Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

30.05.2022   23:24

Կան թեմաներ, որոնց գեղարվեստականացման և հատկապես՝ բեմական ընթերցման հաջողվածությունը դեռևս վիճարկելի հարցերի հորիզոնականում է մնում: Այդպիսիններից է անտարակույս, կնոջ սեռահոգեկան ինքնության ու կեցության խնդրականացումը: Գրեթե ջանքեր չեն պահանջվում այս տիրույթում նատուրալիզմի և գռեհկաբանության ծուղակն ընկնելու համար: Ավելին ասենք, ամենքին տրված չէ այստեղ մտնելիս անսասան ստեղծագործական հեղինակությամբ դուրս գալու ողջամտությունը: Այս հարցում, այսպես ասած, բախտավորներից կարելի է համարել Միքայել Աթասունցին: Նա արդեն երկրորդ անգամ է մարդու սեռահոգեկան կենցաղին առնչվող նյութին մոտենում: Առաջինը՝ ‹‹Մեկ քառակուսի մետր›› ձևաչափում արված ‹‹Ամուսնական գիշեր›› քիչ թե շատ հաջողված պարոդիական կարճամփոփ զուգախաղն էր, որին անդրադառնալու առիթ ունեցել ենք:

Այս անգամ էլ ռեժիսորը ՆՓԱԿ-ի բեմահարթակում նախաձեռնել էր իր իսկ հեղինակած ‹‹Վուլվա›› ներկայացման բեմադրումը: Վերնագիրն ասես շան պալատական ցեղատեսակի  անուն լինի, բայց արի ու տես, որ սա նոր դրամայի փսիխոդրամատիկ եզերքում հյուսվող մի պոստմոդեռնիստական օրգանապատում է, քանզի վուլվան կնոջ արգանդի արտաքին պատկերն է: Բառիս ամենաուղղակի իմաստով պոստմոդեռնիստական, որովհետև բեմադրակարգում առակ էին այնպիսի արտահայտչաձևեր ու արտահայտչամիջոցներ, ինչպիսիք են ինքնահեգնականությունը( այդ թվում նաև՝ «Վատ թատրոն» ինքնաբնորոշումը), ժողովրդախոսակցական ու գրական ոճերի միաձուլումը, դիալոգի հակաձևային զարգացումը, էկրանի միջոցով ժամանակաձևային ներդիրները, դեկոնստրուկտիվ պայմանական-առարկայական կարմրասև միջավայրը, տաբուների հերքումն ու շոկային լուծումը: Եվ ինչպես հետագայում անուղղակի էքսպոզիացան է մանրամասնում, մի դյուրազգաց աղջնակ, թեթևամիտ մոր տևական զուգընկերոջ սեռական բռնության զոհը դառնալով, նիմֆոմանության վերաճող հոգեվթար է ունենում: Հետբռնության հորմոնալ ակտիվության հետևանքով արդեն ինքն է սեռական ակտի անհագ պահանջ ունենում, որն իհարկե չէր կարող բավարարել դեղնակտուց դասընկերը:

Ի վերջո կնճռոտ դրամատիկ հանգույցի ողբերգական հանգուցալուծումն է դառնում «անկուշտի» վիրահատական հեռացումը: Հոգու խորքում ինքնամոռաց շնաբարո, բայց հրապարակավ բարոյաշան խստություն ունեցող ամոթահար երեսպաշտները սա միգուցե Լարս Ֆոն Թրիերի ‹‹Նիմֆոմանուհու››(մեզանում պոռնոգրաֆիա ախտորոշումը ստացած) թատերական այլընտրանք համարեն: Սակայն կարելի է ասել՝ այս ներկայացումը թատերական պայմանականության լեզվով անուղղակի հաղորդագրություն է անփորձ մայրերին առ այն, որ եթե անախրոնիկ ավանդույթի տարատեսակ բարդույթներից ելնելով ճիշտ ժամանակին իրենց երեխաների հետ հոգեվերլուծական-դաստիարակչական զրույցներ պարբերբար չունենան, չի բացառվում, որ մեկ այլ հանգամանաքային կտրվածքով իրենց երեխաները նմանօրինակ սեռահոգեկան երևույթի զոհ դառնան: Ցավալիորեն այսօր էլ պատահում են այդօրինակ հողի վրա հոգեխանգարման հասած իգական սեռի ներկայացուցիչներ:

Չենք պնդի, թե այս ներկայացումը նման դեպքերի միակ ու անվրեպ կանխարգելումն է, բայց դրանում նկատելի նրբգացությունը թույլ է տալիս առանց խորշանքի հետևել իրենց առջև դրված խնդիրը մեծ մասամբ հաջողությամբ կատարող դերասանուհիներ Տաթև Թարյանին ու Անի Քիթափսզյանին: Նրանց ներքին խճապատկերային հայեցակարգում իրար են հաջորդում անկիրք և ընդգծված կրքոտ խաղի տարերքները, որպեսզի կրկներևույթային փոխաբերականությունը անշփոթ վերծանվի: Մասնավորապես Անի Քիթսփազյանը մեկ իբրև հոգեվերլուծաբան, մեկ իբրև աղջնակի մայր հանդես գալով, ներկայացնում է բժշկական խստության և ծնողական անտարբերության խաղեղանակային հերթափոխ: Պարզապես նրա՝ ներկայացման սկզբնամասում դեմոնստրատիվ քայլվածքն է պլաստիկական պատրաստվածության դիտանկյունից անհամոզիչ:

Այլ է պատկերը Տաթև Թարյանի պարագայում: Փոքրամարմին, բայց և զարմանալիորեն գրավիչ(եթե անգամ չեխովյան երեք քույրերից մեկին է մարմանվորում) ներկայությամբ կարողանում սեղմազգեստով մարմնական գրավչություն հրամցնել՝ դույզն ինչ չխախտելով գռեհկության սահմանը: Այնու, որ խոսքից ցայտող հոգեկան լարվածությունը էմոցիոնալ խորությանն է միտված: Ենթագիտակցական թաքստոցներում խնամքով պահված վնասվածքը այլուրեքային հնչերանգով ակնարկելուն:

Թեև ռուսական մշակույթի ակտիվ մասնակցությամբ նրանում ձևովորված ներքին կուլտուրան վերջինիս թույլ է տալիս կիսամերկ ներկայություն էլ արդարացնել և այդ կերպ բեմական մթնոլորտ բովանդակել: Այդպես է կարգը բեմական զգացողության. արդարացված մերկությունը կարող է շատ ու շատ ավելի ընդունելի լինել, քան առարկայի նշանային գործողությամբ պաթոլոգիայի գերխաղային խորհրդանշումը: Նույն կերպ եղավ Միքայել Աթասունցի բեմադրության վերջնամասում: Երբ վիրահատական միջամտությանը նախորդած մասում, արտաքուստ կնոջ սեռական օրգանի տեսքի նմանող խխունջի մեծ խեցու բացվածքը, դերասանուհին պարբերաբար և հանգմանալից կերպով խաղարկում է իր ամոթույքի մերձակայքում, դա խոսում է տվյալ տեսարանում ռեժիսորի չափի զգացումի կորստի մասին: Առավելևս, որ դրա ավարտակետը՝ խխունջի խեցին զոհի գլխին դնելը, իր անմշակությամբ խամրեցնում է այդ առարկայի փշեպսակային բնույթի նշանային ընթեռնելիությունը:

Այսինքն, գործողությունների պարտիտուրը զուրկ է ամբողջականությունից, և այդ նշանային գերխաղը առանց հիմնավորման խախտում է տեսարանների գաղափարահուզական փոխհաջորդականությունը, որովհետև ռիթմական եզրեր չի գտնում իրեն հաջորդած էսթետիկ մերկության աուրայի հետ: Ուրեմն, հարկ է այսուհետ կառուցվածքային ու ձևաբանական շետրերում և նրբություններում փոքր ինչ ավելի ուշադիր լինել, որպեսզի ներկայացման ընդհանուր նկարագիրն անդառնալի վնասներ չկրի: Պարզապես ափսոս է բարդ տրվող թեմայի վերաբերյալ արված համարձակ և մտածելու առիթ սադրող ուշագրավ աշխատանքը:

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

Լսնկ. ԷՐԻԿ Ալեքսանյան, ՌԵՎՄԱԼ Եդիգարով

1215 հոգի