Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

20.04.2022  02:59

Դրսից եկած թատրոնի համար դժվար է, գրեթե անհնարին՝ զարմացնել կամ լիովին գոհացնել մոսկովյան հանդիսականին, մայրաքաղաքի մեծահամբավ թատրոններում սքանչելի ներկայացումներ դիտած մարդը շատ բարձր չափ ու կշռով է դատում հյուրերի արվեստը և միշտ չէ, որ անթերի է գտնում այն։ Եվ քչերին է հաջողվում բռնել այդ քննությունը։

Ահա և Լոնդոնից եկած մի թատերախումբ՝ Օլդ Վիկ թատրոնը, հունվարի կեսերին «բախվեց» մոսկովյան (և ոչ միայն մոսկովյան) խստապահանջ հանդիսատեսի հետ, երեք ներկայացումներով փորձեց իր ձայնը հնչեցնել այնտեղ, ուր կարծես թե ամենաբարձր ակկորդներն արդեն հնչել են…

Երեք պիես ցույց տվեցին անգլիացիները, և երեքում էլ ռեալիստական բարձր արվեստ, անբիծ ճաշակ ու կուլտուրա տեսանք։ Բայց ուզում ենք խոսել դրանցից, մեր կարծիքով, ամենահետաքրքրականի մասին։

Անգլիական հումոր։

Լսել էինք, գիտեինք գրականությունից, և ահա՝ տեսանք, լսեցինք, ինչպես ասում են, «առաջին բերանից»։

Դժվար է պատկերացնել Բերնարդ Շոուի «Սուրբ Իոաննա» պիեսից ավելի հարմար նյութ՝ անգլիացուն վերագրվող այդ հատկությունը դրսևորելու։ Շոուն այստեղ պսակազերծ է անում պաշտոնական «պատմությունը», սատիրական մեծ ուժով և նրբին արվեստով ցույց տալիս, թե ինչպիսի՜ երեսպաշտությամբ և աստվածահաճո չքմեղանքով այս աշխարհի ուժեղները գիտեն «սրբերի» դասը հանել այն մարդկանց, որոնք իրականում իրենց և իրենց նմանների հալածանքի ու դավերի զոհերն են եղել։

No eggs! Ձվերը պակասել են, - այս խոսքերով է սկսվում ներկայացումը։ Պատերազմը ճարակել է երկիրը, անգլիացիները գրավել են Փարիզը, պաշարել՝ Օրլեանը, Ֆրանսիայի ճակատագիրն է վճռվում, - իսկ ահա, Վոկուլերի կայազորի հրամանատար Ռոբերտ Բոդրիկուրին մտահոգում է իր հավերի ձվից կտրվելը միայն Եվ այդպես էլ բոլորը՝ «վերևում». զորավարները կռվշտում են միմյանց հետ, պալատականները մանր ինտրիգներով են զբաղված, հոգևորականներին զբաղեցնողը իրենց ազդեցությունն ուժեղացնելն է, իսկ թագավորը, անկամ ու անզոր մի մարդ (որին իսկի թագ էլ չեն տվել) իր անելիքն ու դերը չգիտի։

Եվ ահա հայտնվում է Բարբարա Ջեֆորդի անձնավորած Իոաննան՝ չթե հագուստով, պարզահոգի մի գեղջկուհի՝ ապագա Օրլեանի կույսը։ Գայթակղիչ է նա «սրբի» իր համարումով և մանավանդ՝ հավերին «ձու ածել տալու» իր կարողությամբ։ Գուցե և երկի՞րը կարողանա փրկել. հիմարությո՛ւն է։ Բայց չէ՞ որ ուրիշ ճար չկա, իրենք ոչնչի ընդունակ չեն։ Եվ այսպես, ճանապարհ է բացվում հայրենասեր գեղջկուհու առաջ, մեկը մյուսի հետևից կատարվում են նրա «հրաշագործությունները», Օրլեանը ազատվում է, անգլիացիները՝ պարտվում։ Հետո՞։ Հետո նա այլևս պետք չէ, արել է իր գործը և պիտի հեռանա։ Ինքն էլ չի առարկում։ Բայց ո՜չ, մարդկային ապերախտությունը մեռած հո չէ Նա պիտի «վարձատրվի»։ Եվ վարձատրվում է Իոաննային հանձնում են անգլիացիների և ինկվիզիցիայի ձեռքը, որոնք և այրում են նրան խարույկի վրա։ Եկեղեցին՝ իբրև «կախարդի», իսկ անգլիացիները՝ իբրև «դավաճանի»

Հետո, իհա՜րկե, բոլորը «զղջում են», նրա լավ գործերն են հիշում, նույնիսկ «սուրբ» հռչակում. հիմա արդեն կարելի է, չէ՞ որ արդեն մեռած է։ Բայց բավական է, որ Իոաննայի ոգին վերադառնա նրանց մոտ ու ասի, թե ինքը կարող է վերակենդանանալ (չէ՞ որ սուրբ է), որպեսզի բոլորը նորից երես շուռ տան

Ո՛չ, դեռ պատրաստ չէ այս աշխարհը որբերին ընդունելու

Սա պիեսն է, բայց միաժամանակ և ներկայացումը. պիեսը՝ ներկայացման մեջ։ Օլդ Վիկի դերասանները կարող էին այլ կերպ էլ «հասկանալ» Շոուի ասելիքը։ Կարող էին, օրինակ, պիեսի կրոնա-միստիկական շղարշը ներկայացման իսկական «հագուստ» դարձնել։ Բայց նրանք, թվում է թե միակ ճշմարիտ ուղին են ընտրել, և դա է, որ այնպես գրավիչ ու իմաստալից է դարձրել ներկայացումը, այնքա՜ն համոզիչ՝ նրա ամեն դետալ ու մանրուք։

Բարբարա Ջեֆորդին, որին տեսել էինք Լեդի Մակբեթի դերում, այստեղ անհնար էր ճանաչել։ Եվ բանը միայն չնմանվելու, կերպարանափոխվելու նրա արվեստը չէ. դա շատերը կարող են։ Զարմանալին արտիստուհու հոգեկան ու մարդկային նկարագրի չտեսնված հարստությունն է, մեկը մյուսին ասես բոլորովին անհարիր հոգեգծերը։ Իոաննա-Ջեֆորդը ոչ միայն ուրիշ կերպար էր, այլև ուրիշ արտիստ, ուրիշ մարդ, ուրիշ խառնվածք։ Նրա Լեդի Մակբեթը տեսած մարդը կարող էր կարծել, թե գործ ունի «աստղային» սառնության տեր, կանացի իր դյութանքների գինն իմացող, բացառապես ինտելեկտուալ խառնվածք ունեցող մի արտիստուհու հետ։ Բայց ո՞ւր մնացին դրանք, որտեղի՞ց քաղեց նա այսքան ջերմություն, միամտության հասնող պարզություն և անմիջականություն։ Դա ավելին է, քան ժեստի, պահվածքի, դիմախաղի, էլ չենք ասում հագուստի ու գրիմի՝ թեկուզ և մեծ վարպետությամբ կատարված փոփոխումը, դա ինքը արվեստն է

Բարբարա Ջեֆորդը իրեն արժանի խաղընկերներ ունի այստեղ. ներկայացման մեջ զբաղված է խմբի սերուցքը (ի դեպ ասենք, որ Օլդ Վիկ թատրոնը ևս, թեև Անգլիայի մյուս թատրոններից համեմատաբար կայուն է, այնուամենայնիվ, չունի իր մշտական խումբը. խմբի ներկա կազմը՝ ռեժիսյորներն ու դերասանները վաղուց չէ, որ այս թատրոնումն են)։ Բոլորին մեկ-մեկ հիշելու հնար չկա, թեև ամեն մեկի խաղը հատուկ քննության է արժանի, բայց Ջոբ Ստյուարտի (Կարլոս 7-րդ), Ուիլյամ Ռասելի (Դյունուա), Ջոս Ակլենդի (Ռեյմի արքեպիսկոպոս), Պոլ Ռոջերսի (Բովեի եպիսկոպոս Կոչոն), Դևիդ Քինգի (զինվոր) գեթ անունները չհիշելը՝ անկարելի է։

Խաղարկման տեսակետից շատ դժվարություններ ունի այս պիեսը։ Դրանցից գլխավորը՝ երկարաշունչ խոսքն է, որ երբեմն ամբողջ էջեր է բռնում։ Ահա, օրինակ, Իոաննայի դատավարության տեսարանը. գրեթե մի ամբողջ գործողության ընթացքում նստել են եկեղեցականները ու երկար-բարակ վիճում են կրոնա-դավանաբանական խրթին հարցերի շուրջ։ Թվում է, թե չկա ավելի հեշտ բան, քան հանդիսականներին ձանձրույթ պատճառելը (իսկ եթե վերջինս ազատ հասկանալու չափ լեզուն չգիտե՝ առավել ևս)։ Բայց քիչ է ասել, թե ձանձրույթ չես զգում. ինչ-որ անսովոր հմայք ունի այդ տեսարանը, խոսքերը չհասկանալով էլ, դերասաննների խաղով, երբեմն աննշմարելի ռեժիսյորական դետալներով, գործողության բուն «թեմային» դերակատարների զարմանալի միաձույլ վերաբերմունքով, լիովին ըմբռնում ես սևազգեստ դատավորների փարիսեցիական խոսքի իմաստը, վերահասու լինում նրանց սխոլաստիկ դատողությունների խաբուսիկ ընթացքին և ապրում ես բարոյական այն մեծ հաղթանակի հաճույքը, որ տակավին «սուրբ» չդարձած Իոաննան տանում է իրեն հանիրավի դահճի ձեռքը հանձնող մարդկանց դեմ։

Ահավոր ողբերգություն, բայց և ինչպիսի՞ ծաղր՝ եկեղեցու հայրերի հասցեին Ինքը՝ անգլիական հումորը, իր ամբողջ փայլով և իր յուրօրինակ թախիծով

Մեզ զարմացրեց անգլիացիների լակոնիզմը։

Ավելի լակոնիկ լինելը անհնար է։ Կարելի է ավելի ռեալիստական և հյութեղ լինել, բայց ոչ ավելի լակոնիկ։ Դրանից այն կողմ սկսվում է պարզունակությունը և գծուծի ժլատությունը։ Օլդ Վիկի կոլեկտիվը, ռեժիսյոր Դուգլաս Սիլը, այս ներկայացման մեջ էլ հավասարակշռություն են պահել «ճշմարտության ու կեղծիքի եզրին»։ Զարմանալի՜ հավասարակշռություն։

Եվ վերջապես՝ մեկ ուրիշ հատկանիշ։ Գործնականությունը։ Ընթերցողը թող չզարմանա այս բառից։ Իրոք սա շատ է բնորոշ Օլդ Վիկ թատրոնին։ Ամեն մեկը հրաշալի գիտի իր գործն ու անելիքը և անում է զուտ անգլիական գործնականությամբ, այս դեպքում՝ իսկական պրոֆեսիոնալիզմով, առանց «վարանելու»։ Ու թեև դրանից երբեմն տուժում են պատրանքներդ, հոգեբանականը և մտայինը մի ինչ-որ չափով տեղի է տալիս տեսանելիին, բայց և ավելի է ամրապնդվում հավատդ բեմի անցուդարձի, գործող անձանց վարքագծի հանդեպ։

Դահլիճից դուրս գալիս քեզ բռնում ես մեր օրերի մասին մտածելիս։ Այո, մեր օրերի, թեև հնամենի մի պատմության ականատես ես եղել, թեև պալատականների ու հոգևորականների ես տեսել բեմում

Ու իսկույն կռահում ես պատճառը. ոճիր և երեսպաշտություն - որքա՜ն սրանք բռնում են բուրժուական աշխարհում տիրապետող բարքերին, ինչպիսի՜ ճիզվիտական փարիսեցիությամբ են պճնում իրենց սև գործերը ներկայիս կոշոններն ու դոֆինները և ինչպե՜ս են նրանք կոկորդիլոսյան արցունք թափում իրենց իսկ զոհերի հետևից

«Սովետական Արվեստ» , 1961թ., N 2, Փետրվար

 

406 հոգի