Հակամիասնականությամբ լեցուն այսօրինակ մտորումների առիթը Սանկտ Պետերբուրգի Բալթյան Տան «Թատրոն-փառատոնի» երևանյան հյուրախաղի ներկայացումներից մեկն է: Յասմինա Ռեզայի «Սպանդի Աստվածը» ստեղծագործության հիման վրա՝ Անջեյ Բուբենի բեմադրած «Ինչի մասին են խոսում կանայք և տղամարդիկ» կատակերգությունը: Եվ դժվար թե այս ներկայացման մասին բարձրաձայնելու մեծ ցանկություն առաջանար, եթե տարիներ առաջ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոնում նույն պիեսի բեմադրման հայաստանյան տարբերակը տեսած չլինեինք ու համեմատական անցկացնելու նյութ չունենայինք: Իսկ համամետությունն այդ պարսկական ծագմամբ ֆրանսիացի դրամատուրգի հիշյալ պիեսի բեմական ընթերցման հայկական տարբերակի օգտին չի խոսում:
Տարիների հեռվից էմոցիոնալ հիշողությունդ մեջ միակ բանը, որ դեռ ողջ է մնացել, դա մելոդրամային մերձ նվնվան ընտանեկան դրամայի զգացողությունն է: Ընդ որում՝ ֆրանսաբնակ հայազգի ռեժիսորի ձեռքի տակ եղած դերասանական հումքը մտաբերելիս՝ կրկին գալիս ես այն եզրահանգման ժանրի զգացողության հետ ռեժիսորի ունեցած խնդիրն էր ներկայացման կարճակյացության պատճառը: Ո՛չ Իշխան Ղարիբյանին հեշտ տրվող էքսցենտրիկ-հեգնական խաղային կեցվածքը, առավելևս՝ ո՛չ էլ միջազգային կարգի արտիստուհի Նարինե Գրիգորյանի խաղային մաներայում գրեթե մշտառկա թատերային թեթևությունը չփրկեցին ներկայացմանը անհաղորդության տաղտուկից:
Իսկ ի՞նչ էին անում ռուսները, որ կարողացան էմոցիոնալ շատրվանումով կոմիկական լիարժեք էֆեկտի հասնել: Ներքին ձևում` սոցիալ-հոգեբանական կոմեդիայի, արտաքին կերպում` տրագիֆարսի խաղային մաներայով ներկայանալով, նրանք առաջին հերթին իրենց ժանրային գրագիտությունն ապացուցեցին: Ֆարսի սկզբնավորման առնանձնահատկություններից կենցաղային բաց խաղով անշեղորեն պահպանեցին դրամատուրգիական հյուսվածքում առկա միջժանրային հավասրակշռությունը: Անքաղաքավարության աստիճան կենսուրախ ծնողների դաստիարակված երևալու ճիգերը անմարդկայնության չափ գործնական մեկ այլ զույգի բարձրաշխարհիկ անպարկեշտությամբ փոխհատուցում: Չմոռանալաով իհարկե՝ բարոյահոգեբանական տոկոսները ետ ստանալ: Միակ խնդիրը ռուսերենի ֆոնետիկ քմահաճության տեխնիկական չհաղթահարվածությունն էր:
Տեքստն այնպես էր հրամցվում, որ երբեմն բեմում ռուս մարդկանց էիր պատկերացնում, այլ ոչ թե ֆրանսիացի Միշելին, Ալենին ու Անետին կամ էլ՝ Վերոնիկային: Լեզվահոգեկան հմտությունը հենց այն է, որ օտարերկրացի կերպարի տեքստը ռուսերեն հնչեցնելիս, խոսքումդ համոզիչ լինես իբրև եվրոպացի կամ ամերիկացի: Սա ինչ խոսք նաև հոգետեխնիկական հմտության խնդիր է, քանի որ խոսքի հնչերանգում ու շեշտում աշխարհի քաղաքացի լինելը ապրումակցային կենսազգացողությամբ է պայմանավորված: Ուրեմն, եթե ներկայացման մեջ զբաղված դերասանախումբը մեծ ի մասամբ չի տիրապետում տվյալ հոգետխնիկական հմտությանը, պետք է վերնագրային մակարդակում կանգնած ստեղծագործական համարձակությանն էլ ավելի շատ տեղ հատկացնել:
Եթե պիեսի անվանումը փոխել, իրենց ստեղծագործական տեսիլքին են հարմարեցրել և դրանից հեղինակը սուիցիդալ ասոցիացիաներին չի տրվել, ապա կարելի էր կերպարների անուններն էլ էթնիկ տեղայնացման ենթարկել(Միշա, Անետա, Ալեքսեյ և այլն...)՝ ունենալով լինգվիստիկ-կերպարային զգացողությամբ միանգամայն համոզիչ ներկայացում՝ Յասմինա Ռեզայի «Սպանդի Աստվածը» պիեսի մոտիվներով:
01.05.2022
ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան