Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

25.05.2022   00:31

ՏԻԳՐԱՆ ՀԱԽՈւՄՅԱՆ

Մեր գրականության խոշորագույն վարպետի ստեղծագործությունը դեռ կարոտ է բազմակողմանի ուսումնասիրության։ Կենդանի կլասիկը ապրում էր մեր մեջ, մեր շրջանում, մեր աչքերի առջև կերտելով իր մեծարժեք երկերը, և սակայն՝ այդ հանգամանքը բնավ առիթ չդարձավ, որ մեր քննադատությունն ու գրականագիտությունը զբաղվեն այդ մեծ տաղանդի երկերի ծավալուն վերլուծությամբ։

Եթե այդպես էր վերաբերմունքը դեպի Շիրվանզադեյի ստեղծագործությունն ընդհանրապես, ապա առավել անմխիթարական է այն պատկերը, որ մենք տեսնում ենք նրա դրամատուրգիական ժառանգության վերաբերմամբ։ Այս տարիների ընթացքում ոչ ոք չզբաղվեց նրա թատերական երկերի վերլուծությամբ, նրանց ուսումնասիրությամբ, նրանց սոցիալ-գեղարվեստական արժեքավորման խնդրով, կարծես թե Շիրվանզադեն, իրոք որ, դրամատուրգ էլ չէ «բառիս սեփական իմաստով»։

Որ, հիրավի, կան այդպես մտածողներ, դրանում տխրությամբ համոզվում ես նաև նրա երկերի վերջին հրատարակության հատորները թերթելիս։ Այդ հրատարակությունը վրդովել և զայրացնել միայն կարող է խորհրդային ընթերցողներին.- ամենավատ տեսակի լրագրային թղթի վրա և անհաշիվ վրիպակներով լի՝ անխնամ և անփույթ մի հրատարակություն է այդ, որի նմանը չեք գտնի այլևս մեր Պետհարտի արտադրանքի մեջ։ Հատորներն անկազմ, առանց անգամ բրոշյուրովկայի, թափթփվող թերթերով, առանց ծանոթությունների, երբեմն առանց ցանկի,- մի խոսքով այլանդակ մի գործ, որ ոչ մի պատիվ չի բերում մեր Պետական Հրատարակչության։ Եվ այդ կատարվել է այն տարիներին, երբ մի շարք անտաղանդ և հակախորհրդային գրողներ արժանանում էին փառահեղ հատորների՝ տպագրված լավագույն թղթի վրա և շքեղ կազմով։ Շիրվանզադեն այն ժամանակ, ըստ երևույթին, դրանց չափ էլ չարժեր

Խորին համոզումն ունեմ, որ այժմ հասել է ժամանակը վերահրատարակելու մեր մեծ կլասիկի ամբողջական գործը՝ նրա գրական վաստակին արժանավայել հրատարակությամբ, մանավանդ, որ նախորդ հրատարակությունը բոլորովին սպառված է, բայց պահանջը - մեծ։

Բացի դրանից՝ մեծապես ցանկալի է, որ մի առանձին երկհատորյակով լույս տեսնեն նրա թատերական երկերը։ Դա հնարավորություն կտա մեր թատրոններին, թատերական աշխատողներին, դրամատուրգներին ձեռք բերել հատկապես նրա պիեսները և ավելի լավ ծանոթանալ նրա թողած գրական ժռանգության այդ խիստ ուսանելի հատվածին։

Շիրվանզադեյի ստեղծագործության նյութը կապիտալիստական քաղաքն է, այդ քաղաքում ծավալվող և բախվող մարդկային հարաբերություններն են՝ իրենց բոլոր կողմերով հանդերձ։ Ահավոր հակասություններով և ամեն կարգի կոնֆլիկտներով հարուստ այդ դժոխքում այլանդակվում է մարդը, ոտնահարվում են նրա բոլոր սրբությունները, իշխում է փողը։ Եվ նրանք, որ ըմբոստանում են այդ կարգերի դեմ, նրանք, որ կամենում են մարդ մնալ, չստրկանալ փողին ու բորսային,- գրեթե բոլորն էլ առանց բացառության կործանվում ու խորտակվում են։ Եվ հեղինակի համակրանքը դրանց – այդ զոհերի – կողմն է։ Իր սրտի ամենաջերմ զգացմունքները նրանց է տվել Շիրվանզադեն՝ նրանց աչքերով թափանցելով ապագայի մշուշները։

Նույն այս թեման է կազմում և նրա դրամատուրգիայի հիմնական առանցքը։ Նրա որ պիեսն էլ որ վերցնենք – ավել կամ պակաս չափով նշմարելու ենք այդ թեման, որ կարմիր թելի նման անցնում է նրա բոլոր դրամաների միջով։

Ահա, օրինակ, «Ունե՞ր իրավունք» պիեսը։

Հարուստ կալվածատեր Անտոն Բեդմուրյանը վեց տարի է, ինչ ամուսնացած է և նրան թվում է, թե ամեն ինչ կատարված է իր ընտանեկան կյանքը երջանիկ համարելու նպատակով։ Նա սիրում է իր կնոջը՝ գեղեցիկ Հերսիլեյին, ոչինչ չի խնայում նրա համար, ազատել է ամեն տեսակ աշխատանքից, շրջապատել է կյանքի բոլոր բարիքներով և փոխադարձ սեր է ակնկալում նրանից։ Բայց Հերսիլեն դառնագին տանջվում է, որովհետև չի սիրում և երբեք չի սիրել Անտոն Բեդմուրյանին։ Ծնողները նրան մարդու են տվել փողի համար, հասարակական «բարձր» դիրքի համար, չեն հարցրել նրա կարծիքը, և ահա – կատաստրոֆը պայթում է հենց այն ժամանակ, երբ նա ամենից քիչ էր սպասելի, և Հերսիլեն թողնում է ամուսնուն ու երեխաներին և հեռանում է այն տնից, որտեղ նա տանջվել է վեց երկար ու ձիգ տարիներ։

Կամ ահա հանրածանոթ «Պատվի համար»-ը։

Բանն այնտեղ է հասնում, որ ի բնութենե ոչ անհուսալիորեն վատ մարդ Անդրեաս Էլիզբարյանը՝ իր կալվածքների և կարողության մի մասից չզրկվելու համար՝ գողանում է իր ամենասիրելի աղջկանից՝ Մարգարիտից, այն կարևոր դոկումենտները, որոնցով ապացուցվում են նրա անցյալ հանցանքները Օթարյանի ընտանիքի հանդեպ և այրում է այդ թղթերը, պատճառ դառնալով Մարգարիտի ինքնասպանության։ Ոսկին, հարստությունը կուրացնում են Էլիզբարյանի խիղճն ու աչքերը, նա այլևս ոչինչ չի տեսնում, ոչինչ չի զգում։ Նա ուշադրություն չի դարձնում Մարգարիտի թախանձանքներին և կատարում է ծանր մի վճիռ՝ իբր թե իր վտանգված «պատիվը» փրկելու համար։

Կամ հիշատակենք «Ավերակների վրա» դրաման։

Ժորժ Ադիլբեկյանը դարձել է Օվսաննա Ֆրանգուլյանի նշանածը, որովհետև Օվսաննան հարուստ հարսնացու է։ Օվսաննան սիրում է նրան, չնկատելով նրա բարոյական ապականությունը, բայց Ժորժն առանց տառապանքի է հրաժարվում նրանից, երբ տեղեկանում է Ֆրանգուլյանների սնանկանալու մասին։

Պիեսում կա և երկրորդ գիծը – Ֆրանգուլյանի գլխավոր գործակատար Արամազդ Աղավելյանը անկեղծորեն սիրում է Օվսաննային, բայց մերժում է ստանում, վասնզի ինչպե՞ս կարող է «հասարակ» գործակատարը հանդգնություն ունենալ՝ իր տիրոջ աղջկա հետ ամուսնանալու։

Ոսկին, փողը, կապիտալն է որոշում այդ աշխարհի մարդկանց բոլոր քայլերն ու հարաբերությունները։ Նա է այդ մարդկանց բոլոր գործողութունների միակ շարժառիթն ու լծակը։ Ուղղակի կամ անուղղակի կերպով նրանով են ղեկավարվում բոլորը – թե՛ բացասական և թե՛ դրական պերսոնաժները։

Շիրվանզադեն կարողացել է տալ այդ հոգեբանությունը մեծ վարպետությամբ, ստեղծելով բացարձակապես անմոռանալի կերպարներ, ուժեղ և տպավորիչ խարակտերներ։ Իսկ դրանց շարքում գլուխգործոց պիտի համարել Անդրեաս Էլիզբարյանին և Սաղաթելին «Պատվի համար»-ից, որոնք հիրավի չգերազանցված կերպարներ են մեր դրամատուրգիայի մեջ։

Վերին աստիճանի խորաբովանդակ կերպար է նաև Աթանես Ֆրանգուլյանը – այդ գոռոզ ու ոչ ոքի խոսքը բանի տեղ չդնող, մեծամիտ հարուստը, որ հետո, սնանկանալով, հարկադրված է լինում իր ձեռքը երկարել նախկին գործակատար, այժմ՝ խոշոր ձեռնարկող Արամազդ ԱղավելյանինԱվերակների վրա»)։ Հիանալի է կառուցված նրանց այդ անմոռանալի հանդիպումն ու զրույցը, որ իրապես ասած՝ ոչ այլ ինչ է, բայց եթե կատվի և մկան խաղ։

Շիրվանզադեի մեծ վարպետությունն առանձնապես նշելի է այն պատճառով, որ նա երբեք և ոչ մի պիեսի մեջ չի ընկնում այսպես ասած բացառիկ դրությունների և սիտուացիաների հետևից։ Որ նրա հերոսները երբեք և ոչ մի դեպքում արտասովոր բաներ չեն ասում, այլ խոսում են ամենաառօրեական խոսքերով։ Այսպիսով՝ առերևույթ ոչ մի էֆեկտավոր դրություն, ոչ մի «ուժեղ» ու «տպավորիչ» խոսք - և հետևանքը – ցնցող դրամատիզմ, անմոռանալի դրություններ, զորավոր ազդեցություն։ Ինչո՞ւմն է բանը։

Հիմնական պատճառը իհարկե Շիրվանզադեի առողջ ռեալիզմն է, իրականության ճշմարտացի վերարտադրության բարձր կարողությունը։ Կյանքն ինքնին այնքան հարուստ է դրամատիզմով, որ բնավ կարիք չկա, - ասում էր նա հաճախ,- որ մենք արհեստական ճանապարհով ինչ որ նոր «բարդացումներ» մտցնենք նրա մեջ։ Այստեղ ես ավելորդ չեմ համարում հիշատակել մեր մի զրույցը, որ հենց այս կապակցությամբ տեղի ունեցավ մի երեկո կաֆեից տուն գնալու պահին։

- Բռնել էր ինձ անցյալ օրը մեր երիտասարդ դրամատուրգներից մեկը,-պատմում էր Շիրվանզադեն հանդարտ քայլելով,-և խնդրում էր, որ ես իրեն մի հետաքրքրական սյուժե տամ պիեսի համար։ Դուք, ասում է, երկար կյանք եք ապրել, շատ բան եք տեսել, շատ մարդիկ եք ճանաչել,-դուք լավ սյուժեներ կունենաք

- Տվի՞ք,-հետաքրքրվեցի ես։

- Տվի։ Ուզո՞ւմ ես՝ քեզ էլ կտամ։ Ես նրան ասացի. ամուսիններն իրար սիրում են, ապրում են հաշտ ու խաղաղ, բայց երկուսն էլ զգում են, որ այդ կյանքն այն չէ, ինչ որ իրենք երազում էին։ Ու սկսում են տանջվել։ Ընտանիքը դառնում է դժոխք։

- Հետո՞,-հարց տվի ես, երբ նա երկար պաուզա տվեց։

- Էլ ի՞նչ «հետո»,-այդ է։ Թող գրի։ Ի՞նչ կարիք կա հնարելու, երբ որ այսքանն էլ արդեն բավական է մի ուժեղ դրամայի համար։

Այստեղ Շիրվանզադեի ողջ դրամատուրգիան է։

Վերհիշեցեք ապա նրա «Արմենուհին», «Եվգինեն», «Ունե՞ր իրավունքը», «Նամուսը», մասամբ «Ավերակների վրան»,-և դուք կտեսնեք, որ դրանց բոլորի սյուժեն կարելի է համառոտ կերպով շարադրել հենց այն ձևով, ինչպես որ նա ինքը առաջարկել էր երիտասարդ դրամատուրգին։ Ապրում են մարդիկ իրար հետ կողք կողքի մի հարկի տակ, բայց ավերված է նրանց հոգեկան անդորրը, կործանված է նրանց երջանկությունը, և յուրաքանչյուրը նրանցից մի ելք է որոնում, փրկության մի դուռ, որ կարողանա ազատվել ստեղծված կոշմարից։

Այդ կոշմարը-ընտանեկան հին մորալն է, կնոջ իրավազուրկ վիճակն է, հասարակական տիրող ֆորմացիան է, որոնք իրար միացած և իրար լրացնելով, խորտակում են և՛ սեր, և՛ երջանկություն։

Հիրավի, Շիրվանզադեն կատակ չէր արել երիտասարդ դրամատուրգի հետ, նա առաջարկել էր նրան իր ողջ ստեղծագործության առանցքային թեման։ Բայց երիտասարդը կարծել էր, թե վարպետը իրեն «գլխից ռադ է անում» և վշտացել էր։ Իզուր։

Եթե ուշի ուշով վերընթերցենք վարպետի բոլոր դրամաները, կտեսնենք, որ նրա հիմնական թեման – կնոջ իրավազրկությունն է, նրա ստրկական ծանր վիճակն է բուրժուական ընտանիքում։ Այդ վիճակի դեմ են ըմբոստանում նրա բոլոր հերոսուհիները։ Այդ վիճակի ծանրության մասին են խոսում բոլոր ազնիվ հերոսները։

Արտաքուստ միանգամայն բարվոք պայմաններում թոշնում ու թառամում են Արմենուհին, Եվգինեն, Օվսաննան և շատ ուրիշները։ Նրանք զգում են, որ հասարակական հարաբերությունների այդ սիստեմի մեջ իրենք դիտվում են իբրև մի իր, իբրև սոսկական մի փոխանակային արժեք։ Իրենք չէ որ տնօրինում են իրենց բախտը, իրենց վարքագիծը։ Եվ այդքանն արդեն բավական է ողբերգական կոնֆլիկտը ծագելու համար։ Սոցիալական և հոգեբանական այդ բարդ սիտուացիաներում ահա՝ ի լրումն եղած չարիքների, որոնք իրենց հայացքներով ու գաղափարներով, իրենց վերաբերմունքով դեպի կինը նման չեն այդ հերոսուհիների ամուսիններին։ Նրանք նոր և պայծառ կյանքի հորիզոններ են գծում այդ դժբախտ կանանց առջև, և ողբերգությունը դառնում է առավել ճնշող ու տաժանելի։

Այս հանգույցներն ստեղծելու և լուծելու մեջ է Շիրվանզադեի ուժն ու նրա թուլությունը, որպիսին պայմանավորված է նրա ռեալիզմի պատմական սահմանափակությամբ։

Իբրև բուրժուական հարաբերությունների ֆորմացիայի գրող, բնական է, որ նա կարող էր շատ ճիշտ կերպով և գեղարվեստական բարձր վարպետությամբ արձանագրել իրականությունն ու նրա ընդերքում կատարվող դրամաները, բայց ոչ ամեն անգամ միևնույն հստակությամբ նշմարել ճշմարիտ ելքը։ Բայց դա արդեն իր՝ Շիրվանզադեի մեղքը չէ, այլ այն ռեալիզմի, որի պայծառագույն ներկայացուցիչն էր Շիրվանզադեն։

Նրա մտածողության այդ՝ պատմականորեն սահմանափակված լինելու հանգամանքը ամենից ավելի ցայտուն կերպով երևում է նրա մեկ ուրիշ դրամայում, որի անունը ես դեռ չեմ հիշատակել։ Դա «Կործանվածն» է։

Հայրերի և որդիների գաղափարական պայքարն է այս դրամայի նյութը։ Սենեքերիմ Սահառունու միակ որդին, Արտաշեսը, ուսանելով Մոսկվայում, հարել է սոցիալիստներին։ Կարճ ժամանակով վերադառնալով իր հայրական օջախը, նա ընդհարվում է ազգայնական գաղափարներ դավանող հոր հետ։ Հայրն անվանում է նրան դավաճան, ազգուրաց, ծախված և անիծում է որդուն։ Բայց որդուն սպառնում է նաև մի ուրիշ վտանգ՝ առավել ռեալ, քան ծնողական անեծքը. ոստիկանությունը նրան հետևում է։ Եվ հենց այն պահին, երբ նա, այդ լուրն առնելով, պատրաստվում էր փախչել, ոստիկանությունը մտնում է տուն։

Շիրվանզադեն ինքնասպանություն է գործել տալիս Արտաշեսին։

Ինչո՞ւ։

Նա պարզապես ոչ մի ուրիշ ելք չի գտնում սոցիալիստի համար, և կատարել է տալիս նրան այն, ինչ որ չի կարող անել և ոչ մի իսկական ու համոզված սոցիալիստ։ Փույթ չէ, որ ոստիկանությունը եկել է, որ նրա գալուց քիչ առաջ Արտաշեսն իմացել է իր երկու լավագույն ընկերների ձերբակալության մասին։ Կանգնելով ցարիզմի դեմ մղվող դաժան ու ծանր պայքարի ճանապարհի վրա, Արտաշեսն ավելի, քան որևէ մեկը պետք է գիտենար, որ այդ Ճանապարհը լի է զրկանքներով ու զոհերով։ Նա փոքրոգություն է անում, բայց այդ փոքրոգությունը չի բխում իրերի դրությունից։ Ողջ խնդիրն այն է, որ ինքը, հեղինակը, որևէ այլ ելք չի նշմարում ստեղծված մղձավանջից և հանգույցի միակ լուծումն է համարում հերոսի ինքնասպանությունը։

Բնորոշ և խորապես ուսանելի է այս լուծումը բուրժուական քննադատական ռեալիզմի «թռիչքի սահմանները» որոշելու տեսակետից։ Իրականության անողոք և մերկացնող քննադատություն, հասարակական արատների խիզախ դիմակազերծում և-միևնույն ժամանակ–սոցիալական հեռանկարների մշուշ, փակուղի, սահմանափակություն։

Շիրվանզադեի դրամատուրգիան արժեքավոր և գանահատելի է մեզ համար իր մերկացնող քննադատությամբ, կապիտալիստական հասարակության բոլոր աստվածների դիմակազերծ անելու խիզախությամբ, նրանց սնամեջ էության գեղարվեստական վերարտադրությամբ։ Այստեղ նա մրցակից չունի մեր դրամատուրգիայի մեջ և իշխում է մենակ ու պայծառորեն։ Ամենապարզ ու «սովորական» սիտուացիաներով, ամենահասարակ և առօրեական խոսքերով, առանց որևէ դրություն առանձնապես ընդգծելու նա կարողանում է լարված վիճակի մեջ պահել ողջ թատերասրահը, համակել բոլորին միևնույն զգացումով։

Իր արտահայտչական միջոցների մեջ նա վերին աստիճանի ժլատ է։ Նրա ռեպլիկները երբեմն թեև երկար են, բայց այնտեղից ոչ մի բառ հանել չի լինի. բոլոր բառերն անհրաժեշտ են։ Բոլորն իրենց տեղումն են և հարմարեցված են իրարու, ինչպես շենքի քարերը։ Նրա բեմական դրությունները չեն շլացնում դիտողին, չեն թողնում, որ նա շեղվի պիեսի հիմնական խնդրից և սրընթաց տանում են նրան դեպի վերջին վարագույրը, չնայած որ առաջին տպավորությունն այնպես է, որ կարծես Շիրվանզադեն չի շտապում և նույնիսկ դիտավորյալ կերպով դանդաղեցնում է ինտրիգի զարգացումը «ավելորդ» և «էական նշանակություն չունեցող» տեսարաններով։ Բայց դա սխալ տպավորություն է։ Շիրվանզադեն «ավելորդ» ոչինչ չունի իր պիեսներում, և հենց այդ է պատճառը, որ մեր՝ կրճատումների սիրահար բեմադրողները սովորաբար շատ քիչ բան են կարողանում որսալ նրա տեքստի մեջ։ Եվ համենայն դեպս երբեք չի կարող պատահել, որ նրա որևէ պիեսը բեմադրվի կիսով չափ կրճատվելով Շիրվանզադեի տաղանդն ու մեծ վարպետությունը այդ երբեք թույլ չեն տա։

Այդ վարպետությունը անհրաժեշտ է ուսումնասիրել և տիրապետել դրան։ Դա հնարավորություն կտա մեր խորհրդային դրամատուրգներին մի աստիճան ևս վեր բարձրանալու, մի ամրոց ևս նվաճելու՝ կենդանի կերպարներ և խարակտերներ կերտելու գործում, կուռ և օրգանական սյուժե կառուցելու և հոգեբանական ինտրիգը սրընթաց կերպով առաջ տանելու գործում։

756 հոգի