Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

23.09.2020   23:37

/Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» պիեսի բեմադրությունը Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում/

 Թատրոնում անսպասելի տարրը ներկայացումը դիտարժան դարձնելու կարևոր պայմաններից է, ինչը թատրոնաստեղծ տարբեր բաղադրիչների միասնության ներսում բոլոր առումներով ապահովում է ներկայացման ժամանակակից լինելը: Եթե անսպասելին հայտնաբերում ես գեղագիտական լուծումների մեջ, ապա ակնկալում ես նաև նոր հայացք գաղափարի երևակման ընթացքում /այլ հարց է ինչքանով են համոզիչ նոր վարկածները/, այդ դեպքում առնչվում ես հանրածանոթ բանաձևի հետ` նոր գաղափարներ` նոր ձևի մեջ: Իսկ ինչ վերաբերում է «հին» ձևերով նոր ընթերցումներին, ապա պրոֆեսիոնալ աքսիոմաներով դասակարգված մեր միտքը նման բացառությունների մասին հիշում է, երբ մերժված ճշմարտություններն իրենք են անսպասելի հայտնվում` թարմացնելով գիտակցությունդ ու զգացողություններդ:

Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Երվանդ Ղազանչյանը բեմադրել է հայ դասական կատակերգություն` վոդևիլային ոճով և քաղաքական գաղափարական պաստառով: Այդ անսպասելի համադրության արդյունքում ծանոթ թատերգությունը միանգամայն  թարմ, արդիական ու ազդեցիկ հնչողություն է ստացել:

Թատրոնում առաջնահերթ ականջ շոյեց նվագախմբային կենդանի կատարումը, որն ավետիսն էր տվյալ թատրոնի տեսակը վկայակոչող ներկայացման: Մյուզիքլի ժանրը /ինչպես նշված է ծրագրում/ Կոմեդիայի թատրոնի խաղացանկ էր ընդգրկվել հայ դասական թատերագիր Ա. Շիրվանզադեի շնորհիվ:

 Եթե Շիրվանզադե երաժշտական թատրոնում, ապա, անշուշտ, «Մորգանի խնամին», որը թատերկ է Փարիզում հաստատված հայ էմիգրանտների կյանքից: Հայ բեմում հաճախ կարելի է տեսնել ֆրանսիական միջավայր ու բարքեր` ֆրանսիական հեղինակների կատակերգություններում, սակայն ֆրանսիական միջավայր ու հայկական բարքեր թերևս միայն Շիրվանզադեի «Մորգանի խնամին» պիեսում է պատկերված: Հեղինակը բազմաթիվ դրամաների կողքին գրել է իր միակ կատակերգությունը շվայտ կյանք վարող երիտասարդի մասին, ով դյուրահավատ ծնողներից փողեր է կորզում` միլիոնատեր Մորգանի հետ խնամիանալու զավեշտական  պատմությունը հորինելով: Այս թեման Շիրվանզադեն կարող էր դեպի դրաման ուղղել, սակայն խորհրդային գաղափարախոսության ազդեցության տակ նրա հայացքը հառնում է կատակերգական միտվածությամբ, երգիծական գույներով և  դեպի վոդևիլը շառավղով: Պիեսի չորս գործողություններից մեկը փարիզյան սրճարանում, իսկ մյուսը` գիշերային ռեստորանում է տեղի ունենում. այդ հանգամանքն էլ հնարավոր է դարձնում «Մորգանի խնամին» երաժշտական ներկայացում դարձնելու /երաժշտութան հեղինակը կոմպոզիտոր Արամ Սաթյանն է/:

Բեմանկարիչը / Վ.Թևանյան/ այնպես է հղացել միջավայրը, որ թե տան, թե սրճարանի պատկերներում նույն ատրիբուտները լինեն` փողի կարևորությունը և շվայտ կյանքը խորհրդանշող: Բեմը ձևավորված է երկուդոլարանոց մեծ վահանակներով, մոնմարտրյան պարուհիների պատկերներով: Ամեն ինչ հարմարեցված է դերասանների մոբիլ տեղաշարժերի համար. պտտվում է բեմի շրջանը` համապատասխան միջավայր բերելով: Մինիմում իրեր ու կենտրոնական աստիճանահարթակի վրա տեղակայված դատարկ հայելու ստվարաթղթե շրջանակ /գործող անձանց կենդանի պորտրետների համար/ ու մեկ էլ աջակողմյան ու ձախակողմյան օթյակներ, որոնց ավելի ուշ կանդրադառնանք:

Դերասանական անսամբլը լավ է տիրապետեում երաժշտական ներկայացման առանձնահատուկ լեզվին և խաղը ծավալում է հերոսների հիմնական հատկանիշներն ի ցույց դնելով: Այստեղ չկան կարևոր ու անկարևոր գործող անձինք, քանի որ բեմադրիչի համար ներկայացման պատումի առանցքը ոչ թե հերոսի խաբեությունն է, այլ խաբվածների ծուղակն ընկնելու պատրաստակամությունը: Ժանրի թելադրանքով ներկայացման գրեթե բոլոր հերոսները երգում են, և ոչ միայն ակումբային տեսարաններում: Երաժշտական կատարումների միջոցով դերասանները հանդիսատեսին են ներկայացնում իրենց հերոսների խոհերն ու երազանքները: Երբ առկա է հեգնանքը` դերասանների խաղը թեթև է, անմիջական, հրապուրիչ /Հովակ Գալոյան-Պետրոս Մինթոյան, Նարեկ Ներսիսյան-Ժորժ, Սաթենիկ Հախնազարյան-Մագթաղինե/: Սակայն, երբ կատակերգության ոչ կատակերգական հերոսների /Լիդիա, Արտաշես/ խաղն ընթանում է դրամայի կանոններով և դրական հատկանիշներով օժտված այդ կերպարներն սկսում են իրավիճակի հանդեպ կորցնել ժանրային հայացքը, ապա ուրվագծվում են սուտ կամ անհամոզիչ կերպարներ: Իսկ հատկապես երկու դերասանների համար այս ներկայացումը հիրավի նվաճում կարելի է համարել: Պետրոս Մինթոև-Հովակ Գալոյանը տեսարաններից մեկում այնպիսի զինաթափ, շփոթ ու ակնապիշ հայացքը է նետում «խնամի» Նատաշայի շլացուցիչ հայտնությանը, որ հազար խոսք արժեր: Օրգանական զգացողությամբ հագեցած այդ դադարը դերասանական այն կամերտոնն էր, որով Գալոյանի ոգևորված ու խաբված «վոդևիլային հայր» հերոսն իր հանդեպ ոչ թե ծաղր, այլ կարեկցանք էր առաջացնում /դերասանը պատրաստ է Պաղտասար աղբար խաղալու/: Դերասանական մյուս նվաճումը Անի Քոչարյանի Նատաշան էր` շողշողացող, սեթևեթող, ընձեռված խաղից հաճույքներ վայելող: Դերասանուհին ոչ թե ջանք էր թափում երիտասարդ թեթևաբարո կին խաղալու, այլ ցուցադրում էր կանացի գայթակղիչ խառնվածք` խոսքի, պլաստիկայի, վոկալային արվեստի ներդաշնակ եռամիասնությամբ:

Ներկայացումը բազմամարդ էր, մարդկանց խմբերի ներկայությունը պատկերները դարձնում էին «թամաշա», որոնք ուղեկցվում էին երգերով ու պարերով, հիմնական հերոսների հասցեին ուղղված հումորով: Ափսոս, միայն պարերն այս ներկայացման «աքիլլեսյան գարշապարն» էին, պարող աղջիկների խումբը երաժշտական ներկայացման խնդիրները ոչ պրոֆեսիոնալ էր կատարում: Այդ մեծ բացը ցավոք չէր քողարկվում ոչ երգչախմբային ամուր կատարումներով և ոչ էլ օպերետային թարմ ու փայլփլուն զգեստների առկայությամբ/ զգեստների նկարիչ` Մ.Սարգսյան/:

Ներկայացման սկզբից իսկ բեմի երկու անկյուններում տեղադրված օթյակներից գործողությունների ընթացքին էին հետևում բեմադրիչի ներմուծած գործող անձինք` Ծանոթ դեմքերը` ազգագրական հագուստով հայ կինը, ով թատերական օթյակում ձեռագործով էր զբաղված և եվրոպական հագուստով տարեցը, ով խաղաթղթերով էր տարված: Մարդկային երկու տարբեր աշխարհներ հետևում էին ներկայացմանը և տարբեր արձագանք տալիս: Նրանց  հակադրությունն արդեն իսկ վկայում էր լռելյայն հասունացող կոնֆլիկտի մասին: Նրանք` որպես ընդդիմախոսներ, հատկապես միջամտում էին, երբ ազգայինի կամ օտարի մասին էր խոսք գնում: Այդ կոնֆլիկտն աստիճանաբար որոշակիանում էր նաև ներկայացման հերոսների համար. հերոսներին ուղեկցող զանգվածը շփոթ ու անորոշ վիճակում մեկ ԱՄՆ-ի հիմն էր երգում, մեկ ռուսական` «Боже царя храни»: Այդ ֆոնի վրա Մորգանի հետ խնամիանալու մաղձը հերոսների հանդեպ  ոչ թե ծիծաղ, այլ վշտակցություն էր առաջացնում ու մեկ էլ այսօրվա մեր կյանքի մասին խոհեր: Նման ակնարկը  վոդևիլի ավանդական ժանրը խմբագրում էր և տանոմ ոչ ավանդական հանգուցալուծման. ֆինալում Ծանոթ դեմք-հայուհի կինը Կռունկ է երգում: Դառնանում է մի պահ ամեն բան, ներկայացումը կիսամթնում է, դրամատիկական երանգ ստանում ու բացահայտվում է ներկայացման քողարկված քաղաքական գաղափարը` «խնամիդ» քեզ չի փրկի, հույսդ քեզ վրա դիր: Դերասանախումբը վերադառնալով երաժշտական թատրոնի ժանրային ոգուն` սկսում է աշխույժ  ու անբռնազբոս, առանց կեղծ պաթոսի երգել հայրենիքում ապրելու կարևորության մասին:

Նյութի աղբյուրը` ԱԶԳ #009 Մշակույթ

01.02.2013  

                                                                               ՆԱՐԻՆԵ  Սարգսյան

947 հոգի