Սեղմիր
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

04.05.2022   02:57

Առաջին համաշխարհային պատերազմի ու դրան հաջորդող տարիներին շատ ժողովուրդների ճակատագրեր են փոխվել: Հայ ժողովուրդը անդառնալի կորցրել է պատմական հայրենիքի մեծ մասը, ունեցել է բազմաթիվ զոհեր, և ողջ մնացածների մի սերունդ, որ ընդմիշտ դատապարտվել է պատերազմն ու դրա հետևանքները իրենց մեջ կրելու: Դրանք միայն ֆիզիկական և հոգեբանական չեն: Այդ հետևանքներն ընդհատվող գործընթացներում են, խեղված ճակատագրերում, մարդկանց արժեհամակարգում, արվեստագետների ստեղծագործական թեմաներում, ամենուր: Պատերազմի պատճառով շատ արվեստագետների ճակատագրեր են փոխվել, փառքի կատարին ընդհատվել: Այս պատմական շրջանում, թատերական ասպարեզ երկու դերասան միաժամանակ են ոտք դրել՝ Վահրամ Փափազյանն ու Արշավիր Շահխաթունին: Նրանց ճակատագրերն ընթացել են հակառակ ուղղություններով:

Արշավիր Շահխաթունուն համարել են ֆրանսահայ թատրոնի ամենափայլուն ու սիրված արտիստը: Ֆրանսահայ մամուլը նրան նկարագրել է  հռոմեական կուռքերից գեղեցիկ, նման Արամազդին, «սոսեաց անտառէն նոր բերուած իշխան մը կարծես,- խօսքերը կթռչէին շրթներէն՝ արծիւներու նման, լույսը կը հոսէր աչքերէն՝ ջրվէժի նման: Վահագնեայ եղէգ՝ որ բոց կարձակէր», «Բնությունը ամեն շնորհք պարգևած էր իրեն: Պարթև հասակ, թիկնեղ ու առնականություն ներշնչող իրան, առինքնող աչքեր ու թափանցող հայացք: Ասոնց վրա ավելցուցեք խոսելու դյուրասահություն»: Նրա հմայքն ու արվեստի դյութանքն այնքան մեծ է եղել, որ «Յառաջ» թերթում արտիստին անվանել են վհուկ, որ սերունդներ է կախարդել իր արվեստով: Գեղեցկադեմ տղամարդըը մշտապես եղել է թատերական երեկույթների, ընկերական հավաքույթների կենտրոնում: Արշավիր Շահխաթունուն ճանաչում են որպես առաջին հայ կինոդերասան:  Նա եղել է ռուսական և ֆրանսիական համր կինոյի աստղ: Բայց այդ արտիստը չի հարել ֆրանսիական դպրոցին և ոչ էլ ֆրանսիական մշակույթի կրողն էր: Քչերին է հայտնի, որ թատրոնի դերասանը սկզբում չի համաձայնել նկարահանվել կինոյում: Կինոդերասանի համբավ ունեցող արվեստագետը ավելի բարձր է համարել թատերական արվեստը և այդտեղ ունեցել է մեծ հաջողություններ: Խաղացել է Ռոմեո, Սեյրան, Օթարյան, Քին… Նրան սպասել է փայլուն ապագա:

Արշավիր Շահխաթունին ծնվել է Ալեքսանդրապոլում, նա դերասան Վաղարշակ Շահխաթունու որդին էր: Շահխաթունիները ունեցել են ազնվական ծագում, մեծ կարողություն և կարևոր դիրք հասարակության մեջ: Նրանց տոհմը հարգված է եղել պարսիկ սարդարների  և ռուսական նահանգապետերի կողմից: Պապը՝ Օհան Բեկ-Շահխաթունին, կարողացել է իր որդիներին կանոնավոր կրթության տալ, ավագ որդուն՝ Պետերբուրգի ազնվականների զինվորական դպրոց, կրտսեր որդուն՝ Արշավիրի հորը, Մոսկվայի Լազարյան ճեմարան: Ուսանողական տարիներից Վաղարշակ Շահխաթունին տարվել է թատրոնով, հետագայում նրա խաղով հիացել են Սունդուկյանը, Չմշկյանը և Պռոշյանը: Սակայն, խստաբարո հայրը կարևորելով պետական-ծառայողական կարիերան, Վաղարշակին արգելել է դերասանությամբ զբաղվել: 1885 թվականին, երբ ծնվել է Արշավիրը, Վաղարշակ Շահխաթունին Ալեքսանդրապոլում զբաղեցրել է  գավառապետի պաշտոն: Նա իր ողջ կյանքում մնացել է թատերական գործի մասնակից և թատերասեր: Ցավոք, Արշավիրը հորը կորցրել է յոթ տարեկան հասակում և հորից ժառանգել է միայն թատրոնի հանդեպ սերը: Ապագա արտիստի խնամակալությամբ զբաղվել է հորեղբայրը, ով իր որդու հետ Արշավիրին փորձել է կրթության տալ Երևանի Գիմնազիայում, սակայն նա տապալել է քննությունները: Վաղարշակի որդին չէր կարող առանց կրթության մնալ: Նրանց ընտանիքում հարգված է եղել ռազմական կրթությունը, այդ է պատճառը, որ տղային առաջնորդել են ընդունվել Թիֆլիսի զինվորական ուսումնարան: Ուսումն ավարտելուց հետո նա ծառայության է անցել Բաքվում: Ծառայությունը ընդհատվել է մի միջադեպի պատճառով: Պետերբուրգի կառավարությունը հայ եկեղեցական կալվածքները առգրավելու հրաման է տվել, որը որոշ քաղաքներում հանդիպել է ժողովրդի լուրջ դիմադրությանը, բախումների ժամանակ, Շահխաթունին հրաման է ստացել զենք բարձրացնել սեփական ժողովրդի դեմ: Նա հիվանդ է ձևացել և հրաժարվել է ծառայությունից, ընկել է զինվորական դատարան, միայն զինվորական բարձր դիրք ունեցող հորեղբոր՝ Գևորգի  միջամտությամբ հաջողվել է թեթև պատժով ազատվել: Բաքվում երիտասարդը սկսել է հանդես գալ սիրողական խմբերում, հոր պես տարվել է թատրոնով: Նույն սպառնալիքներով ընտանիքը փորձել է հետ պահել այդ միջավայրից նաև Արշավիրին: Համարել են, որ նա արատավորում է Շահխաթունիների պատիվը: Զորավար Գևորգը՝ հորեղբայրը, նամակ է գրել եղբոր որդուն. «Հօրդ ճամբով կերթաս, բայց ան գոնէ շուտ խելքի եկավ ու բեմը թողուց, իսկ դուն մէկ տարուան յանձնառութիւն ես ստանձներ, եւ, ինչ որ ամենէն զարհուրելին է, դրամ կը ստանաս ատոր համար»,-պահանջել է անհապաղ դադարեցնել այդ զբաղմունքը և չօգտագործել Շահխաթունի ազգանունը որպես դերասան: Սակայն «նախկին» զինվորականը չի կատարել բարձրաստիճան սպայի ոչ առաջին, ոչ էլ երկրորդ  պահանջը: Ընտանիքն ամբողջ կյանքում չի ներել Արշավիրին իր ընտրության համար: Եվ նրանց հարաբերությունները ընդմիշտ սառչել են:

Արշավիր Շահխաթունին Բաքվում աշակերտել է Ազնիվ Հրաչյային: Արշակ Չոպանյանը գրում է. «Տիկին Հրաչեան, Աշօի մէջ նշմարելով իրական տաղանդ, անոր հետ առանձին կը պարապի իր տան մէջ, եւ Աշօն ատկից մեծապէս կօգտուի»[1]: Ավելի ուշ Աշօն դարձել է Սիրանույշի, Հովհ. Աբելյանի, Զարիֆյանի, Սաթենիկ Ադամյանի խաղընկերը: Ժամանակ առ ժամանակ նրան տեսել են Թիֆլիսի Արտիստական թատրոնում, Հայոց դրամատիկական խմբի կազմում կամ Բաքվի թատերախմբում: Սիրանույշի թատերախմբի հետ շրջագայել է Հյուսիսային Կովկասում: Պյատիգորսկում հանդիպել է Հակոբ Ուզունյանին, ով ղեկավարում էր Խանժոնկովի կինոստուդիան և ստացել է առաջարկ նկարահանվել ֆիլմում: Առաջին կինոդերը դառնում է Կազբիչը «Բելա» ֆիլմում: Այս ֆիլմում նա այնքան տպավորիչ է լինում, որ միանգամից առաջարկ է ստանում խաղալ նոր ֆիլմում՝ «Շամիլում»: Արշավիրն այս դերի համար մեկնել է Թիֆլիս, զինվորական արխիվում ուսումնասիրել Շամիլին վերաբերող նյութերը: Երբ ավարտվել են նկարահանումները Դաղստանում, երկու մարդ մոտեցել են ֆիլմի հերոսին: «Դու կենդանացրիր մեր մեծ իմամի հիշատակը ու պատմեցիր այն, ինչ որ մենք չէինք կարող պատմել մեր երեխաներին: Շնորհիվ քեզ նրանք միշտ կմնան դաղստանցի»[2]: Այս խոսքերի հետ նրանք  «իրենց հերոսին»  նվիրել են մի դաշույն և մի վեց ամյա տղայի, ասելով՝ «Ընդունիր իբրև քեզ ստրուկ»: Արշավիրը շփոթվել է: Իրավիճակը փրկել է Ա. Խանժոնկովը, ասելվո, որ երեխան իրենց համար ստրուկ չէ, նրանք փոքրիկին կորդեգրեն և ուսման կտան Մոսկվայում, որ հետագայում ծառայի իր հայրենիքին»:

Շահխաթունին նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Խանդ», «Փոթորիկ», «Վեներայի մուշտակները», «Խազ-Բուլատ», «Իսմայիլ բեյ», «Փախստականը» …

Համագործակցությունը Խանժոնկովի հետ ճակատագրական է եղել, քանի որ բացի ֆիլմերում նկարահանվելուց, Շահխաթունու համար ստեղծվել է հնարավորություն Մոսկվայում գտնվելու և ծանոթանալու թատերական աշխարհի հետ: Մեծ հմայքի տեր արտիստը վայելել է Յուժին Սումբատովի մտերմությունն ու հովանավորությունը, սովորել է Գեղարվեստական թատրոնի ստուդիայում, մտերմական կապեր է ունեցել Եվգենի Վախթանգովի, Միխայիլ Չեխովի հետ: Նրա համար հնարավորություն է ստեղծվել իր ունեցած նախորդ փորձը համադրել ռուսական թատերական դպրոցի հետ, սովորել է հույզերը ենթարկել բանականությանը, առնչվել է համախմբային թատրոնի սկզբունքներին: Սիրանույշին գրած նամակում նա պատմում է թե ինչպես է անցնում իր ուսումնառությունը. «Այստեղ «տանջում» են, ոչնչացնելով դերասանի մեջ տոնի, եղանակի, շարժումների անբնականությունը, ասում են՝ եղեք այնպես, ինչպես ձեր տանը և ոչ բեմի վրա, մոռացեք ամեն ինչ և խորասուզվեք դերի մեջ: Այստեղ ասում են հավատացեք, հավատացեք: Այստեղ չկա գոռում-գոչում, այլ կա բնական չափ: Այստեղ չեն խաղում դուր գալու համար, սեփական շահերի համար, այլ ապրում են և ստեղծում բոլորը կոլեկտիվի մի մեծ, սուրբ գործի համար»[3]Գեղարվեստական թատրոնի ստուդիայում վերջնականապես ձևավորվել է Շահխաթունու դերասանական դպրոցը: Նոր ձեռքբերումներով դերասանը վերադարձել է Կովկաս:

Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով ընդհատվել է Շահխաթունու դերասանի կարիերան, 1914 թ. զորակոչվել է բանակ և ցարական բանակի կողմից մասնակցել ռազմական գործողություններին: Այս տարիներին շատ հայեր էին կռվում Թուրքիայի դեմ: Արևմտյան Հայաստանի ազատագրման հույսը ձևավորել է նաև կամավորական խմբեր, շատ հայեր են կռվել Թուրքիայի դեմ: Ժողովուրդը ռուսական զորքերի առաջխաղացման հետ մեծ ոգևորություն է ապրել: Ցավոք, հետագայում նոր ձեռք բերված հողերի հետ հանձնվել է նաև Կարսը, ապա հետևել են հայերի ջարդը:

1917 թ. Շահխաթունին նշանակվել է Երևանի զինվորական պարետ, և մինչև Հայաստանի խորհրդայնացումը աշխատել է այդ պաշտոնում: Նա ունեցել է հատուկ լիազորություններ: Մայիսյան հերոսամարտի օրերին մեծ օգնություն է ցուցաբերել հերոսամարտի կազմակերպման գործում: Վճռորոշ պահին, կամային բարձր հատկանիշներով օժտված զինվորական պարետը շատ արագ ժողովրդից հավաքագրել է սննդամթերք ու հասցրել է այդ ամենը ռազմաճակատ: Մամուլում պահպանվել է նաև այդ օրերի նրա հրամանը զինակոչի և դասալքության մասին: Այդ հրամանով նա ոչ ոքի թույլ չի տալիս հետաձգել կամ ազատվել ծառայությունից[4]:

1920 թվականից հետո հեռացել է Հայաստանից, նախ Պոլիս, ապա Բուլղարիա, 1924-ից Փարիզ: Զինվորական կենսագրությամբ, հաղթանակ ու պարտություն տեսած արտիստը, ով դաղստանցի ժողովրդի հերոսին էր ապրեցրել, չէր կարող Անդրանիկին ու նրա հերոսություններին չանդրադառնալ: 1929 թվականին Շահխաթունին նկարահանում է զորավար Անդրանիկի մասին ֆիլմ, գլխավոր հերոսին խաղում է ինքը: Ֆիլմը մեծ արձագանք է ունենում հատկապես սփյուռքում:

Փարիզում արվեստագետը ընկերացել է կինոռեժիսորներ Ռենե Կլերի, Ժյուլիեն Դյուվիվյեի, Ժան Էպշտեյնի հետ: Նա մեծ հաջողություններ է ունեցել ֆրանսիական համր ֆիլմում, նկարահանվել է «Նապոլեոն», «Իսպանիոյի մարդը», «Օրվա վերջը»… բայց հնչունային ֆիլմի հետ, դերասանը հրաժարվել է նկարահանումներից, հետագայում աշխատելով որպես դիմահարդար: Համր ֆիլմը սկսել էր խոսել, բայց  կինոարտադրությունը զարգացման այն փուլում էր, երբ ընթացքում դերասանները դիմահարդարվում էին ինքնուրույն, ով ինչպես կարող էր: Մասնագետ դիմահարդարներ դեռ չկային: Շատ ստուդիաներում հայտնվում են գաղթականի ճանապարհ բռնած ռուս արտիստներ, որոնք զբաղվում են դիմահրդարությամբ: Շահխաթունին դիտվում է նրանց շարքում, ընկալվում որպես ռուսական դպրոցի կրող:  Ռուսական են համարում նաև նրա դիմահրդարման դպրոցը:

Մամուլը նշում է, որ մինչ Շահխաթունին ոչ ոք նման կատարելության չի հասցրել դիմահարդարման արվեստը: Բազմակողմանի օժտվածության տեր հայ արվեստագետն աշխատել է հիմնականում ամենամեծ արտադրություններում, ամենաթանկ, ամենաբարդ դիմահարդարում պահանջող ֆիլմերի վրա («Նապոլեոն», «Միշել Ստրոգով», «Գեղեցկուհին և հրեշը» և այլն): Արդեն 1933 թվականին պորտուգալական մամուլը վարպետին անվանում է «մեծ դիմահարդար», 1939 թվականին ֆրանսիական մամուլը համաշխարհային արհեստավարժ դիամհարդար: Շահխաթունին երբեմն հոդվածներ է գրել դիմահարդարման մասին, երբեմն դասախոսություններ կարդացել: 1953թ. տվյալներով, ֆրանսիական կինոստուդիաներում աշխատող վաթսուն դիմահարդարներից քառասունը նրա աշակերտներն են եղել: Արշավիր Շահխաթունուն է պատկանում դիմահարդարության գյուտ համարվող «Տրանտ Իքսը», որն այն ժամանակ համարվել է հեղափոխություն այդ արվեստում[5]:

1920 թվականից հետո բացառիկ արտաքինի տեր բեմական գործին այլևս չի հաջողվում խաղալ իր հայրենիքում: Լինելով մշտապես ուշադրության կենտրոնում, ունենալով ստեղծագործելու լայն հնարավորություններ և մի քանի ասպարեզ, նա մշտապես իրեն դժբախտ է համարել: Արման Կոթիկյանին ուղղված նամակում Շահխաթունին գրել է. «Իմ հիվանդությանս գլխավոր պատճառը և ջղային դրությանս քայքայման շարժառիթը այն է, որ ես զրկվել եմ իմ պաշտելի հայրենիքից և երբ լրջորեն մտածում եմ<…> զգում եմ, որ կյանքումս գործել եմ մի ոճրագործություն, դա այն է, որ թողել եմ հայրենիքս և հեռացել նրա սուրբ հողից»[6]:

1957 թվականին արտիստը մահացել է Ֆրանսիայում՝ մենության մեջ:

Օգտագործված գրականություն

[1] Չոպանյան Ա., Արշօ Շահխաթունի, Կենսագրական ակնարկ, Փարիզ, 1943, էջ 9:

[2] Ռիզաև Ս., Թատրոնի դերասանի կինոուղին, Սովետական արվեստ, , 1976 թ., էջ 55:

[3] Նույն տեղում:

[4] Տես «Զանգ», № 38, 1918թ:

[5] Տե´ս Арцви Бахчинян, О нем мечтали женщины и ему завидовали мужчины, «Иные берега», № 1(25), 2012, с. 28.

[6] ԳԱԹ, Ա. Շահխաթունու ֆոնդ, թիվ 45:

ՆԱԻՐԱ Շահվալադյան

1044 հոգի