Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

11.05.2022    00:09

Հայաստանի թատրոններից՝ Պետական 2-րդ թատրոնն առաջիններից եղավ, որ կոնկրետ կերպով արձագանքեց երիտասարդ ստեղծագործական ուժերի ստուգատեսին, բեմադրելով Շիլլերի «Ավազակները»։ Դա ողջունելի է։ Բեմադրության մասնակցողները խանդավառությամբ ու ոգևորությամբ աշխատեցին։ Ժողովրդական արտիստ Արմեն Արմենյանը չխնայեց իր փորձառությունը որպես բեմադրող։ Լենինականի լայն հասարակայնությունը սիրով ընդունեց թատրոնի գովելի նախաձեռնությունը և այնտեղ աճած երիտասարդների խաղը։ Սակայն այս բոլորով հանդերձ «Ավազակներ»-ի բեմադրությունը լիապես գոհացուցիչ համարվել չի կարող, որովհետև թատրոնի երիտասարդ ուժերից շատերի կարողությունները, նրանց մեջ թաքնված ընդունակությունները լիովին չհայտնաբերվեցին։ Իրոք մի քանիսը, և հատկապես Ժան Էլոյանը և Նինա Բոխյանը նոր խոսք ասացին իրենց տվյալների և շնորքի մասին։ Բայց փոքր և այդ ցուցակը։Մի քանի շնորհալի դերասաններ (Ա. Ադամյան, Ս. Պիճիկյան, Կ. Արծրունյան) այս բեմադրության մեջ ավելի քիչ բան ցույց տվին, քան նախորդ բեմադրություններում։ Մի երկուսը մնացին նույն մակարդակին (Ա. Քոչարյան, Գ. Հանեսողլյան)։ Այդ երևույթը կարելի է բացատրել նախ սխալ դերաբաշխմամբ, որի պատճառով մի քանիսը կաշկանդվում են անհամապատասխան դերից։ Մյուս պատճառն այն է, որ երիտասարդ դերասաններից մի քանիսը կամ անհրաժեշտ չափով չեն օգտվել բեմադրողի ցուցումներից, կամ ավելի քիչ են աշխատել, քան մյուս դերերը պատրաստելիս։ Կարլոսի դերի համար օգտագործվեց շնորհալի դերասան Ա. Փաշայանը, որն իր դիրքով ցույցեր իր շնորհքը և կարողությունները։Այդ տեսակետից նա միանգամայն անհամապատասխան էր այս ներկայացման նպատակի համար։ Չէ՞ որ ավելի նպատակահարմար և հետաքրքրական կլիներ, եթե Կարլոսի դերում հանդես գար համեմատաբար ավելի քիչ փորձ ունեցող, «չհայտնաբերված» դերասան։ Այս բոլորով բնավ չենք ցանկանում նսեմացնել երևույթը և Արմենյանի կատարած այն օգտակար աշխատանքը, որ նա տարավ երիտասարդ դերասանների խոսքի, արտահայտչական ձևերի հղկման ու մշակման ուղղությամբ։ Ըստ երևույթին Արմենյանն ավելի շատ զբաղվել է Ֆրանցի և Ամալյայի դերերով, որի պատճառով անհրաժեշտ չափի ուշադրությունից վրիպել են մի քանի կարևոր դերեր, մասնավորապես Կարլոսի դերը, որի մեկնաբանությունը բավականին թերի է։

Վերևում մենք հիշատակեցինք երկու անուն, որպես այս բեմադրության լավագույն դերակատարների, որոնց համար Ֆրանցի և Ամալիայի դերերում պատվով դուրս գալը հաղթանակ է (թող չընդունվի այս որպես շռայլ դրվատանք)։ Այդ անուններն իհարկե մեզ բոլորովին անծանոթ չեն։ Էլոյանին և Բոխյանին տեսել ենք շատ դերերում, սակայն նրանց տվյալների, շնորհքի մասին եղել են հակասական, վիճելի կարծիքներ։ Էլոյանի Ֆրանցը և Բոխյանի Ամալիան ստեղծեցին միասնական, ամուր և կոնկրետ կարծիք այս երկու ուժերի մասին։ Միաժամանակ այս դերակատարումները խտացրած կերպով ցուցադրեցին նաև Էլոյանի և Բոխյանի դերասանական ընդհանուր թերությունները։ Ինչո՞ւ Ֆրանցը լավ է Էլոյանի մոտ։ Անկասկած Ֆրանցի դերը շատ բարդ է։ Նա հիմնականում ինտելեկտուալ նատուրա է, նրա բանական աշխարհը հարուստ է, արտահայտման սիստեմը բարդ, մանվածապատ։ Ընդհանրապես շիլլերյան հերոսների խոհն ավելի խոր է և գերակշռող, քան թե գործը։ Իհարկե, Էլոյանն իր հնարավորությունների սահմաններում Ֆրանցին լավ է զգում, ճիշտ և անկեղծ է զգում Էլոյանի Ֆրանցը զարմանալի էմոցիոնալ է, վարակիչ, մարդկային։ Զգում ես դերասանի հափշտակվելը դերով։ Նա հմտությամբ է կատարում Ֆրանցի արագ անցումները։ Մենախոսություններն աչքի են ընկնում նպատակասլացությամբ, տեմպի ճիշտ պահպանմամբ, ինտոնացիաների երանգավորմամբ։ Էլոյանն ունի ամբողջ դահլիճն իրեն կապելու ընդունակություն։ Բայց նրա խաղում զգում ենք մի ընդհանուր թերություն, այն էլ հատկապես մենախոսությունների ժամանակ, երբ Էլոյանը շատ լավ է արտասանում Մենք երբեք նրան խորհուրդ չենք տա թողնել ասմունքի շնորհալի գործը, սակայն տարակույս չկա, որ նա պետք է խիստ կերպով սահմանագծի բեմական և ասմունքի արվեստները։ Երբ Էլոյանն անցնում է դեկլամացիային (իհարկե ինքնաբերաբար), կարծես թե կտրվում է ամբողջ բեմադրությունից, նրա ընթացքից, առանձնանում է, կղզիանում, դադարում է անսամբլի անհրաժեշտ օղակներից մեկը լինելուց, Էլոյանն արդեն արտասանում է Շիլլերին և ոչ թե խաղում Ֆրանցին։

Մյուս թերությունն այն է, որ Էլոյանը դեռևս անհրաժեշտ չափով չի տիրապետում խոսքի կուլտուրային։ Անշուշտ նա հենց Ֆրանցի դերակատարմամբ, այդ տեսակետից նշանակալից կերպով աճել է, սակայն դեռևս կարելի է բերել բառեր և հնչյուններ սխալ արտասանելու շատ օրինակներ։ Էլոյանի մոտ մերթընդմերթ հանդես է գալիս կեղծ պաթոսը։ Ինչու համար է այդ, չէ՞ որ Էլոյանի դերասանական տվյալները կարիք չեն զգում պաթոսի «խնամակալության»։ Երրորդ թերությունը մասնավոր է, վերաբերում է հատկապես այս դերակատարմանը։ Էլոյանը չի կարողացել խուսափել Արմենյանի Ֆրանցի ազդեցությունից։ Որոշ տեսարաններում Էլոյանի Ֆրանցն Արմենյանի Ֆրանցի երկվորյակն է։ Այս առթիվ մենք ավելի կարող ենք մեղադրել բեմադրողին, որը լինելով Ֆրանցի լավագույն կերտողներից մեկը հայ թատրոնի պատմության մեջ, պետք է աշխատեր իր ցուցումներով չսահմանափակել դերասանի ստեղծագործական նախաձեռնությունը։ Մեզ համար ավելի հետաքրքիր կլիներ երիտասարդ դերասանի ստեղծագործության մեջ տեսնել ավելի թարմ ու ինքնատիպ մեկնաբանություն։ Էլոյանն ինքնուրույն տեսարաններ ունի և այդ տեսարաններում է, որ նա ավելի հետաքրքրական է, անկեղծ և վարակիչ։ Այժմ Էլոյանի խնդիրն է հաղթահարել բոլոր տեսակի մեխանիկական ազդեցությունները, ինչպես նաև ազատագրվել ասմունքի արվեստի ձևերից և խորացնել խոսքի կուլտուրան։

Նինա Բոխյանը, չնայած Ամալիայի դերի համեմատաբար սահմանափակ հնարավորություններին, ստեղծել է տպավորվող կերպար։ Բոխյանի առավելությունը այս դերում՝ անմիջականությունն ու անկեղծությունն է։ Հավասարակշռվածություն, նրբություն, մեղմություն, խոսքի արժեքավորում – ահա այդ շնորհալի խաղարկման առանձնահատկությունները։ Հատկապես 7-րդ պատկերում (Ամալիայի ֆինալային տեսարանը) Բոխյանը հանդես է բերում փորձառու դերասանուհու համարձակություն և տարերքի տիրապետում։ Թերություններ ունի նաև Բոխյանը, նրա ձայնի դիապազոնը մեծ չէ, ուրեմն նա պետք է զգույշ կերպով օգտագործի իր ձայնը։ Բարձր տոները կոպիտ են և տհաճ։ Ձայնի անզուսպ օգտագործման պատճառով Բոխյանն առաջին պատկերում չոր է և չի ստեղծում Ամալիայի հմայքը։ Ամալիան ունի մոլուցքի տեսարաններ. Բոխյանն այդ նուրբ օրիորդի երազական ներաշխարհին հակասող վայրի կատաղությունը պիտի արտահայտեր այնպիսի ձևերով, որոնք ներդաշնակեին իր դերասանական տվյալներին։ Բոխյանն ունի մի այլ թերություն, դա նրա պասիվությունն է բեմի վրա (այս արտահայտությունը պետք է հասկանալ բառիս նեղ իմաստով), նույնիսկ, երբ ամբողջ բեմը նրա տրամադրության տակ է։ Բացատրել այդ անհամարձակությա՞մբ, փորձառության պակասո՞վ ոչ, երբեք։ Այն նույնիսկ չափազանց ակտիվությունը, որ ունի Էլոյանը կամ մյուս երիտասարդ դերասանները, չունի Բոխյանը։ Մենք Ամալիայի խելահեղության հասնող ապրումների ժամանակ չենք տեսնում, որ դերասանուհու ներքին կրակը համակի ամբողջ բեմը, դուրս գա նրա սահմաններից, տարածվի։ Այդ կրակը մենք տեսնում ենք նրա ներսում և զգում մի շոյող ջերմություն միայն։ Դրա համար էլ Բոխյանի մոտ Ամալիայի լիրիկական տեսարաններն ավելի ամբողջական են և հմայիչ։ Չպետք է մոռանալ, որ Ամալիայի համար այդ կրակն անհրաժեշտ է. նա հերոսուհի է։

Դանիելի դերակատարմամբ զգալապես աճել է երիտասարդ դերասան Տ. Գևորգյանը։ Այս ձևով Գևորգյանը հանդիսատեսին խիստ հուզում է, ապրեցնում նրան Դանիելի վիճակով։

Միանգամայն բարենպաստ կարծիք ունենալով Կ. Արծրունյանի դերասանական տվյալների մասին՝ պետք է նշենք, որ ծերունի Մոորի դերը ոչ մի կերպ չի համապատասխանում նրան։ Չոր, անարտահայտիչ կերպար է, թե՛ ներքին և թե՛ արտաքին պատկերման տեսակետից։ Արծրունյանը համեմատաբար էմոցիոնալ է և և տպավորիչ անտառի տեսարանում։

Պատերի դերում դերասաններ Հ. Խաչատրյանը և Վ. Մկրտչյանը թողնում են հաճելի տպավորություն։ Մենք Մկրտչյանի խաղը համարում ենք ավելի ինքնատիպ, դրա համար էլ ավելի հետաքրքրական։

 Նյութի աղբյուրը՝ «Սովետական արվեստ» 1940թ., № 4, օգոստոս, Երևան

875 հոգի