10.05.2022 4:26
Չնայած ուշ գարնան աշնանային ցրտից ծուլացած լինելուն, այնուամենայնիվ, քմահաճ թատերասերին հնարավոր եղավ շեղել ներքաղաքական խմորումներից ու տանից ապոլիտիկ նպատակներով դուրս հանել: Պատճառներն ավելի քան հիմնավոր էին: Առաջին հերթին սպասվող ներկայացումը մայրաքաղաքի առաջատար թատրոններից մեկում՝ Համազգայինում էր լինելու, ինչն արդեն իսկ նվազագույնը քիչ թե շատ հաջողված բեմադրության երաշխիք էր: Ավելին, ներկայացման գրական հենքը 20-րդ դարի համաշխարհային դրամատուրգիայի ամենահետաքրքիր նմուշներից մեկն էր:
Սեռահոգեկան-կոմիկական թրիլլեր ժանրային բնորոշումը ստացած Դեյվիդ Էյվզի «Վեներան մուշտակով» պիեսը: Եվ վերջապես ռեժիսորական շատախոսությամբ աչքի չընկնող ներկայացման ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանն այս հանրահռչակ զուգախաղում Վանդա ֆոն Դունաեվայի կերպարի դերակատարման համար գերճշգրիտ ընտրություն էր կատարել՝ այն վստահելով իրապես միջազգային կարգի արտիստուհի Նարինե Գրիգորյանին: Իսկ որ այսպիսի գնահատականն ամենևին չափազանցում չէ, վերջինս ևս մեկ անգամ անհերքելիորեն ապացուցեց՝ «խաղի խաղը» կրկնախաղային բարդ ձևաչափում իր հոգետեխնիկական արհեստավարժությունը փաստելով:
Կերպար խաղացող դերասանուհու և նրա կողմից խաղացվող կերպարի միջև ընկած անթիվ-անհամար տարանցումները նա կյանքի էր կոչում ակնթարթային վերամարմնավորմանը պատշաճող ներքին ճկունակությամբ: Ընդ որում, թե՛ Վանդայի կերտած կերպարին չափավոր ձևացումի մաներայով ներկայացնելիս, թե՛ խաղային տարերքը «հանուն հաշվենկատ ծրագրի» իբրև դերասանուհու անմիջականություն հրամցնելիս, պահպանում էր խաղային հաճույքի հավասարակշությունը: Որևիցե պահի տուրք չտվեց ավելորդ գերխաղայնությանն ու հոգեբանական նատուրալիզմին հավատարիմ խաղային հիստերիային: Ինչ խոսք, վերջին տասնհինգ տարիների ընթացքում չափի զգացումի առջև չմեղանչող խաղային տարերքի դրսևորումների ականտեսը եղել ենք, սակայն հենց այդ խաղային տարերքը բնականորեն խաղալը, բեմում առաջին անգամ է մեզ հանդիպում: Սա արդեն մեր գիտեցած և շատերին հասու սովորական ձևացումը չէ, այլ կամային նշանին աղերսվող ներհայեցողական գործընթաց: Մտահոգեկան այն ունակությունը, որի առկայության նախապայմաններից մեկն, անշուշտ, էմոցիոնալ անկեղծությունն է: Այդ նույն շիտակությունը, որ նաև բազմաստիճան անցումներում Նարինեի ցուցաբերած թեթևությունը գոյաբանող առանձնահատկությունն է:
Չնչին թվացող երևույթից անկեղծորեն երեխայի պես զարմանալու մանկավուն բացառիկ հատկությունը: Հիրավի, զարմանքի հանգող անցումը ներքին ուշադրության փոխարկման գործընթաց է, որի զարգացվածությունը բնահատուկ է մանկության շրջանին: Երեխան բնատուր պատրաստակամ է գրեթե ցանկացած պահի ուշադրությունը մի խաղալիքից դեպի մեկ այլ համանման սուբյեկտ ուղղելու ու անկեղծորեն զարմանալու: Այստեղ է թաքնված տվյալ դերասանուհու թատերային խառնվածքի ներհոգեկան առեղծվածը, որովհետև տարանցումային այսպիսի սահունությունն է նմանօրինակ բեմականության զգացողության հարուցիչը: Նույնպիսի թեթևությամբ էլ մատուցում է գործը զանգերով ընդհատող այն երրորդին՝ իր կամքից անկախ ավելորդ Մերիին ուղղված հայհոյանքը: Ընդունենք լուտանքի էսթետիկացման իրողությունն իբրև ներքին բարեկրթությունից եկող նորմ, և հավելենք, որ տեսել ենք նաև այս ստեղծագործական խմբի կողմից նույն պիեսի թատերայնացված ընթերցանության տարբերակը՝ Համազգային թատրոնի փորձասենյակում: Բնականաբար շատ ավելի շահեկան վիճակում էր բեմից ներկայացվողը: Այնու, որ փորձասենյակի կենսատարածքը չափազանց փոքր էր Նարինե Գրիգորյանի թատերային ներկայությունը պարունակելու համար: Բացի այդ թատերայնացված ընթերցանությունը ի բնե անսամբլային արտահայտչականությունը սահմանափակող յուրահատկություն ունի:
Դիալոգային ընթերցանության ընթացքում երրորդի դիմախաղային ակտիվ ներկայությունը կամ ձեռքին եղած տեքստի առկայությամբ կասեցված է, կամ էլ ներմուծված լինելու դեպքում խախտում է կարդալու պայմանաձևը: Այսինքն, թատերայնացված ընթերցանության դեպքում դիալոգում երրորդի գործուն ներկայությունն արհեստական, մի տեսակ ավելորդ է դառնում… Ահավասիկ, Է.Իոնեսկոյի «Դասը» պիեսի ընթերցանության ընթացքում դասաժամին ուսուցչուհու միջամտողական ներկայությունը պատահաբար չէր այդչափ նյարդայնացնում ծերունուն: Առանց թույլտվության մանկավարժական երկխոսության ընթացք-դրությունն էր խախտվում:
Չմոռանանք իհարկե նշել նաև՝ որքան էլ որ դերասանուհին տաղանդավոր լիներ՝ կրկնախաղային(ներքուստ և արտաքուստ) ներկայացման ձևային բովանդակությունը կազմող զուգախաղը չէր ստացվի, եթե նրա խաղընկերը չլիներ Համազգային թատրոնի «արևի տակ» իր վաստակած տեղը զբաղեցնող Նարեկ Բաղդասարյանը: Վերջին տարիներին նա կարողացել էր հանդիսականին վստահեցնել, որ կատարելապես տիրապետում է ներքին կենտրոնացման հոգետեխնիկական և ձևացումի դերապատկերային հմտությանը: Սակայն այս անգամ էլ սովորաբար լռակյաց(ինքնակենտրոնացման ունակության խառնվածքային ցուցիչ) դերասանն, առանց ավելորդ գերլարումի հասկացրեց ամենքին, որ շատ քչերին տրվող ևս մեկ արտահայտչաձևի էլ է տիրապետում: Ցասկոտ բարձր տոնից մինչև հուսակորույս բղավոց հասնող խոսքում մտավորապես տրամաբանված ու հուզականորեն բնական լինելը: Տեսարանի բարոյահոգեբանական նկարագրին հարիր գտնված իտոնացիայով ճշտիվ շարակարգել խոսքից ծնվող դրության և իրադրությունից ծագող խոսքի գաղափարահուզական հերթագայությունը:
Այդուհանդերձ, ներկայացման ինքնահատուկ բովանդակության ժամանակային տևողությունը՝ հարյուր րոպեն, ոչ այնքան ընդմիջման, որքան սրճահամ կոնյակի ընկերակցության պահանջ է թելադրում հանդիսատեսին: Նման նուրբ թեմայի ներքին շերտերը ներկայացնող խաղի ներըմպմանը, այլ, քիչ մը բարձրաշխարհիկ, պայմաններ են վայելում: Այլապես ձանձրույթի ստվերը անողոք կրճատումներն անխուսաելի կդարձնի: Որոշ լրացնող հատվածներ, պարզապես, երրորդական…