ և առաջ, ինքը կամելիազարդ կին է։ Նրա ողբերգությունը սկսել է այն պահից, երբ նա սիրահարվել է։ Նրա հետ, պարզապես կատարվել է անսպասելի, իրենից դուրս մի բան, որին և տրվել է ակամա։ Բեռնարի հերոսուհու մահը եղել է հանկածակի, կռիվ է եղել կյանքի դեմ։ Սիրանույշի Մարգարիտը նույնպես սովոր է եղել փարիզյան շքեղ կյանքին, ապրել է իրեն հաճելի միջավայրում և իր ընտրած կյանքով։ Անսպասելի զգացմունքով նա աստիճանաբար է ինքնազոհության գնացել և հանգչել է ոտքի վրա, մինչև վերջ հրաշքի սպասելով, թե կարող է կենդանի մնալ։ Նման մահը հատուկ է եղել թոքախտով հիվանդներին։

«Քամելիազարդ կինը» դրաման ունի մի քանի հայերեն թարգմանություն, որից երկուսը պահպանվում են թանգարանի ձեռագիր պիեսների ֆոնդում և սպասում էին իրենց հանրայնացմանը։ Հայտնի չէ, թե մեր հայ դերասանուհիներն ում թարգմանությամբ են խաղացել։ Սիրանույշին նվիրված հոբելյանական երեկոյին ընթերցանության համար պիեսից ընտրվել էին այն հատվածները, որոնք ամենից շատ արձագանքն են գտել մամուլում և ժամանակակիցների հուշերում։

Թանգարանի ցուցադրության համատեքստում ներկայացումը այլ իմաստ էր ձեռք բերել։ Հանդիսատեսի հետ կենդանի շփմանը զուգահեռ, կար մի այլ իրականություն և¢ արտիստների, և¢ հանդիսատեսի համար։ Ներկայացում հանդիսատեսը դիտում  էր թատրոնի պատմության ֆոնին, որպես գրքից պոկված մի կենդանի էջ։ Տպավորություն էր ստեղծվում, թե ցուցափեղկերից մեկը կենդանացել է և ուզում է պատմել ավելին քան ցուցադրված լուսանկարը կամ զգեստը։ Արտիստների խաղին, ասես, հետևելու էին եկել 19-20-րդ դարերի մեծերը։

... «Բեմական տարածքի» մի անկյունում դրված է Սիրանույշի կիսանդրին, հետնապատին ցուցադրված է դերասանուհու գեղանկարը։ Ադամյանի ներկայությունն ակնհայտ է՝ աջից արտիստների ընթերցանության համար ուրույն թատերական մթնոլորտ են ստեղծում նրա վրձնի աշխատանքները՝ Օֆելիան, Համլետը, Կորրադոն։ Նույն պատից կախված է մեկ այլ դիմանկար, կարծես, խաղին հետևելու է եկել ժամանակի ամենասուր քննադատներից՝ Գրիգոր Արծրունին (գործ՝ Պետրոս Ադամյանի) թեք հայացքով է նայում։ «Բեմատարածքի» ձախ կողմում անցած դարի ազդագրերն են՝ թատրոնի պատմության վկայագրերը։

 Հնչում է Ջուզեպպե Վերդիի լավագույն ստեղծագործություններից մեկի՝ «Տրավիատայի» նախերգանքը (լիբրետտոն՝ ըստ «Քամելիազարդ կինը» դրամայի)։

Սեղանին է մոտենում Ժորժ Դյուվալի դերակատար Դավիթ Հակոբյանը, երաժշտությունը լռում է։ Նա գլխարկը դնում է սեղանին, գործողությունը սկսված է՝ սպասում է Մարգարիտի գալուն։

Մարգարիտի և Արման Դյուվալի հոր հանդիպումը այս դրամայի հոգեբանական կարևոր տեսարաններից է։ Հայտնի է թե ժամանակին ինչպես է այն խաղացել դերասանուհի Ազնիվ Հրաչյան։ Նա խաղը կառուցել է այնպես, որ հոգեբանական անցումները մի քանիսը լինեն. սկզբում կարծել է թե Արմանի հայրը եկել է իրենց միությունը օրհնելու, հետո անակնկալի է եկել հոր խնդրանքից, ապա հանձնվել է ու հաշտվել դժբախտ ճակատագրին։

Թատերայնացված ընթերցանության ժամանակ գործողությունները զարգանում են սեղանի շուրջ, տարածության զգացողությունը խոսքի տիրույթում է և դերասանները դրության կրում են ներքուստ։ Ժորժ Դյուվալը-Դավիթ Հակոբյանը լարված է, եկել է լուրջ խոսելու Մարգարիտի հետ, որ հանգիստ թողնի իր որդուն, չվարկաբեկի հասարակության աչքում։ Մտնում է Մարգարիտի դերակատարը՝ Անահիտ Կիրակոսյանը։ Նրանք ողջունում են միմյանց։ Անահիտի Մարգարիտը նույնպես լարված է։

Կարծես՝ կռահում է, թե ինչ զրույց է սպասվում։ Երբ Մարգարիտն ասում  է, թե Արմանը տանը չէ, մի պահ հույս է փայփայում, որ գուցե սխալվում է, հայրը որդուն է փնտրում, և սրանով էլ հանդիպումն կավարտվի, բայց ակնթարթը կարճ է տևում: Դյուվալ հոր պատասխանը թե զրույցը հենց իր հետ է, վերադարձնում է նախկին լարվածությունը։ Անահիտ-Մարգարիտի երջանկությունը կորցնելու վախն ու տագնապը ակնհայտ է։ Ժորժ Դյուվալը թշնամաբար է տրամադրված: Որդու արած բոլոր քայլերը, այդ թվում  և Արմանի անուշադրությունն իր հանդեպ, կապում է Մարգարիտի հետ։ Տպավորիչ էր ընթերցանության այն հատվածը, երբ զրույցի ընթացքում Դյուվալ-Դավիթ Հակոբյանն աստիճանաբար փոխում է խոսքի տոնայնությունը և ժամանակ առ ժամանակ հայացքն ուղղում Մարգարիտին, ստուգելու համար, թե արդյոք իր իմացած կինն է կողքին։ Կասկածը մեծանում է, որովհետև սկսում է համակրել զրուցակցին: Բարկանում է՝ Արմանի վրա, հուզվում, սրտնեղում իր պահվածքից ու խնդրանքից, և զրույցի վերջում, դժվարությամբ է արդեն մղում Մարգարիտին բաժանման։

Այս տեսարնում Մարգարիտ-Անահիտ Կիրակոսյանը սկզբում հեզությամբ համաձայնում է օգնել սիրելիի հորը: Նա պատրաստ է ժամանակավոր հեռանալ Արմանից: Հերոսուհին փորձում է հաշտության եզրեր գտնել սիրելիի ընտանիքի հետ։ Բայց երբ պարզվում է, որ խոսքը ժամանակավորապես լքելու մասին չէ, այլ՝ ընդմիշտ հեռանալու, ընդվզում է, խեղդվողի պես փորձում է փրկել իրենց սերը, պատրաստ է նույնիսկ ճանապարհից հեռացնել խանգարողին։ Նրա նման ընդվզմանը հայր Դյուվալը պատասխանում է կտրուկ, ծնողի պաշտպանական բնազդով, նորից թշնամանքով ու պահանջատիրոջ իրավունքով։ Մարգարիտը փորձում է խղճահարություն արթնացնել, որ հիվանդ է, ճիգ է գործադրում դրանով պաշտպանվել, բայց դառնում է ավելի անպաշտպան։ Անահիտ Կիրակոսյանի Մարգարիտը բարձրաձայնում է հիվանդության մասին ու ինքն էլ հանկարծ հասկանում է, որ ապագա չունի։ Արմանի հոր ներկայությունը ստիպում է գիտակցել, որ իր նմանը չի կարող լինել արժանի մայր, կին։ Ահա այս միտքն էլ կործանում է նրան ստիպելով հանձնվել։ Դավիթ Հակոբյան-Ժորժ Դյուվալը պահանջում է, որ հերոսուհին հանգիստ թողնի որդուն: Նա բարկացած է, բայց բարկացած է, որ ստիպված է նման բան խնդրել, շատ լավ հասկանալով, որ խլում է այդ կնոջից երջանիկ լինելու միակ հույսը։ Մարգարիտի համաձայնությունը կորզելուց հետո հայր Դյուվալը դառնացած համբուրում է հերոսուհու ճակատն ու հեռանում պղտորված հոգով։

Երկրորդ տեսարանը Մարգարիտի հանդիպումն է Արման Դյուվալի հետ, հայտնի նամակից հետո, իբր ինքն ուրիշին է սիրում։

Արմանի դերը ընթերցում է Սամվել Թոփալյանը։ Նա տեքստն ընթերցում է վիրավորված տղամարդու սառնասրտությամբ։ Բայց հետզհետե սիրելի կնոջ կողքին դժվար է դառնում անտարբերություն խաղալը, բարկությունը զսպելով, մեղադրանքներ ուղղելով Մարգարիտին, նա մի փոքր թեթևություն, երբեմն թաքնված հպարտություն է ապրում, որ առիթ ունեցավ իրեն տանջող մտքերը այդ կնոջ երեսին նետելու։ Միայն դրանից հետո, Սամվել Թոփալյան-Արման Դյուվալը իրեն թույլ է տալիս ցուցադրել իր զգացմունքները սիրելիի հանդեպ։

Չափի բացառիկ զգացումով՝ բարկությունը փոխվում է քնքշանքի, հետո խանդի, ապա ատելության։ Պիեսը հատվածաբար խաղալը կամ ընթերցելը դժվար է, որովհետև  ընդհատվում է դերի զարգացման փուլերը և խաղի անընդմիջություն ապահովելը դառնում անհնար։ Այս առումով Սամվել Թոփալյանի հատվածը նրան կարող էր կանգնեցնել դժվարության առջև, որովհետև դերի կուլմինացիան այլ տեսարանում է։ Բայց, ի պատիվ դերասանի, պետք է նշել, որ Թոփալյանը հետաքրքիր լուծում էր գտել: Խաղն ավարտում էր բոլորի առջև վճիռ կայացնելով։ Նրա հերոսն այլևս ոչ մի պարտավորություն չի կարող և չպետք է ունենա քամելյազարդ կնոջ հանդեպ։

Մարգարիտն այս տեսարանում մի խնդիր ունի, ապացուցել, որ իր նման կինն էլ կարող է խոսքի մարդ լինել, պահել իրեն արժանապատիվ:

Վերջին տեսարանում Անահիտի Մարգարիտը իսկապես ուժասպառ է, հիվանդ ու գունատ։ Նրա խոսքի մեջ թաքնված հրաժեշտ կա՝ մեռնող կարապի երգ։ Գործողությունն ավարտվում է Մարգարիտի ուշաթափությամբ։ Իջնող վարագույրի փոխարեն, հնչում է Վերդիի օպերայի նախերգանքը, ազդարարելով թատերայնացված ընթերցանության ավարտը։

ՆԱԻՐԱ Շահվալադյան

2603 հոգի